HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի նախագահն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեն մայիսի 23-ին հյուրընկալել է Տնտեսական համա­գոր­ծակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկու­թյունների փոխանակման գլոբալ ֆորումի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Գլոբալ ֆորումին, ընդգծել է, որ այն միջազգային հարկային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն է տալիս. «Հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումը կարող է էականորեն նվազեցնել հարկերից խուսափելու ռիսկերը, ինչը շատ երկրների համար լուրջ մար­տահրավեր է»: Հ. Հովսեփյանը նշել է, որ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կոմիտեն որդեգրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններ կառուցելու մոտեցում. «Մեր գործելաոճը միտված է բիզնեսի գործերին անհարկի միջամտության և ավելորդ վարչարարության բացառմանը՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկ գործելաոճ:  Հարկային վարչարարությունը գործի է դրվում միայն տնտեսվարողներին ռիսկային խմբերում տարանջատելուց և ծանուցելուց հետո գործելաոճի փոփոխություն չարձանագրելու պարագայում»:

Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Մոնիկա Բհատիան ողջունել է ՊԵԿ-ի որդեգրած մոտեցումը և աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ֆորումին Հայաստանի ինտեգրման արագ ընթացքն ու միջազգային չափանիշներին տեղեկատվական բազայի համապատասխանեցումը կազմակերպելու գործընթացում: Համակարծիք լինելով ՊԵԿ նախագահի հետ երկրի տնտեսության զարգացման գործում հարկային ոլորտի թափանցիկության կարևորության հարցում՝ Մ. Բհատիան ընդգծել է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում երկրների միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի նշանակությունը:

125 անդամ երկիր ունեցող Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանը միանում է  հարկման նպատակով տեղե­կությունների ավտոմատ փոխանակման համակարգին, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափ­ելու ռիսկերը: Այս գլոբալ չափանիշից օգտվելու համար երկրները պարտավոր են անցնել փորձագիտական գնահատման փուլեր՝ միջազգային չափանիշի կիրառ­ման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների ու գործ­նական կիրառման ընթացակարգերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով: Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանի Հանրապետությունը կդառնա հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբի անդամ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրակա­նաց­նելու տեսանկյունից ձեռք բերելով ավելի թափանցիկ և վստահելի երկրի կարգավիճակ: Հ. Հովսեփյանը վստահեցրել է, որ կոմիտեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները Գլոբալ ֆորումին անդամակցությունը ժամանակին և պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter