Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Դեղերի մասին» խնդրահարույց նախագիծն ընդունվեց



Ազգային ժողովն այսօր շարունակում է իր աշխատանքները: Առավոտյան պատգամավորներն օրը սկսեցին նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությամբ:

78 կողմ, 13 դեմ, 24 ձեռնպահ ձայներով ամբողջությամբ ընդունվեց կառավարության հեղինակած «Դեղերի մասին» ՀՀ օրենքը: Երկրորդ ընթերցմամբ` ընտրական օրենսգրքի նախագծին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 4: Միաձայն ընդունվեց նաև «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի օգտին քվեարկեց 116 պատգամավոր:

Մինչ քվեարկությունները որոշ պատգամավորներ դժգոհություն հայտնեցին «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն ասաց, որ այս օրենքի վրա իրենք աշխատել են և ինչ որ առումով օրենք ստացվել է, սակայն, չնայած այն հավաստիացումներին, թե կոռուպցիան պետք է պակասի, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, այս օրենքում մնացել է 10 էջից բաղկացած մի հոդված, որը կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Հոդվածը վերաբերում է դեղերի գրանցմանը:

«Այդ 10 էջ գրելուց հետո էլ ասում ենք, որ այդ դեղի գրանցման համար մի հատ էլ կառավարությունը փորձաքննության կարգ կսահմանի: Պետք է նշեմ, որ առողջապահության նախարարը հաճույքով բոլոր հարցերին ընդառաջեց, բայց մեզ չհաջողվեց անցկացնել մի հասարակ հարց, եթե դեղը Գերմանիայում գրանցված է, Հայաստանն ինչու է ուզում փորձաքննություն անցկացնի, նոր գրանցի: Դրա ինչ կարիքը կա, դա բերում է չարաշահման, գների գնի բարձրացման»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս անգամ էլ ասաց, որ դեղերի մանրածախ առևտրով զբաղվողները լուրջ մտահոգություն ունեն, որ շուկայում մենաշնորհն ավելի է ապրապնդվում: Նրանց առաջարկները չեն ընդունվել: Բացի այդ` օրենքի ընդունումից հետո դեղերի գները թանկանալու են:

Խաչատուր Քոքոբելյանը ևս դժգոհություն հայտնեց: Ըստ նրա՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալական վիճակը, դեղերի շուկան օր առաջ, ժամ առաջ պետք է ազատականացվեր: Նրա համար կոռուպցիայի հնարավորություն է ստեղծում այն, որ Եվրոմիությունում գրանցված դեղերը, օրինակ՝ ազատ չեն կարող մուտք գործել Հայաստան:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ