HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոտնձգություններ Ջավախքում՝ սեփականության իրավունքի նկատմամբ

Ջավախքցի Լիանա Սնխչյանը Նինոծմինդա քաղաքի Թավիսուփլոբա 7, բնակարան 45 հասցեում է հաշվառված: Այդ բնակարանն էլ իր սեփականությունն է, որի վերաբերյալ սեփականության վկայականն այսօր էլ Լիանայի ձեռքում է:

Վերջին տարիներին Լիանան իր որդու հետ բնակվում է Երևանում: Բնակարանը նա հանձնել է վարձակալության, հետո՝ հարևանների հսկողությանը:

Այդ բնակարանը դեռևս 1996-ին ձեռք են բերել քաղաքացի Թադևոս Ղազարյանից: Բնակարանը հաշվառման է վերցվել Նինոծմինդայի հաշվառման բյուրոյի կողմից 1996-ին, հատկացվել է տեխնիկական անձնագիր: Համապատասխան փաստաթուղթը պահպանվել է Վրաստանի ազգային արխիվում: Լիանան նաև առք ու վաճառքի պայմանագիր ունի: 

2007թ. թիվ 525 հրամանով բնակելի տները ենթակա են (սակայն ոչ պարտադիր)  վերագրանցման հանրային ռեեստրում (կադաստր): 

Լիանա Սնխչյանի ամուսնու մահից հետո, երբ վերջինս Նինոծմինդայի իրենց ունեցած գույքը որոշել է վերագրանցել իր որդու անվամբ, վերագրանցման գործընթացի ժամանակ պարզվել է, որ Լիանա Սնխչյանի տունն արդեն 2014թ.-ին մեկ այլ անձի անվամբ է գրանցվել: «Իմ տունը Նինոծմինդայի բնակիչ Թադևոս Ղազարյանը կեղծ փաստաթղթերով նախ գրանցել է իր անունով, իսկ հետո էլ վերավաճառել է: Հետևաբար, ես իմ կամքից անկախ ընկա իրավական քաշքշուկի մեջ»,- պատմում է Լիանան:

Այդ փաստաթուղթը Թադևոս Ղազարյանին 2014թ. փետրվարին տրվել է Նինոծմինդայի տեղական կառավարման գործադիր մարմնի (գամգեուբա) կողմից: Ստորագրել է Գ.Բդոյանի կողմից, ով այժմ չի աշխատում:

Իր իրավունքները վերականգնելու համար Լիանա Սնխչյանը դիմել է դատախազություն, շրջանային վարչություն, սակայն, այդ կառույցներից որևէ արդյունք չստանալով, ի վերջո դիմել է դատարան: Լիանան պահանջել է անվավեր ճանաչել գամգեոբայի տրամադրած այն փաստաթուղթը, որի հիման վրա Թադևոս Ղազարյանը կարողացել էր իր անվամբ գրանցել տունը, ինչպես նաև տեղական կառավարման գործադիր մարմնին (գամգեուբա) պարտադրել վերականգնել իր տան նկատմամբ սեփականության իրավունքը:

Ախալքալաքի շրջանային դատարանը, դատավոր Արարատ Եսայանի նախագահությամբ, մերժել է Լիանա Սնխչյանի հայցը: Լիանան բողոքարկել է մերժումը վերադաս ատյանում: Վրաստանի վերաքննիչ դատարանը մայիսի 9-ին բավարարել է հայցը մասնակի՝ անվավեր ճանաչելով քաղաքապետարանի փաստաթուղթը, սակայն սեփականության իրավունքը վերականգնելու մասով նշել է, որ դա դատարանի լիազորությունների շրջանակներում չէ:

«Դատախազությունը հրաժարվում է իրականացնել քրեական նախաքննություն, իսկ շրջանային վարչությունը հրաժարվում է հաստատել իմ իրավունքները իմ բնակարանի նկատմամբ: Իմ մոտ հարց է առաջանում՝ Վրաստանը, որպես պետություն, որը որդեգրել է զարգացման եվրոպական համամարդկային արժեքներ, արդյոք պաշտպանո՞ւմ է անձի սեփականության իրավունքները»,- ասում է Լիանան:

Լիանան նշում է, որ իրենց բնակարանի պատմությունը միակը չէ: Նինոծմինդայի շրջանում այլ անձանց ևս փորձ են արել զրկել իրենց բնակարաններից: Նույնիսկ քրեական պատասխանատվությամբ են ավարտվել այդ գործերից որոշները:

«Հարևանները դատարանում վկայություն են տվել, որ այդ տունը մերն է: Մեր շենքի բնակիչները մեր բացակայությունից հետո օգտվել են այդ բնակարանից, մեկը՝ խնջույք է արել, մեր ծանոթներից մեկին ենք տվել, որ ապրեր,- պատմում է Լիանան: -Մենք այդ տունը սկզբունքորոն չենք ուզեցել վաճառել: Վրացիներ են եկել, 25 հազար դոլար են առաջարկել, բայց չենք վաճառել: Ինչու պիտի մեր տունը վաճառեինք, այն էլ՝ վրացուն»:

Լիանան սպասում է, որ վճիռն ուժի մեջ մտնի և նորից դիմի ռեեստր՝ վերագրանցման համար: Եթե խոչընդոտներ ստեղծվեն կամ Վերաքննիչի որոշումը բողոքարկվի, պատրաստ է մինչև վերջ գնալ, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան իր սեփականության իրավունքը վերականգնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter