HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական կոնյակի վտանգված բախտը. ֆինանսական խնդիրներ, կեղծում ու անվանափոխության պահանջ

2014 թվականի տարեվերջին ռուսական ռուբլու արժեզրկումը  զգալի բացասական ազդեցություն թողեց հայկական կոնյակի արտադրության վրա, որի արտահանանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Կրած մեծ վնասներից հետո կոնյակ արտադրող հայատանյան որոշ գործարաններն այս տավա առաջին ամիսներին դանդաղ տեմպերով «ուշգի են գալիս»։ Բայց և երկու տասնյակ գործարաններ շարունակում են ծանր ֆինանսական դրություն մեջ մնալ։ Դրան էլ գումարած՝ նորից գլուխ է բարձրացրել կեղծ կոնյակի արտադրությունն ու արտահանումը։ Մեկ այլ մարտահրավեր է կոնյակի անվան հետ կապված խնդիրը։ Այլ խոսքով՝ հայկական կոնյակի ապագան վտանգված է։ Իսկ կոնյակը, հիշեցնենք, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Մասնավորապես՝ մեծ դեր  ունի արտահանման կազմում, որի տարիների դինամիկային և աշխարհագրությանն ավելի վաղ անդրադարձել ենք։ 

Թե ինչպես է ռուբլին  որոշում հայկական կոնյակի «գործերը» 

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությանը «Հետք»-ի հետ զրույցում հիշում է, որ մինչ 2014-ի տարեվերջ, երբ 1 ռուբլին դեռ 30-35  դոլար արժեր, հայկական երեքաստղանի կոնյակի արտահանման գինը հասնում էր 3-3,5 դոլարի՝ 100-120 ռուբլի։  Հետո գումարվում էին տրանսպորտային ծախսերն ու հարկերը, և այն կազմում էր նվազագույնը 270 ռուբլի։ Այդ գնով էր հայկական կոնյակը հասնում ռուս սպառողին։ «Հետո ռուբլին արժեզրկվեց 2,5   անգամ։ Իսկ մենք գները կարողացանք բարձրացնել միայն 10-15%-ով։ Այսինքն՝ ստացվում էր առավելագույնը 120 ռուբլով ռուսական կողմին մատակարարվում էր կոնյակ, բայց այդ 120 ռուբլին արդեն ոչ թե 3-3,5 դոլար էր կազմում, այլ՝ ընդամենը 2 դոլար։ Դա կազմում էր այնքան, որքան կոնյակի ինքնարժեքն էր։ Իսկ երբ արտահանումը դարձավ ոչ շահութաբեր, արտահանել-չարտահանելու խնդիր առաջացավ։ Վտանգ կար, որ Հայաստանը կարող է ռուսական շուկան ընդհանրապես կորցնել։ Ընկերությունները շուկան չկորցնելու համար սկսեցին արտահանել վնասով։  Լուրջ վնասներ կրեցին «Երևանի կոնյակի գործարան»-ը (ԵԿԳ), «Պռոշյանի կոնյակի գործարան»-ը,  «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանը, «Մապ»-ը, «Նոյ»-ը և ևս 2-3 ընկերություններ, որոնց ձեռքերում է կենտրոնացված պաշարների 70%-ը»,- նշում է Ա. Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ այս տարվա առաջին ամիսներին  ընկերությունները սկսել են չնչին շահույթ ստանալ՝ պայմանավորված ռուսական շուկայում գնի որոշակի բարձրացմամբ։  Նպաստել է այն, որ նախորդ տարի խաղողի բերքն առատ էր և գյուղացուց բավականին էժան գնով մթերվեց։ Վճարման ժամկետներն էլ երկարաձգվեցին։  Սա թույլ տվեց, որ կոնյակի ինքնարժեքը փոքր-ինչ նվազի։ «Իհրակե հիմա արտահանվում է ոչ թե ցածր ինքնարժեքով կոնյակը, այլ՝ երեք տարվա վաղեմության՝ այն հույսով, որ սրանից երեք տարի անց այս ցածր ինքնարժեքով կոնյակի շնորհիվ կլրացնեն իրենց բացը։ Այսինքն՝ հիմա առաջին հայացքից է միայն թվում, թե արտահանում են շահույթով»,- բացատրում է Գինեգործների միության նախագահը։ 

Նրա խոսքով՝ այդուամենայնիվ, այսօր շուրջ 20  կոնյակ արտադրող հայկական ընկերություններ ֆինանսական ծանր դրության մեջ են։ 

Թե ինչ ընթացք կունենա այս ամենը, գլխավորապես կախված կլինի Ռուսաստանի տնտեսական վիճակից, մասնավորապես՝ ռուբլու տատանումներից։ Քանի որ այս երկիրն, ինչպես նշել ենք, շարունակում է մնալ հայկական կոնյակի խոշորագույն գնորդն ու թելադրել իրավիճակը։ Իսկ ՀՀ կառավարությանն այս խնդրին դեռևս չի հաջողվել որևէ լուծում տալ։ 

Բայց ռուբլու արժեզրկման բացասական հետևանքներն այսքանով չեն սահմանափակվում։ Այս ամենին զուռահեռ շուկայում ավելացել է կեղծ կոնյակի խմբաքանակը։ 

Ոմանք կեղծում են ինքնարժեքը նվազեցնելու համար, ոմանք՝ խաղադրույք  անում դժվար իրավիճակների վրա 

Որոշ ընկերություններ, հայտնվելով դժվարին իրավիճակում, փորձել են կեղծել հայկական կոնյակը, որպեսզի ինքնարժեքը նվազի և արտահանումը վնասաբեր չլինի։ Բայց, ըստ Ա. Հարությունյանի, այստեղ լուրջ խոչընդոտի ենհանդիպել։ «Ռուսական շուկայում արդեն առկա են ուսումնասիրության այն մեթոդները, որոնք հայտնաբերում են կեղծիքները։ Ստացվեց, որ մի կողմից իսկական հայկական կոնյակ արտահանելը դառնում է վնասաբեր, մյուս կողմից՝ կեղծիքը հայտնաբերվում է և կեղծ, ցածր ինքնարժեքով կոնյակ չես կարողանում հանել ռուսական շուկա։ Ամբողջ 2015 թվականն այսպիսի հակասությունների տարի էր հայկական կոնյակի համար։ Տարվա առաջին կիսամյակում վնասներն ավելի մեծ էին, երկրորդում՝ սկսեցին զրո շահույթով աշխատել»,- նշում է Գինեգործների միության նախագահը։ 

Մյուս կողմից էլ այսօր և Ռուսաստանում, և Հաստանում կան կառույցներ, որոնք  փորձում են 1,5-2 դոլարով կեղծ կոնյակ մատակարարել ռուսական շուկային։  Ա. Հարությունյանը նպատակահարմար չի գտնում նշել՝ խոսքը անհատների՞, թե՞ ընկերությունների մասին է։ Այս երևույթը, նրա կարծիքով, դեռ շարունակվելու միտում ունի։ 

Հայկական կոնյակի որակի վերաբերյալ մտահոգությունները, սակայն, նոր չեն։ Իր պատմության ամբողջ ընթացքում այն պարբերաբար կեղծվել է։ Առաջին մեծ կեղծիքը սկսվել է դեռևս  1920-ական թվականների սկզբից։ Կեղծիքը երեք դրսևորում է ունեցել։ Առաջինը, երբ տեղի է ունեցել պետական մակարդակով և բաց եղանակով։ Օրինակ, 1970-ականներին, ինչպես նշում է Ա. Հարությունյանը, հայկական կոնյակի մեջ օգտագործվելէմոլդավական, բուլղարական, ադրբեջանական, ալժիրական և այլ երկրներում արտադրված սպիրտ։ Դա արվել է բաց և պետական մակարդակով։ Իրավաբանական դաշտում այն կեղծիք չի համարվել, սակայն բարոյական դաշտում համարվել է, քանի որ ընդունված է, որ հայկական կոնյակը պետք է պատրաստվի հենց հայական սպիրտից։Մյուսը՝ պետական մակարդակով, բայց՝ ոչ բաց եղանակով է կատարվել, երբ կոնյակի արտադրության մեջ օգտագործվել է, օրինակ, շաքարավազ, ինչն անթույլատրելի  է, բայց այս մասին փաստաթղթերում չի նշվել։ Եվ երրորդը՝ երբ կեղծել են ընդհատկյա  խմբերն ու անհատները։ 

Ընդհանրապես, երբ հայկական կոնյակի կեղծումը մեծ ծավալների է հասել Հայաստանում, դրան զուգահեռ այն կեղծվել է նաև Ռուսաստանում, քանի սպառման խոշորագույն շուկան միշտ այդ երկիրն է եղել։ Համատարած կեղծմանը վերջ  է տրվել 1998  թվականին, երբ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Պեռնո Ռիկար» խումբը, գնել է ԵԿԳ-ն։ Նրա նախապայմաններից մեկն այն է եղել, որ հայկական կոնյակը պետք է արտադրվի միայն Հայաստանում։Հումքն էլ պետք է լինի հայկական սպիրտը։ Եվ դա նախտեխնիկական կանոնակարգի, այնուհետև՝ 10 տարիանց, օրենքի ուժ է ստացել։ Օրենքն այսօր էլ գրեթե նույն է՝ որոշակի «կոսմետիկ» փոփոխություններով։Բուն գաղափարը չի փոխվել։ Սա դաշտը արմատապես մաքրել է՝ և Հայաստանում, և Ռուսաստանում։ Հետո՝ 2003-2006թթ., երբ կոնյակի պատմության մեջ ամենամեծ վելերքն էր,  հայկական կոնյակի նկատմամբ պահանջարկն աճել է, որին զուգահեռ աճել ու նոր թափ է ստացել կեղծ կոնյակի արտադրությունը։ 2008-ից՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, Հայաստանը նորից վերադարձել է մաքուր կոնյակի դաշտ. պահանջարկը նվազել է ու կեղծ կոնյակ արտադրելու անհրաժեշտություն չի եղել։ Դա տևել է երեք  տարի, որից հետո նորից հայկական կոնյակը որոշ չափով կեղծվում է, թե որքան՝ դրա վերաբերյալ չկան ոչ պաշտոնական, ոչ էլ՝ մասնավոր հետազոտություններ ու կոնկրետ տվյալներ։ 

Կեղծ կոնյակը, տրամաբանական է, վնաս է հասցնում հայկական մաքուր կոնյակի համբավին։ Կոնյակի մասին օրենքն այսօր թերի է, թե ոչ՝ իրավական ոլորտի մասնագետները պետք է դատեն, սակայն մի բան ակնհայտ է՝ կամ օրենքն է թերի, կամ հայտնաբերելու և պատժելու մեխանիզմները չեն գործում։ Ու այդ ամենի արդյունքում կոնյակը կեղծելու հնարավորություն է տրվում ու վնաս հասցվում դրա համբավին։ 

Հայկական կոնյակի մյուս լուրջ մարտահրավերն անվանն է վերաբերում։ 

Ֆրանսիան պնդում է, որ Հայաստանը հրաժարվի «կոնյակ» տերմինց 

Չնայած, որ կոնյակը՝ որպեզ խմիչք, միաժամանակ արտադրվել է շատ երկրներում և որպես դրա բաղադրության հեղինակ չի հիշատակվում որևէ կոնկրետ երկիր, սակայն  Ֆրանսիան դրա արտադրությունը դարձրել է մշակույթ, հասցրել արվեստի ու ստեղծել հզոր ինդուստիրիա։ Եվ ըստ Լիսաբոնի համաձայանագրի՝ «կոնյակ»-ը ոչ միայն բրենդ, այլև՝ տեղանուն է Ֆրանսիայում։ 

 Շատ երկրներ, ընդունելով, որ կոնյակը ասոցացվում է Ֆրանսիայի հետ, այս խմիչքի համար այլ անունն են ընտրել։ Հայաստանն այդ երկրների շարքում չէ։ Այն այսօր էլ օգտագործում է «կոնյակ» բրենդը և դրանով ներկայանում աշխարհին։ Պայմանավորվածություններ և խոսակցություններ կային, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը դեռ շուրջ 10 տարի կարող է անարգել օգտագործել «կոնյակ» տերմինը և այդ անվամբ արտահանել։ Բայց, երբ Հայաստանն անդամագրվեց ԵԱՏՄ-ին, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, սկսեց Ռուսաստանի և Հայաստանի առաջ ավելի խիստ պահանջ դնել այդ տերմինից հրաժարվելու վերաբերյալ։   

Մեջբերվում այն, որ ըստ վերը նշված համաձայնագրերի՝ այլ երկրներում կոնյակի նմանատիպ խմիչքները չեն կարող շրջանառության մեջ դրվել՝ արտահանվել, համաձայնագրի անդամ երկրներում այդ անունով։   Եվ ցանկացած պահի հայկական կոնյակի ավանդական և հիմնական իրացման շուկա համարվող երկիրը` ՌԴ-ն կարող է անդամակցել նշված համաձայնագրերին, իսկ ԱՀԿ անդամ մյուս երկրները խստացնեն պահանջները` աշխարհագրական նշումների պահպանության նկատմամբ։ (Այդ մասին կարելի կարդալ այստեղ։ 

Ըստ Ա. Հարությունանի, եթե Ռուսաստանը, որն այսօր տնտեսական դժվարությունների առաջ է կանգնած, զիջի ամուր դիրքերում գտնվող Ֆրանսիային և հրաժարվի «կոնյակ» բրենդից, հայկական կոնյակագործության համար դա աղետալի հետևանքներ կունենա։ Նորից այն պարզ պատճառով, որ հայկական կոնյակի խոշորագույն գնորդն այս երկիրն է։  «Կոնյակ»-ից հրաժարվելը կնշանակի համբավի կորուստ, վաճառքի կտրուկ անկում և այլն։ «Ստացվում է, որ քո տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկի ապագան կախված է երկու օտար պետությունների փոխհարաբերություններից»,- նշում է Գինեգործների միության նախագահը։ 

Ըստ նրա՝ գործարանների սեփականաշնորհմանը զուգահեռ արդեն իսկ սեփականաշնորհվել են այն անունները, որոնք հայկական կոնյակի համար կարող էին որպես նոր անուն ծառայել՝ «Նոյ», «Արարատ», «Սևան», «Արագած», «Արմենիա» և այն։ 

«Երբ «Պեռնո Ռիկար»-ը գնեց ԵԿԳ-ը, գնեց նաև «Արարատ» անունը և հիմնականում արտահանեց հենց այս անվամբ կոնյակը։ Հայաստանի  կառավարությունը շատ անխոհեմ գտնվեց՝ վաճառելով «Արարատ» անունը։  Այն պարագայում, երբ սա իդեալական տերմին էր։ Հիմա չունենք համազգային ճանաչողություն ունեցող մի տերմին, որն ասոցացվի հայկական խաղողի ու կոնյակի հետ։ Ներկայանալի և հնչեղ տերմին է պետք։ Տարբերակներ, իհարկե, շատ կան, բայց թե որքանով են դրանք ներկայանալի, հարցական է։ Եթե մենք ուզում ենք, որ կոնյակն այսօր հաղթող դուրս գա, ՀՀ կառավարությունը պետք է կամ մրցույթ հայտարարի Հայաստանով ու Սփյուռքով, որ գտնենք այդ անունը։ Եթե գտնվի, մեծ գումարներ են պետք, որ այն բրենդ դարձնենք։ Կամ պետք է բանակցի «Պեռնո Ռիկար»-ի հետ, որ գնի «Արարատ»-ը։ Պետք է ամեն ինչ մանրակրկիտ հաշվի առնվի։ Ի վերջո, հաշվի առնենք, որ ցարական Ռուսաստանը հայկական «կոնյակ»-ն առաջ տանելու համար 20 տարի ծախսեց, իսկ Խորհրդային Միությունը՝ 40 տարուց ավելի»,- եզրափակում է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter