HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գորիսը՝ լավագույն քաղաք, Գորիսը՝ մշակութային քաղաք, Գորիսը՝ կանաչ քաղաք …

«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ն եւ Տարածքային կառավարման նախարարությունը 2009թ.-ին Գորիսը ճանաչեցին «Լավագույն քաղաքային համայնք»: Այն ժամանակ Գորիսն ավելի մաքուր ու բարեկարգ չէր, քան այսօր է, բայց անցնող տարիներին Կառավարության որոշ նախաձեռնություններ հույս էին ներշնչում, որ քաղաքը վերափոխելու տեսլականը հնարավոր է նաեւ իրականություն դառնա:

Կառավարությունը 2011 թ.-ի հունիսին կայացրած որոշումով Գորիս քաղաքը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Հայաստանի ավանդույթներով եւ մշակութային արժեքներով հարուստ բնակավայր «Հին Գորիս» պատմական կենտրոնին որոշվեց շնորհել արգելոցի կարգավիճակ: Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մշակվեց «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի եւ քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատված­ների վերակառուցման եւ օգտագործման հայեցակարգը:

2014 թ.-ին քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ, Գորիս քաղաքում որոշվեց իրականացնել «Էկո քաղաք» պիլոտային նախագիծը:  Հրատապ լուծում պահանջվող հարցերից առանձնացվեցին Գորիս քաղաքում մաքրման կայանի կառուցումը, ոչ բարեկարգ մայթերը, քաղաքի կոլորիտի մաս կազմող պատշգամբների վթարային վիճակը, թեքահարթակների բացակայությունը, հուշարձանների ոչ բավարար պահպանությունը եւ այլն:

Նշված որոշումներն ընդունելուց տեւական ժամանակ է անցել, բայց Գորիսը դեռեւս ոչ մշակութային, ոչ էլ կանաչ քաղաք դառնալու ճանապարհին չի գտնվում:

Գորիսը շարունակում է մնալ աղբի մեջ կորած քաղաք:

Անցնող տարիներին Գորիսի տարածաշրջանում, այնուամենայնիվ, նշանակալից փոփոխություներ կատարվեցին: Կառավարության նախաձեռնողականության պակասը լրացնում են անհնատները. բարերարների ներդրումների շնորհիվ կառուցվեց «Տաթեւեր» ճոպանուղին՝ հեշտացնելով մուտքը Տաթեւ վանական համալիր, կառուցվեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որի շնորհիվ ավելացավ Խնձորեսկի քարանձավներ այցելուների հոսքը: Քաղաքում տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թիվը նպաստեց քաղաքում հյուրանոցների թվի ավելացմանը, բնակիչներից շատերը սեփական տունը վերածեցին հյուրատների:

Սակայն դրանից քաղաքի սանիտարական վիճակը չբարելավվեց:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը մեզ հավաստիացնում է, որ քաղաքապետարանի առաջնային խնդիրներից մեկը մաքուր քաղաք ունենալն է: «Քաղաքում կատարվում է ամենօրյա աղբահանություն, պատրաստվել եւ տեղադրվել են մեծ ու փոքր աղբարկղներ»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է քաղաքապետը:

Աղբահանություն իրականացնելու համար Գորիսը բավականաչափ գումար ունի: Քաղաքապետարանից հայտնում են, որ սպասարկման դիմաց 2015 թ.-ին հավաքագրվել է 25.980.538 դրամ՝ նախատեսված 32.278.542 դրամից: Աղբահանության համար եվս 18 մլն դրամ հատկացվել է Գորիսի քաղաքային բյուջեից: Այսինքն՝ մոտ 44 մլն դրամ, որը բավարար գումար է 500 հա տարածք եւ 18000 բնակչություն ունեցող քաղաքն այս վիճակում չտեսնելու համար:

Սակայն աղբանոցներն ամենուր են, անգամ քաղաքի կենտրոնական փողոցներում, կամուրջների տակ, Վարարակն գետի մեջ: Հատկանշական է, որ գետի մոտ տեղադրված աղբամանները դատարկ էին, իսկ ափամերձ հատվածն ամբողջությամբ աղբ էր: Աղբամանները բացակայում էին այնտեղ, որտեղ դրանք պետք է տեղադրված լինեին: Քաղաքը երկու մասի բաժանած գետի աջ եւ ձախ կողմերին բնակվողների համար գետը դարձել է աղբավայր:

Քաղաքի խնդիրներով մտահոգ անձինք անհրաժեշտ են համարում Վարարակն գետը կոյուղաջրերից ու կենցաղային աղբից զերծ պահելը: Հեղեղների ժամանակ գետում կուտակված մեծ քանակի աղբը խոչընդոտում է հենապատերից զուրկ գետի բնականոն հոսքին եւ մեծացնում հեղեղումների վտանգը քաղաքում:

Քաղաքը չունի կոյուղաջրի մաքրման կայան՝ կոլեկտոր: Սկսած Գորիսին հարակից Ակներ ու Վերիշեն գյուղերից, կոյուղին լցվում է քաղաքի միջով հոսող Վարարակն գետը՝ գարշահոտություն տարածելով քաղաքով մեկ, աղտոտում է գետի ջուրն ու ֆլորան: Տեղացիները եւ Գորիսին հարակից գյուղերի բնակիչներն այդ ջրով են ոռոգում այգիներն ու դաշտերը:

«Վարարակն գետը եղել եւ մնում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Այլ հարց է, թե որքանո՞վ է հնարավոր իրականացնել մաքրման աշխատանքներ: Գետն ամբողջությամբ մաքրելու համար անհրաժեշտ է այնքան գումար, որքան կազմում է քաղաքապետարանի 1 տարվա բյուջեն: Եվ խնդիրը միայն մաքրելով չի լուծվում: Անհրաժեշտ է լուծել քաղաքի կոյուղու գլխավոր կոլեկտորի կառուցումը, իրականացնել հեղեղատարների նորոգում, որ մաքրելուց հետո կարողանանք պահպանել այն»,- հայտնել է քաղաքապետը:

Հին Գորիսը տեսնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, բայց այն տեսնելու համար այցելուները պետք է անցնեն Վարարակն գետի վրա կառուցված հին ու նոր Գորիսն իրար կապող կամուրջով: Արդյոք գետի վիճակը տեսնելուց հետո բոլո՞րը կարող են մտածել գեղագիտական հաճույքի մասին, հատկապես երբ աղբի «մշակույթը» լայնորեն տարածված է նաեւ Հին Գորիսում:

«Հին Գորիսը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է: Մեծ շեշտադրություն դնելով պատմամշակութային տարածքների պահպանմանը՝ բազում աշխատանքներ են տարվել ու նաեւ նախատեսվում են իրականացվել Գորիս-Վիեն համագործակցության շրջանակներում»,- մեր գրությանն ի պատասխան՝ հայտնել է Վաչագան Ադունցը:

Քաղաքապետը գրությամբ տեղեկացնում է, որ Կառավարության կողմից իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Գորիսում կիրականացվեն մեծ նախագծեր, որտեղ նախատեսված է նաեւ Վարարակն գետի մի հատվածի մաքրումը: Սակայն չի նշում, թե Կառավարությունն, ի վերջո, ե՞րբ է մտադիր ենթակառուցվածքները զարգացնել Գորիսում:

Մեկնաբանություններ (2)

Սիրարփի Առուստամյան
Նման անմխիթար պատկեր կարելի է տեսնել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում, ամենուր: Երևան-Վանաձոր ավտոմայրուղու երկու կողմերը դարձել են պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների շտեմարան: Եվ դեռ խոսում ենք տուրիզմի զարգացման մասին, տուրիստը գա՝ կե՞ղտը տեսնի: բայց կան նաև բացառություններ, օրինակ՝ Ստեփանավանի քաղաքապետը խստորեն հետևում է քաղաքի մաքրությանը և նույնը պահանջում բոլորից: Իսկ ահա մեր Վանաձորը կարելի է վերանվանել Աղբաձորի...
VGH
Գորիսի կենտրոնական փողոցներում մադաբոյ մոլախոտների հանդիպելուց, հասկանում ես տեղի ղեկավարների նմանատիպ բնույթը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter