HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտակից սերունդ է եկել, որն ապացուցեց, որ երկիրը տեր ունի»

Հարցազրույց ջութակարուհի Նարինե Դելլալյանի հետ

Նարինեն մոտ 20 տարի է՝ բնակվում է Լիսաբոնում (Պորտուգալիա): Նա Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: Կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի դուստրն է, Հայրիկ Մուրադյանի որդու՝ թավջութակահար Լևոն Մուրադյանի կինը: Նարինեի քույրը դաշնակահարուհի Մարինե Դելլալյանն է, որդին ու դուստրը նույնպես երաժիշտներ են:

-Ինչո՞ւ ջութակ ընտրեցիք:

-Երբ դեռ շատ փոքր էի՝ 3-4 տարեկան, ջութակ լսելիս անչափ հուզվում էի։ Հիշում եմ ինձ, որ ժամերով, գերված երաժշտություն էի լսում, հատկապես ջութակի կատարմամբ, որ ինձ կախարդական հնչյուններ էր թվում։ Նաև վստահ եմ, հորս օրհնությունն էր մեր վրա: Երբ մենք ծնվել ենք, քույրս, հետո ես, հայրս դեռ չուներ երաժշտական կրթություն և միգուցե մեր միջոցով ցանկանում էր իրականացած տեսնել իր երազանքները: Մեր տանը տարբեր երաժշտական գործիքներ կային՝ դաշնամուր, ջութակ, կիթառ: Երբ քրոջս հիվանդանոցից տուն էին բերել, հայրս բարուրից հանել էր և նրա մատիկները դաշնամուրի ստեղներին դրել: Քույրս դաշնակահար դարձավ։ Իսկ երբ ես ծնվեցի (սա հենց այնպես պատմություն չէ, այստեղ, իսկապես, հեքիաթի պես բան կա), հայրս ձեռքիս ջութակ էր դրել: 

-Բայց ջութակի երաժշտության մեջ տխրությունը շատ է: Նույնիսկ հետաքրքիր պատմություններ կան այդ մասին:

-Ջութակը ամեն ինչի մասին է, ինչո՞ւ միայն տխրություն։ Կյանքը լի է ամենատարբեր զգացմունքներով: Ջութակն իմ արտահայտվելու ձևն է: Իսկ կարևորը երաժշտության միջոցով մարդկանց մեջ վեհ զգացմունքներ առաջացնելն է։ Մարդկանց վերափոխված դեմքերը տեսնել ամենամեծ գնահատանքն է ինձ համար, երբ համերգից հետո օրվա, ժամանակի թելադրած մտահոգությունների բեռան տակ լծված մարդը երաժշտության հետ շփվելուց վերափոխվում, մաքրվում, հանդարտվում է, գեղեցկանում: Այդ պահին ես ինձ երջանիկ եմ զգում... դա ամենաբարձր գնահատանքն է ինձ համար:

-20 տարուց ավելի է՝ փաստացի բնակվում եք Պորտուգալիայում, ինչո՞ւ գնացիք:

-Այո, բայց երբեք ինձ երկրից դուրս եկած չեմ զգացել։ Ես անխախտելիորեն կապված եմ հայրենիքիս ու հրաշալի գիտեմ որն է իմը, հարազատը։ Վստահ եմ, աշխարհագրական տեղով չի որոշվում կամ բնութագրվում մարդը: 

Մենք աշխատանքային հրավեր ստացանք այնտեղից (մեղմ ժպտում է, ապա շարունակում-հեղ.): Երբևիցե մտքովս չի անցել այլ տեղ բնակվել։ Բայց երևի ի վերուստ ամեն մարդ ունի իր համար նախատեսված ուղին, անցնելու ճանապարհը։ Ուստի ամեն ինչում փորձում եմ գտնել լավագույնը ու նաև պատճառը, թե ինչու ես։ Միգուցե իմ անելիքները նաև այս ափերով պետք է անցնեին։

Մոտ երկու տարի է, «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն ենք ստեղծել (Նարինեն ՀԿ-ի նախագահն է- հեղ.): Ես չեմ կարող չմասնակցել երկրիս կյանքին։ Անցյալ տարի օրինակ, մի մեծ ծրագիր իրականացրեցինք՝ ի պատիվ ինձ «Կարին» երգ ու պարի ազգագրական համույթի հետ։ Մի քանի մարզերով անցանք ու տեղի երեխաների համար ազգագրական երգ ու պարի դասընթացներ անցկացրեցինք։ Երջանկություն է երեխաների աչքերը փայլով լցված տեսնելը։

Այս անգամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպեցինք Հայրիկ Մուրադյանի նոր՝ «Մոկաց Սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այն նվիրված է Հայրիկի 111-րդ ամյակին: Հրաշալի աշխատանքային խումբ կազմեցինք հանձինս Թոմ Մարտիրոսյանի (TM production), բարձրակարգ նկարիչ Հայկ Սայադյանի հետ, ով իր չքնաղ ու երգերին համահունչ աշխատանքով նկարազարդեց ձայնասկավառակը։ Ռուբեն Օսիպովը, ով կարողացավ հրաշալի հնչողություն տալ արխիվային ձայնագրություններին։ Ամեն անգամ մի տաղանդավոր մարդու գտնելն ինձ համար մարգարիտ գնելու է նմանվում և այդ մարգարիտով շարանը ավելացնելուն։ Երբ տաղանդավոր մարդիկ համախմբվում են, մի բռունցք են կազմում, այդ ժամանակ գործն էլ անկոտրուն է լինում։ Ի դեպ, ձայնասկավառակի հովանավորը Հայրիկի որդին է՝ Լևոն Մուրադյանը։

Հրաշալի երեկո էր։ Հուրախություն ինձ՝ բարձրակարգ ունկնդիր էր հավաքվել, բաղկացած ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանցով, իսկ դա նշանակում է, որ ազգագրական մշակույթը կարևոր է դարձել շատերի համար։ Մասնակցող խմբերն էլ ՝ «Ակունքը», «Շողակնը», «Վանը», «Կարինը», բոլորը հարազատ են, որտեղ հարազատության առանցքը եղել է Հայրիկը, նրա բերած երգը:

Նա հիմա չկա, բայց նրա ժառանգությունն ապրեցնում է: Երգը շատ բան է փոխում մարդու մեջ: Երգը անմեղ բան չէ: Ընդհանրապես մշակույթն ամբողջությամբ անհավատալի ուժ ունի վերափոխելու մարդուն: Ուրեմն, լավագույնը, մաքուրը մատուցելը անում է իր բարի գործը։ Այսօրվա մեր երիտասարդները (առաջնագծի զինվորների մասին է խոսքը-հեղ. ), որ բոլորիս բերանները բաց թողեցին, զարմացրեցին, հիացանք, հենց այնպես, երկնքից չընկան: Այդ ամենը տարիների ընթացքում անհատների կողմից այդ տեսակի ձևավորման համար արված աշխատանքի արդյունքն է։ Երբ 400 երիտասարդ ու մանուկ հայկական պար են պարում բեմում, դա անարդյունք չի մնում։ Նրանք մշակույթի կրողներ, երկրի քաղաքացի են դառնում։ Հայրենիք, ազգ, դրանք զուտ բառեր չեն նրանց համար, գիտակից սերունդ է եկել, որն ապացուցեց, որ երկիրը տեր ունի:

-Հայրիկ Մուրադյանը մեկ տարի բնակվել է Լիսաբոնում Ձեր տանը: Հիշողություններ, հուշեր կունենաք նրա մասին: Կպատմե՞ք, խնդրեմ, դրանցից մեկ-երկուսը:

-Հայրիկը 90 տարեկանում գիրք էր գրում, իր հուշերը։ Երբ ավարտեց, ասաց՝ վերջ, զավակներս (նա միշտ այդպես էր դիմում բոլորին ՝ զավակներս), կյանքիս բոլոր նպատակներն իրակացրեցի, այլևս բան չունեմ անելու: Բայց նման մարդը անգործ չէր կարող նստել։ Հաջորդ օրն ասաց՝ անգլերեն եմ ուզում սովորել, ասաց, գրքեր կբերեք, որ սկսեմ: Եվ իսկապես, ամեն օր մի քանի ժամ հատկացնում էր լեզվի ուսումնասիրմանը։

-Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից եք: Ի՞նչ դժվարություններ ունեցաք այնտեղ:

-Որևէ տեղ հեշտ չէ կայանալը: Երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ հենց այնպես ոչինչ չի տրվել: Ճիշտ է, մենք աշխատանքային հրավերով գնացինք, Լևոնի նման բարձրակարգ երաժշտին անմիջապես հրավիրեցին։ Բայց դրանից հետո գալիս է պահը, որ տեղացի գործընկերը խեթ է նայում է քեզ, քանի որ իր ընկերն իր երկրում աշխատանք չունի։ Ու սկսվում է որպես մասնագետի հաստատման երկար ընթացքը։

-Համառություն է պետք, այո՞:

-Իհարկե, թույլ մարդը չի կարող դիմանալ կամ էլ միշտ կմնա վերջին շարքերում:

Ամեն տարի «Դելլալյան տրիո»-ն համերգներ է ունենում Պորտուգալիայում: Պարտադիր, մտածված, ընդգրկում ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նախկինում հարցեր շատ էին տալիս, իսկ հիմա այնքան բան գիտեն Հայաստանի մասին: Մեր ներկայությունը այստեղ ուղղակիորեն կամ անուղղակի ձևով իր ազդեցությունն է թողել մեր մշակույթի ճանաչման հարցում։ Տարիներ առաջ անգամ չգիտեին Գյուլբենկյանը հայ է, հրեա է, թուրք է...

-Մի ընտանիքում 4 երաժիշտ կա: Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է: Օրինակ, փորձերն ինչպե՞ս եք կազմակերպում տանը, հարևանները չեն բողոքո՞ւմ:

-Մի մեծահասակ հարևան ունենք, ով սկսեց բողոքել, որ խանգարում ենք իրեն, իսկ մյուս հարևանները գիտակցում են, որ մեր առօրյայում պարապելն անխուսափելի է։ Հարևաններով ժողով արեցինք և մեզ առաջարկեցին օգտագործել շենքի ընդհանուր դահլիճը, որը նախատեսնված է ժողովների, ընտանեկան միջոցառումներ անցկացնելու համար (ժպտում ենք, քիչ անց Նարինեն ավելացնում է-հեղ.): Իմ երեխաներն արդեն երաժիշտների 4-րդ սերունդն են, նրանք շարունակում են նախորդ սերնդի կոչումը։ Մեր պատմությունը միշտ կտրտվել է և 4-րդ սերունդ, դա արդեն լավ է, ու ես հպարտ եմ դրանով:

-Առհասարակ ինչո՞վ եք հպարտանում:

-Իմ գեներով եմ հպարտանում, իմ ազգությամբ, մեր զուլալ զավակներով, այն տեսակով, որ անհրաժեշտ պահին հրավերի չի սպասում իր երկիրը վտանգից պաշտպանելու համար ու ոտքի է կանգնում: Մեր գենը շատ ուժեղ ու տաղանդավոր է։ Մի քիչ էլ առողջ ուժերի համախմբվածություն՝ ու շատ ավելի հզոր կլինենք:

-Մեր զրույցի սկզբում ասացիք՝ հաճախ եք գալիս Հայաստան, մշակութային ծրագրեր եք իրականացնում այստեղ: Ի՞նչ բացթողումներ եք տեսնում մեր երկրում:

-Առաջին հերթին չեմ ուզում ներկայանալ որպես դրսից եկած մարդ, ով եկել է խելք սովորեցնի։ Ես մասնիկն եմ իմ ժողովրդի և որտեղից էլ խոսեի, նույն բանը կասեի։ Մեզ հետևողական լինելն է պակասում ու չլինելուց վնասվում։ Շատ ենք հավատում, դա մեր օգտին չէ։ Հանկարծ սկսեցինք խոսել, որ ապրիլի 2-ից չորսօրյա պատերազմ էր: Իրականում իրավիճակն էր սրվել, իսկ այս ամբողջ տարիներին, երկար ժամանակ ենք ունեցել հետևություններ անելու: Կան կոնկրետ մարդիկ, կոնկրետ դիրքեր, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար և ընդհանրապես, բոլորս ենք պատասխանատու, ամեն մեկն իր տեղում, բացթողումների տեղ չունենք այլևս:

-Կա՞ մի բան, որ ուղենշային է Ձեզ համար, խորհուրդներ, որոնք ստացել եք Հարություն Դելլալյանից, Հայրիկ Մուրադյանից:

-Իրենց ներկայությամբ, իրենց կողքին ապրելու, ամենօրյա խոսակցությունների մեջ էին ձևավորվում պատգամները, ապրելաձևով, իրենց մտածելակերպով էր փոխանցվում։ Հայրիկ Մուրադյանն այդկերպ սերունդներ է կերտել, ազգային զարթոնքների խթան է եղել և մարդիկ փնտրում էին իրեն, իր խոսքը լսելու, խոսքով կողմնորոշվելու համար։ Իր ներկայությունն այնքան մեծ էր: Հիմա երբ նայում եմ Լևոնին, 15 տարի է՝ Հայրիկը չկա, աչքիս առաջ, ոնց որ Հայրիկ Մուրադյանի կերպարը լինի: Այսինքն՝ մենք, ուզենք թե չուզենք, ընտանիքի մտածողության, ավանդութների կրողներն ենք: Իմ զավակներին նայելով՝ տեսնում եմ, որ իրենք էլ մեր տեսակն են, թեև ապրում են Հայաստանից դուրս: Ընտանիքի գործոնն է, որ չի փոխել նրանց:

-Եթե երաժիշտ չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Ես մարդուն եմ սիրում, ամեն մարդ մի ամբողջ աշխարհ է ինձ համար։ Այն ամենն ինչ մարդու մասին է, մարդու շուրջն է ՝ իմ սրտով է: Ու հանուն մարդու, այն ժամանակը, որ տրվում է մեզ, օգտագործել, գիտակցելով, որ երբևիցե այլևս չի կրկնվելու… Իսկ երաժշտությունը բարձրագույն լեզուն է, որին երբեմն անգամ մեր գիտակցությունը չի կարողանում հասնել, բայց բռնում է մեր ձեռքից ու տանում վեր։ Ուրեմն, երաժշտության միջոցով հանուն Մարդու...

Լուսանկարները՝ Ն. Դելլալյանի արխիվից

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա Աստվածատրյան
Նարինեն լավ երաժիշտ է, գիտակից։ Նրա խոսքը հասուն է, ընկալումը ճշգրիտ, հետևապես` կգնահատեի լավագույնս, նաև որպես խորհրդատու։ Վարվելաձևը` կիրթ է, հոգին ազատ ու անկաշկանդ։ Ժամանակն անտեղի չի ծախսում ու միշտ էլ նորն ու գեղեցիկն է արագ ընկալում, ցուցադրում` ներմուծելով հետաքրքիր գաղափարներ։ Հեշտ է նրա հետ աշխատելը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter