Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սահմանապահ Տավուշում կրակոցների տակ ավելի քան 1 մլն դոլար է ծախսվել եկեղեցաշինության համար


սկիզբը

Տավուշը Հայաստանի 10 մարզերից միակն է, որի սահմանամերձ համայնքների ու ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակաբար կրակել ու կրակում է առ այսօր՝ երբեմն ինտենսիվ, երբեմն էլ պասիվ: Ի տարբերություն Արցախի, որտեղ հայ դիրքապահները ռելիեֆի շնորհիվ մեծամասամբ առավելություն ունեն հակառակորդի նկատմամբ, Տավուշում իրավիճակը մի փոքր այլ է. լեռնաշղթաներով ու ձորերով կտրատված առաջնագծի որոշ հատվածներում առավելությունը հայ սահմանապահների կողմն է, որոշ տեղերում՝ հակառակորդի: Սակայն խրամատների միջեւ գոյություն ունեն նաեւ տարածքներ, որոնք խրամատավորված չեն, փոխարենը ականապատ են, բայց, այսպես ասած, մեռյալ գոտիներ են, որոնց վիզուալ վերահսկողությունը դիրքերից բավական բարդ է:

Գլխավորապես այսպիսի հատվածների պատճառով վերջին տարիներին արձանագրվեցին մի շարք դեպքեր, երբ հայ խաղաղ բնակիչները, դիրքապահների աչքից հեռու, հատեցին պետական սահմանը, չգիտես ինչպես հաջողությամբ անցան ականադաշտն ու հայտնվեցին թշնամու մոտ (Արթուր Բադալյանն ու Մանվել Սարիբեկյանի ծնողները հայտարարել են, որ իրականում առեւանգվել են): Գրել ենք, որ 2009-2014 թթ. Տավուշում գրանցվել է այդպիսի 5 դեպք, որից 3-ը (Մանվել Սարիբեկյան, Մամիկոն Խոջայան, Կարեն Պետրոսյան) ունեցել են ողբերագական ավարտ:

Պաշտոնյաների եւ իշխանություններին մոտ կանգնած փորձագետների մեծամասնության կարծիքով՝ նման դեպքերը չեն խոսում այն մասին, թե սահմանը կոնկրետ Տավուշում վատ է հսկվում, ընդհակառակը՝ պլանային ամրակայում (ականապատում, ինժեներական աշխատանքներ, գիշերային տեսանելիության սարքեր եւն) շարունակաբար կատարվում է, կարծիք կա նաեւ, որ թեկուզ սահմանագծով համատարած փշալար անցկացնելն ու զգուշացնող վահանակներ տեղադրելն անիմաստ ծախս կլինի, փոխարենը առաջին հերթին, ըստ նրանց, պետք է փոխել մարդկանց մտածելակերպը, բացատրել, որ սահմանի այն կողմում իրենց լավ բան չի սպասում: Ասել, թե սահմանագիծը տեխնիկապես վերազինելու խնդիր չունի, ուղղակի անարժանահավատ է մանավանդ արցախյան ճակատում վերջին իրադարձությունների ֆոնին, բայց մյուս կողմից՝ պնդել, թե պետությունն այդքան գումար չունի սահմանով մեկ վերահսկող թանկ սարքեր տեղադրելու համար (այսպիսի արդարացումներ քիչ չեն եղել), տրագիկոմեդիայի ժանրից է: Քառօրյա պատերազմի օրերին ու մինչ օրս էլ հասարակությունը սեփական ջանքերով սկսեց օգնություն մատակարարել սահմանին՝ ուտելիքից մինչեւ զինվորական հագուստ, պարագաներ, հատուկ սարքավորումներ: Բանակն իսկապես դրա կարիքն ուներ, բայց հարցն այն է, որ դա տեսանելի դարձավ պատերազմի արդյունքում:

Դժվար է ասել, թե ինչ թերացումներ վեր կհանեն ռազմական լայնածավալ գործողությունները, եթե դրանք հանկարծ ծավալվեն նաեւ հայ-ադրբեջանական սահմանին. մի բան հստակ է՝ առաջինը թիրախում հայտնվելու է հենց Տավուշի մարզը, ավելի կոնկրետ՝ այն բնակավայրերը, որոնք ընդամենը մի քանի հարյուր մետր են հեռու շփման գծից: Անկասկած, հասարակությունն ու առանձին անհատներ օգնություն են հավաքելու եւ ուղարկելու արդեն Տավուշին: Թերեւս, ինչպես եղավ Արցախի պարագայում, հաշվեհամար կբացվի՝ ֆինանսական օգնությունները մեկտեղելու համար: Իսկ ընթերցողը տեղյակ է արդյոք, որ անցած 18 տարում Տավուշում անհատների կողմից ավելի քան կես միլիարդ դրամ (1 միլիոն դոլարից ավելի) է ներդրվել միայն եկեղեցաշինության ոլորտում: Սա նվազագույն թիվն է, որի մեջ ներառված չեն մարզի խոշոր եկեղեցիների վրա ծախսված գումարները:

«Հետքը» հարցում էր ուղարկել Տավուշի մարզպետարան՝ պարզելու, թե քանի եկեղեցի է կառուցվել մարզում Հայաստանի անկախացումից հետո: Խնդրել էինք տրամադրել նաեւ ծախսված գումարների չափը: Ոչ լիարժեք, սակայն մեր հարցմանը տրվել է բավական հետաքրքիր պատասխան:     

Տավուշի թեմը

Այս թեմը ձեւավորվել է 2010-ի դեկտեմբերի 10-ին, երբ Գարեգին Բ-ի կոնդակով նույնանուն մարզն առանձնացվել է Գուգարաց թեմից: Առաջնորդական տեղապահ է նշանակվել Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, ում որպես առաջնորդ փոխարինել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: 2015-ից թեմի առաջնորդը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: Առաջնորդանիստը Իջեւանի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցին է:

Թեմի նորակառույց եկեղեցիներն են.

Ս. Ներսես Շնորհալի (Իջեւան, օծվել է 1998 թ.),
Ս. Սարգիս (Ոսկեպար, 1999),
Ս. Գայանե (Ոսկեւան, 2003),
Ս. Աննա (Բագրատաշեն, 2004),
Ս. Աստվածածին (Մովսես, 2011),
Ս. Գրիգոր Լուսավորիչ (Բարեկամավան, 2011),
Ս. Աննա (Նոյեմբերյան, 2011),
Ս. Ամենափրկիչ (Իջեւան, 2012),
Ս. Դավիթ Մարգարե (Խաշթառակ, 2013),
Ս. Գեւորգ (Բերքաբեր, 2013),
Ս. Հովհաննես (Կողբ, 2014),
Ս. Գրիգոր Լուսավորիչ (Գանձաքար, 2014)
Ս. Հովհաննես (Բերդ, 2014):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

13 նորակառույց եկեղեցի՝ 16 տարում

Մարզկենտրոնի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցին այն քչերից է, որ զբաղեցրել է այլ նպատակով կառուցված շինություն: Ի սկզբանե՝ 1950-ականներին, այն եղել է անտառտնտեսության մշակույթի տուն, ապա դարձել է երաժշտական դպրոց, իսկ 80-ականների վերջում՝ գրադարան: 1991-ին շենքը տրամադրվել է եկեղեցուն, որն էլ հետագայում վերանորոգել է ու 1998-ին օծել իբրեւ Ս. Ներսես Շնորհալի:

Շենքի «վերափոխումը» հովանավորել են բոստոնահայ Գեւորգ եւ Պերճուհի Ներսիսյանները (այստեղ եւ ստորեւ ուշադրություն դարձրեք բարերաների, նրանց հարազատների եւ եկեղեցու անվան համընկնմանը, ինչին նախկինում անդրադարձել ենք):    

1999-ին սահամապահ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում Սարգիս Պապյանի նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցվել է Ս. Սարգիս եկեղեցին, որի տարածքում նաեւ խաչքար է տեղադրվել: Այս եկեղեցուց մի քանի հարյուր մետրի վրա է գտնվում 6-7-րդ դարերի Ս. Աստվածածին եկեղեցին, որի հարեւանությամբ հայկական դիրքերն են, իսկ ոչ շատ հեռու՝ ադրբեջանական խրամատները:

Նոյեմբերյանի մեկ այլ սահմանամերձ բնակավայրի՝ Ոսկեւանի Ս. Գայանե եկեղեցին չնայած իրականում 19-20-րդ դարերի կառույց է, խորհրդային տարիներին ծառայել է իբրեւ պահեստ, ակումբ, ապա՝ կինոսրահ: Եկեղեցին նորակառույցների շարքում ենք ընդգրկել, քանի որ, ըստ էության, նախկին կիսաքանդ կառույցի վրա զրոյից շինարարություն է իրականացվել: Նշենք, որ նախկին Ս. Հովհաննեսը Արթուր եւ Գայանե Բաղրյանների միջոցներով վերակառուցվելուց եւ 2003-ին Գարեգին Բ-ի կողմից վերաօծվելուց հետո ստացել է Ս. Գայանե անունը: Ըստ Տավուշի մարզպետարանի՝ շինաշխատանքների համար ծախսվել է 150 մլն դրամ:

2004-ին ավարտվել է հայ-վրացական սահմանի վրա գտնվող Բագրատաշենի Ս. Աննա եկեղեցու կառուցումը, որը սկսվել էր 2003-ին: Բարերարը տեղի բնակիչ Նորիկ Վարդանյանն է: Շինարարությունն արժեցել է 56 մլն դրամ:

2011-ի օգոստոսի 7-ին օծվել է Բերդի Մովսես գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է խորհրդային տարիներին քանդված Ս. Գեւորգի տեղում, որից ներկայում մնացել են միայն արեւելյան պատն ու մկրտության ավազանը:

Նոր եկեղեցու շինարարարությունը մեկնարկել է 2005-ին՝ Մոսկվայում բնակվող մովսեսցի գործարար Վազգեն Վանեսյանի եւ ընկերների նախաձեռնությամբ: Ս. Աստվածածնի շինարարության մեջ օգտագործվել են ավերված Ս. Գեւորգի քարերը:

Սրանից երկու օր անց՝ օգոստոսի 9-ին, Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղում օծվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Շինարարությունը մեկնարկել էր 2009-ին: Բարերարը Ստավրոպոլի բնակիչ, ծնունդով բարեկամավանցի Ցոլակ Միքայելյանն է:

2011-ի մարզում օծվել է նաեւ երրորդ եկեղեցին: Խոսքը Նոյեմբերյան քաղաքի Ս. Աննայի մասին է, որն օծվել է հոկտեմբերի 16-ին: Եկեղեցու բարերարը վոլգոգրադցի, ծագումով Նոյեմբերյանից Սեդրակ Մամյանն է, ով քաղաքային իշխանության կողմից ստացավ պատվավոր նոյեմբերյանցու կոչում: Ս. Աննան նվիրված է Սուսաննա Մամյանի հիշատակին:

2012-ի մայիսի 26-ին Իջեւանում բացվեց ու օծվեց մարզկենտրոնի երկրորդ եկեղեցին՝ Ս. Ամենափրկիչը: Շինարարությունը մեկնարկել էր 2009-ին: Ասլանյան-Բլբուլյան փողոցների խաչմերուկում 19-րդ դարի եկեղեցի կար, որը խորհրդային տարիներին ավերակ էր դարձել: Պատահական չէ, որ թաղամասը կոչվել է «Ժամի թաղ»:

Ս. Ամենափրկչի կառուցումը հովանավորել են Ուկրաինայում ապրող իջեւանցի եղբայրներ Անդրանիկ, Ֆրունզ եւ Պետրոս Ղազարյանները՝ ի հիշատակ հոր՝ Թելման Ղազարյանի: Եկեղեցին օծել են Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Եզնիկ սրբազանն ու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը: Անդրանիկ Ղազարյանին կաթողիկոսի կողմից շնորհվեց «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որը եկեղեցու բարձրագույն պարգեւն է, իսկ մարզպետ Արմեն Ղուլարյանից՝ պատվավոր տավուշցու կոչում:

Սրանից շուրջ մեկ տարի անց՝ 2013-ի մայիսի 9-ին, Իջեւանի Խաշթառակ գյուղում օծվել է Ս. Դավիթ Մարգարե եկեղեցին (Հայ եկեղեցին նշում է այս սրբի հիշատակը, չնայած Խաշթառակի եկեղեցին իրականում այլ անձի է նվիրված): Համայնքը նախկինում էլ ունեցել է եկեղեցի՝ 1862-ին կառուցված Ս. Աստվածածինը, որը խորհրդային տարիներին դարձել է ակումբ, կինոսրահ, իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ արարողությունների սրահ: Նոր եկեղեցին կառուցել է Վորոնեժի համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտակ Քամալյանը՝ ի հիշատակ մեկ տարի առաջ մահացած եղբոր՝ Դավիթ Քամալյանի: Ըստ Տավուշի մարզպետարանի՝ շինարարությունն արժեցել է 45 մլն դրամ: Նոր սրբավայրը, ի տարբերություն գյուղամեջում գտնվող հնի, կառուցվել է «Խաչի յալ» կոչվող բարձունքի վրա:

Նույն տարվա հոկտեմբերի 17-ին Իջեւանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում օծվել է Ս. Գեւորգ եկեղեցին: Սա էլ Ոսկեւանի եկեղեցու նման եղել է հին կառույց՝ խորհրդային տարիներին դառնալով պահեստ, ապա՝ ակումբ: Փլատակների վերածված եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել են 1980-ականների վերջին, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման եւ պատերազմի արդյունքում մնացել անավարտ: Վերակառուցման նախագիծը կազմել էր ճարտարապետ Մերի Դանիելյանը: Հետագայում ֆինանասավորումն իրենց վրա են վերցրել սփյուռքահայ Ժիրայր եւ Սիրանույշ Կանելները, իսկ Սուրբ սեղանը կառուցվել է բերքաբերցի Լեւոն Խուդավերդյանի միջոցներով: Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանի գլխավորությամբ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնք հաստատվել են կաթողիկոսի կողմից: Շինարարությունը մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին եւ ավարտվել 2013-ի օգոստոսին: Վերակառուցման համար ծախսվել է 52 մլն դրամ:  

Եկեղեցու բացման օրը՝ երեկոյան, Բերքաբերում փոքրիկ հրավառություն էր կազմակերպվել, ինչը ադրբեջանցիները շտապել էին ներկայացնել իբրեւ հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծում: 

Տավուշի մարզի ամենամեծ գյուղում՝ Կողբում, որը հարեւան է Նոյեմբերյանին, 2014-ի հունիսի 1-ին օծվեց Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությանը մասնակցում էր նաեւ երկրի նախագահը: Ս. Հովհաննեսը կառուցվել է 3 տարում, ճարտարապետը նույն Միսակ Մելքումյանն է, որի հեղինակությամբ սա մարզի 15-րդ հոգեւոր կառույցն էր: Եկեղեցու սրբանկարների մի մասի հեղինակը Մայր Աթոռի նկարիչ Անդրանիկ Անտոնյանն է, տեղադրվել են նաեւ Տավուշի մանրանկարչության դպրոցի սաների աշխատանքներից: Ս. Հովհաննեսի հարեւանությամբ կառուցվել է նաեւ հովվատուն: Եկեղեցու հովանավորը Տավուշի մարզպետ (2014-ից) Հովիկ Աբովյանն է: Գարեգին Բ-ի կոնդակով Աբովյան ընտանիքի անդամները պարգեւատրվեցին «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Տավուշի մարզպետարանը, բնականաբար, տեղեկություն չի տրամադրել այս եկեղեցու համար ծախսված գումարների վերաբերյալ: Ինքը՝ Աբովյանը, ասել է, թե ընկերներով են կառուցել, ամեն մեկն իր ներդրումն է ունեցել, չնայած մարզպետարանի տվյալներով՝ հենց Աբովյաններն են հովանավորները, իսկ եկեղեցու պատին նշված է մարզպետի անունը:

Այս եկեղեցու շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ նկարիչ Անդրանիկ Անտոնյանը առաքյալներից մեկին պատկերել է Հովիկ Աբովյանի դիմագծերով: Չնայած մարզպետն ու տեղի հոգեւորականությունը հերքում էին փաստը, նկարչի խոստովանությունից հետո մարզպետը ստիպված ասել էր. «Հիմա նկարիչին կախե՞մ, ի՞նչ անեմ, ասեք: Ես որ իմացել եմ, ասել եմ՝ տենց բան ես արե՞լ, ասել է՝ հա, ուզում էի անել, բայց լավ դուրս չեկավ: Ասում եմ՝ քեզ ո՞վ է ասել, ասում է՝ որ էդքան գործ էիք արել, ո՞ւմ ինչ գործն է՝ ես ինչ կանեմ: Ճիշտն ասած, ես որ նայել եմ, ոնց որ մի 80 տարեկան ծերունի լինի, եթե Աստված տա, էդքան կյանք ունենամ, կարող է նմանվեմ տենց մի ծերունու»: Այս ամենից շատ չանցած՝ անմորուս առաքյալի դեմքին մորուք ավելացվեց, եւ թեման փակվեց:

2014-ի օգոստոսի 23-ին հերթական նորակառույցն է օծվել այս անգամ Իջեւանին հարակից Գանձաքար գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի բարերարը ուկրաինաբնակ գանձաքարցի Վրույր Մարությանն է, եկեղեցին կառուցվել է ի հիշատակ հոր՝ Ցոլակ Մարությանի, ում արձանը տեղադրվել է հարեւանությամբ: Սրբօջախին կից կառուցվել է նաեւ կիրակնօրյա դպրոց: Ճարտարապետը Միսակ Մելքումյանն է: Շինարարության արժեքը 58 մլն դրամ է:

Տավուշի մարզի առայժմ վերջին նորակառույց եկեղեցին Բերդ քաղաքի Ս. Հովհաննեսն է, որն օծվել է 2014-ի սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին՝ Գարեգին Բ-ի կողմից: Արարողությանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2012-ի մայիսին, այն պիտի կոչվեր Ս. Գեւորգ, սակայն հովանավորի՝ Ջոն Սթիվենսի (Հովհաննես Ստեփանյան, Ֆրեզնո, ԱՄՆ) մահից հետո ստացել է Ս. Հովհաննես անունը: Շինարարությանը աջակցել է նաեւ համայնքը: Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:

Նորոգված ու նորակառույց սրբօջախներ

Վերը նշվածները միայն եկեղեցիներն են, սակայն անկախությունից հետո Տավուշում կառուցվել են նաեւ մատուռներ ու հոգեւոր այլ շինություններ: Մասնավորապես, Իջեւանի Լուսաձոր գյուղում վերանորոգվել է 19-րդ դարի Ս. Գեւորգ եկեղեցին: 2015-ի ապրիլի 23-ին մարզկենտրոնում բացվել է Ս. Նահատակաց բաց խորանը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Մոսկվայաբնակ իջեւանցիներ Արմեն եւ Արտակ Իսկանդարյանները բաց խորանի շինարարության համար ներդրել են 40 մլն դրամ: Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում այս պահին ընթացքի մեջ է նոր եկեղեցու շինարարությունը, որը սկսվել է անցած տարի եւ, գյուղապետ Վահրամ Շարոյանի տեղեկացմամբ, կավարտվի այս տարեվերջին: Հովանավորը Անդրանիկ Պապոյանն է: Թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջարկությամբ քննարկվում է երկու անուն՝ Ս. Սանդուխտ կամ Ս. Անդրեաս: Կառույցը, ըստ մարզպետարանի, կարժենա 14 մլն դրամ:

Ներկայացնում ենք նաեւ մի քանի նորակառույց մատուռների տվյալներ, որոնք տրամադրել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը:

Ս. Աստվածածին (ք. Իջեւան, կառուցվել է 1998 թ., բարերար՝ Խաչատրյաններ, ՌԴ, արժեքը՝ 18 մլն դրամ),
Ս. Հովհաննես (ք. Իջեւան, 2002, Ղազումյան, Ֆրանսիա, 48 մլն դրամ),
Ս. Աստվածածին (գ. Սարիգյուղ, 2004, Սաշա Էլլարյան, 12 մլն դրամ),
Ս. Վարդան Զորավար (գ. Ակնաղբյուր, 2005, Միքայել Վարդանյան, 15 մլն դրամ),
Ս. Խաչ (գ. Սեւքար, 2005, Բաղդասարյաններ, 10 մլն դրամ),
Ս. Հովհաննես (ք. Այրում, 2009, Գագիկ Ծառուկյան, 21 մլն դրամ),
Ս. Աստվածածին (գ. Ներքին Ծաղկավան, 2010, 6 մլն դրամ):

Ու սա էլ ամենը չէ. մարզի մի շարք այլ բնակավայրերում ու դրանցից դուրս (օրինակ՝ Մեհրաբի զորամասում) կառուցվել ու նորոգվել են մատուռներ ու եկեղեցիներ: Պաշտոնապես 132.000 բնակչություն ունեցող մարզում հին ու նոր հոգեւոր կառույցների պակաս, կարելի է ասել, չկա: Ու այս նորակառույցների ֆոնին հատկանշականն այն է, որ Տավուշի ամենանշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 10-13-րդ դարերի Հաղարծնի վանքը, վերանորոգվել է Շարժայի էմիր, արաբ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի միջոցներով:

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Արարատ20:48 - 15 մայիսի, 2016
Ոչ ու փուչ լինի եկեղեցին էլ կառուցողն էլ:այդ ոչ ու փուչին ,որ ասես զենք գնելու համար թալանածիցդ գումար տուր մեկ դոլար կտա:արևմտյան հայաստանում որքան եկեղեցի ենք թողել,որոնք թուրքերը զուգարանի են վերածել,եթե այսպես շարունակ ի այստեղի եկեղեցիներն էլ նույն բախտին կարժանանան:Ջիվանին ասել է Խելքին աշեցեք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։