Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«ԱրմենՏելի» փողերի լվացման գործով Աշոտ Պողոսյանի մեղադրանքը կարող է վերաորակվել



Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ից փողերի լվացման գործով նիստը չսկսած՝ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը կողմնակի անձանց դուրս հրավիրեց: Դահլիճում մնացին կողմերը՝ դատավորի հետ: 10 րոպե անց թույլ տրվեց մուտք գործել նիստերի դահլիճ՝ կողմնակի անձանց և լրագրողներին: Գագիկ Պողոսյանն այս գործով առաջին անգամը չէ, որ նիստերի դահլիճում առանձնանում է կամ մեղադրող դատախազի, կամ նաև ամբաստանյալի ու պաշտպանի հետ: Թե ինչ են քննարկում նիստերից դուրս, հայտնի չէ:

Նիստը սկսվեց, և դատախազն անմիջապես միջնորդեց, որպեսզի նիստը հետաձգվի 20 օրով: Նա հիմնավորեց, որ տուժողի՝ «ԱրմենՏել»-ի ներկայացուցչի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որոնք հայտնի չեն եղել նախաքննության ընթացքում: Դրանք մեղադրող դատախազը ելակետային որակեց: Նիստի հետաձգումն էլ հիմնավորեց նրանով, որ այդ ընթացքում ներկայացված տվյալների առնչությամբ գործողություններ կատարվեն, «ԱրմենՏել»-ի վնասի չափը պարզվի, ինչից հետո ամբաստանյալի մեղադրանքը կարող է վերաորակվել:

Աշոտ Պողոսյանի փաստաբան Մանվել Գրիգորյանն առարկեց միջնորդությանը և  նշեց, որ անորոշ մեղադրանքի դեպքում պաշտպանության իրավունքը առարկայազուրկ է: Դատաքննության ավարտին տվյալ հաշվարկը ներկայացվելով մեղադրանքի կողմն, ըստ էության, ընդունում է, որ Աշոտ Պողոսյանին նախաքննության վարույթում առաջադրված մեղադրանքը հստակ չի եղել, վնասի չափը հստակ չի եղել, դատաքննությամբ հետազոտված ապացույցներում բացակայել են վնասի չափի վերաբերյալ փաստական տվյալներ, դրանք մոտավոր ու նախնական հաշվարկներ են եղել, և այդ միջոցով, ըստ փաստաբանի, քողարկված փորձ է արվում՝ շտկելու նախաքննության թերությունները, ինչն անթույլատրելի է:

«Մարդուն նախաքննության փուլում շուրջ մեկ տարի կալանքի տակ պահելով, մեկ տարուց ավելի գործը դատարանում գտնվելու ընթացքում մարդը պաշտպանվել է, ըստ էության, անորոշ մեղադրանքից, այդքան ժամանակ կալանքի տակ պահվելուց հետո հիմա փորձ է արվում մեղադրանքը հստակեցնել և շտկել նախաքննության թերությունը: Ես կարծում եմ՝ էս միջոցով մենք թույլ կտանք, որպեսզի նախաքննության թերությունները շտկվեն, որն անթույլատրելի է: Դատաքննությունն ավարտական փուլում է, բոլոր ապացույցները հետազոտվել են, հետազոտված ապացույցների արդյունքներով եթե հնարավորություն կա փոխելու մեղադրանքը, մնասի չափը, դեմ չեմ, բայց նոր ապացույցներ բերել արդեն կատարված քրեական գործում, հաշվարկները հստակեցնեն, անթույլատրելի եմ համարում»,-նշեց փաստաբանը:

Դատավոր Գագիկ Պողոսյանն, այնուամենայնիվ, բավարարեց դատախազի միջնորդությունը: Նշեց, որ մեղադրողը միջնորդեց փոփոխել մեղադրանքը, սակայն խոսքը չէր վերաբերում կոնկրետ մեղադրանքի մեղմացմանը կամ խստացմանը, ընդամենը խոսքը փոփոխության մասին էր, և չի բացառվում, որ մեղադրանքը կարող է խստանալ կամ ավելի մեղմանալ: Դատարանը գտավ, որ այս պարագայում փաստաբանի առարկումը ողջամիտ չէ: Հետևաբար, Գագիկ Պողոսյանը նիստը հետաձգեց մինչև հունիսի 13-ը:

Նիստն ավարտելուց հետո դատավորը նորից փակ դռների հետևում մնաց կողմերի հետ, իսկ կողմնակի անձանց կարգադրիչները կրկին դուրս հանեցին դահլիճից:

Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ