HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեխուցս հետո գիտեմ, որ հլը կյանքը կա»

Արփինե Մինասյան

«Մարզված, շատ կոփված տղա էր… Իմ էրեխուն ես միշտ պտի լուսավոր հիշեմ: Մենք չենք պատրաստե, որ գնա, զոհվի, պատրաստել ենք, որ անի էն, ինչ իրանից հասնում ա: Երբեք չեմ ասում, որ իմ տղեն գնաց, հանուն հայրենիքի զոհվավ, կռվի մեջ առանց զոհերի չի լինում, հիմի էտել իմ դառը ճակատագիրն էր, որ հենց իմ էրեխուն էդ փամփուշտը հասավ»,- ասում է մայիսի 11-ին Արցախում զոհված  Արմենի հայրը՝ Հրայր Մարտիրոսյանը։

Արմենը 3 քույրերից հետո ծնողների միակ արու զավակն էր:

Սովորելով Գավառի տարածաշրջանի Գանձակ գյուղի միջնակարգ դպրոցում՝ ուսումը շարունակել էր Գավառի երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնում:

19-ամյա զինծառայողը դաշնամուրի մոտ վերջին անգամ նվագել էր նախորդ տարվա մայիսին, երբ մի քանի օրով արձակուրդ էր եկել: Այժմ տան մի սենյակում դրված են փոշոտ դաշնամուրն ու ակորդեոնը: Արմենի սենյակն այժմ վերանորոգում են. նրա բոլոր պարգեւներն ու իրերը կտեղափոխեն այնտեղ:

 «Մենք միշտ պատկերացնելու ենք, որ բանակից գալու է եւ իր սենյակն օգտագործելու է… Ինքը ավելի շատ երաժշտության մեջ էր ուզում խորանալ, երաժշտական քոլեջի ավարտական կուրսում էր սովորում»,-ասում է  Հրայր Մարտիրոսյանը։ Նա պահարանից հանում է որդու ստացած մեդալներն ու պատվոգրերը։ Արմենը նաեւ սպորտով էր զբաղվում՝ կարատե մարզաձեւով: 58-ամյա Հրայրի պատմելով՝ որդին դպրոցում սիրում էր ֆիզկուլտուրա, ռազմագիտություն առարկաները:

«Բնության մեջ պատահական ոչինչ չի լինում, որովհետեւ էս ընտանիքից Հայրենական Մեծ պատերազմին Հրայրը 2 հորեղբայր ա կորցրել, եւ նրանց նամակներով Արմենը դաստիարակվել ա, որ առ այսօր պահպանվում են էս օջախում: Հայրենասիրական մի մեծ դպրոց էր անցել Արմենը: Պատահական չէր, որ նա առաջնագծում էր, որ հետախույզ էր»,-ասում է Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը:

«Արմենը երազում էր, որ իր ծնողների համար լավ ապագա ստեղծի: Ասում էր՝ աշխատենք տունը ավելի բարեկարգ դարձնենք, հետս ամեն ինչ արել ա, նույնիսկ Ռուսաստան ա էկել, աշխատել: Իրա ներկայությամբ մենք ոչ մի խնդրի դեմ չենք կանգնե: Էրեխուցս հետո գիտեմ, որ հլը կյանքը կա, ապրելու առիթ կա, 4 թոռնիկ ունեմ, 2-ն էլ մինչեւ նոր տարի կծնվեն: Իրանցն էլ պետք ա Արմենի ազնիվ ոգով դաստիարակենք»,- ասում է հայրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter