HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղդամը Հայաստան է և վերջ

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Մեր հանրությունը, քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած լարվածությունն աչքի առաջ ունենալով, Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո փորձում է հասկանալ Հայաստանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը Արցախի շուրջ ներկայիս զարգացումների ու հնարավոր պատերազմի հարցերում։

Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ ազատագրված հողերի մեծ մասն էլ Ղարաբաղի կարգավիճակի ամրագրումից հետո պետք է վերադարձվի Ադրբեջանին, հայտնի էր վաղուց։ Սակայն նմանատիպ մտքերի շրջանառությունը մինչ այժմ հանրության մեծամասնության կողմից ընդունվում էր որպես այնպիսի քաղաքականության արտահայտություն, որը նպատակ ուներ Ղարաբաղյան խնդրում տարիներ շարունակ ընթացող բանակցություններում դիվանագիտական ճկունություն հաղորդել հայկական կողմին: Բնական է, որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնի զիջումներ կատարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ուստի հայկական կողմի՝ Արցախի անկախ կարգավիճակի դիմաց մի քանի շրջաններ Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությունը շատերի կողմից դիտվում էր որպես ադրբեջանական կողմին անելանելի դրության մեջ գցելու մի ծուղակ, որի արդյունքում կերաշխավորվեր ստատուս-քվոյի պահպանումը։

Սակայն Երեւան վերադառնալիս օդանավում Սարգսյանի արտահայտած մտքերը ամբողջությամբ ֆիլտրեցին մեր հանրության շրջանում եղած բոլոր թերահավատությունները, կասկածներն ու անհիմն հույսերը՝ ապացուցելով այն մարդկանց համոզմունքը, որ Սերժ Սարգսյանից պետք չէ սպասել ազգային ու պետական շահերի հետեւողական պաշտպանություն։ Պարզ դարձավ, որ երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը Արցախի տարածքային ամբողջականության շուրջ ունի այնպիսի համոզմունք, ըստ որի հարյուրավոր հեկտարներ կազմող տարածքները կարելի է թողնել թշնամուն, քանի որ դրանք մեզ համար ունեն միայն հոգեբանական նշանակություն։

Այսօր ակնհայտ է, որ ուղղակի կապ կա Սերժ Սարգսյանի «այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ» խոսքի եւ Քառօրյա պատերազմի արդյունքում 800 հեկտար տարածքը թշնամուն կամավորապես զիջելու հետ։ Եթե Աղդամը եւ նրանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտի հնավայրը, որի տարածքը նույնպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ է ազատագրվել, մեր հայրենիքը չեն, ապա ինչու պետք է հայրենիք համարել հարյուրավոր հեկտարներ կազմող ինչ-որ հողակտորներ, որոնք գլխացավանք են պատճառում Հայաստանի ռազմաքաղաքական ներկայիս ղեկավարությանը։ Նման դեպքերում, ըստ նույն այդ ղեկավարության տրամաբանության, կարելի է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության «անպետք» բոլոր հողերը հանձնել թշնամուն, կամ բավարարել թուրքերի գայլային ախորժակը՝ նոր զոհեր չունենալու ու զինվորների կյանքերը չզոհաբերելու համար։

Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերը, սակայն, մի էական հարց են առաջադրում։ Ինչպե՞ս է արդարացնում Սարգսյանը Արցախի տարածքային ամբողջականության խախտման ներկա փաստը։ 800 հեկտար տարածքի կորուստը որպես անպետք հողեր եւ մեզ համար հոգեբանական նշանակության առարկա ներկայացնելը ներկա վարչախմբի միայն կողմնակի փաստարկներն են, որոնք կոչված են հիմնավորելու Սարգսյանի ձեւակերպած խնդիրը՝ Ղարաբաղյան խնդրի ռազմական ճանապարհով լուծման մարտահրավերը դիմագրավելիս։ Այդ դեպքում ո՞րն է բուն խնդիրը։ Հենց նշված հարցազրույցի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հստակ մեզ ցուցանեց, թե որն է զինվորականությունից իր բուն պահանջը եւ ինչ է պետք սպասել Սերժ Սարգսյանից՝ Ադրբեջանի կողմից կրկին ռազմական ճանապարհով Ղարաբաղյան խնդրի լուծմանը գնալու դեպքում։

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմերը խոսում են հաղթանակի մասին, մասնավորապես ասաց․

«Իմ կարծիքով՝ հաղթանակը կամ պարտությունը հետեւյալն է՝ թե դու ինչ նպատակ ես դրել եւ արդյոք կարողացե՞լ ես կատարել քո նպատակը: Եւ այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություն անենք, կուրծք ծեծենք եւ ասենք՝ մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռեւս տարիներ առաջ եւ ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր զինված ուժերին, անվտանգության համակարգին՝ թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը:

Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին, այսինքն՝ եթե զինված ուժերը, եթե անվտանգության համակարգն, այդ խնդիրը կատարել է, ապա ինչպես ուզում եք, կոչեք: Ուզում եք ասեք՝ մարդիկ արհեստավարժորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, ուզում եք ասել՝ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Ինչ ուզում եք, ասեք, բայց արդյունքում գալիս ենք, որ նրանք խնդիրը կատարել են:

Ես համարում եմ, որ մեր զինված ուժերը, այո´, խնդիրը կատարել են: Միշտ կարելի է ժողովրդահաճո, այս պարագայում պիտի ասեմ՝ ամբոխահաճո հայտարարություններ անել եւ ասել՝ այ, եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի չգիտեմ որտեղ, այ եթե այս սխալը չանեին, մենք սա կանեինք:

․․․Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության, միգուցե հաջողության կհասնեն, միգուցե ոչ: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները, եւ այդ խնդիրները կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, խնդիրներ տեսնել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Սա շատ ակնհայտ է: Եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձեւակերպումը հետեւյալն է՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են, եւ տա Աստված, որ մշտապես կատարեն եւ կատարելու են»։

Սերժ Սարգսյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության խնդրում նրա քաղաքական կուրսը հետեւյալն է՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը»։ Հայկական կողմի թե նպատակը եւ թե խնդիրը ձեւակերպված է։ Եւ ինչպես Սարգսյանն է նշում՝ «եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձեւակերպումը հետեւյալն է՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»։

Նման նպատակ կարող է առաջ քաշել միայն անվստահ, կաշկանդված, թուլակամ պետական գործիչը։ Հայաստանն ավելի քան քսան տարի ժամանակ ուներ՝ երկրի զինված ուժերը բերելու մարտունակության այնպիսի վիճակի, որ թշնամուն թույլ չտար ոչ միայն ճակատի ճեղքում, այլ հակառակորդի կրակակետերի լռեցում նրա իսկ տարածքում։ Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը պատրաստ է նման խնդիր լուծել, կա բավարար մասնագիտական ներուժ դրա համար, իսկ հակառակորդն էլ, անգամ անակնկալ հարձակում գործելով, ի վիճակի չէ ընկճել առաջնագծի զինվորներին։ Բայց, այնուամենայնիվ, քաղաքական ղեկավարությանը ռազմական ղեկավարությանը հանձնարարել է միայն՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում»։

Սերժ Սարգսյանի կողմից խնդրի նման ձեւակերպման արդյունքում է, որ մենք կորցրել ենք 800 հեկտար տարածք։ Այսօր վարչախմբի ողջ մանիպուլյացիան կատարվում է հենց այս ձեւակերպման օգնությամբ։ Ուստի, նման ձեւակերպումն է հանցավոր։ Այդ ձեւակերպման միջոցով կարելի է հազարավոր հեկտարներ կազմող ողջ առաջնագիծը ռազմական գործողությունների արդյունքում կորցնել, անգամ մեծ մարդկային զոհեր ունենալ՝ թույլ չտալու համար «ճակատի ճեղքում ու քայքայում»։ Բայց չէ որ թշնամին այդ դեպքում ջարդված չի լինի, նրա կրակակետերը լռեցված, իսկ մարտունակությունն էլ կոտրված չեն լինի, նրա՝ Արցախի տարածքը գրավելու ցանկությունը ոչնչացված չի լինի, հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելու կամ բանակցելու հնարավորություն չի լինի եւ այլն։ Կա մի փորձ, որը մենք դեռեւս չենք կարողանում գնահատել։ 22 տարիների խաղաղությունը միայն նրա շնորհիվ էր, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր զինված ուժերի առաջ ոչ թե խնդիր էր դրվել «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում», այլ միայն՝ «հակառակորդի տարածքում բոլոր կրակակետերի լռեցում ու ոչնչացում»։ Ու այդ խնդիրը գործնականում լուծվել էր ոչ թե «անպետք» հողերը զիջելով, այլ՝ պատմական հայրենիքի հողերը ազատագրելով։

Այսօր «Աղդամը մեր հայրենիքը չէ» մտածողությունը ցուցանում է դրա կրողների սահմանափակ մտահորիզոնը, արժանապատվության բացակայությունը, փոքրոգությունը, ծառայամտությունը։ 1990-ական թթ․Ղարաբաղյան պատերազմի տարիներին նույն մտածողության կրողները դեմ էին Քարվաճառի, Զանգելանի, Ֆիզուլու ու մյուս շրջանների ազատագրմանը։ Այսօր կատարվել է պետության առաջին դեմքերի ու անգամ սերունդների փոխարինում, սակայն նույն վախկոտ մտածողությունը հետեւողականորեն փորձում է քաղաքական օրակարգում պահել աշխարհում հայի փոքր, թույլ, անզոր ազգ լինելու հավատամքը ու դա շղարշել իբրեւ թե հաշվենկատությամբ կամ իրապաշտությամբ։

Լեոնիդ Ազգալդյանն այսօր եթե  կենդանի լիներ, ապա կասեր՝ «Աղդամը Հայաստան է եւ վերջ»։ Ուստի, 800 հեկտար տարածքների կորստի համար այսօր իսկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կանգնեցրել են մեր բանակի առաջխաղացումը, իսկ հիմա էլ խոսում են այդ տարածքների մեզ համար հոգեբանական նշանակության մասին։ Թշնամու առաջիկա լկտի պահվածքի ու կրկին հարձակման համար հող է նախապատրաստված եւ նոր պատերազմի սանձազերծման ողջ պատասխանատվությունն ընկնում է բոլոր նրանց վրա, ովքեր համոզված են, որ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին։

Մեկնաբանություններ (5)

ԱՇՈՏ
այսօր ամբողջ աշխարհում հող գրավելը ընդունված չէ.. միայն ձեզ է թվում թե աղդամն ու մեկելմյուսը մերը կդառնան..էդպես որ լիներ էսօր իրաքի անունը ամերիկա կլիներ..
Վարդան Հայկազյան
Ով այս տեքստի տակ չի կարող ստորագրել, ուրեմն արդեն դավաճանել է Հայրենիքին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արցախի 1991թ. անկախության հանրաքվեն ստիպել են այն ժամանակվա ՀՀ իշխանությունները: Արցախի ապագայի/պատերազմի ճակատագիրը դեռ անորոշ էր, եւ ՀՀ այն ժամանակվա իշխանությունները չէին ցանկանում Արցախի պատերազմի հնարավոր ապագա պարտության պատասխանատվությունն իրենց վրա վերցնել: Դրա համար ստիպեցին, որ «ԼՂՀ իշխանություններ» առաջանան, որպեսզի ապագա հնարավոր պարտության պատասխանատվությունը, ժողովրդի լեզվով ասած, «քցեն» վերջիններիս վրա: Բայց հայ ժողովուրդը պատմական հաղթանակ տարավ ու ՀՀ այն ժամանակվա իշխանությունները (ռուսների հետ փոխհամաձայնեցված) 1995-ին անհասկանալի զինադադար կնքեցին, որովհետեւ չափից մեծ հաղթանակի դեպքում ԼՂՀ իշխանությունները կսկսեին թելադրել-ճնշել ՀՀ իշխանություններին ու տարածաշրջանում ռուսներից չկախված գործոն կառաջանար: Սա պիտի կանխվեր եւ 1997-ին (եւ ո՛չ 1998-ին) Ղարաբաղին դուրս մղեցին բանակցություններից ու սկսեցին ԼՂՀ տարածքը փոքրացնելուն միտված «հող՝ կարգավիճակի/խաղաղության դիմաց» գործընթացը, որը վերջնականապես տապալվեց 2016 թ. ապրիլյան 4-օրյա պատերազմով:
Վաչե
Նշված 800 հեկտար հողերը անպիտան հողեր չեն , ինչպես նշում է Ս․Սարգսյանը, դրանք անասելի թանկ հողեր են մի քանի պատճառով , նախ այդ հողերի վրա թափվել է մեր տասնյակ զավակների անմեղ արյունը, ապա այդ հողերի վրա են գտնվում հսկայական նյութական և աշխատանքային ռեսուրսներ կլանած պաշտպանական , ինժեներական կառույցներ, այդ հողեր հանձնումով փաստորեն բնակության համար ոչ պիտանի են դարձել բնակավայրեր և առանձին դիրքեր։ Եթե նման վիճակը պահպանվի, ուրեմն պետք է իրականացվեն նոր պաշտպանական կառույցներ , ևս հավելյալ տարածքներ պետք է օտարվեն որպես «չեզոք գոտի»։ Հավատացեք այս տողերը գրում է ռազմական գործից որոշ գաղափար ունեցող մարդ։ Ելքը մեկն՝ նշված հողերի վերադարձը հանդիսանում է անհետաձգելի խնդիր։ Թե ինչպես իրականացնել այդ առանց կորուստի , կարծում եմ համապատասխան կառույցները ի վիճակի են մշակելու և իրականացնելու։
Հովսեփ
Ընդհանրապես Սերժ Սարգսյանին կարելի է որակել որպեսզ մեծագույն մանիպուլյատոր: Նա մեր ազգի գլխին իսկական պատուհաս դարձավ: Իր իշխանության անցած 8 տարիների ընթացքում ինչով է նա հպարտանալու, ինչ է նա թողնելու սերունդներին որպես ժառանգություն... Հռետորական հարց է, բայց բոլորս ենք հասկանում, որ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանը հայտնվեց ծանրագույն իրավիճակում կյանքի բոլոր ոլորտներում: Հիմնավորապես չլուծվեց և որևէ հարց, այլ ընդհակառակը` եղած հիմնահարցերն էլ ավելի խորացան` սկսած ղարաբաղյան հարցից մինչև տնտեսական ու սոցիալական: Իսկ ամենացավալին այն է, որ նույնիսկ այսքան ձախողումներից հետո էլ, տվյալ անձը համառորեն շարունակում է վարել ջայլամի քաղաքականություն ու պնդել` իբր ամեն ինչ նորմալ է: Դրա ամենավառ ապացույցն էլ սահամանդրական, այսպես կոչված, բարեփոխումներն են, որոնց նպատակը միայն ՀՀԿ-ի մենիշխանությունն ապահովելն է: Իհարկե, ՀՀԿ-ն անընդհատ հայտարարում է, թե իբր աշխարհում իրավիճակը վատթարացել է, ինչն էլ ազդել է մեր երկրի վրա: Սակայն, պարոնայք, բա էլ ինչումն է կայանում պետական իշխանության դերը, եթե նման իրավիճակներում չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել ու չեզոքացնել բացասական ազդեցությունները երկրի վրա: Լավ ժամանակներում կառավարելը միշտ էլ հեշտ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter