HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տնօրինությունից ասել են՝ հույսներդ կտրեք մեզնից»,- «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակից

Գայանե Սարգսյան

Մարտի 23-ին վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: Չնայած հորդառատ անձրևին` քիմպրոմցիները պատրաստակամ էին սպասել որքան անհրաժեշտ է, միայն թե կարողանան տեսնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Նրանց խոսքով` աշխատավարձերի պարտքի մարման հարցում իրենց միակ հույսը հենց նա է:

Վերջին՝ մարտի 30-ին անցկացված ցույցից հետո, 4 ամսվա աշխատավարձ չստացած քիմպրոմցիներին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասել էր, որ մի քանի օրվա ընթացքում կստանան երկու ամսվա, ևս կարճ ժամանակ անց՝ հաջորդ երկու ամիսների աշխատավարձերը: Աշխատակիցները, սակայն, այսօր դժգոհում էին, որ առաջին երկու ամիսների, այն է՝ 2015թ.-ի դեկտեմբերի ու այս տարվա հունվարի աշխատավարձերը ստացել են, սակայն փետրվար-մարտ ամիսներինն այդպես էլ չեն տրվել:

«Փետրվարից էս կողմ չենք վճարվում, մենք հասկանում ենք, հա, գործարանը չի աշխատում, բայց գործարանի անվտանգության աշխատակցի համար դա նշանակություն չունի, նա պետք է վարձատրվի: Հա ասում են` սպասեք: Եթե պետք չեն անվտանգության աշխատակիցներ, դա էլ կհասկանանք, թող ասեն, բոլորին ուղարկեն տուն, ինչ կլինի-կլինի էդ գործարանի հետ»,- նշեց անվտանգության աշխատակից Արթուր Ջաղացպանյանը:

Որպես հսկիչ-տեսուչ` Տոֆիկ Քանարյանը գիշերային հերթափոխից հետո անմիջապես ցույցի էր եկել:

«Սմենից եմ դուրս եկել, հլա իմ վրի ջրին նայեք, ջրի մեջ կորած եմ, սաղ գիշեր գործի եմ եղել,  հմի էլ եկել եմ ստեղ կանգնել, որ տենանք մեր աշխատավարձի հարցն ինչ ա ըլնում»,- բողոքեց նա:

Վերջինս նշեց, որ ապրում է վատառողջ կնոջ հետ ու երկուսի կեցության կարիքները հոգալու համար ստացած 38.000 դրամ թոշակը չի հերիքում:

«Թոշակի հույսին ենք, ուրիշ եկամուտ չունենք: Սա ոչ թե ապրում ենք, այլ դաժե յոլա էլ չենք գնում: Ուրիշ եկամուտ չկա, ռոճիկը գոնե որ տալիս էին, թոշակի հետ մի բան ըլնում էր: Հիմի կոմունալ վարձերը մուծում ենք, տակի մնացածով հազիվ հաց ենք կարում առնենք»:

Աշխատակիցները նշեցին, որ ի տարբերություն նախորդ ամիսների, երբ ամեն ամսվա սկզբին տվյալ ամսվա համար պայմանագիր էին կնքում, մայիսի համար պայմանագիր չեն կնքել:

«Պայմանագիր անցած ամիս՝ ապրիլի համար էինք ստորագրել: Էս ամիս դեռ չեն բերել: Ասին՝  եթե մեզ դուրս չեն արել, ուրեմն աշխատանքի մեջ ենք»,- նշեց աշխատակիցներից մեկը, մտավախություն հայտնելով, որ պայմանագրի բացակայության դեպքում կարող են և չվճարել աշխատած օրերի դիմաց:

«Եկել ենք խաբարի, մարզպետ ջան»,- այսպես դիմեցին ցուցարարները մոտեցող Արթուր  Նալբանդյանին:

«Փաստորեն վերջին երկու ամիսների աշխավարձը չեք ստացե՞լ»,- հետաքրքվեց մարզպետը:

«Ձեզ էլ են խաբել, որ ձեզ խաբում են, մեզ հա էլ կխաբեն ու կխաբեն»,- նկատեց աշխատողներից մեկը:

Մայիսի վերջին աշխատողների աշխատավարձի պարտքը կրկին կդառնա 4 ամսվա:

Թե որքան է կազմում քիմպրոմի ընդհանուր աշխատավարձի պարտքը, աշխատողները դժվարացան ասել, միայն փոխանցեցին, որ տնօրինությունից հայտնել են՝ հույսներդ կտրեք մեզնից:

Աշխատակիցների հարցերին պատասխանելու համար մարզպետը ժամանակ խնդրեց: «Գնամ ստիպված նորից զանգահարեմ նախարարին, տեսնեմ` ինչ կասի, ու նոր միայն ձեզ կկարողանամ պատասխանել»,- ասաց նա:

Որոշվեց, որ երկու օր անց՝ մայիսի 25-ի առավոտյան մի քանի աշխատակիցներ կհանդիպեն մարզպետին ու կտեղեկանան, թե ինչ է սպասվում աշխատավարձերի մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter