HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռեցի համայնքապետերն ու ֆերմերները չհասցրին հարցեր ուղղել գյուղնախարարին

Գայանե Սարգսյան 

Մայիսի 20-ին աշխատանքային այցով Լոռու մարզսւմ էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատանքային օրվա ավարտին նախարարը Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների ու ֆերմերների հետ:

«Ես վստահ եմ, որ այսօր մենք կունենանք աշխատանքային լուրջ խորհրդակցություն: Եթե կլինեն հարցեր ոլորտի պատասխանատուին, ապա անպայման դուք այդ հարցերը կբարձրաձայնեք: Վերջում նախարարը մի կարևոր առաքելություն էլ կիրականացնի և հետո հարցուպատասխանի միջոցով կանցնենք առաջ»,- խոսքը Ս. Կարապետյանին փոխանցելով, նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Ի զարմանս ներկաներից շատերի, սակայն, բանը չհասավ հարցուպատասխանին: Չնայած նրան, որ նախարարը վստահեցրեց, թե «մարզեր այցելության ժամանակ նախ ամփոփում ենք նախորդ տարվա մեր կատարած աշխատանքները, ձեռքբերումները, բացթողումներն ենք քննարկում», քննարկում էլ որպես այդպիսին տեղի չունեցավ:

Տեղի ունեցածը թերևս միայն գյուղատնտեսության նախարարի շուրջ 30 րոպե տևած մենախոսությունն էր: Նա մանրամասն ներկայացրեց մարզում իրականացվող պետական ծրագրերը, դրանց ծավալները, արդյունքները, շարունակականության կարևորությունն ու առավելությունները:

Ապա անդրադարձավ պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներին ու ծավալներին:Թեև ներկաներն առիթ չունեցան իրենց կարծիքն ասել այդ վարկերի մասին, սակայն նախարարը նշեց, որ վարկերի փոքր ծավալների հետ կապված դժգոհությունները հասկանում է: Նա նույնը՝ այն է հասկանալ, առաջարկեց նաև ներկաներին.

«Ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ տնտեսություններում կան դժգոհություններ կապված վարկերի փոքր ծավալների հետ: Վարկը տրվում է մինչև 3 մլն դրամի չափով, բանկերը մի քիչ կրճատում են, որպեսզի մի քիչ ավելի շատ մարդկանց հասնի: Հասկանալ է պետք, ծավալները պակաս են՝ տարեկան 15 մլրդ դրամ, որից 7.5 մլրդը գարնան գյուղատնտեսական աշխատանքների, 7.5-ը՝ աշնանն իրականացվելիք աշխատանքների համար է»:

Նախարարը անասնապահության ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումներից մատնանշեց անասնագլխաքանակի 1 և խոզերի գլխաքանակի 3 տոկոսի չափով ավելացումը, ոչխարների գլխաքանակը մնացել էր նույնը:

Ապա ներկայացրեց կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունն ու դրանց առավելությունները, համոզմունք հայտնելով, որ «մեր երկում գյուղատնտեսության զարգացման համար միակ ելքը կոոպերատիվների ստեղծումն է և հողերի խոշորացումը»:

Ու քանի որ, ըստ նախարարի, հողերի խոշորացման հարցը ժամանակի ընթացում ինքն իրեն կկարգավորվի, պետք է զբաղվեն կոոպերատիվների ստեղծման խնդրով:

«Մենք պետք է կարողանանք գյուղացիական տնտեսություններին ձեր հետ միասին բացատրել, որ միավորվելով ավելի հեշտ են լուծում խնդիրները, քան թե անհատ գյուղացիական տնտեսությունները»,- նշեց Ս. Կարապետյանը, ներկա համայնքապետերին հորդորելով համայնքներում բացատարական աշխատանքներ տանել:

Մթերվող կաթի գնի ու որակի բարձրացման համար ևս նախարարը կարևոր նախապայման համարեց կոոպերատիվների ստեղծումը, դա հիմնավորելով այսպես. «Մանր գյուղացիական տնտեսություններում մենք խնդիրներ ունենք հատկապես արտադրանքի որակի առումով, որովհետև միայնակ տնտեսությունը չի կարողանում բարձր որակի կաթնամթերք արտադրել»:

Նախարարի խոսքով՝ կաթի գնի իջեցմանը նպաստել է նաև միջազգային շուկաներում պարենային կարևորագույն ապրանքների գնանկումը: Չնայած սրան, Ս. Կարապետյանը վստահ է՝ ամեն ինչ ժամանակին իր տեղը կընկնի:

Նախարարը հիշեցրեց նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականը Լոռու մարզում կաթի ու պտուղ բանջարեղենի մթերման ու վերամշակման հետ կապված խնդիրների լուծման մասին:

Կաթի մթերման խնդրի լուծումը Ս. Կարապետյանը կապեց Տաշիրի տարածաշրջանում կառուցվելիք կաթի վերամշակման գործարանի հետ: Ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենի վերամշակմանը, նախարարն առաջարկեց՝ եթե շենքային պայմաններ ունեք արտադրամասերի ստեղծման համար, ծրագրեր ներկայացրեք, մենք կտրամադրենք սարքավորումներ:

Սակայն այստեղ էլ մի կարևոր նախապայման կա. արտադրամասը պետք է պատկանի ոչ թե անհատի, այլ կոոպերատիվի անդամներին:

«Դուք եթե տեղեկացված չեք, ես ձեզ ասեմ: Կոոպերատիվները 150 տարվա պատմություն ունեն, դեռ ավելին… Ֆրանսիայում, Գերմանիայում: Մենք այդ փորձը ամբողջապես ուսումնասիրել ենք»,- նշեց նախարարն ու սկսեց պատմել կոոպերտաիվների ստեղծման ու զարգացման պատմությունը:

Ելույթը Ս. Կարապետյանն ավարտեց բարեմաղթանքով.

«Բոլորիդ ցանկանում եմ հետագա հաջողություններ, ձեր ընտանիքներին երջանկություն, մեր երկրին էլ խաղաղություն»:

Բարեմաղթանքին հաջորդեց մարզի մի քանի համայնքապետերի ու ֆերմերների պարգևատրումը, որից անմիջապես հետո նախարարն իր թիմով այնքան արագ դուրս եկավ դահլիճից, որ համայնքապետերը չհասցրեցին որևէ հարց տալ:

Արդեն միջանցքում նախարարին մոտեցավ ֆերմերներից մեկն ու դժգոհեց կաթի մթերման գնից, ինչին նախարարի պատասխանը կարճ էր՝ ժամանակավոր է:

Ավելի ուշ մեզ հետ զրույցի ժամանակ ֆերմերը՝ շահումյանցի Փայլակ Դալլաքյանը, դժգոհեց, որ մայիսի 1-ից մթերվող կաթի գինը 130 դրամից դարձել է 120 դրամ:

«Կաթը մթերվում են 120- դրամով, բայց մինչև հասցնում ենք կաթի գործարան, մեր վրա կաթի լիտրը նստում ա 60-70 դրամ: Կաթի վիճակը շատ ծանր ա: Հասարակ կես լիտր ջուրը խանութում արժե 170 դրամ, մեր մի լիտր կաթը 120 դրամ: Որքանո՞վ ա ճիշտ: Որ տավարածին տաս, մեքենաների ծախսով գնանք, ի՞նչ կմնա տակը, ջրի գին, ջրից էժան»:

Վերջինս նշեց, որ կաթի գինն սկսել է նվազել դեռ նախորդ տարվանից: «Գները անցած տարվանից նվազեց ու մինչև հիմա նվազում ա: Էս տարի ավելի էժանացրին, կարող էլի իջեցնեն, չեմ կարա ասեմ: Որ մեր երկրի ղեկավարություն էս ձևի, կարող ա էլ իջեցնեն»,- նշեց նա:

Մինչ զրուցում էինք, մեր կողքով անցնող գյուղնախարարը կատակեց՝ էս խեղճ մարդուն ի՞նչ ես կանգնացրել, բաց չես թողնում:

«Ինչո՞ւ համայնքապետերին հարցեր տալու հնարավորություն չտվեցիք»,- հարցին հարցով պատասխանեցի ես, ինչին նախարարը արձագանքեց. «Որ հարցեր չտվեցին, ո՞վ ա մեղավոր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter