HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով է ծանր բեռ չհամարվող պարտքը նպաստել ՀՀ տնտեսական աճին

Օրեր առաջ ՀՀ ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԿԲ-ի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը, անդրադարձավ երկրի արտաքին պետական պարտքին։ «Այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և օրենքներով, և միջազգային կառույցների ու փորձագետների գնահատականով: Կարեւորը այդ վարկերի արդյունավետությունն է և հետագայում մեր երկրի հնարավորությունը սպասարկելու դրանք»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանն այսօր ռիսկային գոտում չէ։

Երկու օր առաջ էլ, կրկին ԱԺ-ում, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ միջազգայնորեն ընդունված ցուցանիշների համաձայն Հայաստանը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ «Մասնավորապես, պետական պարտքի զուտ ներկա արժեք և ՀՆԱ հարաբերակցությամբ, որպես, նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ են համարվում այն երկրները, որոնց մոտ այս ցուցանիշը փոքր է 48%-ից։ ՀՀ-ի դեպքում այս ցուցանիշը 34% է կազմում։

Պետական բյուջեի պակասուրդը 2015թ. կազմել է ՀՆԱ-ի 4,8%-ը' նախորդ տարվա 1,9%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ֆինանսների նախարարությունը գնահատում է պետական պարտքի ռիսկերը և դրանց հետ կապված զարգացումները:

Չնայած, որ երկրի գլխավոր դրամատան ղեկավարն ու գլխավոր գանձապետը հայտարարում են, թե արտաքին պարտքի բեռով Հայաստանը ռիսկային գոտում չէ և անհանգստանալ պետք չէ, սակայն տարեցտարի ավելացող պարտքը, միևնույն է, մտահոգվելու տեղիք է տալիս թե որոշ պատոնյաների, թե տնտեսագետների և թե պարզապես երկրի տնտեսական վիճակով մտահոգվող քաղաքացիների։

Վերջին 10 տարում Հայաստանի արտաքին պարտքը տարեցտարի աճել է։ Արտաքին պարտքի ներգրավումն ինքին բացասական, վտանգավոր ու ինչպես Ա. Ջավադյանն է մի առիթով ասել, վախեցնող երևույթ չէ, եթե այն արդյունավետ է օգտագործվել և եթե երկրի տնտեսությունն ի զորու է սպասարկել պարտքը։ Ի վերջո, երբեմն մեծ ծավալի պետական պարտք են ունենում նաև զարգացած ու հզոր տնտեսություն ունեցող երկրները։

Արդյունավետ օգտագործելն, ըստ էության, նշանակում է վերցրած այդ պարտքով նպաստել երկրում տնտեսական աճին։ Արտաքին գործոնների ազդեցությունը (տրանսֆերտներ, գունավոր մետաղների համաշխարհային գներ, ներդրումներ և այլն) Հայաստանի տնտեսական աճի վրա մեծ է, ինչը հասկանալի է, քանի որ կախվածությունն այդ գործոններից զգալի է։ Եվ, սովորաբար, երբ այդ և այլ գործոններ բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության վրա, Կառավարությունն արտաքին աշխարհից պարտք է վերցնում, ինչպես պատասխանատուներն են նշում, տնտեսությունը պաշտպանելու համար։ Հիմա տեսնենք, թե ինչպես է «պաշտպանվել» տնտեսությունը։

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք, թե վերջին 10 տարում ինչ ծավալներով է աճել ՀՀ արտաքին պարտքը և դրան զուգահեռ՝ ինչպես է փոփոխվել ՀՆԱ-ի ծավալն ու ըստ դրա՝ տնտեսական աճի ինչ ցուցանիշներ են գրանցվել։

Այստեղ արդեն պարզ երևում է, որ ՀՆԱ-ի առավելագույնը ցուցանիշը վերջին 10 տարում գրանցվել է 2008 թվականին։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո դեռևս չեն վերականգնվել նախաճգնաժամային ծավալները։ 2009-ին տեղի ունեցած երկնիշ անկումից հետո տնտեսական աճը դանդաղ տեմպեր է գրանցել։ Ու այս ամենին զուգահեռ՝ 2009-ից սկսած արտաքին պարտքը թռիչքային տեմպերով աճել է։ Այսինքն՝ ավելի արագ տեմպերով պարտք է կուտակվել, քան տնտեսական աճ գրանցվել։ Սա խոսում է այն մասին, որ արտաքին պարտքը, մեղմ ասած, այնպիսի արդյունավետությամբ չի օգտագործվել, ինչպես հայտարարում են տնտեսության պատասխանատուները։
Նույն պատասխանատուները, հիշեցնենք,  2015 թվականին «Պետական պարտքի մասին» 
 ՀՀ օրենքում փոփոխություններ կատարեցին։ Նախկինում պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը, իսկ 
փոփոխությունից հետո այդ սահմանափակումը տարածվում է միայն Կառավարության պարտքի վրա: Կենտրոնական բանկի պարտքի վրա սահմանափակում չի գործում։ Դա, ըստ մասնագետների, թույլ է տալիս, որ ԿԲ-ի պարտքն ավելանա:
Նշենք, որ 2015-ի վերջի դրությամբ Հայաստանի պարտքն, ըստ ԱՎԾ-ի հրապարկման, կազմել է 5,078 մլրդ դոլար, որից՝ 4,317 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, 761,4 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Արտաքին պարտքի 3,84 մլրդ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, 476,3 մլն դոլարը՝ ԿԲ-ի։
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած «ՀՀ պետական պարտքի 2015թ. տարեկան հաշվետվությունը» զեկույցի՝ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48,8%: Համեմատության համար՝ նախաճգնաժամային 2007 թվականին այն կազմել է ընդամենը 16,4%, իսկ 2009-ից կտրուկ բարձրացել՝ կազմելով 40,6%:  Վերջին 10 տարում 2015-ին գրանցված ցուցանիշն ամենաբարձրն է։
2015-ի վերջին, մասնավորապես,  ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 44,2%: Իսկ այս տարվա մարտի վերջի դրությամբ, ըստ ԱՎԾ-ի, արտաքին պարտքը կազմել է 4,405 մլրդ դոլար,  որից 3,917 մլրդ դոլարը Կառավարության պարտքն է,  487,8 մլն դոլարը՝ ՀՀ ԿԲ-ի։

Ու՞մ է պարտք Հայաստանը

2015-ի տարեվերջյան տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։ Առավել խոշոր վարկատուների շարքում են նաև Ասիական զարգացման բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։

Արդյոք այսքա՞նն է պարտքը

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բազմիցս տարբեր ամբիոններից հայտարարել է, որ ՀՀ արտաքին պարտքը վաղուց հատել է առավելագույն թույլատրելի շեմը և գտնվում է վտանգավոր գոտում։ Ըստ նրա՝ ոչ պաշտոնական վիճակագրությունը չի փաստում ՀՀ արտաքին պարտքի իրական ցուցանիշները։ Պետք է հաշվի առնել մասնավոր հատվածի ու հատկապես բանկերի պարտքը։ «Եթե որեւէ բանկ սնանկանա, ստիպված ենք լինելու այն փրկել բյուջեի հաշվին։ Պարտքի մեջ պետք է նկատի ունենալ նաեւ տնային տնտեսությունների եւ մասնավոր կազմակերպությունների  կրեդիտորական եւ այլ պարտքերը»,- լրագրողների հետ հանդիպումներից մեկում նշել է Հ. Բագրատյանը։ Այսինքն՝ եթե պետական պարտքը հաշվարկվի Հ. Բագրատյանի առաջարկած եղանակով, ապա, ակնհայտ է, որ այն շատ ավելի մեծ կլինի։ Թե որքան՝ չկան կոնկրետ հաշվարկներ։

Սպասարկման խնդիր

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած «ՀՀ պետական պարտքի 2015թ. տարեկան հաշվետվությունը» զեկույցում կարդում ենք. «2015թ. ՀՀ կառավարությունը ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարել է տոկոսավճարների գծով ստանձնած իր պարտավորությունները։ 2015թ. ՀՀ կառավարության պարտքի գծով տոկոսավճարները կազմել են 74,08 միլիարդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 20,2%-ով, որը պայմանավորված է պարտքի ծավալի աճով, կառավարության արտաքին պարտքի գործիքակազմի փոփոխություններով, ինչպես նաեւ ԶՄԸ-ի գործող վարկերի գծով տոկոսադրույքների բարձրացմամբ»: Այսինքն՝ նախարարությունը հայտարարում է, որ սպասարկման մասով ևս ամեն ինչ նորմալ է։  Բայց այստեղ էլ հարցերն ու անհանգստությունները շատ են, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ՀՀ կառավարությունը նոր պարտք է վերցնում նախկին պարտքերը փակելու համար։ Եվ հարց է՝ արդյոք տնտեսության հնարավորությունները ներում և ներելու են պարտքը սահուն սպասարկելու և հետագայում սերունդներին համար ծանր բեռ չթողնելու համար։ Սա արդեն ավելի լայն թեմա է։

Մեկնաբանություններ (4)

Վախթանգ Սիրադեղյան
1-ին պատկերում (ըստ ԱՎԾ տվյալների) արտաքին պարտքը և ՀՆԱ-ի ծավալը ներկայացված են դոլարային արտահայտությամբ, իսկ ՀՆԱ-ի աճը՝ դրամայինով: Ինչը հակասություն է ստեղծում հենց պատկերի վրա՝ ՀՆԱ-ի ամենամեծ ծավալն առկա է եղել 2008-ին, որին հետևել է 2009-ի անկումը: 2010-2015թթ. ՀՆԱ-ի գումարային աճի ցուցանիշը թեև գերազանցում անկման թիվը, սակայն ՀՆԱ-ի ծավալը 2015-ին ավելի պակաս է 2008-ից, բայց այդպես լինել չի կարող: Իսկ Եթե ՀՆԱ-ի աճը ևս դոլարային արտահայտությամբ դիտարկենք, ապա պատկերում ամեն ինչ ճիշտ կլինի:
Վախթանգ Սիրադեղյան
Եթե առաջնորդվեք իմ ասածով, ապա կտեսնեք, որ դոլարով եկող պարտքը ՀՆԱ-ի դոլարային արտահայտության վրա որևէ աճ չի ունեցել. դա այն է, ինչ անհրաժեշտ էր ձեզ ապացուցել:
Վախթանգ Սիրադեղյան
Սեդա ջան, նայեք ՀՀ արտաքին պարտքը և ՀՆԱ-ն աղյուսակը: Ամենամեծ ՀՆԱ-ն 2008-ին ՝ ավելի քան $11 մլրդ, 2009-ին 14% անկում, որը փակվում է 2010-2011-2012-ին՝ ինչը նշանակում է, որ 2012-ի և 2008-ի ՀՆԱ-ները պետք է նույն ծավալի լինեն:Իսկ 2015-ի ՀՆԱ-ն պետք է 2008-ից կամ որ նույնն է՝ 2012-ից ավելի լինի 10%-ով՝ դոլարային արտահայտությամբ, սակայն իրականում այդպես չէ՝ 2015-ի ՀՆԱ-ն ավելի քան $1 մլրդով պակաս է 2008-ի ՀՆԱ-ից: Եվ որպեսզի խուսափեիք այդ հակասությունից, դուք պետք է ՀՆԱ-ի աճը ինքներդ հաշվարկեիք դոլարային կտրվածքով, և ոչ թե մեխանիկորեն դնեիք դրամային կտրվածքով ՀՆԱ-ի աճ: Եվ այս դեպքում կունենայիք այն, ինչ նախատեսել էիք, և ՀՆԱ-ի իրական դինամիկա:
Սեդա
Հարգելի Վախթանգ, արտաքին պարտքի իրական պատկերը հասկանալու համար մեզ դոլարային տվյալներն են հարկավոր, հետևաբար՝ ՀՆԱ-ի ցուցանիշը ևս դոլարով ենք ներկայացրել, որպեսզի տարիների դինամիկան պարզ լինի։ Իսկ երկրի տնտեսական աճի ցուցանիշները պաշտոնական վիճակագրությունը հաշվարկում է դրամային ցուցանիշների հիման վրա, ուստի՝ դա էլ դրամայինով ենք ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter