HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Մուկլիմանդիլ». ղարաբաղյան անունով ու հորդանանյան ակցենտով նոր սրճարան- գինետուն Ստեփանակերտում

Ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդող օրերին, երբ ամեն մեկն իր գործն էր անում, Հորդանանից Արցախ տեղափոխված Կարո Սերպեկյանն էլ շտապում էր օր առաջ ավարտին հասցնել իր նոր սրճարանի կահավորման աշխատանքներն ու բացումն անել։ Ղարաբաղյան բարբառով անվանակոչած «Մուկլիմանդիլ» (նշանակում է սարդոստայն) սրճարան-գինետան «soft opening»-ը (բառացի՝ թեթեւ բացում) մայիսի 9-ին էր։ Քառօրյա պատերազմը մի քիչ խառնեց բացման պլանները, բայց Կարոն վստահեցնում է, որ հենց կամավորականներն առաջնագծից վերադառնան, մի յուրահատուկ բան կմտածեն բացումը կազմակերպելու համար։

Ոչ պատերազմը, ոչ էլ ընդհանուր լարվածությունը հետ չեն պահել Կարոյին իր միտքը կայնքի կոչելուց։

«Ես հավատում էի, որ չէր կարող պատահի Հորդանանից հասնեմ Արցախ, ու մի վատ բան պատահի, ես չկարողանամ իմ գործը շարունակել։ Ես պարզապես վստահ էի, որ չնայած քառօրյա պատերազմին և ընդհանուր լարվածությանն, ամեն ինչ լավ է լինելու։ Հակառակը, պատերազմն ինձ ավելի մոտիվացրեց, որ ես իմ գործով մեսիջ հղեմ աշխարհին ու մանավանդ Ադրբեջանին, որ ինչքան էլ իրենք կրակեն, մեզ դրանով չեն կարող կոտրել։ Մենք կշարունակենք ստեղծել ու զարգացնել մեր երկիրը»,- ասում է Կարոն։

Մի տարի առաջ Կարոն «Դեպի հայք» ծրագրի շրջանակներում որպես կամավոր եկավ Հայաստան։ Կամավարության ծրագրի մի մասն անցկացրեց Արցախում և այդ ժամանակ էլ հասկացավ, որ ուզում է մնալ այստեղ։

«Հայաստան տեղափոխվելու միտք վաղուց ունեի, ուղղակի հարմար առիթ էի փնտրում։ Հորդանանում ես լավ աշխատանք ունեի։ Մասնագիտությամբ հաշվապահ եմ, դրան զուգահեռ նաև երաժշտությամբ էի զբաղվում։ Կամավորությունը հարմար առիթ էր գալ Հայաստան ու մոտիկից ծանոթանալ երկիրին, հասկանալ, թե ինչով կարող եմ զբաղվել այստեղ։ Հետո եկա Արցախ ու հասկացա, որ սա մեկ ուրիշ աշխարհ է, և ուզում եմ հենց այստեղ մնալ։ Իմ նախնիները շատ վաղուց Արցախից են տեղափոխվել Արևամտյան Հայաստան՝ Մարաշ, որտեղից էլ Եղեռնի ժամանակ գաղթել էն Հորդանան։ Միգուցե արցախցու արյունն է, որ ինձ կապեց այս հողին»,- ասում է նա։

Կամավորական ծրագիրն ավարտելուց հետո Կարոն սկսեց լրջորեն մտածել Արցախում սեփական գործը հիմնելու ուղղությամբ։ Սրճարան-գինետուն բացելու վերջանական գաղափարը հաստատվեց, երբ Երևանի փաբերից մեկում հանդիպեց ծանոթներից մեկին ու սկսեցին խոսել Արցախում որևէ գործ սկսելու մասին։

«Սրճարանի անունը մտածելուց հետո որոշեցինք, որ այն պետք է յուրովի մի ցանց լինի, որն Արցախը կկապի աշխարհի հետ։ «Մուկլիմանդիլը» պիտի լինի մի վայր, որտեղ կարելի է ոչ միայն համով սնվել, այլև շնորհիվ յուրահատուկ մթնոլորտի, մարդիկ գան այստեղ պարզապես շփվելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու։ Հենց այդ նպատակով էլ սրճարանում սեղաներն իրար բավականին մոտ ենք դրել։ Միգուցե սկզբում ոմանք ընդդիմանան, ասելով, որ անձնական տարածք չենք թողել, բայց մեր նպատակն այն է, որ մանավանդ երիտասարդները ճանաչեն իրար և միասին հետաքրքիր ժամանակ անցկացնեն»,- ասում է Կարոն։

Յուրահատուկ մթնոլորտն ստեղծելու համար Կարոն ու նրա գործընկեր Նաիրան շատ գաղափարներ ունեն, որից մեկը տեղացի տաղանդներին քաջալերելն է։

«Եթե դու ինչ-որ երաժշտական գործիքի վրա նվագում ես կամ երգում, համեցիր ընկերներիդ հետ, երգիր, նվագիր ու հաճելի ժամանց պարգևիր նաև սրճարանի մնացած հաճախորդներին։ Գաղափարներից մեկն էլ գինու համտեսի օրեր կազմակերպելն է։ Իրականում մտքեր շատ-շատ ունենք, ուղղակի ժամանակ է պետք, որպեսզի հերթով կյանքի կոչենք»,- ասում է Կարոն։

«Մուկլիմանդիլ. սուրճ և գինի» անվանումն էլ  պատահական չէ։ Կարոյի խոսքով՝ պլանավորել են օրվա ցերեկային ժամերին սրճարանի ոճով աշխատել, իսկ երեկոյան ժամերին՝ ավելի շատ գինետան, որը կլինի նաև երիտասարդության հավաքատեղի։

«Մեր պոտենցյալ հաճախորդները պետք է տեղացիրները լինեն, մենք այդ ուղղությամբ ենք աշխատելու։ Ճիշտ է, լավ է, եթե զբոսաշրջիկներ էլ ներգրավենք, բայց դա սեզոնային է, դրա վրա միայն հույս դնել չենք կարող»,-ասում է նա։

Սրճարանը բացելու համար Կարոն իր սեփական միջոցներից է ներդրում արել։ Նա ինչ-որ հաշվարկներ ուներ, թե երբ կարող է եկամուտ ակնակալել, բայց քառօրյա պատերազմը այդ բոլոր հաշվարկները զրոյացրել է։ Այնուամենայնիվ, նա լավատես է․ «Նայենք, հուսանք լավ կլինի»։

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
երկու օրից առաջին անգամ լինելու եմ Արցախում: Որն է սրճարանի հասցեն: Փնտրեցի համակարգչում. սրճարանների հասցեների, ճաշացանկերի, նկարների պակաս կա, կամ էլ ես չեմ գտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter