HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես իրանահայն իր օգնությունը հասցրեց Արցախի զինվորներին

Իրանահայ Վանիկ Քեշիշյանը չի կարողում իր մեքենայով մուտք գործել Հայաստան: Վանիկը Իրանի քաղաքացի լինելուց բացի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Սակայն այն օրվանից, երբ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն և գրանցում, նրան թույլ չեն տալիս իր իրանական գրանցմամբ և համարանիշով մեքենայով մուտք գործել Հայաստան: Ասում են՝ իրավունք չունի: Մինչդեռ Իրանի քաղաքացիները, ովքեր ՀՀ անձնագիր չունեն, իրավունք ունեն մեքենայով մուտք գործել և 180 օր մնալ Հայաստանում: Վանիկին զայրացնում է այդ փաստը, որ լինելով սփյուռքահայ և այսուհետ նաև ՀՀ քաղաքացի՝ ավելի քիչ հնարավորություններ ունի, քանի Իրանի սովորական քաղաքացիները:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վանիկը որոշել է գնալ և Իրանից ինչ հնարավոր է՝ օգնություն բերել և անձամբ հասցնել զինվորներին: Մեկնելուց առաջ փորձել է ճշտել սահմանին, թե արդյոք խնդիրներ կլինեն, եթե իր մեքենայով այդ ամենը բերի: Նրան Կարեն անունով ու համազգեստով անձը հավաստիացրել է, որ ոչ մի խնդիր չի առաջանա, և ինքը Իրանի անձնագրով կարող է ազատ մուտք գործել Հայաստան:

Ապրիլի 4-ին Վանիկը մեկնել է Իրան: Պատրաստել մեքենան, փոխել դողերը, որ կարողանա բեռնել և Արցախ հասցնել իր օգնությունը: Իր արտադրած ու պատրաստած հրուշակեղենը, միրգ-բաջարեղենը, հագուստը, վրաններ, քնապարկեր, անձրևանոցներ, ներքնաշորեր և այլ պարագաներ բարձել և ապրիլի 28-ին ճանապարհ է ընկել Հայաստան:

150 կգ սեխ է բերել զինվորներին: Զինվորները զարմացել են, թե ինչպես է նա կարողացել ողջ-առողջ տեղ հասցնել սեխը:

«Պարսկական սահմանից, գիտեք, Թավրիզի թուրքեր են, 70%-ը Ղարաբաղի հարցով գրգռված է: Նախքան անցնելը մտածել եմ՝ ինչ ասեմ, ինչ չասեմ: Ես ՀՀ մարտարվեստի մարզիչ եմ, Իրանի մարզիչ եմ, և այդպես եմ ներկայացել»,- պատմում է Վանիկը: Դժվարությամբ իրանական սահմանը հատելուց հետո հասել է հայկական սահման: Հայ սահմանապահները, երբ իմացել են բարձված մեքենան գնալու է Արցախ, ջերմ ընդունել են Վանիկին և անմիջապես խանդավառությամբ կազմակերպել մուտքը: Նրան հայկական անձնագրով թույլ են տվել մտնել երկիր:  

«Եկել եմ հետո մաքսատուն, ներս մտնեմ՝ եկան, թե դու հայկական անձնագիր ունես, գրանցված ես Հայաստանում, չես կարող մեքենան մտցնել երկիր: Ասում է՝ միացել են Եվրասիական միությանը, և հայը իրավունք չունի իր մեքենան ներս բերի,-պատմում է Վանիկը:- Այսինքն՝ այդ օրենքով չորս պատ են դրել, որ Եվրասիական միություն է, և այդ պատերից դուրս չես կարող մի կետ անցկացնել: Որ սրանք Հայաստանի քաղաքացիներ են, որ կարող են ապահով գալ իրենց հայրենիք, մի տեղ նստել, հանգստանալ: Ամեն մարդ չի կարող ավտոբուսով գալ, ես ուզում եմ իմ մամային բերել, մայրս չի կարող ավտոբուսով գալ, օդանավով էլ չեմ կարող բերել, ուզում եմ նստի իմ մեքենան ու գա Հայաստան: Պետք է մի ճանապարհ գտնեն, որ ժողովուրդը չտուժի»,- ասում է Վանիկը:

Վանիկը, այլ ելք չունենալով, սկսել է սպառնալ, թե բողոքելու է, այս ամենի մասին սոցիալական ցանցերով տարածելու է, ցույց է տալու սահմանային անցակետերի զուգարանների հակասանիտարական վիճակը: Վանիկն այնքան է հուսահատվել այն մտքից, որ չի կարողանալու բարձված բեռը հասցնել զինվորներին, որ որոշել է հենց մաքսակետում հացադուլ անել, «մինչև տեսներ, թե ով է այդ օրենքներն ու կանոնները դրել, որ ինքը որպես հայ չի կարող մտնել իր մեքենայով»:

«Հատուկ էս մեքենայիս վրա եմ բարձել, որ տանեմ ինքս զինվորներին հասցնեմ, ողջունեմ բոլորին, հոգեբանական տեսակետից զգան, որ մենք էլ իրենց կողքին ենք»,- ասում է Վանիկը:

Ի վերջո, մաքսատան պետը Վանիկին հրավիրել է իր մոտ: «Սկսեց բղավելով՝ որտեղ ուզում ես գնա բողոքի, գնա ասա, մենք օրենքով ենք գործում: Ասում եմ՝ երանի թե բոլոր օրենքներն այսպես ուժեղ գործեին: Այնպես ասեց, որ իր արածն անօրինական է, այսինքն՝ այդ մարդն ինձ լավություն է անում, որ թողնում է մտնեմ իմ մեքենայով: Բայց այնքան նեղված եմ, որ մի բառ չասեց, որ օգնություն ես տանում Ղարաբաղին, ես կգամ մի ձև կանցկացնեմ: Անցկացրեց, որ չգամ այստեղ-այնտեղ բողոքեմ: Ես չեմ վախենում նման բաներից, եթե խնդիր եղավ, մեքենաս նվիրելու եմ Ղարաբաղին, որևէ հարցում պետք կգա: Բայց հարցն այն է, թե ինչու պիտի ես՝ որպես հայ, չկարողանամ իմ մեքենայով մտնել Հայաստան: Եթե ես ներս եմ մտնում Հայաստան իմ մեքենայով, ես ի՞նչ վնաս եմ տալիս մեր երկրին»,- հարցնում է Վանիկը:

Վանիկն ասում է, որ այս պատճառով մյուս սփյուռքահայերը չեն կարողանում իրենց երկրից օգտվել: Համարում է, որ մարդու իրավունքների խախտում է, մարդու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում: «Ասում են՝ օրենքով դու՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավունք չունես մեքենայով ներս մտնես: Ես գալիս եմ պարսկական համարներով, եթե ես այդ մեքենան ներս բերի, ի՞նչ վնաս եմ տալիս, և ի՞նչ եմ կարողանում անել՝ կարո՞ղ եմ վաճառել, չե՞մ կարող վաճառել: Մեքենան Իրանում երկու անգամ ավելի թանկ է, ես չեմ կարող բերել, որ վաճառեմ, այսինքն՝ էդ հարցն էլ չկա: Այդ մեքենան կարճ ժամկետով պիտի մտնի ու հետ գնա: Ուրեմն ինչո՞ւ եք նեղացնում ժողովրդին, ինչո՞ւ եք խանգարում: Գոնե տարբերություն դնեն, որ էս մարդը երկքաղաքացի է, թողնեն ներս գա»,- շարունակում է Վանիկը:

Վանիկը պատմում է, որ փորձել է նախկինում Իրանի անձնագրով մտնել, վիզա ստանալիս իրեն անմիջապես ասել են, որ ինքը երկքաղաքացի է և չի կարող մուտք գործել երկիր իրանական անձնագրով, այդպիսով՝  վիզա չեն տրամադրել: «Այսինքն՝ ես գնամ հրաժարվե՞մ Հայաստանի քաղաքացիությունից: Օրեցօր մեզ համար դռները բացվելու փոխարեն մեկ-մեկ փակվում են»,-ասում է Վանիկը:  

«Եթե մի խնդիր կա, մի վնաս կա, ինձ թող բացատրեն, որ ես հասկանամ՝ եթե դա ի շահ իմ երկրի է, ես մեքենա չեմ բերի, վերջացավ: Բայց գոնե մե պարզ պատասխան տան, թե ինչու ինձ իրավունք չեն տալիս որպես հայ, որպես երկքաղաքացի մեքենայով ներս մտնել,- ասում է Վանիկը: -Պարսիկին կարելի է, հային՝ չի կարելի: Մի պարսիկը ինձանից առավել է: Պարսիկը կարող է 180 օր գա, մեքենայով շրջի, բայց ես չեմ կարող: Արդյոք սա խախտում չէ՞ մարդու իրավունքների տեսակետից: Ես պետք է ազատ ու հանգիստ կարողանամ տեղաշարժվել»,- ասում է Վանիկը:

Վանիկը պատմում է, որ անցնող Նովրուզին իրանահայերի մի մասը, ովքեր նույնպես երկքաղաքացի են, ստիպված հետ են վերադարձել իրենց մեքենաներով, մի մասը՝ մուտք գործել Հայաստան ավտոբուսներով՝ սահմանից հետ ուղարկելով իրենց մեքենաները:

Վանիկը 15 տարի է՝ Հայաստան է տեղափոխվել: Այստեղ այգի է տնկել: Էկոլոգիապես առողջ սնունդ է աճեցնում: Ուզում է ընդլայնել իր գործունեությունը, Ղարաբաղում ջերմոց կառուցելու նպատակներ ունի: Սակայն դրա համար Իրանից պոլիէթիլեն, իրեր, գործիքներ ու սարքավորումներ է ուզում բերել, ինչը, մեքենայի պատճառով, չի կարողանում:  

Վանիկը Իրանում էլ զբաղվում է քաղցրավենիքի տուփերի արտադրությամբ: Ասում է՝ եթե հնարավորություն լինի, կարող է գործիքը ժամանակավոր բերել ու այստեղ էլ սկսել այդ գործը, սակայն նորից բախվում է մեքենայի խնդրին:  

«Ընտանիքս այստեղ է ապրում, ես նաև այնտեղ եմ աշխատում, այնտեղ բիզնես ունեմ: Ընդհանուր ինչ-որ օրենքներ են ասում, և ոչ մի շեշտադրում չկա, որ ես ՀՀ քաղաքացի եմ, ընտանիքս այստեղ է: Ես ամեն անգամ  պետք է նստեմ ավտոբուս, թուրքական երաժշտությամբ, իրենց հայհոյանքների ներքո գամ, բայց ես ապրանքներ եմ ուզում բերել, ծրագիր ունեմ այստեղ ջերմոցների, հող եմ այստեղ մշակում: Նստեմ մեքենան, ինչ իրեր պետք է լցնեմ բերեմ, սահմանն անցնեմ որպես հայ, ես պետք է պարսիկից առավել լինեմ, ոչ թե պակաս»,- ասում է Վանիկը:

Վանիկը ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար վերջին տարիներին մեքենան բերելու փորձեր չի արել, սակայն Արցախին օգնություն հասցնելու այլ միջոց չի ունեցել:

«Գոնե էս պատերազմի վիճակը մի քիչ զիջեն: Գուցե վաղը չէ մյուս օրն ավելի վտանգավոր վիճակ լինի, միգուցե 10-20 մեքենա ուզենան գալ ու օգնություն բերել, պիտի ասեն՝ հետ վերադարձե՞ք»,- հարցնում է Վանիկ Քեշյանը:

Վանիկն այս հարցի մասին բարձրաձայնել է նաև Իրանի դեսպանատանը: Նախորդ շաբաթ եղել է նաև Սփյուռքի նախարարությունում, այցելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որտեղից նրան ուղղորդել են գրավոր դիմել Պետեկամուտների կոմիտե: Վանիկը օրերս գրավոր դիմում է գրել նաև ՊԵԿ-ին, նրան ասել են՝ կպատասխանեն մեկ շաբաթյա կամ 30-օրյա ժամկետում:

 Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (15)

Hay
Արթուր Աղաբեկյանը պիտի կարդա էս գրվածը , ոչ թե բողոքի ռուսաստանի հայերին։ Հետո էլ ասում են ռուսը զենքա տալի ազերներին, բա մարդը ուզումա օգնի իր երգրին խի չեք թողնում էս մարդնել ուտելիքա բերել բայց կախվելեք աչքերից
Սիրարփի Առուստամյան
Չեմ հասկանում՝ հայերեն սեխ բառը մոռացե՞լ եք, որ եմիշ եք գրում: Իսկ ինչ վերաբերվում է Վանիկի ոդիսականին, դժբախտաբար, նա միայնակ չէ՝ դա է մեր երկրի իրականությունը, սովորական մարդիկ, լինեն տեղացի թե սփյուռքահայ, բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, դա միայն ընտրյալներին է թույլատրվում:
Artur Hovhannisyan
Ընդհանրապես, մաքսայինի հանցավոր համակարգով պետք է շատ լրջորեն զբաղվել: Նաև այսպիսի վերաբերմունքի հետևանքով է երկիրը դատարկվում` հասկանալի հետևանքներով...
Վանիկ քեշիշի
Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀԵՏՔԻ կայքի անձնակազմից որ արձագանքեց այս խնդրին. Հուսամ ձեր անդրադարձը կնպաստի այդ օրենքի փոփոխոխմանը . Ցանկացած պարագայում պետք է հիշենք որ միայն պայքարելով կարող ենք պաշտպանել մեր իրավունքները .
Մերուժան
իրեն հերոսի կոչում է հասնում,քանի որ դեմ-դիմաց թշնամու հետ ավելի պարզ է,քան պայքարել անօրինականության,կեղտի,ազգակից թշնամու դեմ:
Հունան
Ձուկը գլխից է նեխած.....................
Hunan
Դա նրանից է, որ մաքսատան աշխատողները չափից շատ «հայրենասեր»են ու օրենքի «պաշտպան».......................
ՍՈՆՅԱ
Հետո զարմանում ենք, որ հայրենիքի դավաճանները որտեղ են , հենց սահմանի վրա են, էլ ինչ անեն առաջնագծի սահմանը պահեղ զինվորները, երբ արդեն դաշնակցին չեն թողնում, իսկ փողով մուսուլմանները ազատ մուտքի մշտական արտոնյալ թույլտվություն ունեն, անարգելք գալու -գնալու...
Րաֆֆի
Վայ վարչապետը կոռուպցիոն նյութեր է փնտրում։Ահա խնդրեմ հետաքննեք
Մարիամ
Դե ասեք որ մենք Սփյուռքի նախարարություն ունենք: Այդ կառույցը պարզապես լուծարել է հարկավոր, ավելորդ բեռի նման երկրի բյուջեն են մսխում սփյուռքահայերի նման հզոր ներուժը կիրառելու փոխարեն: Կամ էլ սփյուռքի նախարարության նախարար պետք է նշանակվի որևէ արժանի սփյուռքահայ ներկայացուցիչ (միանշանակ ոչ արդի Հայաստանից արտագաղթած հայ), ով իրոք սրտացավորեն կվերաբերվի խնդրին և իրական գործ կանի, ոչ թե մի ամբողջ նախարարություն կվերածի խեղկատակության:
Ռուբեն
Մաքսատան պետին անմիջապես պիտի աշխատանքից ազատել եվ քրեական գործ հարուցել;Եթե չեն անի,ուրեմն իրենց մարդն է;Ահա ձեզ հարստացման եղանակ,դե հարցեը լուծեք,եվրոպան ինչո՞ւ է փող տվել;Հերոս տղաները երկրի համար արյուն չեն խնայում,իսկ սրանք միայն փող շինելով են զբաղված;
Սոնա
ՀՀ մաքսային օրենսգիրքը ընդհանրապես խեղկատակություն է, մաքսատան աշխատողներնը խուլիգանների կլանից, էլ ինչ սպասենք, ումից սպասենք ինչի համար: Ժողովրդին սեպական երկրում սարքել են գերի, մենակ իրենց լափելու ու գռփելու մասին են մտածում............ազգային ժողով /մարդ մեծատառ էլ չի ուզում գրի/ , չգիտես ինչ է ինչի համար է ստեղծված, ինչ է անում........իրենք իրենց համար վեր են ընգնում մի քիչ անիմաստ մռռում ու իրենց բիզնեսը ծաղկեցնում..........բռավո, կեցեք.......ազգային թշնամիներ: Խելացի մարդիք շատ կան թույլ տվեք աշխատեն, ժողովուրդը մեղք է այս տականքների լծի տակ ապրել այլևս չի կարելի
Սոնիկ
Առաջինը կեցցէք որ միայն հայատառ պատգամներն էք ընդունում, առաջին անգամն եմ ձեր կայք այցելում։ Երկրորդ կեցցէն Վանիկին, որ այսքան յամառ է իր նպատակին հասնելու համար։ Փաստօրէն Մեղրիի մաքսատանը բացառաբար թոյլ են տւել Վանիկի իրանական համարանիշ ունեցող մեքենան մուտք գործի Հայաստան, ինչը ցոյց է տալիս որ հնարաւոր է օրէնքը վերանայման ենթարկել, իսկ Վանիկը ճիշտ է նկատել տւել Հայաստանի օրէնսդիրներին ու կառավարութեանը, որ նեղ պահերին երբ Հայաստանի քաղաքացիութիւն ստացած իրանահայերը կը ցանկանան օգտակար հանդիսանան մեր հայրենիքին, այսպիսի սահմանափակող օրէնքներ չլինեն։
Էմմա
Մեր իրանահայ ընկերներից էլ են անցյալ ամառ այս դժվարությանը բախվել: Մինչև այն ժամանակ, երբ ՀՀ 10-ամյա կացության կարգավիճակի պասպորտ են ունեցել՝ հանգիստ ամեն տարի իրենց ավտոյով եկել են Հայաստան, այնուհետև մտածել են ավելի ամրապնդել իրենց կարգավիճակը Հայաստանում և ստացել են երկքաղաքացիության կարգավիճակ, սակայն փոխարեն դա իրենց ընձեռի առավել հեշտ գնալ-գալու հնարավորություն, ցավոք, սահմանում իմացել են, որ չեն կարող սեփական ավտոյով (ինչպես ամեն տարի) ներս մտնել Հայաստան և ստիպված վերադարձել են սահմանից: Հիմա չգիտեն այս ամառ ինչպես գան Հայաստան, ավտոբուսով չեն սիրում, օդանավը թանկ է և ունի ուրիշ անհարմարություններ: Նրանք ցանկանում են Հայաստանում սեփական ավտոյով ման գալ, ցանկացած չափի ապրանք բերել ու տանել: Եթե ավտոն սահմանում իր համարանիշով ու տվյալներով գրանցվի, այլևս վաճաքի հնարավորություն չի լինի: Դրա վերահսկելը հեշտ է:Ոստիկանության վիզաների բաժնից և Սփյուռքի նախարարությունից խնդրում ենք կիրառեն արդյունավետ լուծումներ: Չի թվում, որ այդքան էլ բարդ հարց լինի:
նախագահ
Եվրասիական նոր մարտահրավերներին համահունչ վարչարարության ներդրման արդյունքում, դուք պետք է նոր հայեցակարգ ներկայացնեք՝ նկարագրելու համար ձեր տեսլականը, թե եմիշը ինչ եք անելու: Բայց եթե դուք թայֆայի թիմից չեք, բանակին օգնելու ձեր ձգտումը բավարա հիմնավորում չէ՝ եմիշը ազատ շրջանառության ռեժիմով մաքսազերժելու համար: Մի փորձեք հասկանալ ՀՀ մաքսային օրենսդրությունը, ավելի շուտ NASA-ի տնօրեն կդառնաք, քան հաջողության կհասնեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter