HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծաղկաձորում երկու խաղատուն է փակվել. որքան հարկ է ստացվում այս ոլորտից

Հայաստանում այսօր լիցենզավորված է չորս խաղատուն։ Այս մասին, ի պատասխան «Հետքի» հարցմանը, թե քանի խաղատուն է գործում հանրապետությունում, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ավելի վաղ մեր հրապարակումներում անդրադարձել ենք, թե ինչ դեր են ունեցել խաղատները ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի վրա՝ նշելով, որ ծառայությունների ոլորտում գրանցված աճը «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտի շնորհիվ է գրանցվել։ Ենթաոլորտի աճն էլ իր հերթին պայմանավորված է խաղատների ու բուքմեյքերական գրասենյակների հաճախելիությունների աճով։

2015 թվականի տարեկան տվյալներով՝ ծառայությունների ոլորտը, 2014-ի համեմատ, 2,7%-ով աճել է, մասնավորապես «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտը՝ 68,1%-ով։

Այս տարվա հունվար-ապրիլին էլ, ամենաթարմ տվյալներով, ծառայությունների ոլորտը 9,3%- ով է աճել։ Դա շտապ հավաքագրմամբ ստացված տվյալ է, և դեռևս ներկայացված չէ, թե որ ենթաոլորտների հաշվին է աճ գրանցվել։ Սակայն հունվար-մարտի տեպերը հուշում են, որ «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտը այս անգամ էլ գլխավոր դերերում է։

Ինչևէ, դա ավելի պարզ կդառնա ամսվա վերջին։ Իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե որոնք են լիցենզավորված խաղատները և ինչ դեր ունեն ՀՀ խոշոր հարկատուների ցանկում։

Հիշեցնենք, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում 2013-ի տարեվերջից սկսած Հայաստանում խաղատների թիվը կրճատվեց։ Օրենքի նոր փոփոխությամբ արգելվեց Երևանում խաղատների գործունեությունը։ Համեմատության համար՝ 2013-ի վերջի դրությամբ Հայաստանում խաղատուն կազմակերպելու լիցենզիա ուներ 11 ընկերություն։

Այս տարի երկու խաղատուն փակվել է

Այսօր գործող խաղատներից 3-ը, ըստ ՖՆ-ի տրամադրած տվյալների, Կոտայքի մարզում են, ընդ որում՝ 2-ը Ծաղկաձորում և 1-ը՝ Աբովյանում։ 1-ն էլ Սյունիքի մարզում է՝ Մեղրի քաղաքում։

Դրանցից ամենախոշորը Երևան-Աբովյան մայրուղում գտնվող «Շանգրի Լա Երևան» խաղատունն է (անգլ.՝ Shangri La Yerevan): Խաղատներից մայրաքաղաքին ամենամոտը հենց սա է։ Այն պատկանում է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության՝ «Օնիրա Քլաբ»-ի հիմնադիրներն են Գագիկ Ծառուկյանը, նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն։ «Օնիրա Քլաբ»-ը շահագործում է նաև «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցը, «Փարավոն» համալիրը, որոնց հարևանությամբ էլ գտնվում է «Շանգրի Լա Երևան»-ը։ Հետևաբար, «Օնիրա Քլաբ»-ի վճարած հարկերի չափը պայմանավորված չէ միայն «Շանգրի Լա Երևան»-ի գործունեությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած 1000 խոշոր հարկատուների ցանկից, 2015 թվականին «Օնիրա Քլաբ»-ը ՀՀ պետբյուջե է վճարել ավելի քան 4,7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա տվյալներով՝ այն ՀՀ 20-րդ ամենախոշոր հարկատուն է։ Իսկ այս տավա առաջին եռամսյակում 19-րդ տեղում է:

Ըստ վճարած հարկերի ծավալի՝ խաղատներից երկրորդը Ծաղկաձորում գտնվող «Ռոյալ»-ն է, որը պատկանում է «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ-ին։ Պետռեգիստրում որպես ընկերության հիմնադիր և բաժնետեր նշվում է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Ռոյալ Ինտերթեյնմենտ Ինկ» ընկերությունը։ Խաղատունը գտնվում է «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցին կից։ Նախորդ տարի զբաղեցրել 314-րդ տեղը։ Վճարել է մոտ 369 մլն դրամ։

Հաջորդ հարկատոն «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն է, որին է պատկանում «Սենատոր» խաղատունը։ Այն ևս գործում է Ծաղկաձորում՝ «Գոլդեն Փելիս Հյուրանոց»-ին կից։ Որպես «Սենատոր Սպորտ»-ի հիմնադիր և բաժնետեր Պետռեգիսդտրում նշված է Գայանե Էլիզբեկյանը։ 2015-ի տվյալներով՝ ընկերութունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 691-րդն է՝ մոտ 150 մլն դրամով։

Այսօր լիցենզիա ունի նաև Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գտնվող խաղատունը, որը պատկանում է «Լիմոն Գեյմս» ՍՊԸ-ին։ Բայց խոշոր հարկատուների ցանկում այս ընկերության անունը չկա։ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ-ն համեմատաբար նոր ընկերություն է: Գրանցվել է 2014թ. գարնանը: Ընկերության բաժնետերեր են՝ Սերգեյ Խաչիկի Գասպարյանը՝ 50%, վերջինիս հասցեում գրանցված Մերի Սամվելի Խաչատրյանը՝ 25% և Կապանում գրանցված Պայծառ Սոկրատի Պետրոսյանը՝ 25%: 

Նախորդ տարի լիցենզիա են ունեցել ևս երկու խաղատուն, որոնք այժմ չեն գործում։ Դրանցից մեկը «Տեմպ Սէթ» ՍՊԸ-ին պատկանող «Փարիզյան» խաղատուն է։ 2015 թվականին պետբյուջե է վճարել 164 մլն դրամ։ Մյուս հարկատուն «Մանռու» ՍՊԸ-ն է, խաղատունը՝ «Վուլկան»։ Նախորդ տարի վճարել է 153 մլն դրամի հարկ։ Այս երկու խաղատներն էլ գործել են Ծաղկաձորում։ «Մանռու»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել շուրջ մեկ ամիս առաջ, իսկ «Տեմպ Սէթ»-ի լիցենզիան՝ շուրջ երկու ամիս առաջ։

«Լիմոն Գեյմս» ՍՊԸ-ն այս տարվա առաջին եռամսյակում ևս չի հայտնվել խոշոր հարկատուների ցանկում։

Այսպիսով, խաղատնային գործունեությունից պետբյուջե հոսող հարկերի մեծ ծավալով առաջին հայացքից աչքի է ընկնում միայն «Օնիրա Քլաբ»-ը, որի հարկերը, սակայն, միայն խաղատան գործունեությամբ չի որոշվում։ Ուստի՝ պարզ չէ, թե որքան հարկ է ստացվում այս ընկերությունից միայն խաղատան շահագործման արդյունքում։ Մնացած խաղատները շահագործող ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում բարձր հորիզոնականներ չեն զբաղեցնում և նրանց դերը խոշորների ցանկում շատ զգալի չէ։ Ու ստացվում է, որ ոլորտում տևական ժամանակ է՝ էական աճ է գրանցվում, բայց հարկերի նման աճ չկա։ 

Խաղատաները հնարավորինս գաղտնի են պահում տեղեկատվությունն այն մասին, թե որքան այցելուներ և եկամուտ են ունենում։ Մեզ, համենայնդեպս, չհաջողվեց նման տեղեկություններ ստանալ։

2015 թվականի սեպտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն ապահովել են խաղատները, որոնց այցելուների թիվն աճել է։ Նա շեշտել է՝ քանի որ խաղատները հարկվում են հաստատագրված վճարով, հետևաբար՝ հարկերի էական փոփոխություններ չեն նկատվում։

Որքանով են խաղատների վճարած հարկերը համապատասխանում իրենց իրական եկամուտներին ու օրենքին, պարզ չէ։ Բայց այն, որ ժամանցի այս կենտրոնները պարբերաբար օրենքի խախտումներ են թույլ տալիս, կարելի է պարզել նույնիսկ մի քանի պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում։ Օրինակ՝ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ-ն նախորդ տարի մեկ անգամ նախազգուշացվել և մեկ անգամ էլ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության անցակացրած ստուգումների արդյունքում։ Նախորդ տարի տուգանվել է նաև «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն։ Նշվածի վերաբերյալ հրամանները հրապարակված են Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։ Ոլորտի գլխավոր խաղացողի՝ «Օնիրա Քլաբ»-ի նկատմամբ ոչ տուգանք և ոչ էլ նախազգուշացում չի կիրառվել։ Դա, սակայն, չի կարող նշանակել, որ այս ընկերությանը պատկանող խաղատունը երբևէ օրենք չի խախտում։ Կամ, որ մնացած խաղատներում հայտնաբերված խախատումներով սահմանափակվում է խախտումների ցանկն այս ոլորտում։ Հարց է, թե որքանով են խիստ, հետևողական ստուգումներ անցկացվում խաղատներում և հայտնաբերվում խախտումները։

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել և շարունակում են ավելանալ բուքմեյքերական ընկերությունների գրասենյակները։ Դրանց ևս կանդրադառնանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter