HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռոբերտը հերոս էր նաև փողոցում». հարևաններն առաջարկում են պողոտա անվանակոչել Արցախի հերոսի անունով

Մարինե Մարտիրոսյան, Հակոբ Պողոսյան

սկիզբը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին արդեն մի քանի օր է՝ ես ու Հակոբը բազմաթիվ պատմություններ ենք լսում: Օրեր առաջ մենք Ռոբերտենց բակում էինք:

Արաբկիր 45 փողոցի առաջին տանն են բնակվում: Մենք նրանց տուն չմտանք: Բակը հանգիստ էր, անցուդարձ գրեթե չկար: Հարևաններից Աշոտ Արարատյանին հանդիպեցինք, թթենու տակ կանգնած էր, սուրճ էր խմում: Ասում է՝ ապրիլի 2-ից ընտանիքով ուշքի չեն գալիս, չեն պատկերացնում, որ Կյաժոն կամ, ինչպես հարևաններից շատերն էին դիմում նրան, Ռոբերտիկը, այլևս չկա:

Փոքր էր, բայց մեծի պես էր մտածում

Ռոբերտը մանկուց կազմակերպչական ջիղ է ունեցել: Բակային ճամբարներ էր կազմակերպում, հաճախ հավաքույթներ: Աշոտ Արարատյանի կինը՝ Մերի Արարատյանը, ասում է, որ որդին Ռոբերտիկի ընկերներից է: Մանկության տարիներին փող էին հավաքում, գնում էին չիպս, հյութ առնում, հավաքույթ կազմակերպում: Կարող է վիճեին էլ, բայց հետո հաշտվում էին, կարծես, ոչինչ չի եղել:

Մի անգամ, հարևանուհին է հիշում, Ռոբերտենց տանը հարևանուհիներով սուրճ էին խմում: Այդ ժամանակ Ռոբերտը 5-6 տարեկան կլիներ: Տան պատուհաններից տեսել էին, թե երեխաները ոնց են վիճում: Հիմնականում լսում էին Ռոբերտի ձայնը: Ռոբերտն իրենից տարիքով մեծ տղաներին բացատրում էր, որ իրենք բոլորը հարազատներ են: Ավագներից մեկը հակաճառում էր, թե եթե նույն ծնողներից չեն, չեն կարող հարազատ լինել: Հարևանուհիները դուրս էին եկել բակ, հարցրել էին, թե ինչու են վիճում:

«Ռոբերտիկն եկավ, ինձ մոտեցավ, հարցրեց՝ Մերի տոտա, դուք Թերեզ տոտայի հետ քույրեր ե՞ք» (Թերեզան Մերիի ամուսնու հորեղբոր տղայի կինն է, ում հետ նույն փողոցում են բնակվում): Ես ու Թերեզը նայեցինք իրար, ասացինք՝ հա: Թերեզայի մեծ տղան ասաց՝ այ Ռոբերտ, ոնց կարան, է~, իրենք հարազատ քույրեր լինեն: Ռոբերտիկն էդ իրավիճակից դուրս եկավ, ասաց՝ լավ որ քույրեր չեն, ուրեմն, հարգովի քույրեր են: Հետո հարցրեցի՝ Ռոբերտիկ ջան, հարգովի քույրը ո՞րն է, կբացատրե՞ս մեզ: Նայեց-նայեց, ասաց՝ էդ էն ա, որ մենք իրար հետ կռվում ենք, բայց դուք անկախ ամեն ինչից իրար հետ նստում կոֆե եք խմում»,- սա պատմելուց հետո Մերին աչքերը մաքրում է: Ասում է՝ երբ գերդաստանով հավաքվում էին, հարսների կենացն էին խմում, ինքն ու Թերեզան Ռոբերտի ասածն էին հիշում, ասում էին՝ մենք հարգովի քույրեր ենք:

Բակի երեխաների մեջ ամենափոքրն էր, բայց երբ բակում մի բան պատահեր, Ռոբերտիկից էին հարցնում: Հարևաններն ասում են՝ վստահ էին, որ ինքը ճիշտն է ասում: «Արտակարգ աչքաբաց երեխա էր: Ոչ թե լավն ենք ասում, վատ բան չի եղել: Նրան ոչ միայն սիրում էին, այլև հարգում էին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ երեխային այդ տարիքում հարգում էին: Դա առանձնահատուկ բան է»,- ասում է Աշոտ Արարատյանը: Երբ ձայնագրիչն անջատեցի, մենք հիմնականում խոսում էինք Ռոբերտի արարքի մասին:

Ա. Արարատյանը, հայացքը մի կետի սևեռված, մտածում է, հետո ասում է՝ էս մի ամիս է՝ մի միտք է պտտվում, թե Ռոբերտիկն այդ արարքն անելուց ինչ է մտածել: Կպչուն միտք է, դեպքն ուզում է և՛ պատկերացնել, և՛ ոչ: «Համարձակ երեխա էր, դեռ փոքրուց դրսևորվում էր համարձակությունը»,- ավելացնում է նա:

Էմմա Հակոբյանը փողոցի ծայրում է բնակվում: Ասում է՝ այդտեղ է ապրում 50 տարի, և այսքան ժամանակ Աբաջյաններից մի թթու խոսք լսած չկա: «Ռոբերտիկին ծնված օրվանից գիտեմ: Ամեն անգամ անցնել-դառնալուց կասեր, Էմմա տոտա, ո՞նց ես: Բանակ գնաց, էն էլ էդ օյինը եկավ»,- նշում է հարևանուհին:

Ավտոտնակում աշխատող հարևան Գագիկ Սահակյանին ենք մոտենում: Ասում է՝ 2 եղբայրներն էլ հերոս տղաներ են: Իրենք զույգ չեն, բայց շատ մոտ են եղել իրար հետ: Երբ բակում հարևաններից մեկը շուկայից տոպրակներով տուն գնար, կմոտենային, կօգնեին: «Դաստիարակված, բոլորին հասնող էրեխեք են: Մարդու բերան էլ չի բռնում Ռոբերտիկի մասին օղորմի ասի»,- սա ասելուց հետո խոր հոգոց է հանում:

Որ հետագա սերունդներն իմանան Ռոբերտ Աբաջյանի պատմությունը

Վարուժան Խոշորյանի ու նրա կնոջ՝ Ժաննա Սահակյանի համար Ռոբերտի կորուստը կրկին բացել է իրենց վերքը: Նրանք 3 որդիներից երկուսին կորցրել են դժբախտ պատահարի հետևանքով:

Մեր զրույյցի սկզբում Վ. Խոշորյանի ձայնը միանգամից խզվում է, աչքերը կարմրում են, ձեռքով մաքրում է թաց կոպերը, ներողություն է խնդրում, հետո դուրսէ գալիս սենյակից: Ռոբերտի մասին հիշողություններ է պատմում տիկին Ժաննան: Նրանց կրտսեր որդին՝ Հայկը, Ռոբերտից 6 տարով մեծ էր, չնայած դրան, ընկերություն էին անում:

Քիչ անց կրկին մեզ է միանում ամուսինը: Հարևանները պատմում են, որ Ռոբերտն այնքան աշխույժ, ակտիվ երեխա է եղել, նույնիսկ նրա քայլվածքի մեջ էր այդ աշխուժությունը:

«6 տարեկանից մեքենա էր քշում: Մեքենայի մեջ չէր երևում, ասում էի՝ էդ մեքենան ո՞վ ա քշում, վարորդը չի երևում, ամուսինս ասում էր՝ Կյաժն ա քշում»,- հիշում է հարևանուհին: Եթե հյուրերն իրենց մեքենաների բանալիները թողնում էին սեղանին, Ռոբերտն անպայման վերցնում էր, գնում մի շրջան անում մեքենայով, ապա վերադարձնում բանալիները:

Եթե փողոցում հարևան, ծանոթ անտարբեր անցներ, Ռոբերտիկը, միևնույնն է՝ գալու էր բարևեր, հարցներ՝ ոնց եք: Մարդու տրամադրությունը միանգամից փոխում էր, բոլորին կգրավեր: «Խաթրաշատ տղա էր»,- ավելացնում է Վ. Խոշորյանը:

«Մի բան պետք լիներ, կասեր՝ գնամ էս բանը բերեմ: Հարևան բժիշկ ունենք, իրենց հետ դեպք էր եղել, Ռոբերտն եկավ ասաց՝ դյադ Գառնիկ, գնամ էս բանը բերեմ, գնամ էն բերեմ: Փողոցում ինչ-որ դեպք էր պատահել, սեղանների աթոռների կարիք կար, հիշում եմ, եկավ, իրենից մեծ տղաներին հավաքեց, օգնեց: Հասնող երեխա էր»,- ասում է հարևանը:

Մեր բոլոր զրույցների առանցքը միշտ դառնում է ապրիլի 2-ի գիշերը: Բոլոր հիշողությունները գալիս հատվում են այդ կետում:

Ամուսիներն ասում են՝ Ռոբերտի ծնողները Ռուսաստանում էին, կարող էին ազատել տղային ծառայությունից, բայց չէին անի այդ քայլը: «Ռոբերտը հերոս էր նաև փողոցում: Նա հերոս էր և՛ փողոցում, և՛ բանակում: Հենց էնպես չէ, որ ասում ենք՝ հերոս էր…»,- շեշտում է Ժաննա Սահակյանը:

Բոլորս լռում ենք: Տիկին Ժաննան շարունակում է միտքը, ասում է, երբ կարդում էին նախորդ պատերազմի հերոսների մասին, չէր պատկերացնում, թե ինչ ասել է հերոսություն, հիմա այս տարիքին է հասել, նոր է հասկանում, թե ինչ է հերոսությունը:

Հարևաններն ասում են, որ հետագա սերունդները պետք է իմանան Ռոբերտ Աբաջյանի մասին: Նրանք առաջարկում են ոչ միայն իրենց փողոցը, որ փոքր է, այլև մի մեծ պողոտա անվանակոչել հերոսի անվամբ: «Հա, մենք իմացանք, բայց մեր թոռներն էլ պիտի իմանան այս պատմությունը»,- ասում է տիկին Ժաննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter