Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ռոբերտ Նազարյանի որդին ու հարսը Պրահայում բիզնես ունեն


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը բիզնես եւ սեփականություն ունի Չեխիայում: Ռ. Նազարյանը 2001-2003 թթ. Երեւանի քաղաքապետն էր, 2003-ից պաշտոնավարում է ՀԾԿՀ-ում:

«LEMAR INVEST»

2008-ի օգոստոսի 14-ին Լեւոն Նազարյանն ու կինը՝ Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն (իրենց անունների առաջին վանկերից), որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը: Կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ)։ Հիմնադրման պահին ամուսինները 50-ական տոկոս մասնաբաժին ունեին ՍՊԸ-ում: Ի սկզբանե միակ տնօրենը եղել է Լ. Նազարյանը, 2010-ին նրան է միացել նաեւ կինը, իսկ 2014-ի հունվարի 21-ից միակ փայատերն ու տնօրենը Մարինե Գեւորգյանն է:

Մինչեւ 2009 թ. «LEMAR INVEST»-ը գրանցված էր մայրաքաղաքի Ժիժկով (Žižkov) թաղամասում, այնուհետ տեղափոխվել է Հոլեշովիցե (Holešovice) թաղամասի Վարհուլիկովե 1579/16 հասցե (Varhulíkové 1579/16):

Այս շենքում սեփականության իրավունքով բնակարան ունի 32-ամյա Լեւոնի կինը՝ 31-ամյա Մարինե Գեւորգյանը, որտեղ էլ, ըստ էության, գրանցվել է ընկերությունը: Նշենք, որ ամուսինները ՀՀ քաղաքացիներ են, հաշվառված են Երեւանի Արաբկիր 39 փողոցի տներից մեկում: Այստեղ են հաշվառված նաեւ Ռոբերտ Նազարյանն ու կինը՝ Սվետլանա Խառատյանը: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակվող հայտարարագրերում Լեւոնի տվյալները չկան, քանի որ պաշտոնյաների ամուսնացած զավակները, թեկուզ եւ նրանց հետ ապրող, չեն համարվում փոխկապակցված անձինք: Ռ. Նազարյանի դեպքում այդպիսին միայն կինն է:

«Pohodlné Bydlení»

Լեւոն Նազարյանը 2014-ի փետրվարի 26-ին Պրահայում հիմնադրել է «Pohodlné Bydlení» ՍՊԸ-ն (թարգմանաբար նշանակում է հարմարավետ կեցություն): Ընկերությունը գրանցելիս Նազարյանի լիազորված անձ է հանդես եկել Չեխիայում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող ՌԴ քաղաքացի Քսենիա Բոյկոն: Այս ընկերությունն էլ զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: «Pohodlné Bydlení»-ի կանոնադրական կապիտալը նույնպես 200.000 չեխական կրոն է: Ընկերության միակ փայատերն ու տնօրենը Լեւոն Նազարյանն է:

Այս ՍՊԸ-ն եւս գրանցված է Վարհուլիկովե 1579/16 հասցեում (Varhulíkové 1579/16):

«BORANO SCI Finance». ընտանեկան բիզնես

Լեւոն Նազարյանը ներգրավված է եւս մեկ չեխական ընկերությունում: 2011-ին նա դարձել է «BORANO SCI Finance» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Այս ընկերությունը հիմնադրվել է 2007-ի մայիսին Բռնո քաղաքում չեխերի կողմից եւ կոչվել «AFTER DARK» (անվանափոխվել է 2008-ին): Ընկերության կապիտալն ի սկզբանե 2 մլն կրոն է (շուրջ 40 մլն դրամ): Սա նույնպես զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: 2011-ի դեկտեմբերի 21-ին ընկերությունն անցել է հայերին. տնօրենների խորհրդի անդամ են դարձել Կոտայքի մարզի Առինջ գյուղի գրանցում ունեցող 60-ամյա Բորիս Հովհաննիսյանը, նրա որդին՝ 25-ամյա Նորայր Հովհաննիսյանը, ով հաշվառված է Արաբկիր 51 փողոցում, եւ Լեւոն Նազարյանը: Չեխիայի իրավաբանական անձանց հանրային ռեգիստրում «BORANO SCI Finance»-ի բաժնետերերի մասին տվյալներ կան միայն 2007-2010 թթ. վերաբերյալ: Թե ով կամ ովքեր են բաժնետեր ներկայում, հայտնի չէ, չնայած կարելի է ենթադրել, որ տերերը հայեր են, ու եթե ոչ նշված անձինք, ապա նրանց շրջապատը: Բանն այն է, որ 2011-ի դեկտեմբերի 21-ից «BORANO SCI Finance» ԲԸ-ի դիտորդական խորհրդի անդամներն են Բորիս Հովհաննիսյանի կինը՝ Անահիտ Գրիգորյանը (որդու հետ նույն հասցեում է հաշվառված), Լ. Նազարյանի կինը՝ Մարինե Գեւորգյանը, եւ Երեւանի Այգեձոր փողոցի բնակիչ 35-ամյա Կիմ Ռաֆիկի Եգանյանը՝ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի եղբոր որդին: Այսինքն՝ կարելի է ասել, որ «BORANO SCI Finance»-ն ընտանեկան բիզնես է: Ընդգծենք, որ հայերին անցնելուց հետո ընկերությունը Բռնոյից տեղափոխվել է Պրահա՝ Վարհուլիկովե 1579/16, որտեղ բնակարան ունի Մ. Գեւորգյանն ու գրանցված են նրա եւ ամուսնու ընկերությունները:      

«BORANO». հայկական էստաֆետ

Չեխիայի մայրաքաղաքի վերոնշյալ հասցեում սեփականություն ունի եւս մի ընկերություն, որի արմատները հայկական են: Խոսքը «DOLLARSTONE CZ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2006-ի օգոստոսին Պրահայում բնակվող Մհեր Գամջյանի (20 %-ի փայատեր), Արտեմ Սահակյանի (20 %) եւ ՀՀ քաղաքացի Լիլիթ Ասատրյանի (60 %) կողմից: Վերջինս գործարար Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտի կինն է: Ներկայում հետախուզվող Ռ. Երիցյանի, ինչպես նաեւ Լիլիթի ու Մհեր Գամջյանի մասին գրել ենք (տես Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի ենթադրյալ կազմակերպիչն ու հայտնի գործարարի որդին բիզնես ունի Չեխիայում):

Ընկերութունը ստեղծումից մինչեւ 2008 թ. զբաղվում էր մասնագիտացված մանրածախ եւ ընդհանուր առեւտրով, իսկ 2008-ից՝ առեւտրով ու ծառայությունների մատուցմամբ: 2007-ի ապրիլին ՍՊԸ-ն ձեռք է բերել Բորիս Հովհաննիսյանը, որին հետագայում միացել է որդին՝ Նորայրը: Բ. Հովհաննիսյանը փոխել է ընկերության անունը՝ դարձնելով «BORANO» ՍՊԸ: Մինչեւ 2009-ը ընկերությունը գրանցված էր Մ. Գամջյանի բնակության հասցեում, իսկ 2009-ի հուլիսին տեղափոխվել է Վարհուլիկովե 1579/16: Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ այս հասցեում ընկերությունը սեփականության իրավունքով մեկ բնակարան ունի, որտեղ էլ, թերեւս, գրանցված է: Բնակարանը ձեռք է բերվել հիպոթեքով 2009-ին:  

2015-ի նոյեմբերի 24-ին «BORANO» ՍՊԸ-ն Հովհաննիսյաններից գնել է Ալեքսան Զաքարյանը, որը ներկայում դրա 100 տոկոսի փայատերն է: Ալեքսանը եղբոր՝ Գուրգենի հետ Հայաստանում հիմնադրել է «Էլիպս Ջի Էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունները, որոնցից առաջինը հայտնի է անվտանգության համակարգերի, իսկ երկրորդը՝ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների ու արագաչափերի տեղադրմամբ:

Զաքարյանների «Elfnet Group»-ը     

Երեւանի բնակիչներ Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյանները իրենց կանանց՝ Գայանե Վերդյանի եւ Կարինե Զաքարյանի հետ 2008-ի նոյեմբերի 5-ին Պրահայում հիմնադրել են «Elfnet Group» ՍՊԸ-ն, որի գործունեության ոլորտը եղել է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը, հետագայում ավելացվել են նաեւ արտադրության, առեւտրի ու ծառայությունների մատուցման որոշ տեսակներ: Տնօրենը Ալեքսան Զաքարյանն է, որը նաեւ 70 տոկոսի փայատերն է, մյուս երեքն ունեն 10-ական տոկոս:

«Elfnet Group»-ը գրանցված է Ժիժկով թաղամասի Տաբորիցկա 464/10 (Táboritská 464/10) հասցեում: Ընկերությունն այս հասցեում 3 տիպի սեփականություն ունի. 1 բնակարան եւ գործնական նշանակության տարածք, ինչպես նաեւ համատեղ սեփականության կարգով ավտոտնակ: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։