HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեխեն ասում ա՝ կակա, ես ամաչում, տնից դուրս եմ գալիս»

2-ամյա Սամվելին կոնֆետի փոխարեն մայրը սալորի ցոգոլ է տվել:  Սամվելը բերանի մեջ թրջում է չհասունացած միրգը և գցում գետնին: Ցոգոլը թթու է և երեխան չի կարողանում ուտել: Ընտանիքում այդպես են նրան խաբում, երբ ամեն անգամ ասում է՝ «կակա»: «Երեխեն արթնանում ասում ա՝ կակա, ես ամաչում, տնից դուրս եմ գալիս: Չեմ կարա ասեմ՝ չկա: Հերը իրիկունը գալիս ա տուն, ասում ա՝ պապա, կակա: Որտեղի՞ց տա, որ չկա»,-ասում է Սամվելի տատը՝ 47-ամյա Մարինե Ստեփանյանը:

4 հոգանոց ընտանիքը՝ երեխան, նրա ծնողներն ու տատը, ապրում են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում: Տան միակ աշխատողը փոքրիկ Սամվելի հայրն է՝ 26-ամյա Հայկը: Նա Եղեգնաձոր քաղաքի ավտոլվացման կետում է աշխատում: Տիկին Մարինեն պատմեց, որ եթե աշխատանք է լինում, տղան տուն է գալիս 1000-2000 դրամով: Հայկի մայրն ու կինը անհամբերությամբ օրվա կեսին զանգահարում են Հայկին` տեղեկանալու՝ արդյոք գործ եղել է: Բացասական պատասխանն արդեն հուշում է, որ Հայկը տուն է գալու առանց ուտելիքի:

«3 օր առաջ, որ գայիք մեր տուն ոչ մի բան չկար ուտելու: 2 ձու եմ տարել խանութ, 2 յոգուրտի հետ փոխել բերել եմ, որ երեխեն ուտի: Մենք մինչև երեկո դիմացանք` մինչև տղաս մի բան պարտքով բերեց, կերանք: Գյուղի խանութներն արդեն նիսյա ապրանք չեն տալիս, Եղեգնաձորից է տղաս նիսյա ապրանք բերում: Բայց նրանք էլ արդեն չեն տալիս, գիտեն, որ եկամուտ չունենք, դժվարությամբ ենք պարտքը փակելու»,-ասում է Մարինեն և ժպիտով խեղդում հուզմունքը:

Սամվելը մեկ տարի առաջ օրական մեկ լիտր կովի կաթ էր խմում: Այժմ, թեև պահանջը մեծացել է, սակայն կաթն է քչացել: Կաթի պարտքը կուտակվել է այնքան, որ համագյուղացին այլևս հրաժարվել է այն վաճառել: Այժմ կես լիտր են գնում՝ օրական 150 դրամի, որպեսզի Սամվելը խմի ու հանգիստ քնի:

Կնոջ դեմքն անմիջապես փոխվեց, երբ պատմում էր, թե ինչ լավ են ապրել 8-9  տարի առաջ: Այդ ժամանակ ամուսինը Ռուսաստանում կայուն աշխատանք է ունեցել, գումար է ուղարկել տուն: Բայց հետո ամեն ինչ փոխվել է: Առողջական վիճակը վատացել է ու չի կարողացել աշխատել, ինչի պատճառով էլ ընտանիքը հայտնվել է պարտքերի տակ՝ ծանր վիճակում:

«3 օր առաջ տղաս գլուխը վերցրել էր ափերի մեջ ու նստել էր դռան դիմաց: Պարտքով ուտելիք էր ուզել խանութից, չէին տվել: Չկարողացա տեսնել երեխուս վիճակը ու թոռիս վերցրեցի դուրս եկա տնից: Բայց որպես ծնող ինչքա՞ն աչքերս փախցնեմ երեխուս դեմքից, ինչքան քոռ ձևանամ, ոչ մի բան չլսեմ»,-ասում է Մ. Ստեփանյանը:

Հայկը հերթագրվել է տարածքային զինկոմիսարիատում, որպեսզի անցնի պայմանագրային ծառայության:

Տիկին Մարինեն ասում է, որ պարտքեր շատ ունեն, այդ թվում՝ մի քանի վարկեր: Խոստովանում է, որ դրանց մի մասը գոյացել է որդու միամտության պատճառով: Օրինակ՝ տարիներ առաջ վարկ են վերցրել, որ անասուն գնեն, տնտեսություն հիմնեն, բայց որդու ընկերները խաբել են նրան, գումարը իբր մի քանի օրով պարտքով վերցրել են ու անհետացել: Հեռուստացույց չեն ունեցել, ապառիկով նաև փոքր հեռուստացույց են գնել: Հետո հասկացել են, որ այլևս ի վիճակի չեն վճարել վարկերը, իսկ այդ ընթացքում տույժ-տուգանքներով 700 հազար դրամ վարկը դարձել է 3 միլիոն:

«Որ ներս մտաք, ինձ թվաց բանկից են եկել, որ մեր տունը վերցնեն, ոտներս դողում էր»,-ասում է Մարինեն և նորից շարունակում ներկայացնել իր ընտանիքի պատմությունը:

Հարցնում եմ, որտեղից է գոյանում ընտանիքի եկամուտը, նա պատասխանում է՝ որդու ոչ մշտական 1000-2000 դրամ աշխատավարձից, իսկ հարսը՝ Մերին ավելացնում է. «Մեկ էլ 5 հատ հավից»:

«Խեղճ հավեր, իրանք էլ են սոված մնում, կեր չունեն, 3 օր ա կեր չենք տվել, որ գոնե ձու ածեն»,-հարսի խոսքը շարունակում է Մարինեն և, հայացքը գցելով թոռան կողմը, նշում, որ չեն հիշում, թե Սամվելին վերջին անգամ երբ հագուստ ու կոշիկ գնել: Այդ հարցը հարևաններն են լուծում:

«Այնպես չի, որ չեմ ուզում աշխատեմ: Հողի վրա աշխատում եմ, սեզոնին դա լինում  է իմ եկամուտը, որ մեկը գա, մի բան ուզի 100-200 դրամով ծախեմ, երեխուն մի բան առնեմ: Մի տեղ աշխատեցի, առողջությունս չներեց, թունավոր զոբ ունեմ, դուրս եկա: Որտեղ ուզում եմ աշխատեմ, որ իմանում են՝ զոբ ունեմ վախենում են, չեն վերցնում: Մտածում են իրենց տարածքում ինձ մի բան կլինի: Ասում են՝ արի գումարով շիթիլ արա, բայց վախենում եմ գնամ գլուխս պտտվի ընկնեմ, խայտառակ լինեմ: Երևի չեմ սնվում դրանից է գլխապտույտ է լինում»,-ասում է Մարինե Ստեփանյանը:

Ընտանիքը թեև կարիքավոր է, սակայն նպաստ չի ստանում: Պատմեցին, որ իրենց տան վրա հաշվառվել են նաև ամուսնու ազգականները, ու թեև նրանք այնտեղ չեն բնակվում, սակայն սոցիալական բաժնի աշխատողներն ասում են, որ միայն հաշվառված լինելու փաստը բավական է, որ ընտանիքը նպաստ չստանա. «Բալերը չի հերիքում»:

Հայկի կինը՝ Մերի Ասատրյանը, ով շուտով երկրորդ երեխան կունենա, ասում էր, որ  գինեկոլոգի մոտ խորհրդատվության է գնացել: Բժիշկը զննել է և ասել, որ թերսնումից պտուղը լավ չի աճում:

Մերին պատմեց, որ ամուսինը ցանկանում է ավտոլվացման կետից դուրս գալ և այլ աշխատանք գտնել, սակայն չի կարողանում: Նրա ասելով՝ ձմռանն իրենց վառելափայտը վերջացել է, Հայկը իր գործատուին խնդրել է վառելափայտ տա, որպեսզի երեխան չմրսի: Վառելափայտը գումարով տրամադրվել է ընտանիքին և մինչև հիմա չեն կարողանում այդ պարտքը վճարել: «Հիմա էլ չի թողնում Հայկին, որ գործից դուրս գա, ասում ա՝ մինչև չվճարես չես գնա ոչ մի տեղ»,-ասում է Մերին: 

Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, հոդվածը հրապարակելուց հետո 2-ամյա Սամվելի մոր՝ Մերի Ասատրյանի անունով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում բացվել է հաշվեհամար՝ 16016021326200: Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել նշված հաշվեհամարին: 

 

Մեկնաբանություններ (20)

Naira
Սիրելի հայեր,ես երկար տարիներ Ամստեռդամից Հայաստանում ապրող նման ընտանիքների օգմում եմ www.worldremit.com համակարգով, բանկային համար պետք չէ(Արտասահմանից հայկական բանկի գումար ուղարկելու համար շատ մեծ գումար է գանձվում փոխանցման համար)իսկ www.worldremit.com ով 4.99 եվռո եմ մուծում:Բայց անհրաժեշտ է հեռախոսահամար և հացե!Տվեք իրենց հեռախոսահամարը Գրիշա Բալասանյան ջան:Սպասումով Նաիրա
Լուսինե
էս պայմաններում երկորդ երեխա խի եք ունենում , աստված ջան,
Samuel
Hi Grisha, Amerikajic poxancum anelu hamar banke ajstex pahajnum e: Name (in English): Address (including zip (post) code): Routing Number of the bank: Shnorhakal klinei ete karoxanaq es tvjalnere haxordel.
Էլիզա
Հարգելի հետք, իսկ իրավաբանական օգնություն, որպեսզի կարողանան նպաստ ստանալ, միգուցե կգտնվեն իրավաբաններ, որ կօգնեն
Ali
Это ужасно,что в 21 веке есть такие семьи.Я Азербайджанец ,но я не радуюсь.Руководство Армении привело к тому,что в такой прекрасной стране есть семьи как из Африки .(
Эдуард
Я готов помочь этой семье! Кто знает их контакты скиньте под на [email protected] не оставайтесь в стороне
Գրիշա Բալասանյան
Հարգելի ընթերցողներ, 2-ամյա Սամվելի մոր՝ Մերի Ասատրյանի անունով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում բացվել է հաշվեհամար՝ 16016021326200: Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել նշված հաշվեհամարին: Շնորհակալություն:
nelli
Արմինե և Սեդա, ճամարտակում եք անմարդկային:Գլխապտույտը հասկանալու համար հարկավոր է գլուխ ունենալ: Երեխան բերում են, որովհետև աբորտի և պաշտպանվելու փող չունեն, նաև նրա համար, որ 17 տարի հետո կրծքով պաշտպանեն հայրենիքը, որ դուք ավելի վստահ ճոռոմաբանեք:
Սեդա
Համաձայն եմ Արմինեի հետ՝ այդ կանայք ինչու չեն աշխատում? Ինչ է նշանակում «Ասում են՝ արի գումարով շիթիլ արա, բայց վախենում եմ գնամ գլուխս պտտվի ընկնեմ, խայտառակ լինեմ»? Երևի իրենց ամենակարևոր խնդիրը հիմա խայտառակ լինելն է: Երկու կին են, մեկը կարող էր երեխայով զբաղվել, մյուսը աշխատել: Երեխան է մեղք: Բայց երկրորդ են ունենում, որ էլի սոված մեծանա: Այո, մեր պետությունը ոչ մի օգնություն չի տրամադրում նման դեպքերում, բայց դե մենք էլ հո լուսնից չենք ընկել? Չգիտենք, որ ես պետությունում ենք ապրում? Գոնե մենք ինքներս կարողանանք պատասխանատու լինել մեր երեխաների համար:
Լուսիկ
Լավ կլինի ՀԵՏՔ-ը բացի հաշվեհամար և հավաքված գւմարով գնվի կենդանիներ,որոնք գյուղի պայմաննեռում կապահովեն ընտանիքը հիմնական սննդամթերքով; Թե չե ինչոր գւմար տալու դեպքում կծախսեն,իսկ հետո....
Armine
Երեխան շատ մեղք է... պետք է օգնել նրան հագուստով ու սննդով, ...իսկ ինչու այդ կանայք չեն աշխատում: Ինչու երբ լավ էին ապրում անասուն չեն գնել պահեն ապրեն, ինչու հող չեն մշակում: Այդ ավերակ տանը միայն 700,00 դրամանոց տիվին էր պակասում: Այդ մարդկանց ինչքան էլ օգնեն, մեկ է կուտեն ու կնստեն, պիտի աշխատել սովորեն ու ներդնեն...
Լևոն
Ընդհանրապես նման փոքր գյուղերում հասցեները էդքան էլ չեն աշխատում, ուղղակի պետք է գնալ Գլաձոր գյուղ, նրանց գտնելը արդեն րոպեների հարց է.
Լիլիթ
Հարգելի՛ հեղինակ, շնորհակալություն հոդվածի համար: Կարող եք տրամադրել տան հասցեն, որպեսզի կարողանանք ուրախացնել փոքրիկ Սամվելիկին: Չեմ ասում օգնություն, որովհետև Հայաստանում ապրող հարյուրավոր նման ընտանիքների անհրաժեշտ է կայուն աշխատանք իրենց մինիմալ պահանջները հոգալու համար, իսկ ինձ նման մարդկանց օգնությունը միայն ժամանակավորապես կարող է լուծել նրանց խնդիրները: Տխուր է, բայց սա է մեր իրականությունը ...
Vache
Hascen kam heraxosi hamar greq
Samuel
Hargeli hexinak hodvatsum miajn nshvatse ապրում են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում. Sa hasce chi. Ete karoxeq amboxchakan hascen texadreq. Ev ete hnaravore nranc bankain tvjalnere gumar poxancelu hamar.
Khachatur
Es yntaniqi tvialnery ktaq oqnenq??
Լուսիկ
Համեստ փոխանցում եմ արել: Ցանկալի կլիներ, որ ՀԵՏՔ-ր ինչ-որ ժամանակ անց պարզեր հավաքված գւմարի չափը և եթե հավաքվել է շոշափելի գումար ինչպես է օգտագործվել այն:
հայ տատիկ
ախր մարդու ձեռքը չի բռնի,ր որ իրենից ջահել կանայք տանը նստել ու չեն աշխատում, ինքն աշխատի ու դրանց տա...մի հատ մտածեք 700,000 յոթ հարյուր հազար դրամանոց հեռուստացույց մեզնից շատերը չունեն, մի կարգին պետությունում էդ երեխային կվերցնեին ...չգիտես խղճաս թե՞: գումար չի կարելի փոխանցել՝ մեկ է կմսխեն, միայն ուտելիք ու եերեխային խաղալիք ու շոր
Մերուժան
ցավալի է,բայց նույնիսկ ադերբեջանցի Ալին է հասկանում,որ մեր ղեկավարությունն է հասցրել մեզ այս վիճակին,որոնք կուրացած միայն մի բան են տեսնում-շահը,և կներեք ինձ,Ալիևը իր ժողովրդի համար ավելին է անում,քան-----
Оник
Incheq eq xosum,martik mexq en. Giteq iranq uzum en es orov apren. Qnnadatelu tex@ amen mek@ dzer mi matin manikyur mi areq u 500 dram pox poxanceq amsekan. Hargeli hexinak - es iranq banki qart unen, karaq hamar@ taq es patrast em amen amis gumar poxancel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter