HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Born to Run». Երբ վազում ես երազանքիդ հետևից

Նաիրա Հայրապետյան

1975 թվականը ամերիկացի երգիչ, երաժիշտ և երգահան Բրյուս Սփրինգսթինի կյանքում ճակատագրական եղավ: Նախորդ երկու ալբոմները բացահայտ ձախողված էին համարվում, և հերթական՝ վերջին փորձից կախված էր այլևս ոչ միայն նրա համագործակցության վերջաբանը պրոդյուսերական ընկերության հետ, այլև, ըստ էության, նրա գործունեության լինել-չլինելու հարցը: Անհանգիստ ու ընկճված օրերի, ամիսների մեջ անցկացնելով՝ Բրյուսը հավանաբար մտքում ինչ-որ պահերի մի քանի անգամ արդեն հրաժեշտ էր տվել երաժշտի իր երազած կարիերային, իսկ հետո կրկին ձեռք մեկնել կիթառին՝ հոգում կուտակված հույզերը նրան փոխանցելու պարզ ցանկությամբ: Այդ օրերից մեկն էլ նրան այցելել էր Նյու Ջերսիում գտնվող իր տանը, երբ նա, մահճակալի ծայրին նստած, ինչ-որ մեղեդիներ էր նվագում կիթառի լարերին:

Խառը մտքերի ու ընդհատվող մեղեդիների մեջ հանկարծ նա ինչ-որ արտահայտության վրա սկսեց սևեռվել՝ «ծնված փախչելու համար»: Սկզբում նրան թվաց, որ ինչ-որ ֆիլմից է այն հիշում, հետո փորձելով հիշողությունը հստակեցնել՝ երբ այդպես էլ ոչինչ չստացվեց, նա ենթադրեց,որ հավանաբար ինչ-որ տեղ, ինչ-որ փողոցում է կարդացել՝ ավտոմեքենայով փողոցներում երկար թափառելիս: «Ինձ դուր եկավ այդ արտահայտությունը, որովհետև մի տեսակ դրամատիկ կինո էր հիշեցնում,- ասում է երգիչը,- և մտածեցի, որ այն կարող էր շատ լավ հնչել երաժշտության մեջ. այն երաժշտության, որն այդ պահին պտտվում էր իմ գլխում»: Ու նա սկսեց աշխատել հենց այս ուղղությամբ:

Հետո հաջորդեց ստեղծագործական շատ բարդ ու երկարատև մի շրջան:

1975թ. «Columbia Records»-ը թողարկեց Բ. Սփինգսթինի երրորդ ստուդիական ալբոմը՝ «Born to Run»-ը, որը մասսայական մեծ հաջողությունների հասավ ոչ միայն Միացյալ Նահանգներում: Իսկ ալբոմը գլխավորող համանուն երգը դարձավ երգչի ռոք աստղի այցեքարտը: Գրեթե կես տարի, 1974թ. ողջ գարունն ու ամառը  Սփրինգսթինը տրամադրեց մտքում սավառնող այդ երգի ստեղծման վրա: Նա մերթ փոխում էր բառերը, մերթ առանց ափսոսալու ջնջում ամբողջական տողեր ու փոխարինում նոր նախադասությամբ: Հետո սկսեց խորանալ գործիքավորման մեջ՝ փորձարկելով ամենատարբեր երաժշտական գործիքներ ու վոկալի նորանոր էքսպերիմենտալ ձևափոխումներ: Սա դեռ քիչ էր, նյարդային ու չափազանց լարված աշխատանք էր սպասվում նաև ողջ ձայնագրության ընթացքում: Նա անվերջ ինչ-որ բան չէր հավանում, փոխում էր, ջնջում ու ամեն ինչ նորից սկսում՝ լարված հոգեվիճակում պահելով նաև երաժիշտներին: Բրյուսը երբեմն զայրույթից բռնկվում էր, երբ ինչ-որ բան կրկին չէր հավանում: Իսկ երաժիշտներին վրդովեցնում էր այն, որ նա աննկարագրելի իդեալականություն էր պահանջում, խելագարության հասնող տանջալից աշխատանքով: Նա ամեն անգամ զայրացած խոստովանում էր, որ այս ողջ ընթացքում այդպես էլ չեն կարողանում ստանալ այն, ինչ ինքն է լսում:

«Իմ գլխում հնչյուններ կան, և ես չեմ կարողանում բացատրել, թե ինչպիսին են դրանք»,- ասում էր երգիչն ու կարճ դադարից հետո անցնում նոր ձայնագրության: «Եթե մի երգի վրա դու վեց ամիս ես աշխատել, ամեն դեպքում, դա արդեն խոսում է այն մասին, որ իսկապես ինչ-որ բան այն չէ,- տարիներ անց ձայնագրման աշխատատար ու նյարդային ընթացքը արդեն ծիծաղով հիշում է Սթիվեն Վան Զանդտը,- երգի վրա պետք է մոտավորապես երեք ժամ աշխատես, ոչ ավել»:

Խնդիր այն էր, որ Բրյուսի բծախնդրությունը ոչ միայն նշված երգի ձայնագրման ընթացքում էր ծայրահեղ դրսևորվում, այլև ողջ ալբոմի: «Մենք արդեն պատրաստ էինք դուրս մնալ ծրագրից»,- ասում է բաս կիթառահար Գերի Թալենթը: Միայն Սփրինգսթինն էր համոզված, որ նոր աշխատանքի, այսպես ասած, «խաղադրույքներն» աննկարագրելիորեն բարձր էին լինելու: Տարիներ անց, վերհիշելով այս ամենը, նա ասում է. «Երբ ձայնագրում էինք «Born to Run»-ը,  մտածում էի՝ ես պատրաստվում եմ ստեղծել իմ լավագույն ռոքնռոլյան գործը»:

1974թ. վերջին երգչի մենեջերը՝ Մայք Էփլը, ձայնագրությունը ներկայացրեց ֆիլադելֆիական ռադիոկայաններից մեկին: Սփրինգսթինը նոյեմբերի 3-ին դիջեյ Էդ Շակիի հետ հայտնվեց ուղիղ եթերում: Էդը այդ պահից սկսած դարձավ նրանց գլխավոր աջակիցն ու երգի պրոպագանդման առաջին մարտիկը: Եվ ահա ֆիլադելֆիական «WMMR» ռադիոկայանի եթերում նույն օրը կայացավ «Born to Run»-ի պրեմիերան, որն իսկական փակուղու առջև կանգնեցրեց մտքով դեռևս ձայնագրման ստուդիայում տանջվող ու նոր փոփոխություններ նախաձեռնող Բրյուս Սփրինգսթինին: Երգի առաջին ներկայացման պահից հետո արդեն նա և պրոդյուսերական թիմը հասկացան, որ այլևս ուշ էր որևէ բան փոխելու համար:

Ռադիոլսողների արձագանքն անսպասելի էր: Երգն իսկապես հատել էր նրանց նախասիրությունների տարատեսակ սահմաններն ու ալեկոծում էր եթերը: Մայքը ոգևորված կայծակնային հաջողությունից՝ ձայներիզների օրինակները ձեռքին շտապել էր այլ ռադիոկայաններ, ավելին, նոր օրինակներն ուղարկել էր Նյու Յորք, Բոստոն, Քլիվլենդ…  երգն արդեն հիթ էր: Այլևս ուշ էր նոր փոփոխություններ անելու համար, երաժիշտներն «ազատագրված էին», «Born to Run»-ը ինքն իր հերթին վազում էր՝ երաժշտական նոր հորիզոնականներ նվաճելու երկրի տարբեր քաղաքներում: Երբ ալբոմն ու սինգլը ամիսներ անց թողարկվեցին, երգն արդեն ռադիոկայանային շրջագայությամբ ապահովել էր նրանց հաղթանակը: Աստղային տիրույթում Սփրինգսթինի «քաղաքացիությունը» ևս, ինչ խոսք, այլևս հաստատված էր:

«Born to Run»-ը դարձավ Սփրինգսթինի առաջին համաշխարհային սինգլը՝ հայտնի ու սպասված արտիստ դարձնելով նրան ամերիկյան սահմաններից դուրս: Սինգլը «Թոփ 40 հիթերի» շարքում էր, իսկ «Բիլբորդի» թեժ հարյուրյակում առաջ անցնելով՝ հասավ 23-րդ հորիզոնականին:

«Born to Run»-ը, երաժշտագետներից շատերի խորին համոզմամբ, նաև ուղենշեց Սփրինգսթինի գրչի նոր ստեղծագործական ոճը: Ալբոմում ընդգրկված բոլոր 8 երգերը նրա հեղինակային գործերն են: «Այդ ալբոմը բաժանարար գիծ էր մի սահմանի, որի թիկունքում ես թողեցի սիրո և ազատության մասին իմ պատանեկան սահմանումները»,- ասում է երաժիշտը: Երգը գրվել է և կատարվում է երիտասարդ հերոսի անունից, ում համար չափազանց նեղ են հարազատ քաղաքի պատերը, փողոցները, օդը… ում քաղաքն ու շրջապատող այդ աշխարհը նեղ է, սահմանափակ, այստեղ նա կարծես շնչահեղձ է լինում: Սիրած աղջկան՝ Ուենդիին ուղղված իր նամակում նա ասում է, որ երազում է նրա հետ փախչել «մահացու այդ թակարդ» -կյանքից, որտեղ երազանքները վաղուց արդեն ավարտված են և իմաստ չունեն, վազել սեփական երազանքների, իրական կյանքի ու սիրո հետևից.

«It’s a death trap, it’s a suicide rap

We gotta get out while were young

‘cause tramps like us, baby we were born to run» …

Բրյուս Սփրինգսթինին քիչ թե շատ ճանաչողները, նրա կենսագրությանը ծանոթ երաժշտասերներն ու մասնագետները համոզված են, որ երգիչն այս երգի տողերում ներկայացրել էր իր անձնական ապրումներն ու զգացողությունները:

Տասնյակ տարիներ անց, անդրադառնալով երգչի ստեղծագործական կյանքում բեկումնային այս էջին, ինքը՝ Սփրինգսթինը և ընկերները արդեն ժպիտով են հիշում անցած դժվար ու տագնապով լի օրերը: Երբ երգիչը ստուդիայում նստած մեկ անգամ ևս ունկնդրեց ձայնագրված տարբերակը, այն մեկը, որը Մայքի թեթև ձեռքով հանձնվել էր ֆիլադելֆիական ռադիոկայանին, հուսահատված գլուխն ափերի մեջ առավ: «Ես ի վիճակի չէի լսել այն և մտածում էի, որ դա երբևէ լսածս վատագույն աղբի կտորն էր»: Տեսնելով նրա ընկճված տրամադրությունը՝ Ջոն Լանդաուն (ով հաջորդ տարի արդեն դարձավ Սփրինգսթինի պրոդյուսերը), մոտեցավ ու սկսեց հանդարտեցնել: «Լսի՛ր, ընկերս,- ասաց նա,- ինչպես տեսնում եմ՝ էլի չես հավանում: Կարծում ես՝ Չըք Բերին էլ անընդհատ նստում ու լսու՞մ է, թե ինչպես է ստացվել  «Maybellene»-ը: Իսկ եթե լսում էլ է, քեզ թվում է նրա մտքով չի՞ անցնում ինչ-որ բաներ փոխել այնտեղ, վերանայել: Վերջ տուր, ժամանակն է արդեն ձայնապնակը հնչեցնելու»:

«Born to Run»-ը բազմաթիվ մրցանակների և կոչումների է արժանացել, հայտնվել բոլոր ժամանակների լավագույն տարբեր անվանակարգերում: Այսօր այն արդեն համարվում է գլխավոր գործերից մեկը, որը կայացրել է ռոքնռոլը: Ամերիկյան ազգային ռադիոն 1999թ . երգն ընդգրկեց «NPR-100»-ի ցանկում, որում նշանավորվում էին 20-րդ դարի ամերիկյան երաժշտության կարևորագույն ստեղծագործությունները: Երգը մեծ ազդեցություն ունեցավ հասարակական և մշակութային տարբեր ասպարեզներում՝ օգտագործվելով տարբեր նախաձեռնություններում, իրադարձությունների կամ մշակութային նոր ստեղծագործությունների մեջ՝ տարբեր մեկնաբանություններով:

Գլխավոր լուսանկարը` Բրյուս Սփրիգսթինի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter