HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վիեննական կանգառ՝ պատերազմի և հարկադրված բանակցությունների արանքում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավարար է համարել Վիեննայում մայիսի 16-ի ուշ երեկոյան կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը և դրա արդյունքները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե այդ հանդիպումը զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ կայացած բանացկությունները լավ հնարավորություններ են տալիս սկսելու սուբստանտիվ բանակցություններ՝ հայտնի փուլային մոտեցման հիման վրա։

Մինչ Վիեննայի բանակցություններին մասնակցած բոլոր կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը և ՄԽ համանախագահող երկրները, Վիեննայի բանակցությունների կապակցությամբ լավատեսական հայտարարություններ են անում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակում են զինվորներ զոհվել։ ԼՂՀ ՊՆ-ի՝ այսօր առավոտյան տարածած պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գիշերը՝ այն նույն պահին, երբ Վիեննայում տեղի էին ունենում թեժ բանակցություններ, ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի ինտենսիվ արկակոծմանն ու գնդակոծմանը, ինչի հետևանքով հարավարևելյան ուղղությամբ հայ զինվոր է զոհվել։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց, որ գիշերն իրենք ևս մեկ զինծառայող են կորցրել։

Գիշերը Վիեննայից վերադառնալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, թե չնայած չի վստահում պատերազմով հարցեր լուծելու ցանկություն չունենալու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունների ժամանակ տված հավաստիացմանը, սակայն կարծում է, որ  լարվածությունն էականորեն կթուլանա։ Թե ի՞նչն է նախագահին նման լավատեսության հիմք տալիս, հնարավոր չէ ասել։ Վիեննայի հանդիպումը, խոշոր հաշվով, ոչ մի էական արդյունք կողմերից ոչ մեկին չի տվել, բացառությամբ միջնորդներից։ Սա ակնհայտ է դառնում բանակցություններից բոլոր կողմերի շոշափելի հարաբերական կորուստների և ձեռքբերումների վերլուծությունից։ 

Ադրբեջանի արդյունքները

Ըստ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների՝ համապարփակ կարգավորման բանակցությունները պետք է սկսվեն արդեն հունիսից։ ՌԴ արտգործնախարար Լավրովը հանդիպումից հետո հայտարարել է, թե իրենք նպատակադրվել են գործը հասցնել ավարտին, այսինքն՝ հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը՝ սեղանին դրված սկզբունքների հիման վրա, ինչի առումով իրենք Հայաստանի և Ադրբեջանի մոտ տեսնում են փոխզիջումների հասնելու ցանկություն։

Ո՛չ հայկական և ո՛չ էլ ադրբեջանական կողմերը չեն ցանկանում խնդրի լուծմանը հասնել մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Բաքվին ձեռնտու չէ, որ այդ սկզբունքները, թեկուզ նույնիսկ անորոշ կերպով, նախատեսում են ԼՂ-ի բնակչության՝ հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու իրավունք։ Հայկական կողմին դրանք ձեռնտու չեն, որովհետև դրանցով ոչ միայն տարածքների հանձնման պահանջ է դրվում, այլև չեն սահմանվում ԼՂՀ-ի անկախության ճանաչման, նույնիսկ երբևէ հանրաքվե անցկացնելու երաշխիքներ։ Ընդ որում՝ քանի որ խոսքը հակամարտության փուլային լուծման մասին է, հայկական կողմից պահանջվում է սկզբում հանձնել տարածքները, ապա բավարարվել միայն ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու հեռանկարով։   

Բայց Լավրովի վերոնշյալ հայտարարությունները վկայում են, որ միջնորդները, կարծես թե մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված ինչ-որ տարբերակների շուրջ համաձայնության գալուց բացի, այլ տարբերակ չեն ուզում թողնել կողմերին։ Սկսած 2011թվականից՝ Ադրբեջանը բացահայտ կերպով վարում էր թե՛ մադրիդյան սկզբունքները և թե՛ առհասարակ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ֆորմատը չեզոքացնելու քաղաքականություն։ Ապրիլյան կարճատև պատերազմից հետո Բաքուն նույնիսկ դիմել էր ՄԱԿ-ին՝ չեղարկելու 1994 և 1995թթ. կնքված հրադադարի անժամկետ պայմանագրերը։ «Կայծակնային պատերազմ» սանձազերծելու ապրիլյան փորձի ձախողմամբ Բաքուն իր համար այլ տարբերակ չթողեց, քան կրկին բանակցությունների սեղանին վերադառնալը։ Ադրբեջանը հիմքեր տվեց հայկական կողմին՝ պնդելու, որ առանց հրադադարի վերահաստատման բանակցությունների չի մասնակցելու, ինչի նկատմամբ միջազգային հանրությունը դարձավ ավելի ընկալունակ։ Նախքան ապրիլյան պատերազմի սադրանքը Ադրբեջանը պնդում էր, թե չի կարող համաձայնել շփման գծում միջադեպերի եհտաքննության, հրադադարի ռեժիմի նկատմամբ մոնիտորինգի իրականացման մեխանիզմների ստեղծմանը, քանի որ դրանք ընդամենը կօգնեն Հայաստանին հավերժացնելու առկա ստատուս քվոն։ Բայց Վիեննայում նախագահ Իլհամ Ալիևը փաստացի համաձայնեց այդ մեխանիզմների կիրառմանը՝ միայն այն պայմանով, որ դրանից հետո արագ սկսվեն բանակցությունները կարգավորման ուղղությամբ և հնարավոր լինի փոխել ստատուս քվոն։ Այսինքն՝ եթե առանձին վերցնենք Վիեննայի բանակցությունները, ապա այն փաստացի ադրբեջանական դիվանագիտության և պատերազմի շանտաժի քաղաքականության ձախողման ամփոփում էր։ Փոխարենը միջնորդները նրան տվեցին որոշակի հույսեր, որ իրենք հակված են փոխելու ստատուս քվոն։    

Հայկական կողմի արդյունքները

Երևանը մշտապես վարել է բանակցային գործընթացի պահպանումը որպես պատերազմից խուսափելու լավագույն միջոցը դարձնելու քաղաքականություն՝ անկախ նարից, որ դա երբեք արդյունք չի տվել։ Այս իմաստով բանակցությունների սեղանին Բաքվի վերադարձը բխում էր նրա շահերից։ Սակայն, այդ վերադարձը բացարձակապես չի երաշխավորում ո՛չ բանակցությունների՝ հայկական կողմի համար դրական արդյունքները, ո՛չ էլ առավելևս պատերազմից խուսափումը։ Այն, ինչ ստացավ Հայաստանը Վիեննայի բանացկություններից, ներկայիս սողացող պատերազմի ռեժիմի պահպանումն է, բայց ապրիլյան պատերազմից հետո արդեն՝ տարածքային որոշակի կորուստներով։

Բանակցությունների արդյունքում ոչ միայն այդ տարածքները վերադարձնելու պահանջներ չդրվեցին Ադրբեջանի առջև՝ իբրև 1994 և 1995թթ․ հրադադարի ռեժիմի ստատուս քվոն վերադարձնելու միջոց, այլև միջնորդ երկրներից ոչ մեկն այդպես էլ չմեղադրեց Ադրբեջանին ապրիլին պատերազմ սկսելու և դրանով հրադադարի պայմանագրերը խախտելու մեջ։ Սա նշանակում է, որ համանախագահները ոչ միայն լեգիտիմ համարեցին ապրիլյան պատերազմի արդյունքները, այլև ազատ թողեցին Ադրբեջանին՝ հետագայում նոր հարձակում նախաձեռնելու հարցում։

Վիեննայի բանակցությունների արդյունքները հաստատեցին, որ միջնորդները ոչ թե խաղաղություն հաստատելու խնդիր են լուծում, այլ ընդամենը հայկական կողմին մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունելուն հարկադրելու։ Բանն այն է, որ Վիեննայի հանդիպումը կառուցվեց Սերժ Սարգսյանի առաջ քաշած երեք նախապայմաններից երկուսի կատարման մոտիվներով։ Խոսքը վերաբերում է պատերազմի չվերսկսման երաշխիքներ տալուն և շփման գոտում հրադադարի պահպանման մեխանիզմներ ստեղծելուն։ Համաձայնությունը, սակայն, ձեռք բերվեց դրանցից միայն մեկի մասով՝ մեխանիզմների ստեղծման։ Փաստորեն, մյուս երկուսը՝ ներառյալ նաև Ադրբեջանին ապրիլյան դեպքերի համար ագրեսոր ճանաչելուն, ուղղակի անտեսվեցին։ Ընդ որում, որևէ երաշխիք չկա, որ անգամ միջադեպերի հետաքննության, մոնիտորինգի մեխանիզմների ներդրման պայմանը կատարվելու է, քանի որ դրա համար որևէ ժամկետ չի սահմանվել։ Սերժ Սարգսյանը Երևան վերադառնալիս հայտարարել է, թե իրենք առաջարկել են կարգավորման բանակցությունները սկսել միայն այդ մեխանիզմների կիրառումից հետո։ Սակայն հայտնի չէ՝ այդ առաջարկն ընդունվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե նա խոսում է ընդամենը աաջարկի, այլ ոչ թե արդեն ձեռք բերված համաձայնության մասին, պետք է ենթադրել, որ այդ առաջարկը ևս անտեսվել է։

Փոխարենը հստակ ժամկետներ են սահմանվել բուն հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն հունիսին Երևանն ու Բաքուն պետք է հստակեցնեն այդ բանակցությունները սկսելու՝ նախագահների հաջորդ հանդիպման կոնկրետ ժամանակը և վայրը։ Եվ միանգամայն իրատեսական է, որ կարգավորման բանակցությունները սկսվեն՝ առանց հայկական կողմի երեք նախապայմաններից որևէ մեկի կատարման։ Բայց քանի որ Վիեննայի հանդիպումը կազմակերպվել էր հենց Երևանի առաջադրած նախապայմանների, իբր, «կատարման» նպատակով, հունիսից սկսվելիք բանակցություններից խուսափելու տարբերակ Երևանը, կարծես թե, չի ունենում, եթե, իհարկե, բավարար սկզբունքայնություն չդրսևորի և չպնդի, որ նախ պետք է այդ մեխանիզմները ներդրվեն սահմանին։ Իսկ դժվար կլինի՝ հաշվի առնելով միջնորդների ու հատկապես Ռուսաստանի ահռելի ճնշումը հնարավորինս շուտ փոխզիջումների հասնելու կարգավորման բանակցությունները սկսելու ուղղությամբ։ Այսպիսի պայմանավորվածությունների ձեռքբերումը նաև հաստատում է, որ Երևանին չի հաջողվելու ոչ միայն ԼՂՀ-ի միջազգային ճանաչման խնդիրն առաջ մղել, այլև ապահովել ԼՂՀ-ի ներգրավումը բանակցային գործընթացում, ինչի հնարավորությունը ստեղծել էր Ադրբեջանը ապրիլյան իր ռազմական սադրանքով։ Այսինքն՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մի կողմից բանակցային գործընթացն է ինտենսիվանալու, իսկ մյուս կողմից ոչինչ չի խանգարելու Ադրբեջանին նախ խոչընդոտել հրադադարի վերահաստատման մեխանիզմների ներդրմանը, ապա նաև վերադառնալ պատերազմի վերսկսման շանտաժային քաղաքական ուղեգծին։ Էլ չենք խոսում այն մասին, որ ՄԽ համանախագահող երկրների նման «պարիտետային» քաղաքականությունը կրկին հիմք կարող է տալ Ադրբեջանին նոր պատերազմ սկսել՝ նաև որպես Վիեննայում կրած ձախողումը փոխհատուցելու և իր համար ստեղծված իրավիճակից ճեղքում ապահովելու համար։  

Միջնորդների արդյունքը

Վիեննայի հանդիպումը բառի բուն իմաստով փրկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նոր խթան հաղորդեց նրա գործունեությանը։ Հայաստանի և Ադրբեջանի համար բուն համանախագահողների ինստիտուտը կորցրել էր իր հեղինակությունը։ Ադրբեջանին այն չէր բավարարում, քանի որ չէր կարողանում նրա միջոցով միակողմանի զիջումներ պարտադրել հայկական կողմին, իսկ Հայաստանին չէր բավարարում, քանի որ անուղղակիորեն խրախուսում էր Բաքվի սադրիչ և ռազմատենչ ուղեգիծը, ինչն, ի վերջո, հանգեցրեց ապրիլյան սրմանը: Համանախագահները կորցրել էին կողմերի վրա ազդեցության լծակները, սպառել կողմերին բանակցությունների սեղանին վերադաձնելու գործիքակազմը։

Վիեննայում բանակցությունները կայացան բացառապես այն պատճառով, որ գործին միջամտեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսինքն՝ հանդիպումը կազմակերպվեց շատ ավելի բարձր մակարդակով։ Եվ պետք է ենթադրել՝ նկատի ունենալով այն, որ երկար դադարից հետո նախագահների հանդիպման ընթացքում գոնե ինչ-որ համաձայնություններ ձեռք բերվեցին՝ անկախ դրանց լրջությունից, քաղաքական նշանակությունից, առաջիկայում նման բարձր մակարդակով միջամտությունները կլինեն ավելի հաճախակի։ Բայց ինքնին փաստը, որ նրանք ուղղակիորեն մասնակցում էին նախագահների հանդիպմանը, նշանակում է, որ միջնորդ երկրները, այլևս չունենալով այլ տարբերակ, անցնում են կողմերին բանակցելուն հարկադրելու մարտավարության։ Սա վատ նախադրյալ է, որովհետև եթե հիմա նրանք հարկադրում են կողմերին բանակցել, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում կսկսեն նաև լուծումներ հարկադրել։ Մանավանդ որ, կարծես թե բացառությամբ հակամարտության գոտում հետագայում տեղակայվելիք խաղաղապահների կոնտիգենտի բնույթի ու կառուցվածքի, մնացած բոլոր հարցերում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի մոտեցումները համընկնում են։ 

Մեկնաբանություններ (1)

Варужан
Как всегда,дипломаты сводят к нулю все достижения армии,теперь еще хуже,начали препятствовать армии,защищать Родину.Куда это ведет?почему эти уроды решают за нас?и почему мы должны выполнять такие решения?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter