HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշոտը գործիքներ է «հորինում», որ կնոջ աշխատանքը թեթևացնի

Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի 55-ամյա բնակիչ Աշոտ Եղոյանը  գյուղում հայտնի է որպես «գյուտարար»: Նա պատրաստում է գյուղատնտեսական գործիքներ, որով հեշտացնում է ոչ միայն կնոջ, այլև հարևանների գործը:

Այցելության պահին տան փոքր դարպասը կողպեքով փակ էր: Մեզ ուկեկցողը գիտեր, որ Աշոտը չի կարող տնից բացակայել, ուստի զարմանալի էր, որ դուռը փակ է: Բակից լսվեց Աշոտի խուլ ձայնը. «Կողպեքը քաշեք՝ կբացվի»:

Աշոտը տանը մենակ էր: Առավոտյան ժամը 6-ին նրա կինը՝ Անահիտը, հարևան գյուղի կանանց հետ գնացել էր սար՝ բանջար հավաքելու և դուռը կողպել էր Աշոտի վրա: Ներսում՝ սեղանի վրա, սնունդի համար նախատեսված փոքր արկղիկ էր դրված, որի մեջ Աշոտի ուտելիքն էր հերթականությամբ շարված: Կանայք սար են գնում բեռնատարով, քանի որ ոտքով և փոքր մարդատար ավտոմեքենաներով հնարավոր չէ հասնել: Տիկին Անահիտը տուն էր վերադառնալու երեկոյան:

Աշոտը դրսում նստած էր, ընդունում էր գարնան արևի ջերմությունը: Նա իր պատմությունը սկսեց կյանքի ամենադժվար փուլից: Ասում է՝ այժմ ավելի հանգիստ է խոսում այդ մասին: 10 տարի առաջ՝ 2006թ. գյուղում ջրագիծ են անցկացրել, ինքն էլ աշխատել է որպես վարորդ և պահակ: Ծննդյան օրը՝ հուլիսի 29-ին, սովորականի նման գնացել է աշխատանքի: Բարձրացրել է դիզվառելիքի ծանր տարա և քիչ անց ստամոքսի հատվածում ուժեղ ցավեր է զգացել: Մի կերպ նստել է իր ավտոմեքենան ու եկել տուն: Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց: Աշոտը պատմում է, որ այդ ժամանակ անմիջապես զգացել է, թե ինչպես են ոտքերը թուլանում: Բժիշկը զննելուց հետո ասել է, որ Աշոտի մոտ ոչ ինսուլտ է, ոչ սրտի կաթված: Նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը ու, չկարողանալով ախտորոշել, հիվանդության բուն պատճառը այնտեղ սկսել են բուժել ինսուլտի դեմ:

«Բայց ինձ մոտ ինսուլտ չի եղել: Ողնաշարիս ողերը խախտվել են, ու ներվը դրանից թուլացել: Սկսեցին բուժել այլ հիվանդության դեմ ու արդյունքը եղավ այն, որ մնացի սայլակի վրա»,-ասում է Աշոտ Եղոյանը և հայացքն իջեցնում ոտքերին:

Աշոտը պատմում է, որ սկզբում շատ դժվար է եղել իր համար, բազմաթիվ անգամներ փորձել է նույնիսկ ինքնասպան լինել: «Չէի հարմարվում այս կյանքին: Հետո կամաց-կամաց հարմարվեցի ու պարապ ժամանակ սկսեցի ինչ-որ բան մտածել, սարքել, որպեսզի օրս կարողանամ անցկացնել: Խորհուրդս այն է, որ բոլորն էլ համակերպվեն իրենց հաշմանդամության հետ: Կյանքը դա է, ճակատագիր է, ոչինչ չես կարող փոխել: Պետք է հարմարվեն, մի զբաղմունք գտնեն ու շարունակեն ապրել: Իսկ մտքով պետք է միշտ դրականի մասին մտածեն, միշտ պետք է ինչ-որ բան ստեղծեն, արարեն: Այդպես ավելի հեշտ է ապրելը»,-ասում է Աշոտ Եղոյանը և անցում կատարում իր առօրյային:

Գյուղատնտեսական գործիքներ՝ կնոջ համար

Աշոտն ազատ ժամանակ շատ ունի և այդ ժամանակն օգտագործում է հիմնականում գյուղատնտեսական գործիքներ պատրաստելու համար, որոնց հիմքը հեծանիվի կմախքն է: Իսկ տրամադրությունից կախված՝ մանրացրած ապակիներով պատրաստում է նաև եկեղեցական պատկերներ, որոնք զարդարում են տուն հիշեցնող վագոն տնակի անշուք պատերը: Իսկ թե ինչու հենց եկեղեցական պատկերներ, Աշոտը հետևյալ պատասխանն է տալիս. «Չեմ կարող բացատրել, ակամայից է այդպես ստացվում: Հավատացյալ չեմ, բայց միշտ եկեղեցի է աչքիս առաջ գալիս»:

Նա գործիքների սիրահար է, ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Իր պատրաստած գործիքով այժմ կինը հեշտությամբ ակոս (երկար գծաձև փոս հողի վերին շերտում,-հեղ.)  է հանում, դրա համար պատրաստել է նաև փոքր խոփ: Նույն գործիքի վրա, փոխելով դետալը, մարգերի խոտն է մաքրում: Աշոտի պատրաստած գործիքը պետք է 4-5 գործողություն կատարի: Ամբողջությամբ չի ավարտել, դեռ պետք է դետալներ ավելանան: Բայց այս պահին միայն ակոս է հանում և խոտերը մաքրում: Մտածում է նաև հողը փորող շարժիչով գործիք ստեղծելու մասին: Աշոտի պատրաստած գործիքներով հող են մշակում նաև հարևանները: Նրանք հերթով գալիս տանում են, օգտագործում և խնամքով հետ բերում: Այդ օրն էլ խոտ մաքրող գործիքը հարևանի կինն էր օգտագործում:

Աշոտը գործիքների «մոդելները» տեսել է համացանցում: Ասում է, որ դրանցից ընտրել է  պարզ, բայց պրակտիկ տարբերակը: Ուսումնասիրում է, թե Հայաստանի սահմաններից դուրս մարդիկ ինչ հարմարություններ են ստեղծել իրենց համար, դրանք տեղայնացնում է և առաջարկում կնոջը, ում մասին խորին հարգանքով է խոսում:

«Այդ գործիքները սարքել եմ, որպեսզի կնոջս գործը մի քիչ թեթևանա: Դե ինքն է զբաղվում հողի մշակությամբ: Կինս շատ տանջված է: 10 տարի է` ես սայլակի վրա եմ, ամբողջ տան հոգսն իր վրա է մնացել: Երեխաներս փոքր էին, որ հաշմանդամ դարձա, ինքն է մեծացրել»,-ժպիտով ասում է Աշոտը և հավելում, որ իր համար հեշտ չէ նման գործիքներ պատրաստելը, քանի որ նստած է աշխատում: Օրինակ՝ մեկ ժամվա գործը կարող է անել 2 օրում, սակայն դրանից չի տրտնջում և հաճույքով աշխատում է, որովհետև կինն է ուրախանում:

«Սայլակին նստած սվարկա եմ անում, բալգարկա եմ օգտագործում, ամեն ինչ անում եմ»,-հպարտանում է նա:

Նա ցույց է տալիս բակի ցանկապատի կողքին կանգնած ավտոմեքենայի կցասայլը: Պատմում է, որ կցասայլը պատրաստել են որդիները, երբ դեռ դպրոցահասակ են եղել: Այժմ գնորդներ են հայտնվում, ցանկանում են գնել, սակայն չի կարողանում վաճառել. «Իմ երեխեքն են սարքել, ձեռքս չի գնում՝ վաճառեմ»:

Աշոտը նշում է, որ հաշմանդամությունն իր համար միայն ֆիզիկական դժվարություն է: Մտքով ճկուն է, առողջ բանականության տեր և ոչ մի հարցում չի զիջում առողջ մարդկանց: Չի սիրում, որ շահարկվում է իր կարգավիճակը: Ասում է, որ մյուսների նման մարդ է, պարզապես չի քայլում:

Պատմեց, որ այս պահին երեխաներն իրենց կողքին չեն, կնոջ հետ է մնացել: Ընտանիքն ապրում է թոշակով ու նպաստով: Ըստ Աշոտի՝ 35 հազար դրամ իր հաշմանդամության թոշակն է և 15 հազար դրամ նպաստը: Այս ամիսների եկամուտն էլ կնոջ բերած բանջարն է, որը չորացնում են ձմռան համար, նվիրում հարևաններին և մեկ-մեկ էլ վաճառում են, սակայն դրանով օրվա հացի հարց է լուծվում: Բայց «բանջարի գործը» ամենօրյա չէ: Եկամուտ են ստանում նաև փոքր հողամասից, որտեղ վաճառքի ապրանք չունեն:

Տնակ՝ տնակի հետևից

Աշոտը պատմեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո ընտանիքն ապրել է «սովխոզի գրասենյակում»: Այնուհետև մեկնել են Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաք, որտեղ 3 սենյականոց սեփական տուն են ունեցել: Հայաստան են վերադարձել դստեր առողջականի պատճառով: Բժիշկները խորհուրդ են տվել աղջկան օդափոխել, և ծնողները եկել են Հայաստան:  Վերադառնալով՝ բնակվել են վարձով: Սակայն, երբ Աշոտը հիվանդացել է, նրանց դուրս են հրավիրել վարձով տնից: Հողամասում սեփական տան հիմք են գցել, սակայն դրանից ավել չեն կարողացել շարունակել:

Ռուսաստանի տունը վաճառել են, որպեսզի Աշոտի հիվանդանոցի ծախսերը հոգան, իսկ ընտանիքը հայտնվել է հողամասում դրված փոքր ցածրահարկ վագոն-տնակում: Գնալու այլ տեղ չունեին:

Այժմ անշուք տնակի և տան հիմնի կողքին դրված է ևս մեկ տնակ, սակայն մի քիչ մեծ ու ավելի բարձր: Վերջին վագոն-տնակը գնել են Հաբիթաթ կազմակերպության կամավորները: Այցելելով Աշոտին և տեսնելով ինչ պայմաններում է ապրում նրա ընտանիքը՝ կամավորները որոշել են իրենց ուժերով գումար հավաքել և ավելի մեծ տնակ գնել: Դա էլ այսօր դարձել է նրանց տունը:

Ավարտական «վինետկա», որտեղ Աշոտի որդին զինվորական հագուստով է

Աշոտն ունի 5 երեխա: Աղջիկներն ամուսնացել են, իսկ երկու որդիները Ռուսաստանում են, փորձում են աշխատանք գտնել: Փոքր որդին զինծառայող է՝ առաջնագծում է ծառայում:

Երբ Ռուսաստանից եկել են Հայաստան, փոքր որդին՝ Արծրունը դպրոցից հետ է ընկել և 10 տարեկանում նոր հաճախել է դպրոց: Դպրոցական է եղել, երբ լրացել է նրա բանակային տարիքը: Մեկ տարի հետաձգվել է, չի գնացել բանակ: Ծնողները ցանկացել են, որ նա ավարտի դպրոցը: Սակայն տղան դեմ է եղել և որոշել է դպրոցից դուրս գալ և գնալ բանակ: Արծրունն արդեն մեկ տարվա զինծառայող է:

Որպեսզի ընկերներից չառանձնանա, իր բանակային լուսանկարն ուղարկել է նրանց և իր դպրոցական ավարտական «վինետկան» պատրաստվել է հենց այդ լուսանկարով:

Տանիք է ուզում՝ երեխաներից հեռու չապրելու համար

«Իմ առաջնահերթ խնդիրն իմ առողջությունն է, որ ոտքի կանգնեմ, ուրիշ ոչինչ պետք չի, ես ինքս կստեղծեմ: Բայց քանի որ ես այս վիճակին եմ, հույս չկա, կցանկանայի մի բարի մարդ հայտնվեր, թեկուզ մի փոքր տուն սարքեր, որ իմ երեխաները մնային իմ կողքին, չգնան արտերկիր, դառնան թափառական: Եթե բոլորը գնան, ո՞վ է պահելու մեր երկիրը: Տանք թուրքերի՞ն»,-ասում է Աշոտը և հավելում, որ պետության վրա հույս չի դնում ու չի էլ դիմում պետական այրերին:

Աշոտի խոսքերով՝ արդեն 10 տարի գամված է սայլակին, սակայն որևէ մեկը չի հետաքրքրվել՝ ողջ է, թե մեռած: Նրա հույսը սովորական մարդիկ են, ովքեր անտարբեր չեն գտնվի և հնարավորության սահմաններում կաջակցեն, որպեսզի ունենա իր տունը, որտեղ կամուսնացնի որդիներին, իսկ ինքը կապրի նույն տանիքի տակ, բայց թոռների հետ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter