HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիշապներն ընդդեմ վիշապների կամ «օղակ» գործողությունը Հայաստանի սրտում

Արմեն Ղազարյան

Ե՞րբ և ինչո՞ւ են Գեղամա լեռներում հայտնվել վիշապաքարերը: Ի՞նչն է ստիպել մեր նախնիներին  հասարակ գործիքներով վիշապների տեսք տալ հսկայական ժայռաբեկորներին ու նրանց զոհեր մատուցելով` սիրաշահել: Վիշապաքարերի ստեղծման ժամանակաշրջանում հաստատ մեր երկրում  բնակչությունն այսքան չի եղել, այսօրվա չափ հողեր չեն մշակվել, բայց վախը, անհանգստությունը ջրի հանդեպ եղել է, որովհետև աղբյուրները միշտ չէ, որ ջրառատ են եղել:

Մի քանի տարի առաջ հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառավարության համապատասխան կառույցը որոշել էր վիշապաքարերը բարձրացնել և պոչի վրա կանգնեցնել: Ժլատություն անելով, չբերելով համապատասխան տեխնիկա` քարերից մեկը գցել, կոտրել էին:

Վիշապները պոչի վրա..., կոտրված վիշապաքար...: «Վատ նշան է»,- ասացին մարդիկ, ջրի պակաս կլինի, ջրի կռիվ: Եվ կռիվը չուշացավ:

Ոռոգման ջրի խնդիրը Գառնիում և  Ազատ գետի «պարտականությունները»

Հայաստանում «գետ» ասվածը հարաբերական հասկացություն է, որովհետև իսկական գետ, ինչպես մյուս երկրներում է, մենք չունենք ու յուրաքանչյուր առվի ու սելավատարի գետ ենք անվանում: Օրինակ` Սպիտակի ճանապարհին` Արագած գյուղի մոտ, կա ցուցանակ` «Գ. Քասախ»:  Նայում ես ու ոչ մի տեղ ջուր չես տեսնում:  Այդտեղ ջուր լինում է միայն ձնհալքի մի քանի օրերին: Էջմիածինն անցնում ես ու դարձյալ կարդում` «Գ. Քասախ»:  Չոր, քարքարոտ հուն է, տարվա մեջ մի քանի օր է ջուր տեսնում: Զովաշենում էլ Ազատ գետն է ավարտվում...: Սրանք են մեր գետերը:

Ազատ գետի  ակունքը կամ սկիզբը Գեղամա լեռներում է, այսինքն, այն  ձևավորվում է լեռների աղբյուրներից և մինչև հունիսի վերջը, հուլիսի սկիզբը ձգվող ձնհալքի ջրերից: Ավազանի հիմնական  ջրերն են. Գեղարդագետը, որն ամռանը գրեթե չի երևում, լեռներից դեպի անտառ-արգելոց հոսող և ս. Ստեփանոս եկեղեցու մոտ /Բայբուրդի/  գետին խառնվող առվակը, Գեղամա լեռների, Խոսրովի անտառի, Գողթի և Գառնիի աղբյուրները: 

Անցած դարի վաթսուն-յոթանասունականներին Ազառը դեռ գետ էր` հզոր, զմփզմփան, ձորն էլ ձոր` դժվարամատչելի, անաղարտ, հարուստ: Բայց մի օր, դա  1971 կամ 1972թ.թ. էր, Գառնիի դպրոցի  ուսուցիչները դասն ընդհատելով մեզ` աշակերտներիս, ուղարկեցին սովխոզի գրասենյակի մոտ` միտինգի:

«Վարազդատ Մարտիրոսյանը /սովխոզի դիրեկտորը/  դավաճանել է գյուղին, համաձայնել է, որ ջուրը տանեն Երևան»,- ասում էին նրանք:  Ժողովուրդը ոտքի էր ելել, բայց, նույնիսկ մենք` դպրոցական երեխաներս, հասկանում էինք, որ Վարազդատ Մարտիրոսյանը գյուղին դավաճանողը չէր, ընդհակառակը, նրա ղեկավարությամբ Գառնին զարգանում, ծաղկում էր: Այդ Հայաստանի կոմունիստ ղեկավարներն էին որոշել Երևանը դարձնել միլիոնանոց քաղաք,  որպեսզի Մոսկվան թույլատրեր մետրոյի կառուցումը, իսկ  մայրաքաղաքին խմելու լրացուցիչ ջուր էր պետք: Եվ ջուրը տարան`   գյուղի սեփականություն հանդիսացող աղբյուրների սառը ջուրը, որով գառնեցիները հողն էին ջրում, իրենց ու Երևանի բնակիչների համար արտակարգ համով միրգ ու բանջարեղեն աճեցնում:

Աղբյուրների ջրի փոխարեն Ազատ գետից  հազար լիտր ջուր տվեցին  գյուղին:

Երկու-երեք տարի ձորում շինաշխատանքներ էին ընթանում. ժայռերը պայթեցնում էին ու պայթեցնում: Իսկ երբ պայթյուններից հետո ընկերներով ձոր իջանք, պարզապես ապշեցինք: Ձորն ուղղակի խոշտանգված էր, էն հզոր գետից էլ մնացել էր մի խեղճ առու: Առանց ոտնատակերս թրջելու անցնում էինք մյուս ափն ու հետ գալիս: Գետը դարձել էր ծաղրի առարկա: Հազար լիտր ջուրը մարդ ու անասուն քշող-տանող գետից բան չէր թողել:

Սա Գառնիի ջրին, բնությանը  հասցված առաջին մեծ հարվածն էր, որի ցավին ժողովուրդը  դիմացավ, գիտակցելով, որ աղբյուրների սառը ջուրը խմում են մարդիկ` մեր հայրենակիցները, այն էլ շոգ Երևանում, Արտաշատի, Մասիսի, Արարատի բազմաթիվ գյուղերում: Այդ մաքուր ջրով է աշխատում Արարատի ոսկու լվացման կոմբինատը: Անկախության տարիներին  հանգստյան օրերին այդ կոմբինատից  ջրի հոսքն ուղղում են դեպի տեղի զորամաս, լցնում պահեստային տարողությունները, որ մեր զինվորները, մանավանդ ամռանը, մաքուր ու սառը ջուր խմեն: 

Ջուրը տալով յուրայիններին` շատ շուտով գառնեցիներն իրենք  կանգնեցին ջրի խնդրի առաջ: Նույնիսկ սովխոզի ժամանակ խոստացված 1000 լիտր ջուրը միայն մայիս –հունիս ամիսներին էր ապահովվում: Դրանից հետո կիսվում էր,  հասնում մինչև  300,  200 լիտրի: Դեռ այն տարիներին սովխոզի աշխատողները շաբաթը մեկ-երկու անգամ գետի հունով բարձրանում էին սարերը, որ ջուր հավաքեն, բայց էական փոփոխություն չէր լինում:

Դեռ ութսունականների սկզբին հանրապետության ղեկավարությունը գյուղի ոռոգման ջրի պակասը լրացնելու համար Գառնիի սովխոզին թույլատրել էր գետից պոմպերի միջոցով լրացուցիչ ջուր վերցնել: Աշխատանքներն ընթացքի մեջ էին և ընդհատվեցին արցախյան շարժման և երկրաշարժի պատճառով:

Այժմ ոռոգման ջրի վիճակը Գառնիում շատ ավելի վատ է, որովհետև յոթանասունականների հետ համեմատած գյուղի բնակելի հատվածը, բնակչության քանակը և օգտագործվող հողատարածքները կրկնապատկվել են, եթե ոչ եռապատկվել: Գետից ավել ջուր վերցնել հնարավոր չէ, որովհետև նախ բնապահպանության քանակը պիտի ապահովվի, հետո էլ, ջրի նվազման, ճնշման բացակայության դեպքում, ուզում ես ամբողջ գետի դեմը փակի,միևնույն է, ամռանը գառնեցիներին հասանելիք հազար լիտր ջուրը խողովակաշարը չի վերցնում: 

Ջրի սակավության  պատճառով այսօր գառնեցիներն ընդհանրապես հրաժարվել են բանջարաբոստանային կուլտուրաների մշակումից: Վերջին երկու տասնամյակում լրջորեն տուժել, նոսրացել են որպես սեփականաշնորհում մարդկանց ստացած այգիները: Նույն պատճառով գրեթե 90 տոկոսով չեն մշակվում գյուղի հարավ-արևմտյան հատվածում գտնվող «դավաբոյին» կոչվող տարածքի խաղողի այգիները, իսկ յոթ-ութ տարի առաջ իրականացված հողաբաժինը /տուն կառուցելու համար/ միանգամայն անիմաստ միջոցառում էր: Մի քանի հարյուր հեկտար տարածքը ջրարբիացնելու բոլոր խոստումները կեղծ դուրս եկան:

Մարդիկ հարկադրված ընտանիք ունեցող տղաների համար տներ են կառուցում  սեփականաշնորհում ստացած, արտադրական նշանակության  հողերի վրա, այն էլ միայն այն տեղերում, ուր ջրի վիճակը շատ վատ չէ: Ընդհանրաապես, խոտհնձից հետո, այսինքն հունիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսերը, Գառնիում այգի ոռոգել կարողանալը պաարզապես հերոսություն է, իսկ դրանից հետո դառնում է անիմաստ: 

Փոքր հէկերն, ինչպես ողջ հանրապետության, այնպես էլ Գառնիի համար են գլխացավանք դարձել: Սարում հայտնի «Յոթ աղբյուրներ»-ի ջրերը, որոնք հիմնականում լցվում էին Գողթ և Գեղարդ գյուղերի ոռոգման ջրամբար հանդիսացող Վանքի գյոլը, մի  քանի տարի առաջ տրվեցին ինչ-որ ընկերության, այսինքն` դրվեցին էլ.էներգիայի արտադրության տակ: Այդ ընկերությունը պետք է փոխհատուցեր Գողթի ջերմոցների կողմից այդ գյուղից վերցված ջրի քանակը, իսկ ավելցուկը տար Գառնիին` խմելու և մի թաղամասի ոռոգման համար: Լավ թե վատ, այդ պայմանավորվածությունը մինչ այժմ գործում է, բայց ունենալով 40 հեկտար հողատարածք` հէկերի տերերը որոշել  են գառնեցիներին տրվող ջրով իրենց այդ հողերը մշակել, ինչը նշանակում է, որ Գառնիում ջրի վիճակն, այսօրվա հետ համեմատած, առաջիկայում էլ ավելի է վատանալու:

Ցավոք, Հայաստանում ամենահեշտ բանը գյուղացուն խաբելն է, մանավանդ եթե նա անտեր է, կամ գլուխ ու տերն էլ խաբեբաների կողմից են: Երկար տարիներ մի հէկ էլ Գառնիի ոռոգման հիմնական  ջրագծի վրա է գործում:

Նախնական պայմանավորվածությամբ այն պետք է աշխատեր նոյեմբերի մեկից մինչև մայիսի մեկը, բայց աշխատում է ամբողջ տարին, մի 15-20 օր օգոստոսին է կանգնում նորոգման:  Բնականաբար այստեղ նույնպես գառնեցիները ջրի կորուստ են ունենում: Մայիս ամիսը կիսվել է, բայց գյուղին դեռ ջուր չեն տվել, իսկ այդ հէկն աշխատում է:

Ասեմ նաև, որ Ազատ գետից է ոռոգման ջուր տրվում Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերին, իսկ գետի ամենակարևոր առաքելությունը Զովաշենի ջրամբարի ապահովումն է: 1975թ.-ից գործող այս ջրամբարն ունի հանրապետական նշանակություն: Այստեղ կուտակվող ջրով են ոռոգվում Արարատյան դաշտավայրի մշակովի հողերի եթե ոչ մեծ մասը, ապա  գոնե կեսը:

Պարտականությունների այս մեծ բեռն է  դրված մի փոքր գետակի վրա, որի ավազանի ջրերը գրեթե սպառված են: Լեռներում աղբյուրների մի մասը ցամաքել է, մյուս մասն էլ օլիգարխներն են տարել իրենց օբաները: Այնպես որ, դեռ ամռան կեսին հայ և եզդի անասնապահներն իրենց անասունները, մեղվապահներն իրենց փեթակները հարկադրված փախցնում են ավանդական արոտավայրերից:

Խմորումները  Քաղցրաշենի և 12 գյուղերի ինքնահոս ոռոգման ջրի նախագծի շուրջ

Համաշխարային բանկն ինչ-որ գումար է /30 միլիոն դոլլարի մասին է խոսվում/ հատկացրել ոռոգման ջրի մի ծրագրի, որով նախատեսվում է կառուցել երկու ինքնահոս ջրագիծ:

Առաջինն արդեն մեծ աղմուկ հանած Քաղցրաշենի…. ծրագիրն է, երկրորդով նախատեսվում է վերոհիշյալ Վանքի գյոլից ջուր բերել պետական բարձր պաշտոնյայի կողմի սեփականացրած Զովաշենի հյուսիս-արևելյան, Հացավանի  և Գառնիի հարավ-արևմտյան հատվածների հողերի / ջրի պատճառով չմշակվող հողեր, անջրդի վարելահողեր, արոտավայրեր/ ջրարբիացման և Ջրվեժում կառուցվող ինչ-որ ջերմոցի համար: 

Նախ խոսենք Քաղցրաշենի… ծրագրի մասին 

Այսօր, երբ երկրագնդին համընդհանուր տաքացման վտանգն է սպառնում, երբ բնությունը կանգնած է էկոլոգիական լուրջ փոփոխությունների առաջ, Զովաշենի ջրամբարից 10-12  կմ վերև` Ազատի և Գեղարդագետի միախառնման տեղից, վայրկյանում հազար լիտր ջուր վերցնելը և դրանով գետն իսպառ  ցամաքեցնելը պարզապես հանցագործություն է: Ի դեպ, այդ ծրագրի հեղինակներն ուղղակի խաբել են Գառնիի ավագանու անդամներին: Նրանք վերջիններիս ստորագրել են տվել մի փաստաթուղթ, որով ջուրը պետք է վերցվեր Զովաշենի ջրամբարի վերին մասից, այնտեղից, ուր գետը լցվում է ջրամբար, իսկ այժմ ուզում են  վերցնել հենց Գառնիի տակից: Չափումները, «հիմնավորումները», թե 1000լ. ջուր վերցնելուց հետո էլ գետում բավարար քանակով ջուր կմնա, համոզիչ չեն: Իսկ եթե այնուամենայնիվ հնարավոր լինի  գետից ինչ-որ քանակությամբ ջուր վերցնել, ապա այն պետք է տալ առաջին հերթին Գառնիի համայնքին, որովհետև դրա իրավական և բարոյական իրավունքը միայն  այդ համայնքն ունի, որի սեփականություն հնդիսացող աղբյուրներից վերցված ջրի քանակությունը փոխհատուցված չէ:  Կրկնում եմ, 1000լ. ջուր գյուղն ստանում է միայն մայիս-հունիս ամիսներին: Այնպես որ, Գառնիի համայնքի դիրքորոշումը,  ժողովրդի դիմադրությունը միանգամայն, տեղին է և օրինական:

Ծրագիրը չպետք է իրականացվի, որովհետև. 

  1. Դրան պետք է դեմ լիներ անձամբ ՀՀ վարչապետ պարոն Հ. Աբրահամյանը, որովհետև հայտնի է, որ նա այդ տարածքների ամենախոշոր հողատերն է և չպետք է թույլ տար, որ ծրագիրն անձնավորվեր և իրեն մեղադրեին  պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ցավոք, գործընթացը բոլորովին այլ բան է ապացուցում` իր  բոլոր հետևություններով:
  2. Եթե 1000 լիտր ջուր  վերցվի Գառնի գյուղի մոտից, այսինքն` ջրամբարից 10-12կմ վերև, ուրեմն գետն հենց այդ նույն տեղից կդադարի գոյություն ունենալ  և ոռոգման շրջանում, իսկ Արտաշատում այն սկսվում է ապրիլին և ավարտվում հակտեմբեր-նոյեմբերին, այսինքն` 7-8 ամիս  Գառնիից մինչև ջրամբար կմնա գետի չոր հունը:
  3. Թարմ ջուր չստանալով`  Զովաշենի ջրամբարի ջուրը  չափից շատ կտաքանա,  արագ  կսպառվի, կճահճակալի,  կնեխի  և կդառնա վարակիչ հիվանդությունների` մալարիայի, տուլերամիայի օջախ, ինչպիսին Արարատյան դաշտավայրը եղել է նախկինում /թարսի պես` Զիկան էլ օր-օրի մոտենում է/: Ջրամբարը շարքից դուրս կգա, իսկ դաշտավայրի միրգն ու բանջարեղենը  կդառնան  օգտագործման  համար վտանգավոր:
  4. Գետում և  տաք  ջրամբարում կենդանիները /ձկները/ կվերանան:  Դեռ խորհրդային տարիներից գործող Զովաշենի ձկնաբուծարանները կփակվեն:
  5. Էկոլոգիական աղետը տարածաշրջանի և մայրաքաղաքի համար կդառնա անխուսափելի:  Առանց այդ էլ երկրագնդի գլոբալ տաքացման պայմաններում մեր երկրում ջրերն անընդհատ նվազելու են, շարունակվելու է աղբյուրների ցամաքեցումը, մանավանդ որ վերջին տասնամյակներում տարածաշրջանում վիթխարի քանակությամբ անկանոն անտառահատումներ են կատարվել, Էլէներգիա ստանալու համար խողովակաշարեր են մտցվել լեռնային տարածքների բոլոր ջրերը:
  6. Էլէներգիա խնայելու նպատակով գետը ցամաքեցնելու հիմնավորումն արդարացված չէ: Եթե կառավարությունն ուզում է էլէներգիա խնայել, թող խմելու ջուրը Գառնիից Երևան բերի ինքնահոս կերպով, ինչը տեխնիկապես հնարավոր է: Նման մտադրություն ժամանակին  ունեին «Երևան ջուր» ընկերության նախկին` հայ, ղեկավարները: Եթե դա արվի, էլէներգիա կխնայվի ոչ թե միայն ոռոգման շրջանում,այլև ամբողջ տարում:
  7. Ամեն գնով Հայաստան փող բերելու տնտեսական քաղաքականությունն արդարացված չէ: Տնտեսությունը զարգացնելու համար պետք է պարզապես աշխատել և շաբաթը մեկ նոր արագաչափ գործարկելու փոխարեն, գոնե ամիսը մեկ նոր արտադրամաս, ֆաբրիկա կամ գործարան շաահագործման հանձնել:
  8. Ծրագիրը /ծրագրերը/ տնտեսապես հիմնավորած չեն: Մի պոմպակայանից խնայված հոսանքի և այդ հողերից հարկերի տեսքով ստացված գումարները հարյուր տարում էլ 30 միլիոն դոլլար չեն կազմի: Եթե հաշվի առնենք, որ այս ջուր տանողներն ընդհանրապես հարկ վճարողներ չեն և միայն սեփական գետ ունենալու համար են 30 միլիոն դոլլար ավելացնում հանրապետության պարտքին, ժողովրդի վրդովմունքն ավելի հասկանալի կլինի:
  9. Համոզված եմ, որ համաշխարհային բանկի ղեկավարները տեղյակ չեն, որ իրենց տրամադրած փողերով էկոլոգիական աղետ է իրականացվում մեր երկրում:  Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է ծրագրի իրականացման մեջ շահագրգռված այդ բանկի հայաստանյան ներկայացուցիչը: Փաստից  կոռուպցիայի հոտ է գալիս, մանավանդ, եթե հիշենք, որ  բանկի հայաստանյան առաջին, ազգությամբ հայ ներկայացուցիչը, մի քանի տարում դարձավ մեր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը:
  10. Ծրագրի իրականացումը ոչ միայն ոչինչ չի տա այդ 12 գյուղերի հողագործներին, այլև էլ ավելի կվատացնի նրանց վիճակը, որովհետև Հայաստանում ջուրը տնօրինում է ջրագիծ կառուցող անհատը: Մեզանում նման փաստերի, օրինակների պակաս չկա:
  11. Ջուրը չի բավականացնի ոչ արտաշատցիներին և ոչ գառնեցիներին: Կսկսվի միմյանցից ջրգողության գործընթաց: Այդ կռվում, բնականաբար կհաղթեն արտաշատցիները, ավելի կոնկրետ՝ ջուրը տանողը, ով այնտեղ`  Խոսրովի անտառ- արգելոցում,  Բայբուրդի և Գիլանլարի ճանապարհին, կկանգնեցնի զինված ավազակախումբ և չի թողնի, որ որևէ գառնեցի հասնի Գառնիի ջրագծի գլխամաս,  ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ նույն այդ տարածքում էկոտուրիզմի կենտրոն կառուցելու պատրվակով ուզում էր   ռեստորան, և հյուրանոց կառուցել և միայն բնապահպանների ճնշման ներքո ծրագիրը խափանվեց:
  12. Եթե բռնություն կիրառելով   ջուրը տանեն,  գառնեցիներն հարկադրված  կհրաժարվեն  գետի ոռոգման ջրից և կվերադարձնեն  իրենց աղբյուրների ջրերը`  Երևան և Արարատ գնացող խմելաջրերը:

Ծրագրի երկրորդ մասի, Վանքի գյոլի ցամաքեցման մասին

Կլինի՞ մեկը, ով կասի, թե Հայաստանում հող մշակելը վատ բան է: Այդպիսի մարդ չի գտնվի: Բայց վերոհիշյալ հողերը մշակելու համար ջուր է պետք, շատ ջուր, իսկ Վանքի գյոլը, որն, ինչպես նշեցի, օգտագործվում է Գողթ և Գեղարդ գյուղերի ոռոգման համար, այդքան ջուր չունի: Այդ փոքր լճակը նաև Գառնիի և Գողթի աղբյուրների բնական ջրամբարն է: Խորհրդային տարիներին այնտեղից ավել ջուր վերցնելու առաջարկները մերժվել են: Ասեմ, որ տարածաշրջանում` Գառնիում, Գողթում նույնիսկ ջրհոր փորելն է արգելված, որովհետև յուրաքանչյուր միջամտություն կարող անուղղելի վնաս պատճառել էկոհամակարգին, նպաստել աղբյուրների ցամաքեցմանը: Այժմ  գյոլից  միայն մեկ ամիս է /մինչև օգոստոս/ ջուր բաց թողնվում: Մեր օրերում գյոլի ջուրն արդեն պակասել է, որովհետև լիճ լցվող Յոթ աղբյուրների ջրերը, ինչպես վերևում արդեն նշել եմ, դրվել են էլէներգիայի արտադրության տակ: Գյոլը նորոգել, տարողականությունը մեծացնելը նախ վտանգավոր է, հետո էլ, ասենք, տասը տարին մեկ տեղումները չափազանց շատ եղան և ջուր շատ կուտակվեց, իսկ ինչ է լինելու չորային տարիներին:

Երևում է` այս պարզ բաները գիտակցում են նաև կառուցվող ջրագծի սեփականատերերը, ինչի համար  էլ մտածել ու գտել են գյոլը ջրով ապահովելու ելքը: Նրանք որոշել են դեպի գյոլ ուղղել Գեղամա լեռներից սկիզբ առնող, Խոսրովի անտառ արգելոցով հոսող և Ս. Ստեփանոս եկեղեցու մոտ /Բայբուրդի մոտ/ Ազատ գետին խառնվող փոքրիկ առվակը. այսինքն` արգելոցը ջրազրկել: Ի դեպ, այս փոքր ջրի վրա կա մի գողտրիկ ջրվեժ, որը մեր երկրում ավելացող զբոսաշրջիկների սիրած վայրերից է և հայտնի է Թագավորի աղջկա ջրվեժ, Աստղիկ  ջրվեժ անուններով:

Տեսնո՞ւմ եք` ինչ ճկուն միտք ունեն մեր իշխանավոր օլիգարխները, նրանց արտասահմանյան բարերար ներդնողները:          

Մեր ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, երբ զինվորներն, ազատամարտիկներն  ու շարքային քաղաքացիներն առաջնագծում ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են կատարում, երկաթյա խողովակաշարերը հարավ- արևմուտքից և հյուսիս-արևելքից ձգվում, օղակի մեջ են առնում Գառնին: Իսկ օլիգարխներն ու ներդնողները /լավ էլ բառ է հորինել`  տաճարներ նվիրող բարերար ներդրող/  դեռ անցած տարվանից են սկսել մշակել հողերը:  Մի քանի հարյուր հեկտար արդեն դրվել է ձմերուկի, սեխի, պտղատու այգու տակ: Կհարցնեք, թե ինչ ջրով, ջուրը որտեղից, երբ  ջրագիծը  դեռ կառուցված չէ: Ասեմ, Գառնի-Քաղցրաշեն-Արարատ /տեղի զորամաս/, ինչպես նաև Արտաշատ ու Մասիս գնացող խմելու ջրով: Պարզաբանեմ, Գառնի –Երևան ջրագիծը /մագիստրալը/, Զովաշենի ջրամբար չհասած, նախկին Ուռենի ռեստորանի մոտ բաժանվում է երկու մասի: Ամենազորները Արտաշատ գնացող ջրագիծը ծակել են երկու տեղից և չորս դյույմանոց խողովակներով իրենց համար ոռոգման ջուր վերցրել: Իսկ արտաշատցիները նվնվում են, որ խմելաջուրը պակասել է: Նրանք չգիտե՞ն այս մասին. կարծում եմ` գիտեն:  Գիտեն, բայց ոչինչ անել չեն կարող: Իրոք, ի՞նչ կարող են անել ահուսարսափ դարձած այս պաշտոնյաներին, այս «ազնվականներին», որոնց դեմքին արտաքուստ ծիծաղում են, քծնում, իսկ հետևներից` հայհոյում: Ջրագիծն սպասարկող կազմակերպությունն էլ ոչինչ չի կարող անել, չի համարձակվի:

Ահա այսպիսին են մեր տերերը, մեր տնտեսություն զարգացնողները, մեր հոսանք խնայողները:

Հետևություն

Պետության համար վտանգավոր այս Քաղցրաշենի.... ծրագիրը, ինչպես նաև Վանքի գյոլից ջուր վերցնելու հարցը, պետք է անմիջապես մերժվեն ու փակվեն,  որովհետև գառնեցիները, որոնց պատկանում են այդ ջրերը, դեմ են այդ բարբարոսություններին: Ավելին, այդ ձեռնարկները վտանգավոր են նաև Արարատյան դաշտավայրի բնակիչների և երևանցիների համար: Գառնիի էկոլոգիայի փոփոխությունն  անթույլատրելի է:   

Հ.Գ.- Հա, քիչ  էր մնում մոռանայի վիշապներին. Տեսնես` ի՞նչ են մտածել  ՀՀ կառավարության շենքերի շինարարները հսկա վիշապաքարը դնելով մասնաշենքերից մեկի հիմքում: Աստված փրկի մեզ վիշապների զայրույթից: Լեռներում դեռ ոչինչ, կփոթորկեն, կոռնան, կհանգստանան /միայն թե Աժդահակը չարթնանա/, բայց մայրաքաղաքի կենտրոնում... հանկարծ մեր սիրելի կառավարության հետ մի բան չպատահի՞, հանկարծ չզարթնի՞ այս մեկը, ախր դեմքը շատ է  չար ու զարհուրելի:

Հ.Գ.-1. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ջրի նախագծի կողմնակիցները, հանդիպելով գառնեցիների դիմադրությանը, արդեն որդեգրել են ահաբեկման մարտավարությունը: Հեռախոսազանգերով, անակնկալ այցերով, վարչական ռեսուրսները գործի դնելով սպառնում են ակտիվիստներին, պետական աշխատանքից ազատում նրանց հարազատներին: Եթե այսպես շարունակվի, գյուղը զինված հարձակման էլ կենթարկվի: Ի դեպ, շատ ուշագրավ հայտարարություն է արել վարչապետ պարոն Հ. Աբրահամյանի եղբայրը. 

«Թող էդ գառնեցիները մի քանի կտոր քարի համար իրենց չերևակայեն /խոսքը տաճարի մասին է/ , շատ զզվեցնեն կգնամ, կքանդեմ, կբերեմ, հողամասիս վերջում կհավաքեմ»,- ասել է Ջոնը:

Ակամա հիշում ես պարսից հզոր Նադիր շահին, ով հակադրվելով արաբներին, ուզում էր մաս-մաս անել Մեքքայի մուսուլմանների սուրբ քարը և ուղտերին բարձած տեղափոխել Պարսկաստան:

Հ.Գ.2. Այս օրերին այս հիմար ջրի կռվին անդրադառնալու համար ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից: 

Մեկնաբանություններ (4)

Արուսյակ
Ազատ գետը պետք է ազատ հոսի գոնե մինչև Ազատի ջրամբար, այլապես Ազատի ջրամբարը կճահճանա, ու անխուսափելի կդառնան կլիմայական անբարենպաստ փոփոխությունները, կզարգանան մարդկանց կյանքը վտանգող սարսափելի հիվանդություններ, կբռնկվեն եպիդեմիաներ: Պետք է ազգովին դուրս գալ աղետաբեր ծրագրի դեմ ու, ընդհանրապես հայրենիքի որևէ վայրում իրականացվող այլ աղետաբեր ծրագրերի դեմ: Միասնական ուժերով, համախմբվելով փրկենք մեզ ու մեր հայրենիքը հայրենիքի շահից իրենց որկրամոլ շահը վեր դասող հանցագործ տարրերից:
Հարութ
Շատ լավ հոդված էր, հիմնավոր գրած: Վիշապները այլևս անզոր են 21-րդ դարի մկնրի դեմ:
Ազատին ձեռք մի տվեք!
Նարեկ գյուղից վեր, խոսրովի արգելոցի ուղղությամբ ամայի լանջեր ու հսկա տարածքներ են ընկած (տես քարտեզը): Ամենայն հավանականությամբ այդտեղ հնարավոր է մի շարք փոքր ջրամբարներ կառուցել եւ օգտագործել ձնհալի ու տեղումների ջրերը ինքնահոս եղանակով: Այդ խողովակները կարելի է այնտեղ օգտագործել:
tigran
Անհավատալի է, ցավալի է, վրդովեցուցիչ է, բայց՝ լրիվ հայկական է: Իշխելու, ուրիշների շահն ու ինքնասիրությունը ոտնատակ տալու, ցանկացած միջոցով գռփել-ունենալու մարմանջը մեզ մոտ առանձնապես լկտի ձեւերով են դրսեւորվում: Երկու օր առաջ նույն այդ հերոսը երդվում էր խորտակել թալանն ու կոռուպցիան! Լավ, մի հայ չկա որ ասի՝ աներես մուկ ես էլ քո կատուն եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter