HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդ համայնքում տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու ամբողջ տարվա չարչարանքը

-Լավ բերքի էինք սպասում: Բայց մեր ամբողջ աշխատանքը էս կարկուտը ջուրը լցրեց: Կարտոֆիլի, լոբու մարգերը, խնձորի, գիլասի ու մյուս ծառերը, բոլորը վնասվեց: Էլ չեմ ասում տան տանիքների մասին: Կարկուտը կոտրեց տանիքները, ու էդ ամբողջ սելաֆը տուն լցվեց: Երեխայի մահճակալից սկսած, տան ամբողջ գույքը սելաֆատար է եղել: Կարկուտը ձյան նման եկել նստել էր,- Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչ Աիդան պատմում է մայիսի 20-ին համայնքում տեղացած կարկուտից կրած վնասների մասին: Ասում է այս տարի էլ կորցրեցին բերք ստանալու հույսը:

Կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու ամբողջ տարվա չարչարանքը: Ավելի քան 15 րոպե անընդմեջ տեղացած կարկուտի ու հորդառատ անձրեւների հետեւանքով վնասվել են ոչ միայն ցանքատարածություններ, այլեւ պտղատու ծառեր ու տներ:

-Ամբողջ գյուղը կարկտահարվել է: Հիմնականում բանջարաբոստանային ու պտղատու այգիներն են շատ վնասվել: Մեր գյուղի ռելիեֆն էլ այնպիսին է, մի քիչ թեքոտ, որ նույնիսկ սելաֆներից են վնասվում: Կարկիտից դե ավելի շատ տուժեցին: Նաեւ վնասված տանիքներ կան: Բերքն ինչ-որ չափով հնարավոր է վերականգնել, քանի որ այստեղ հիմնականում կարտոֆիլի մշակմամբ ենք զբաղվում,- «Հետքի» հետ զրույցում ասաց Դեբեդ համայնքի ղեկավար Արարատ Քոչարյանը:

Բնության հերթական անակնկալի հետեւանքով ամբողջությամբ վնսավել են նաեւ ներհամայնքային ճանապարհները. «Անցած տարի որոշակի աշխատանքներ էինք իրականացրել, որպեսզի ճանապարհները անվնաս ու երթեւեկելի դառնան, սակայն կարկուտն ամեն ինչ քշեց-տարավ»,- ասաց Դեբեդ համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը:

Համայնքում հակակարկտային կայաններ չկան: Գյուղապետի խոսքով, սակայն, այս պահին զբաղվում են այդ գործով. «Մեր հարեւան գյուղի՝ Եղեգնուտ համայնքի հետ միասին ուզում ենք հակակարկտակայան տեղադրենք: Կա կազմակերպություն, որին առաջարկություն ենք ներկայացրել, հիմա դեռ բանակցային փուլում ենք: Տեսնենք ինչ կլինի»:

Իսկ մինչ այդ երեկվա կարկուտի հետեւանքով գյուղացու կրած վնասի չափը հաշվարկելու համար հրավիրվել է համայնքի ավագանու արտահերթ նիստ:

Տաթեւիկ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter