HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռեցի կամավորականներին Վանաձորի մուտքի մոտ դիմավորեցին աղուհացով

Գայանե Սարգսյան

Մայիսի 22-ի երեկոյան Լոռու մարզի Շահումյան համայնքի հարևանությամբ գտնվող Վանաձորի մուտքի խորհրդանշանի մոտ լոռեցիներն աղուհացով դիմավորեցին Արցախից վերադարձող կամավորականների վերջին խմբին: Կամավորականներին դիմավորելու էին եկել զինակից ընկերները, հարազատներրը, նույնիսկ անծանոթներ:

Ապրիլյան պատերազմի թոհ ու բոհով անցած երկրապահների հետ հանդիպումը կայացավ միալար անձրևի ու զուռնա դհոլի հնչյունների տակ, ջերմ գրկախառնութուններով: Ապա եռագույնի ու երկրապահների ծածանվող դրոշների տակ պար բռնեցին դիմավորողներն ու առաջնագծից եկածները:

Ապրիլյան պատերազմին Լոռու մարզից 4 հերթափոխով առաջնագիծ է մեկնել շուրջ 260 կամավոր մարզի տարբեր տարածքներից: Լոռեցի կամավորականներից ոչ ոք, բարեբախտաբար, չի վիրավորվել, չեն գրանցվել նաև զոհեր:

Շահումյան համայնքից մեկնածներին ու ոչ միայն նրանց դիմավորելու համար համայնքապետ Էդիկ Մանուկյանը որոշել ու ողջ-առողջ տուն դարձած լոռեցիների համար հենց ճանապարհին մատաղի սեղան էր գցել:

 «Հաշվի առնելով այն փաստը, որ Շահումյան համայնքը տեղակայված է այն վայրում, որը հանդիսանում է  Լոռու մարզկենտրոնի դարպասը, պարտավորված զգացինք դիմավորել մեր երկրահներին»,- ասում է Է. Մանուկյանը:

Կամավորակններից մի քանիսը նաև ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներ են: 

«Քանի որ մեր երկիրը վտանգի տակ էր, մենք պետք է մեր սահմանները պաշտպանեինք, մեր զինվորների կողքին կանգնեինք, միակ ճամփան դա էր՝ գնալ ու պաշտպանել մեր երկիրը»,- ասում է 90-ականներին վիրավորված ազատամարտիկ Սասուն Ծատուրյանը:

Ազատամարտիկների մեծ մասն առաջնագծից պատմելու մի բան ունի. բայց նրանց բոլոր պատմությունները հայ զինվորի մասին են:

«Մենք շատ լավ զինվորներ ունենք, շատ լավ,  ես ուղղակի հպարտանում եմ մեր զինվորներով, նրանք ավելի լավն են, քան ինչ-որ մի ժամանակ մենք ենք եղել»,- հպարտորեն ընդգծում է Սասունը:

Կամավորականների մի մասն առաջնագիծ էր մեկնել ապրիլյան պատերազմի առաջին օրերին ու հրաժարվել վերադառնալ հետ, մինչև որ տունդարձի հրաման էր տրվել:

 «Հերթափոխը հերթափոխ, բայց հայկական բանակի սպան իրավունք չունի դիրքերը թողնի հետ գա»,-ասում է կոչումով կապիտան Աշոտ Սարդարյանը:

Սպիտակի ջոկի հրամանատար Սամվել Քյասինյանը Արցախյան ազատամարտի երկրորդ կարգի հաշմանդամ է: 90-ականներին 15-ամյա որդու հետ մարտական գործություններին մասնակցած ազատամարտիկին այս անգամ միանալու ցանկություն են հայտնել ոչ միայն որդիները, այլև կինը:

Կամավորականերից ոմանց որդիները ներկայումս ծառայում են հայոց բանակում: Տաշիրից Արցախ մեկնած Վահան Վարդանյանի որդին ժամկետային ծառայությունն անց է կացնում Ստեփանակերտի զորամասերից մեկում: Ապրիլի 17-ից Արցախի առաջնագծում գտնվող Վահանին միայն երեկ  է հաջողել մի քանի րոպեով տեսնել որդուն:

«Երեկ գիշերը մեր հրամանատարի շնորհիվ հանդիպեցի տղայիս ու իր ընկերերին, ընդամենը 10 րոպեով տեսա, բայց հոգեպես շատ բավարարված են,- ասում է զինվորի հայրն ու հավելում,- բոլոր զինվորներն էլ մեր տղաներն են»: 

 «Աստված չանի, եթե հանկարծ նորից պետք լինի, մեծ թվով ցուցակագրվածներ ունենք, ովքեր պատրաստակամ են ամեն պահի մեկնել առաջնագիծ»,- տուն դարձած լոռեցիների անունից վստահեցնում է Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter