Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ալավերդու քաղաքապետ. «Ակների ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման բոլոր ծախսերը կատարելու է «Հայջրմուղկոյուղին»»



Ալավերդու Ակներ գյուղական թաղամասի խմելու ջրի խնդիրը լուծելու համար Ալավերդի համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից 2008թ.-ին ծախսվել է 12,4 մլն., 2015թ.-ին ՝19,8 մլն. դրամ: Այսուհանդերձ ակներցիները խմելու ջուր չունեն: Ակների կանայք տարիներ շարունակ ամեն օր ջուր են կրում գյուղի «Դուզ» հանդամասի աղբյուրից  և «Վերին աղբյուրից»:  

Ալավերդու նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյան Ագարակի ջրագծից Ակներ գյուղական թաղամասի ջրամատակարարման համար 2015թ.-ի բյուջեի բնապահպանական սուբվեցիայից 24 ,4 մլն. դրամ է հատկացել՝ ջրագիծ կառուցելու, խորհրդային տարիների պոպակայանը և երկու ջրամբարները վերակառուցելու համար: Մրցույթով օբյեկտի շինարարությունը 19,8 մլն. դրամով իրականացնելու առաջարկությամբ՝ շահել է Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» շինարարական ՍՊԸ-ն: «Օբյեկտի շինարարությունը սկսել ենք 2015թ.-ի օգոստոսին, ավարտել ենք դեկտեմբերի վերջին»,- հայտնեց ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանը: Վերջինիս ասելով, թեև շինարարությունն 5 ամիս  է ավարտված է, սակայն  եղանակային վատ պայմանների պատճառով օբյեկտում դեռ մի երեք օրվա աշխատանքներ են մնում կատարելու: Բնապահպանական սուբվենցիայով այս ծախերը նախատեսելիս Ա. Վարոսյանը շրջանցել է գյուղի ջրամատակարարման մաշված ու քայքայված  ներքին ցանցի վերակառուցման կարևորությունը: «Մթոմ թե պոմպակայան  են կառուցել, ասում են էս տարի էլ ջրամատակարման ներքին ցանցի ծրագիր են անելու»,-հայտնեց Ակների թաղապետ Գառնիկ Ծատինյանը:

Գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը համայնքի բյուջեի տարեվերջյան հաշվետվությամբ հայտնել է, որ Ակներում ավարտվել է 2015թ.-ին համայնքի բյուջեի 19,8մլն. դրամով կառուցվող ջրագծի, պոմպակայանի, 300 և  10 խմ տարողություններով 2 ջրամբարների վերակառուցման շինարարությունը: Կարեն Փարեմուզյանը հաշվետվությամբ հույս  է հայտնել,  որ Ակների ջրի խնդիրը վերջնականապես լուծելու համար մոտ ժամանակներս գյուղում ջրամատակարարման ներքին ցանց կկառուցվի «Հայջրմուղկոյուղու» կողմից: Քաղաքապետի խոստումից անցել է 5 ամիս՝ Ակների ջրամատակարարման ներքին ցանց կառուցելու գործը տեղից չի շարժվել, իսկ 19,8 մլն.դրամ մսխած ջրագիծը, պոմպակայնն ու ջրամբարները ընկած են անտեր և անօգտագործելի: Ակների ջրամատակարարման նկատմամբ Ա. Վարոսյանի մոտեցումը եզակի չէ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետ աշխատելիս՝ 2008թ.-ին բյուջեի բնապահպանական ծրագրով, 12,4 մլն. դրամ  ներդրումով Ակների «Սառնաղբյուր» հանդամասում լեռնային աղբյուրներից սնվող ջրագիծ է կառուցել, նույնպես Ակների խմելու ջրի խնդիրը լուծելու համար:

«Էն ջուրը, որ 2008թ.-ին «Սառնաղբրի» հանդի բասեյնումը հավաքեցին` երկու տարի բարակ կաթեց»,- ասում են գյուղացիները:

Ակներցիները ազնիվ ու դյուրահավատ մարդիկ են:  Տեղական ու հանրապետական ընտրություններին իշխանությունները նրանց քվեները կորզում են  խմելու ջրի և գյուղի այլ խնդիրները լուծելու խոստումներով: Ընտրություններից հետո խոստումը մնում է խոստում, իսկ գյուղը կանգնում է հին տաշտակի առաջ՝ առանց խմելու ջրի:  «Երեք երեխա ունեմ, խմելու ջուր չունենք, էս խմելու ենք տանում: Ես արդեն 3 տարի է հարս եմ  Ակներում, միշտ էս  ծորակից եմ խմելու ջուր տարել»,-ասաց Աիդա Գալստյանը:

«Գյուղի ծայրին ինչ որ պոմպակայան են սարքել, ասում են Ագարակի ջրագծից ջուր են տալու գյուղին: Մենք ղայդին չենք ջուրը պահանջում քաղաքապետարանից: Էն, որ ասում են մինչև երեխան լաց չի լինում, մայրը  չի կերակրում, էդ մերն ա:  Մեզումեզ, հլենհե խոսում ենք: Ոնց ջուրը պահանջում ենք, էդպես էլ ստանում ենք»,- բացատրեց  Սվետա Պողոսյանը:

«Խմելու ջուր չունենք, բայց  ոռոգման ջուրը մեր թաղապետը եդ շաբաթը մի հետ տալիս է: Խմելու ջրից առայժմ ոչ մի բան չկա, մագիստրալը քաշել են, էլ ուրիշ ոչ մի բան չգիտենք»,-հայտնեց Սերոժ Շավինյանը:  Սերոժի ասելով Ակները  ամեն բանից էլ քյասիբ  է:

Ակներցի Մանյա Սուլմալյանն էլ պատմեց, «որ իրենց թաղամասի 6 տուն՝Մարուսանք, Գիքորանք , Անիկանք, Արմինեանք, Ալբոանք, մեկ էլ իրենք իրենց տները  օրինական ջուր ենք քաշել Ագարակի ջրագծից:  Մնացածները չունեն: Ակներում ոչ միայն ջուր չկա, ոչ մի բան չկա»,-ասաց Մանյան:  «Ես հասել եմ Ակների ջրամատակարարման էն փուլին, որ պոմպակայանից  մինչև ջրամբար ջրագիծը համարյա տեղ էր հասցված: Ինչքան գիտեմ մոտ 750 մետր ամբողջությամբ նոր պլաստմասե խողովակներ է դրվել: Մի երկու անգամ աշխատանքերի ընթացքում գնացել, նայել եմ: Ագարակի ջրագծից միացած է, երկու հատ ջրամբար կա, մի հատ 300 խ.մ., մյուսը՝ ինչքան գիտեմ 5 տոննանոց ընդունող ջրամբար է:

Մի պոմպը ջուրը մղում է փոքր ջրամբարի մեջ, այնտեղից ուղղում են վերև ՝դեպի ջրամբար: Իհարկե, բոլորս հասկանում ենք՝ դա անիմաստ էր սարքելը, եթե Ակները չունենա ջրամատակարարման ներքին ցանց: Մենք փորձարկել են պոմպակայանը: Ջուրը պոմպակայանից նորմալ բաշխվել է ու դրանով մենք մեր աշխատանքերը սահմանափակել ենք»,- բացատրեց  Կարեն Փարեմուզյանը:

Վերադառնալով ջրամատակարարման ներքին ցանցի կառուցմանը՝ Կ. Փարեմուզյանը հայտնեց, որ  10 օր առաջ  է հանդիպել «Հայջրմուղկոյուղու» սեփականատեր Պատրիկ Լորենի հետ և  եկել են պայմանավորվածության:  «Առայժմ նա իրեն խոստումը պահել է, մասնագետներ է ուղարկել, որպեսզի կատարեն ջրամատակարարման ներքին ցանցի կառաուցման հաշվարկներ»,-հայտնեց քաղաքապետը: Վերջինիս ասելով «Հայջրմուղկոյուղու» խոստումը գործ է դառնալու 2016թ.-ին՝ երբ Ակների 15 փողոցի և 160 տան ներքին ցանցի կառուցման նախահաշվային փաստաթղթերը պատրաստ կլինեն: «Ակների ջրամատակարարման ներքին ցանցի բոլոր ծախսերը  կատարելու է «Հայջրմուղկոյուղին»»,-հայտնեց քաղաքապետը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ