ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Բաքուն փորձելու է արագագույնս լիզել վերքերը և լծվել սողացող հյուծիչ «քառօրյա պատերազմների» կրկնությանը»



«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայազն» կուսակցության անդամՔարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը

-Պարոն Քանանյան, Դուք Քարվաճառի բնակիչ եք: Ինչ-որ բան փոխվե՞լ է այդտեղ ապրիլի 2-ից հետո:

-Այս պահին վաղաժամ է խոսել Քարվաճառի սոցիալ-տնտեսական կյանքի վրա վերջին իրադարձությունների պատճառած հեռահար հետևանքների կամ փոփոխությունների մասին։ Քառօրյա պատերազմն ընդամենը հակամարտության նոր շրջափուլի սկիզբն էր։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ ընթացիկ իմաստով՝ մարդիկ ավելի զգոն, գիտակից և պատասխանատու են դարձել։ Վերահաս պատերազմի սպառնալիքը հանրորեն լրջացնում է: Խուճապ և տագնապ չկա։ Վարչական և հանրակրթական հիմնարկներն աշխատում են սովորական ռեժիմով։ Աչքով նկատելի միակ փոփոխությունը փողոցներում տղամարդկանց թվի նվազումն է: Նրանց զգալի մասը երկշաբաթյա հերթափոխով մասնակցում է հրադադարի գծի ուժեղացված հսկողությանը։

-Արցախից դուրս բոլորը խոսում են Ղարաբաղի խաղաղության մասին, մենք բազմաթիվ կարծիքներ ենք լսում ամեն օր: Հետաքրքիր է, ի՞նչն է ամենաշատը հոգնեցնում Ձեզ, երբ այդ թեմայով խոսակցություններ եք լսում:

-Ամենահոգնեցուցիչը տարածք հանձնելու գնով խաղաղություն ստանալու՝ ոմանց մոտ ցայսօր առկա պատրանքն է։ Որոշ մարդիկ, որոնց թիվը, բարեբախտաբար, տարեցտարի նվազելու գոհացուցիչ միտում է արձանագրում, դեռևս կարծում են, որ մադրիդյան փաթեթով նախատեսված Հայաստանի փաստացի կապիտուլյացիան կարող է երկիրն արյունից փրկել և պատերազմին վերջ դնել։ Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Ապրիլյան մարտերից հետո անգամ 1994 թ. հրադադարով ամրագրված ներկայիս պաշտպանական համակարգն այլևս ի զորու չէ զսպել Ադրբեջանի ռազմացեղասպանական նկրտումները։

Մադրիդյան փաթեթի անգամ մասնակի իրականացման փորձը վերջնականապես պայթեցնելու է իրավիճակը: Տարիներով և տասնամյականերով չիմաստավորված զոհերից խուսափելու համար ունենք բացառապես մեկ միջոց՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ողնաշարը կոտրելը։ Հունիսի երկրորդ կեսից սահմանային իրավիճակը կրկին թեժանալու է։ Ցավոք, ՀՀ ներկայիս գաղութային վարչակազմը չունի կանխարգելիչ նախահարձակ պատերազմ սկսելու նվազագույն քաղաքական կամք։ Բայց եթե Բաքուն հյուծիչ պատերազմի այս նոր շրջափուլում հանդգնի կրկնել քառօրյա հարձակման փորձը, ապա գոնե այդ ժամանակ Արցախի դաշտային հրամանատարությունը պետք է անտեսի առաջ չշարժվելու արտաքին թելադրանքով Երևանից իջեցվելիք հերթական դավադիր հրամանը: Կուր գետը պետք է լինի և լինելու է արևելքում Հայաստանի պետական սահմանը։ Այլապես կես դար անց Երևանն էլ մերը չի լինելու...

Հոգնեցնում են նաև ՀՀ Արցախի մարզի՝ Հայաստանից անկախություն ճանաչելու մասին պարբերաբար կրկնվող անպտուղ և աննպատակ քննարկումները։ Կա միայն մեկ՝ որևէ այլևայլություն չենթադրող ճանապարհ՝ միացման վերահաստատում։ Առանց ոչ մի հանդիսավոր ակտի ընդամենը պետք է վերացնել Արցախը Հայաստանի մնացած տարածքից տարաջնատող մի քանի երևույթներ, օրինակ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հետ սահմանին գործող և բոլորի կողմից «մաքսատուն» կոչվող ապօրինի «հսկիչ» կետերը։ Արցախում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն՝ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփանակերտում պետք է նշանակել նոր մարզպետ և վերականգնել արցախաբնակ ՀՀ քաղաքացիների ոտնահարված սահմանադրական իրավունքը՝ մասնակցել ՀՀ բարձրագույն իշխանության ձևավորմանը համապետական ընտրություններին մասնակցելով։ Ինքնին հասկանալի է, որ ներկայիս չիշխանությունների օրոք այս ամենն առավել քան անիրատեսական է, բայց միակ ճանապարհը հենց սա է։ Այն ի կատար է ածվելու երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո։

-Օրեր օր առաջ Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի պետքարտուղարը, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները: Ի՞նչ պարզ դարձավ Ձեզ համար այդ հանդիպումից:

-Ոչ մի նոր բան։ Հայաստանի ներկայիս ապապետական գաղութային վարչակազմը չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին։ Այն կատարելապես անպիտան է և ավելին՝ անհամատեղելի Հայաստանի ազգային անվտանգության և հայության կենսական շահերի հետ։ Վիեննայի հանդիպումը ոչ միայն չի նպաստել իրավիճակի կայունացմանը, այլ հերթական անգամ վկայել է ներկայացուցչական քաղաքականության հարթությունում Հայաստանի ունեցած զրո սուբյեկտության մասին։ Բաքուն փորձելու է արագագույնս լիզել վերքերը և լծվել սողացող հյուծիչ «քառօրյա պատերազմների» կրկնությանը՝ դրանք փոքրագույն իսկ հաջողության դեպքում լայնածավալ «բլիցկրիգի» վերածելու մտադրությամբ։

Բարեբախտաբար, Հայաստանը դեռ լիովին չի կորցրել սուբյեկտությունը ազգային հանրության և, հուսամ, դաշտային հրամանատարության մակարդակով։ Զինվորը քաջաբար և անձնուրացաբար մարտնչել է՝ ձախողելով աշխարհաքաղաքական մակարդակի խարդավանքները։ Համարյա համոզված եմ, որ նոր լայնածավալ պատերազմը հանգեցնելու է նաև ներկայացուցչական հարթությունում Հայաստանի սուբյեկտության և ինքնիշխանության վերականգնմանը։ Ահա թե ինչից է սարսափում ՀՀ ներկայիս «թուրքարձանագրամաքսային» նախագահը: Նա քաջ գիտի, որ հայոց բանակի ռազմական հաջողությունները և երկրի սուբյեկտության գեթ մասնակի վերականգնումը նրա կրպակատիրական չիշխանության վերջն են։

-Բանակցություններով հնարավո՞ր է որևէ արդյունք ամրագրել:

-Մեր տարածաշրջանում, ինչպես և Մերձավոր Արևելքում, արդյունքները համարյա բացառապես կերտվում են ռազմաքաղաքական հարթությունում՝ մարտի դաշտում և արդյունավետ պետականակերտման ոլորտում։ Բանակցություններն ընդամենը ամրագրում են ձեռք բերածն ու ժամանակ շահում՝ նոր պատերազմներին ընդառաջ։ Հայ-թուրքական հակամարտությունը, որի հիմքում ընկած է հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ֆիզիկական գոյություն և ինքնիշխան պետականություն ունենալու իրավունքի կենսագործումը և ցեղասպանության հետևանքների վերացումը, ունի միայն ուժային լուծում։ Կամենանք, թե չկամենանք... Մեր տարածաշրջանում, ինչպես և Իսրայելի պարագայում, խաղաղությունը հնարավոր է միայն, եթե այդ պահին հնարավոր չէ պատերազմը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ) 20:16 - 21 մայիսի, 2016
Իմ հոդվածներում արդեն մանրամասն գրել եմ,որ ՀՀ-ն պարզապես չի՛ կարող վերցնել ու ԼՂՀ-ն “միացնել Հայաստանին”: Ի՞նչ ճանապարհով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում կարող է հայտնվել: Ներկա իրավիճակում ճանապարհը մեկն է՝ ԼՂՀ անկախության ճանաչում (առաջին հերթին՝ Հայաստանի կողմից) - հանրաքվե-դե յուրե միացում:Այսօր աշխարհում սահմաններ փոխվում են ՄԻԱՅՆ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Սա ՎԵՐՋԱՊԵՍ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱԼ:.................................ԵՏՄ մտնելիս ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ «ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ մաս չէ»: Ըստ միջազգային իրավունքի՝ երկրի առաջին դեմքի նման հայտարարությունն իրավաբանական ուժ ունի: Փաստորեն, ԼՂՀ-ն այսօր գտնվում է իրավաբանական «գորշ տիրույթում» (legal limbo) եւ դե յուրե ՀՀ մաս այլեւս չէ:
2. Արմեն Աղայան23:18 - 23 մայիսի, 2016
Պրն Սյունի, վերջապես դուք էլ պետք է իմանաք, որ այս պահին ու արդեն քառորդ դարից ավելի Արցախը ՀՀ մաս է, դեռ ԽՍՀՄ օրերին կայացված և մինչ օրս գործող որոշմամբ: ՀՀ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները գլուխները պատով են տալիս տարբեր հիմարություններ հայտարարելիս: Գորշ տիրույթը ստեղծվել է հենց նրանց մեղքով, սակայն այն վերացնելը մեծ ջանք չի պահանջում: Ընդամենը պետք է վերջ տալ «ԼՂՀ անկախություն» ողորմելի թատրոնին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ