HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզի դատախազի տեղակալը հարբած նստել է ղեկին և ընկել լիճը. դատախազությունն ուսումնասիրում է միջադեպը

«Հետքի» ընթերցողներից մեկն այսօր նամակ է ուղարկել, որտեղ պատմում է  Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից տարածքում գտնվող ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը  նույնությամբ.

«Հայաստանում պետական ապարատի հերթական պաշտոյայի ոչ վայել արարքը  մեր հասարակության ուշադրությանն արժանացնելու և ի վերջո պետական կառավարման ոլորտում պաշտոնատար անձի վարքագծի կարգավորման ուղղությամբ մեր պատասխանատու պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարություններին հակադարձելու համար,  Ձեզ հայտնում եմ հետևյալ տեղեկատվությունը՝ հույս ունենալով, որ այն կարժանանա Ձեր լրատվական կայքի և պատասխանատու պաշտոնյաների  ուշադրությանը: 

Տավուշի մարզի դատախազության աշխատակիցներից մարզի դատախազի տեղակալ Հ.Բաղդասարյանը այնքան է զվարճացել ու ոգելից խմիչք օգտագործել, որ 21.05.2016թ. Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող ռեստորաններից մեկում, որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ, հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի  01  OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Ամոթալին ոչ միայն այն է, որ որպես պաշտոնյա նա հարբած վարում է ավտոմեքենան, այլ այն է, որ դատախազը, լինելով իգական սեռի ներկայացուցիչ, չարաշահում է ալկոհոլ, հրաժարվում օրը ցերեկով դեպի վայր ժամանակ  շտապ օգնությունից և ի վերջո սահմանին տիրող լարված իրավիճակում զվարճանում սրա-նրա հետ, իսկ ճանապարհով անցնող բազմաթիվ պատահական անցորդները ծիծաղում էին և միմյանց ասում․ «Էս  էլ մեր ալկագոլիկ դատախազը, էլ ինչ ասես ես երգրի մասին»: Սա է մեր դառը իրականությունը ... հետևությունները թողնում եմ Ձեզ:

Հ.Գ. նյութի հետ միասին կցում եմ ճանապարհով անցնող պատահական անցորդների կողմից արված լուսանկարները»:

Ընթերցողը քիչ անց այլ մանրամասներ էլ հայտնեց.

«Խնջույքը տեղի է ունեցել «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում: Տավուշի մարզի դատախազ Ա.Մարուխյանի հրավերով, այսպես ասած՝ «պատիվ տալու համար», Տավուշի մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության  նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում՝ դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, ով պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքոենան լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը և նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը: Զավեշտալին այն է, որ հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից, այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջևանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա» ավտոմեքենան: Այս ամենի արատավոր և կեղտոտ երևույթն այն է, որ ապօրինի անտառհատումների և կոռուպցիայի դեմ պայքարող դատախազներն անտառտնտեսության տնօրենի հետ միասին զվարճանում են, որից հետո մեր պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր դատախազությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելու, անտառհատումները բացահայտելու մասին, նամանավանդ, որ սահմանին տիրում է լարված իրավիճակ, պետության ֆինանսական միջոցները սուղ են, իսկ պետական չինովնիկները քեֆ են անում, զվարճանում և միմյանց հետ և նման կերպ «պայքարում» անտառհատումների և կոռուպցիայի դեմ:

Եվ սա դեռ ամենը չէ, պարզվում է նաև, որ նշված դեպքով որևէ պատկան կառույց չի զբաղվել: Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան պաշտոնյա Հայկուշ Բաղդասարյանը մեքենան վարել է հարբած վիճակում, իսկ լուսանկարում կարմիր շապիկով պատկերված ռեստորանի տնօրեն Վահե Ղալումյանը, նրա կողքին գտնվող և լուսանկարում պատկերված Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը ձեռքները գրպանում դրած հետևում էին, թե ինչպես են մեքենան դուրս բերում լճից: Հարց է առաջանում, թե ու՞ր են նայում մեր պատկան մարմինները, նույն մարզի դատախազը ինչու՞ է թույլ տալիս, որ իր տեղակալը ոչ սթափ վիճակում վարի մեքենան, և այսպե՞ս են դատախազները պայքարում ապօրինի անտառհատումների դեմ՝ անտառտնտեսության տնօրենի կողմից քեֆ կազմակերպելու եղանակով: Առ այսօր  որևէ իրավասու մարմին նշված խնդրին չի անդրադառնում, կարծես բոլորը քնած են, սա է մեր դառը իրականությունը, ինչպես ասում են՝ նման անօրեն դատախազներով պայքարում ենք ապօրինությունների դեմ, էլ ի՞նչ պետք է հասարակ քաղաքացին ակնկալի նման պաշտոնյաներից, էլ ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին հավատա արդարությանը»:  

«Հետքը» փորձեց դատախազութոյւնից պարզել թե դեպքի առթիվ ծառայողական քննություն իրականացվել է, թե ոչ: Դատախազությունը հայտնեց հետևյալը. «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ»:

Մեկնաբանություններ (5)

իրավաբան
Խմելը, քեֆ անելը տղամարդու թե կնոջ չի արգելվում: Ավտոյով լողանալու մասին էլ կարծես օրենքում բան չի գրված: Կարող ա դոզան բարձր եղած լինի, բայց ո՜վ է ստուգել: Համ էլ սառը ջուրը վռազ օյաղացնում ա: Անհիմն կլյաուզ ա երեւում ...
ՆԻՆԱ
եթե ղեկին կին չլիներ, երևի նման արձագանք չլիներ, իսկ տղամարդկանց Հայաստանում ամեն ինչ կարելի է
Սարգիս Թումասյան
Էս ի՞նչ ոչ ադեկվատ մեկնաբանություններ են։ Ահավորն էն ա, որ էս ժանտախտի օրերին մեր պաշտոնյաները հերիք չի պիկնիկ են անում, հետն էլ էնքան են խմում, որ ընկնում են ջուրը։ Այ էդ ա ահավորը
իրավաբան
Այ Սարգիս ապեր, մեկնաբանության ադեկվատը որտեղ էս տեսել? Ուրախ, մարդավարի ապրող կնիկ ա, ինձ թվում ա մի քիչ էլ բարի պիտի լինի՝ դատախազ լինելու համար, այ էտ ա կարեւորը, մնացածն իրա գործն ա:
Ավետ
Կին լինելը ի՞նչ կապ ունի ամոթալիության աստիճանի հետ: Աբսուրդ է: Վատ արարքը տղամարդկանց համար պակաս ամոթալի է՞: Լավ է չեք գրել` նա իր պահվածքով անարգել է հայու գենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter