HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եթե Ստեփանակերտը երբեմն դիմադրեր Երևանին …

Վիեննայում ԼՂ հիմնահարցի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից անմիջապես հետո ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Դրանով Ստեփանակերտը ոչ միայն դրական գնահատեց հանդիպումը, այլև աջակցություն հայտնեց դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությանը՝ կապված շփման գծում միջադեպերի հետաքննությունների անցկացման մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու հետ։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ ԼՂՀ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն բացառելու եւ 1994, 1995թթ. հրադադարի մասին համաձայնագրերը պահպանելու անհրաժեշտության մասին։ Ելնելով այդ համաձայնագրերից, որոնք կնքվել են Ստեփանակերտի մասնակցությամբ՝ ԼՂՀ ԱԳՆ-ն նաև նշել է․ «Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով»։

Երբ Վիեննայի բանակցությունների «արդյունքների» կապակցությամբ դրական նոտաներով հայտարարություններ են անում միջնորդ երկրները, Ադրբեջանը ու անգամ Երևանը, դեռ կարելի է հասկանալ՝ ելնելով նրանց ռազմավարական կամ տակտիկական շահերից։ Միակ պետությունը, անկախ միջազգայնորեն ճանաչված լինել-չլինելու հանգամանքից, որը միանշանակ պետք է դժգոհության և առարկության տոնայնությամբ արձագանքեր այդ հանդիպմանը, Արցախի Հանրապեությունն է։ Դրա համար վերջինս ուներ առնվազն երեք հիմնավոր պատճառ։

Առաջին՝ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի տարածքի նկատմամբ էր ապրիլի սկզբին ագրեսիա իրականացրել, այլ՝ Արցախի։ Իսկ Վիեննայում հանդիպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր հենց այդ հարձակման հետևանքով առաջացած բացարձակապես նոր ռազմաքաղաքական իրադրությամբ։ Սա նույնն է, եթե 1994թ. Բիշքեկում հրադադարի համաձայնագրի ստորագրման բանակցություններին ղարաբաղյան կողմը չմասնակցեր։

Երկրորդ՝ այդ հարձակմամբ Ադրբեջանը խախտել էր հրադադարի հաստատման վերոնշյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը։ Իսկ քանի որ ԼՂՀ-ն հանդիսանում է այդ փաստաթղթերն ստորագրող կողմ, դրանով իսկ՝ հանդես է եկել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ապա նրա մասնակցությունը թե Մոսկվայում ապրիլի 5-ին կայացած՝ կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններին և թե Վիեննայի բանակցություններին ոչ թե տրամաբանական պետք է լիներ, ինչպես մեկնաբանում է պաշտոնական Ստեփանակերտը, այլ պարտադիր։

Երրորդ՝ որը թերևս ամենակարևորն է, այդ հարձակման հետևանքով ԼՂՀ-ն ունեցել է տարածքային կորուստ։ Խախտվել է նրա տարածքային ամբողջականությունը՝ այն պարզ պատճառով, որ դիրքային կորուստների պատճառով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ հայտնված տարածքները ԼՂՀ Սահմանադրությամբ ընդգրկված են երկրի պետական սահմանների ներքո։

Վիեննայի  բանակցություններում Ադրբեջանի առջև չի դրվել այդ տարածքները վերադարձնելու պահանջ։ Համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ Ադրբեջանին այդ ագրեսիայի համար դատապարտող որևէ ակնարկ չկա։ Ըստ էության, Վիեննայում լեգիտիմացվել է 1994 և 1995թթ․ հրադադարի հաստատման և պահպանման պայմանագրերի խախատման հետևանքով առաջացած նոր իրավիճակը։ Դրանով արդարացվել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ից տարածքների գրավումը և հաստատվել է նոր ստատուս քվո։ Երբ Ստեփանակերտը ողջունում է այդ բանակցությունները, դրանց արդյունքները, կամա թե ակամա ոչ միայն լեգիտիմ է դարձնում բանակցություններից իր մեկուսացումը, այլ տարածքային կուստները՝ անկախ նրանից՝ դրանք 800, թե 8 հազարերորդական հեկտար էին կազմում։ Որքանո՞վ էր, հետևաբար, թե՛ իրավական և թե՛ քաղաքական առումներով ճիշտ՝ միջազգային հանրության և բանակցող կողմերի հետ այդ հարցում սոլիդարություն հայտնելը՝ հանուն միջադեպերի հետաքննության կամ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի դիտորդական ներուժի ընդլանման՝, կամ որ նույնն է՝ հանուն միայն խարխուլ հրադադարի հաստատման։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը հայտարարել էր, թե ԼՂՀ-ն չի կարող իրականացնել որևէ համաձայնություն, եթե ինքը դրանց ձեռբերմանը չի մասնակցել, դրանց հավանություն չի տվել։ Վիեննայի բանակցությունների արդյունքները Ստեփանակերտի կողմից ողջունելուց հետո կարելի՞ է արդյոք ասել, որ ԼՂՀ-ն տալիս է այդ հավանությունը այնտեղ ձեռբերված բանավոր համաձայնություններին։ Եթե այո, ապա հարց է առաջանում՝ համաձա՞յն է արդյոք ԼՂՀ-ն, ԵԱՀԿ կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումից և տրամադրումից հետո դրանք ներդնել Մարտակերի և Հադրութի ուղղություններով ապրիլի քառօրյա սրացումից հետո քաշված նոր բնագծերում։

Փաստորեն իրականությունը ցույց է տալիս, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը չի փոխում դիվանագիտական դաշտում Հայաստանի հետ ԼՂՀ-ի բացարձակ համաձայնության մեջ լինելու դոկտրինը։ Վիեննայի բանակցություններին էլ Ստեփանակերտը աջակցություն է հայտնել բացառապես այն պատճառով, որ Երևանն է դրա վերաբերյալ գոհունակություն հայտնել։

Հենց այս մոտեցումն է եղել ԼՂՀ-ին բանակցություններից դուրս թողնելու պատճառը, որի միակ հետևանքը եղավ հակամարտության ողջ էությունը Ադրբեջանի կողմից խեղաթյուրելը, այն որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային կոնֆլիկտ ներկայացնելը և այդ հիմքով միջնորդ երկրներից անուղղակիորեն ԼՂՀ-ի վրա հարձակվելու «արտոնություն ստանալը»։ Հիմա էլ այդ դոկտրինը ծառայեցվում է տարածքային կամ նույնիսկ դիրքային կորուստները, կամա թե ակամա, արդարացնելուն։ Այս կատարյալ համաձայնության հետևանքով ԼՂՀ-ն լիարժեքորեն զրկվել է իրավասուբյեկտությունից և եթե այսպես շարունակվի, կզրկվի նաև երբևէ իր հետ կապված կարգավորման համաձայնությունների ձեռբերմանը, խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցելու հնարավորությունից։ Ադրբեջանն ամեն ինչ կանի դրա համար։

Սա չի նշանակում, թե Ստեփանակերտը պետք է հակամարտության մեջ մտներ Երևանի հետ։ Նման բան պատկերացնելն անգամ սարսափելի է ու հավասարազոր է դավաճանության։ Բայց իբրև առավել ճկուն լինելու, միջազգային ճնշումներին դիմադրելու և ԼՂՀ-ի՝ իբրև հակամարտության և բանակցությունների կողմի, կարգավիճակը վերականգնելու միջոց, այսպես կոչված «կառավարելի անհամաձայնության» մարտավարությունը կարող էր ու պետք է կիրառվեր։ Եթե մինչև ապրիլի 2-ը դա կարող էր էական չհամարվել, ապա հիմա դրան ուղղակի այլընտրանք չպետք է լիներ։ Եվ դրա առաջին քայլը պետք է լիներ Վիեննայի՝ գործնականում ոչ մի էական արդյունք չտված բանակցությունների անգամ անցկացմանը դեմ Ստեփանակերտի կողմից արտահայտվելը։ Եթե դա չի արվել զուտ որպեսզի Ադրբեջանին չտրվի այդ «անհամաձայնությունը» շահարկելու և պատերազմի քաղաքականությունը շարունակելու առիթ չտալու համար, ապա պետք է նշել, որ Բաքուն այսպես թե այնպես, այդ քաղաքականությունից չի հրաժարվել։ Հակառակ դեպքում այն պետք է առաջնագծից հեռացներ հրթիռահրետանային համակարգերը և զրահատեխնիկան, ինչը չի անում։

Ապրիլի քառօրյա պատերազմը ստեղծել էր ոչ միայն ԼՂՀ-ին բանակցային կողմ դարձնելու, այլև նրա միջազգայնորեն ճանաչման գործընթաց սկսելու առավել քան բավարար նախադրյալներ։ Մինչդեռ Ստեփանակերտն ու Երևանը բացարձակ համաձայնության իրենց ողեգծով քայլ առ քայլ կորցնում են այդ շանսը։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Լավ հոդված է: Սակայն ԼՂՀ - ի չմասնակցելու հանգամանքն իր մեջ մեծ հնարավորություն է պարունակում: Միայն թե կարեւոր է որ հայկական կողմը չմոռանա միշտ ընդգծել՝ ընդունվող բոլոր պայմանավորվածությունները վերջնական փուլում պետք է համաձայնեցվեն ԼՂՀ - ի հետ (որն արդեն իսկ ասվում է!) Իսկ վերջում էլ ղարաբաղցիք բոլորին մի լավ տեղ են ուղարկում՝ իրենց պայմանների հետ ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter