ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Գազպրոմ Արմենիա»-ն ապօրինի պարտականություններ է դրել հսկիչների վրա



Ապօրինի պարտականություններ չկատարելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստիպել է հսկիչին հեռանալ աշխատանքից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նախկին աշխատակից, հսկիչ Գայանե Կիրակոսյանը պնդում է, որ իրեն ստիպել են թողնել աշխատանքը` պատճառաբանելով, որ վատ է կատարում մի շարք գործողություններ, որոնք, սակայն, իր պարտականությունների մեջ չեն մտնում:

Տիկին Գայանեն «Հետքին» պատմեց, որ  տարեսկզբին սովորականի պես գնացել է աշխատանքի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղ: Ժողովի ժամանակ մասնաճյուղի տնօրեն Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ հսկիչներից 6 հոգի պետք է դիմում գրեն ու ազատվեն աշխատանքից: Պատճառն այն է, որ այդ անձինք պահանջված թվով գազի ներտնային խախտումներ ու թերություններ չեն վերացրել:

«Ինձ 334 հատ գազի ներտնային խախտումների արձանագրություն են տվել, որոնցից 33-ի թերությունները վերացրած հանձնել եմ իրենց, բայց ներտնային ծառայություններ մատուցելն ու թերություն վերացնելն իմ պարտականությունների մեջ չի մտնում: Ես իմ աշխատանքը մեծ պատասխանատվությամբ կատարել եմ: Այն, ինչում մեղադրում են, թե թերացել եմ, իմ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում»,- ասում է Գայանե Կիրակոսյանը:

Գազի ներտնային համակարգերի տեխնիկական  սպասարկման ծառայությունները մատուցում են ոչ թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հսկիչները, այլ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի մասնագետները:

Դեռևս 2007թ-ի հուլիսի 2-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի միջև կնքվել է Հանձնարարության պայմանագիր, ըստ որի` վերջինս Հայաստանի ողջ տարածքում պետք է իրականացնի գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկում, այդ թվում ` ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկում:

«Հետքի» հարցին, թե ինչու է ընկերությունը ստիպում հսկիչներին կատարել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի պարտականությունները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և զանգվածային լրատվության հետ կապերի ծառայությունից պատասխանել են.

«Հսկիչները գազի ներտնային համակարգի խախտումներ ու թերություններ ստուգելու, ինչպես նաև անհամապատասխանության ու խախտումների հայտնաբերման գործառույթներ չեն իրականացնում: Նրանք սահմանված կարգով ապահովում են բնակարանի գազամատակարարման դադարեցումը մինչև «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի կողմից արձանագրված խախտումների վերացումը:

Փաստորեն, Գայանե Կիրակոսյանը նույնիսկ ճիշտ չի ընկալել իր կողմից կատարված աշխատանքային պարտականությունների էությունը և իրեն տրված հանձնարարությունների բնույթը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի պատասխանում:

«Գազպրոմ Արմենիա»-ի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում. չնայած ընկերությունը հաստատում է, որ ներտնային թերություններ վերացնելը հսկիչի գործառույթների մեջ չի մտնում, սակայն Գայանե Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ ինքներս ենք տեսել նրա ձեռքի տակ գտնվող խախտումների ու թերությունների վերաբերյալ արձանագրությունների խուրձը:  

Գայանե Կիրակոսյանն անգամ առանձնացրել է ընկերության Պաշտոնեական (աշխատանքային) հրահանգը, որտեղ հստակ կետերով նշված են հսկիչի պարտականություններն ու իրավունքները: Այդ փաստաթղթում նույնպես որևէ կետով նշված չէ թերություններ ու խախտումներ վերացնելու մասին:

Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Սարգսյանն անհիմն մեղադրել է աշխատակցին և պահանջել դիմում գրել` աշխատանքից ազատման վերաբերյալ: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը, սակայն, հետևյալ ձևակերպումն է տալիս.  «Գայանե Կիրակոսյանին դիմում գրելու պահանջ չի ներկայացվել և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ»:

Գայանե Կիրակոսյանը զրույցի ընթացքում մեկընդմեջ վիրավորանքից հուզվում էր` ասելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ –ում 6 տարվա աշխատանքի ընթացքում որևէ անգամ չի ուշացել  կամ անհարկի բացակայել: Նա սպասարկել է Երևանի ամենախնդրահարույց թաղամասերը` Լուկաշին, Լուկաշին 1, 2, 3, 4 փողոցները, որոնք հայտնի են «Խոպան թաղեր» անվամբ: Այս պահին տիկին Կիրակոսյանը գործազուրկ է:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի անօրինական գործելաոճի մասին: Տարեսկզբին «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի գազասպառողներից մեկը նույնպես բողոքել էր «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի աշխատանքից, որին ընկերությունն արձագանքել էր:

Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լիանա20:38 - 19 մայիսի, 2016
Սա խոսում է այն մասին, որ նման մեծ կազմակերպությունը կամ Արհմիություն չունի, կամ էլ եթե ունի ձևական բնույթ է կրում: Այլապես տիկին Գայանեն ոչ թե անհիմն վիրավորանքից հետո կգնար դիմում կգրեր, այլ կդիմեր Արհմիություն՝ իր շահերի պաշտպանության համար ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ