HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Երևանի` կոյուղի չունեցող թաղամասերը. ինչո՞ւ այստեղ չեն հասնում միլիոնավոր դոլարների վարկերը

Մարինե Մադաթյան

Մաս 1

2016թ. տարեվերջին կավարտվի «Երևան ջուր» ընկերության` մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության պայմանագիրը: Արդեն տասնմեկ տարի այս ընկերությունն իրականացնում է համակարգերը շահագործելու և կառավարելու իր պարտավորությունը: Ընկերությունն ու քաղաքապետարանն իրենց ձեռքբերումների մասին անընդհատ բարձրաձայնում են: Սակայն Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների բնակիչների համար այս տասնամյակը «կեղտոտ», «հոտավետ» ու ծախսատար պատմություն էր` դարձյալ առանց կոյուղագծի:

«Հետքը» գրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի կոյուղագծի բացակայության մասին: Թաղամասը թեև օրինական բնակելի տարածք է, սակայն բնակիչների ավելի քան քսան տարվա պայքարն արդյունք չի տալիս: Այստեղ չկա ջրահեռացման համակարգ, և դեռ անորոշ է, թե երբ է Երևանի քաղաքապետարանը հարցը ներառելու բյուջեի տարեկան ծրագրում: Պարզվում է, սակայն, Հաղթանակ թաղամասի այս հատվածը Երևանի` առանց կոյուղու միակ տարածքը չէ: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կումունալ տնտեսության բաժինը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ սկզբում բանավոր փոխանցեց, թե կոյուղագիծ չունեցող թաղամասերի ցանկը մեծ է, ուստի չեն կարող տրամադրել: Այունհետև համաձայնեցին պատասխանել` խախտելով տեղեկատվության տրամադրման համար սահմանված առավելագույն ժամկետը (մեկ ամիս): Ուշացման պատճառը, ըստ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի, վիճակագրությանը ոչ լիարժեք տիրապետելն էր:

Ի վերջո, ստացած տվյալներից պարզվեց, որ Երևանի ամբողջական թաղամասեր և փողոցներ տարիներ շարունակ (որոշները` ստեղծման օրվանից) զրկված են ջրահեռացման համակարգից:

Կոյուղագծեր ընդհանրապես չկան Երևանի 18 թաղամասերում, 14 փողոցներում, 11 փողոցներում դրանք առկա են հատվածաբար: Այս տարածքներում, ինչպես արդեն ներկայացրել ենք Հաղթանակ թաղամասի օրինակով, ընտանիքներից ամեն մեկը տարեկան մոտ հազար դոլարի ծախս է անում` հորեր փորելու, մաքրել տալու համար, սակայն կարճ ժամանակ անց այդ գումարը «լցվում է ջուրը», իսկ կոյուղաջրերը` դարձյալ փողոց:

Քարտեզում նշված են Երևանի վարչական 11 շրջաններ` տվյալ տարածքի պայմանական կոորդինատով: Սեղմելով նշման կետի վրա՝ կարող եք տեսնել յուրաքանչյուրում կոյուղագիծ չունեցող թաղամասերի, փողոցների և փողոցների հատվածների ցանկը: 

Քաղաքապետարանի կոմունալ բաժինը «սիրողական» աշխատանք էր արել, ինչի պատճառով կոյուղագիծ չունեցող թաղամասերը և փողոցները հնարավոր չէ հստակեցնել ճշգրիտ կոորդինատներով: Ներկայացրած տվյալներում հնարավոր չէ որոշ տարածքների հասցեն հստակ որոշել: Այսպես՝ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը տեղեկացնում է, որ կոյուղագիծը բացակայում է «Գայի պողոտա` 43 շենքից վերև ընկած հատվածում» կամ «Մինսկի փողոց, Հացի փռի» դիմաց: Եթե տարածքում մի քանի հացի փուռ լինի, անհրաժեշտ է գուշակել, թե որի դիմաց է կոյուղագիծը բացակայում կամ որքա՞ն տարածք է զբաղեցնում «Գայի պողոտայի 43 շենքից վերև ընկած» հատվածը:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման համար վերջին տարիներին միլիոնավոր դոլարների վարկեր են տրամադրվել: Հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքապետարանում գնահատել կարիքներն ու կազմել ծրագրային հայտը, եթե մինչ այժմ նունիսկ չունեին հստակ վիճակագրություն, թե որ հասցեներում է բացակայում կոյուղագիծը: Քաղաքապետարանը վաղուց պետք ունենար տարածքների հասցեները' հստակ կոորդինատներով, որովհետև ըստ երկարության են հաշվարկվում կատարելվիք ծախսերը և գնահատվում կարիքները:

Հիշեցնենք, որ Հաղթանակ թաղամասի դեպքում քաղաքապետարանից փորձեցինք պարզել` կատարվե՞լ է հաշվարկ, որքա՞ն է կազմում տվյալ տարածքում կոյուղագիծ անցկացնելը: Պատասխանում գումարի չափի մասին ոչինչ նշված չէր: Կարելի է ենթադրել, որ այդ ծախսերը երբևէ չեն էլ հաշվարկվել: Հաղթանակ թաղամասի բնակիչները երկու բառով են բնութագրում քաղաքապետարանի` հաշվարկներ կատարելու մեթոդը` «օդի մեջ»:

Ինչ է փոխվել ջրահեռացման համակարգում վերջին տասը տարիներին

Երևանի ջրահեռացման համակարգը, ինչպես տեղեկացնում է «Երևան ջուր» ընկերության պաշտոնական կայքը, բաղկացած է 220 կմ արտաքաղաքային կոյուղատարներից և 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից: Սակայն, այս տվյալները ոչինչ չեն ասում ընկերության կատարած աշխատանքի մասին` գործունեության տասնամյակի ընթացքում:  

Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է տվյալներ` Երևանի կոմունալ վիճակի մասին:Կոյուղու գլխավոր կոլեկտորի երկարությունը 2005-2015թթ. Երևանում փոխվել է մոտ 30, փողոցային ցանցինը` մոտ 14 կիլոմետրով, միջթաղային և միջբակային ցանցինը` աննշան, 0.1 կիլոմետրով: Այսինքն` նշված 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից միայն մոտ 45 կիլոմետրն է, որ կառուցվել է վերջին տասը տարիների ընթացքում:

Վիճծառայության տվյալները փաստում են նաև, որ անմխիթար վիճակում է արդեն գոյություն ունեցող ցանցը: Ամեն տարի աճում է նորով փոխարինման կարիք ունեցող կոյուղագծերի քանակը, նշված ժամանակահտվածում` ընդհանուր առմամբ 124կմով:


Create your own infographics

Այս տարի նշված պատկերը չի փոխվելու, իսկ կոյուղագիծ չունեցող թաղամասերում վիճակը նույնն է մնալու: «Խնդրի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նմանատիպ ծառայություններ մատուցող հաջորդ Վարձակալի (նոր Օպերատորի) մրցութային կարգով ընտրվելուց և վերջինիս կողմից ջրահեռացման գծով 2017 թվականին իրականացվելիք ծրագրերի /այդ թվում՝ ներդրումային, երկարաժամկետ/ մշակման ժամանակ»,- «Հետքին» հայտնել է քաղաքապետարանի կոմունալ բաժինը։

Միլիոնավոր դոլարների վարկեր` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը բարելավելու համար

Կոյուղագիծ չունեցող 18 թաղամասերից մի քանիսը վաղուց են հիմնվել՝ տարիների պատմություն ու մեծ թվով բնակչություն ունեն: Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասը, ըստ քաղաքապետարանի, հիմնվել է 1969թ. և ունի շուրջ 8000 բնակչություն: Քաղաքապետարանը անցած տարի հաղորդագրություն տարածեց, թե համայնքում լուծվել են մի շարք խնդիրներ, թաղամասն ապահովվել է ջրամատակարարման համակարգով, արդեն ունի գազիֆիկացում, սակայն դեռևս լուծված չէ կոյուղու հարցը:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար` սկսած 2005թ.-ից, միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ են տրամադրվել: 2005 թվականի ապրիլի 15-ին կառավարությունը վավերացրեց «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» N 4038AM վարկային համաձայնագիրը:

Ծրագիրն, ըստ համաշխարահյին բանկի հաշվետվության, ավարտվել է  2011թ., իսկ արժեքը կազմել է 22 միլիոն ԱՄՆ դոլար: Վարկային միջոցների շրջանակներում իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների ավարտման կապակցությամբ, ինչպես նաև ձեռք բերված ակտիվների տնօրինման ու հաշվառման նպատակով կառավարությունը համապատասխան որոշում կայացրեց:

Կառավարության որոշումից ակնհայտ է, որ վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները մեկանարկել են բավական ուշ` 2011թ.` Համաշխարհային բանկից նշված վարկը հաստատելուց յոթ տարի անց:

Շինարարական աշխատանքների և մատուցված ծառայությունների արդյունքում ձևավորված ակտիվները, ըստ կառավարության, կազմել են 7,728,212 ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, որը սահմանված կարգով ամրացվել է տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Որոշման համաձայն` վարկի միջոցներով ձեռք բերված և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ի պահ հանձնված` չտեղակայված հիմնական միջոցներ և չօգտագործված պաշարներ են եղել` 324 387 449.76 դրամ արժողությամբ (մոտ 700 հազար դոլար): Սա նույնպես հանձնվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Այսինքն` ընդհանուր առմամբ 22 միլիոն դոլար վարկից գոյացած ակտիվները կազմել են մոտ 8,5միլիոն դոլար:

2014թ. Երևանի ջրամատակարարաման և ջրահեռացման համակարգի բարելավման համար Ֆրանսիայի կառավարությունը արտոնյալ պայմաններով նոր վարկ տրամադրեց Հայաստանին: Վարկը, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, հատկացվել է Զարգացող երկրների պահուստային ֆոնդի հաշվին (ԶԵՊՖ): Ծրագրի ընդհանուր արժողությունը 27,3 միլիոն եվրո է, որից 24,9 մլն եվրոն տրամադրում է Ֆրանսիական կառավարությունը, իսկ 2,4 միլիոն եվրոն՝ համաֆինանսավորման տեսքով հատկացնում է Հայաստանի կառավարությունը:

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրով» նախատեսված էր, որ 10,186 միլիոն եվրոն ուղղվելու է Երևանի «Աէրացիա» կայանի վերականգնման աշխատանքներին, իսկ մոտ 12 միլիոն եվրոն` Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերականգնման և բարելավման գծով աշխատանքներին:

Ծրագրի իրականացման մրցույթը, ինչպես հայտնում է քաղաքապետարանը, իրականացնում է Ֆրանսիական «Սադե» ընկերության հայաստանյան մասնաճյուղը, իսկ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է պատվիրակված լիազորություն: Տարածքային կառավարման նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքներն այս վարկի մասով փոխանցվել են Երևանի քաղաքապետարանին:  

Նշենք, որ մենք առանձնացրել ենք միայն այն վարկային ծրագրերը, որոնք նախատեսված են եղել հենց Երևանի համար, և որոնց ծրագրային նպատակները ներառել են ոչ միայն ջրամատակարարման, այլև ջրահեռացման բարելավումը: Միլիոնավոր դոլարների վարկերը Երևանի բազմաթիվ բնակիչների ոչ միայն չեն ազատել ինքնաշեն հորերով կոյուղու հարցը լուծելու հոգսից, այլև նրանց ուսերին են դրել վարկային միջոցների մարումը` ի դեմս կառավարության:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Թորոսյան
նույնն էլ Առինջում է,այդ հարցը չի լուծվի,քանի որ եդ հորերը նորոգելու համար ջրմուղի աշխատակիցները ութ հարյուր հազար դրամից պակաս չեն վերանորոգում,ստիպված մի կերպ մենք ենք վերանորոգում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter