HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում - 5

Ինթերնեթի տարածումը եւ օգտագործումը

Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածման եւ յուրացման ընթացքը դիտարկող հոդվածաշարի նախորդ հոդվածները ընդհանուր առմամբ վերաբերում են նաեւ Ինթերնեթի տեղայնացման խնդիրներին£ Այդուհանդերձ, տեղին է թվում եզրափակիչ հոդվածով քննության առնել Ինթերնեթի տարածման եւ օգտագործման հարցը:

Ժամանակակից ՏՀՏ-ի սոցիալական եւ մշակութային նշանակությունների ու ազդեցությունների դիտարկումը հոդվածաշարի հիմնական նպատակներից մեկն էր, իսկ Ինթերնեթը` հաղորդակցության մերօրյա միջոցը եւ մշակութային տեխնոլոգիան, պետք է որ թույլ տար ամփոփել այդ դիտարկումը, կատարել որոշ եզրահանգումներ:

Սակայն այդ նշանակություններն ու ազդեցությունները տեղական համատեքստում ի հայտ բերելու եւ գնահատելու խնդիրն այս դեպքում մեր առջեւ ծառանում է իր ողջ բարդությամբ, չասելու համար` անլուծելիությամբ:

Չկան այս նպատակի համար անհրաժեշտ տվյալներ եւ գնահատականներ, որոնք կառաջարկեին ավելի առարկայական եւ մասնավորեցված քննություն, քան ստանդարտ քանակական տեղեկություններն են` Ինթերնեթին միացված այսքան համակարգիչ, օգտագործողների այսպիսի քանակություն, այսպիսի գներ եւ այլն: Չեն կատարվել նման հարցադրումներ, եւ այս առումով հարկ է շեշտել հայաստանյան իրավիճակի համար բնութագրական երկու հանգամանք, որոնք սերտորեն փոխկապակցված են:

Առաջինը Հայաստանում արդի տեխնոլոգիայի նկատմամբ տիրապետող մոտեցման ընդգծված ֆունցկիոնալությունն է, որը լիովին անտեսում է «ՏՀՏ-ի սոցիալական նշանակությունների մասին քննադատաբար մտածելու, վտանգներն ու օգուտները քննության առնելու էական կարողության» ձեւավորման անհրաժեշտությունը (օգտագործելով Ս. Համելինկի ձեւակերպումը):

Ընդ որում` այս բանը հավասարապես վերաբերում է թե տեղական, թե միջազգային նախագծերին եւ նախաձեռնություններին: Ուստի լիովին հասկանալի է մյուս դրսեւորումը նույնպես` հատկապես հասարակական նշանակություններին հետամուտ, սոցիալական ազդեցությունները քննող ուսումնասիրությունների բացակայությունը:

Այս ամենով հանդերձ, այսօր ի՞նչ միտումներ, ի՞նչ հանգամանքներ կան, որոնք բնութագրական են Հայաստանում Ինթերնեթի տարածման եւ օգտագործման համար եւ որոնց օգնությամբ կարելի է գոնե նախնական մի ձեւով ուրվագծել այդ ընթացքը:

Ինթերնեթի տարածման գործոնները

Ես հակված եմ Ինթերնեթի տարածման եւ օգտագործման ներկա վիճակը բնութագրել որպես նախնական եւ շոշափելի սոցիալական, մշակութային, քաղաքական, տնտեսական, առեւտրային նշանակությունից զուրկ: Իհարկե, այն ունի որոշ նվազագույն տեղեկատվական եւ հաղորդակցական նշանակություն, բայց դրա դրսեւորումը թվարկված ոլորտներում դեռեւս անհասկանալի է, չուսումնասիրված:

Այդուհանդերձ կարելի է արձանագրել վերջին տարիներին կատարված մի շարք փոփոխություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են խնդրո առարկային. հեռախոսային համակարգի շարունակվող արդիականացումը, Ինթերնեթից տանը օգտվողների քանակության աճ, հանրային մատչելիության վճարովի կետերի բազմացում, ավանդական մեդիայի (մամուլ, ռադիո) մուտքը Ինթերնեթ, կրթության համակարգի մեջ համակարգիչների եւ ինթերնեթային կապի տարածում, զուտ էլեկտրոնային հանդեսների առաջացում (լրատվական, մշակութային, քաղաքական), հայերեն լեզվով տարաբնույթ բովանդակությամբ կայքերի (սայթերի) առաջացում, օնլայն հանրույթների եւ քննարկման խմբերի ձեւավորում եւ այլ:

Հայտնի է, որ ի տարբերություն զարգացած երկրների, զարգացող երկրներում Ինթերնեթի տարածումը հարուցում է հատուկ խնդիրներ` առնչվող ցածր կենսամակարդակի, անգրագիտության, տեխնոլոգիական եւ գիտական մշակումների փոքր կարողությունների եւ այլ հանգամանքների հետ: Ավելի անորոշ է փոխակերպման դժվարին ընթացքի մեջ գտնվող ետխորհրդային հասարակությունների հնարավորությունների հարցը (մասնավորապես՛ քիչ ուսումնասիրրված լինելու պատճառով):

Թեեւ կարելի էր ենթադրել, թե ոչ հեռավոր անցյալի գիտատեխնիկական եւ արդյունաբերական կարողությունները վճռական գործոն կդառնան Ինթերնեթի տեղայնացման համար, բայց իրականությունն այլ բան է հուշում£ Այս մասին են խոսում նաեւ միջազգային կազմակերպությունների դիտարկումները` վկայելով ՏՀՏ-ի տարածման գործում մի շարք նախկին խորհրդային երկրների դիրքերի շարունակվող անկման մասին:

Ինթերնեթի տարածման հիմնական տեխնոլոգիական բաղադրիչը հաղորդակցական ենթակառույցն է, որի բացակայությունը կամ հնացածությունը երկրի համար անհաղթահարելի արգելք կարող է դառնալ:

Հասկանալի չէ, թե ԱրմենՏելի վերջին տարիների գործունեության շնորհիվ որքանով է բարելավվել եւ արդիականացել Հայաստանի հաղորդակցության համակարգը, բայց ինքը` ԱրմենՏելի մենաշնորհը (կամ մենաշնորհի պայմաններում որդեգրած քաղաքականությունը) արդարացիորեն համարվում է լուրջ խոչընդոտ ոչ միայն ենթակառույցի արդիականացման դանդաղ ընթացքի, այլեւ կապի բարձր գների պատճառով:

Երկրում Ինթերնեթի տարածման եւ օգտագործման ընթացքը մեծապես կախված է բնակչության կրթական մակարդակից, ինչպես նաեւ շարունակաբար սովորելու, վերապատրաստվելու ունակությունից եւ հնարավորություններից (համապատասխան հաստատությունների համակարգ, արդիական տեխնոլոգիական միջավայր, ուսումնական ծրագրեր, ուսուցիչներ, դասագրքեր եւ այլն):

Խոսելով Հայաստանի բնակչության կրթական բարձր մակարդակի մասին` պետք է նաեւ որոշակի վերապահումներ անել: Առաջինը մեր երկրի կրթության համակարգի արդիականացման դանդաղ ընթացքն է, ուսման մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության անբավարար մակարդակը:

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Ինթերնեթի օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ մարդիկ հիմնականում ստանում են կրթության պաշտոնական համակարգից` դպրոցից եւ համալսարանից դուրս, այսպես կոչված «հանրային կրթության»հաստատություններում:

Խոսքը համակարգչային գրագիտության զանազան մասնավոր դասընթացների եւ թրեյնինգների մասին է, որոնց աշխատանքը բնավ կանոնակարգված չէ, իսկ մակարդակի եւ արդյունավետության մասին շատ քիչ բան է հայտնի:

Տեխնոլոգիական եւ կրթական կարիքների բավարարումը անկարելի է պատկերացնել առանց ծավալուն շարունակական ֆինանսական ներդրումների: Ներդնողներ կարող են լինել տեղական, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունները: Այստեղ նույնպես հաղորդակցության համակարգի մենաշնորհային տնօրինումը, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության այս նոր միջավայրը կարգավորող օրենքների բացակայությունը մեծապես աննպաստ պայմաններ են ստեղծում:

Հայաստանում Ինթերնեթի օգտագործումը խթանող վճռական ուժ են միջազգային կազմակերպությունները: Առայժմ այս տեխնոլոգիայի զարգացումը անհնար է պատկերացնել առանց նման օգնության: Ամենայն հավանականությամբ, դեռեւս չկա այն, ինչ կոչվում է օգտագործողների «կրիտիկական քանակություն», որը թույլ է տալիս տարածման ընթացքի մեջ հասնել կայունության:

Մյուս կողմից` Ինթերնեթը կարող է դառնալ սոցիալ-տնտեսական զարգացման միջոց հենց այն դեպքում, երբ անհրաժեշտ քանակությամբ անհատներ եւ կազմակերպություններ կորդեգրեն, կյուրացնեն այս տեխնոլոգիան` վերջինիս համար ստեղծելով ինքնապահպանման հնարավորություն:

Երկրի կառավարության խնդիրն է, ուրեմն, այս նպատակով ստեղծել այնպիսի պայմաններ, որ Ինթերնեթի օգտագործումը գրավիչ դառնա բիզնես կազմակերպությունների համար: Ճիշտ չեն այն մոտեցումները, որոնք ենթադրում են, թե Ինթերնեթն ինքը կկարողանա աստիճանաբար ճանապարհ հարթել իր համար` համակելով անհրաժեշտ ուժեր եւ ձեւավորելով պահանջվող պայմանները:

Այսպես լինում է թերեւս սկզբնական փուլում, որից հետո իշխանություններից պահանջվում են կառավարան քաղաքականություններ եւ միջամտության մեխանիզմներ (օրինակ` ինթերնեթային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջեւ մրցակցություն առաջացնելու` ծառայությունների գները նվազեցնելու նպատակով):

Սակայն իշխանությունների անելիքը սրանով չի սահմանափակվում: Ինչպես ցույց է տալիս զարգացող երկրների փորձը, Ինթերնեթի տեղայնացման եւ զարգացման կարեւորագույն գործոն է երկրի տնտեսական, սոցիալական եւ այլ կարիքների գիտակցումը եւ համապատասխան նպատակների հաստատումը, որոնց պետք է ծառայի տեխնոլոգիան: Սա ենթադրում է ապագայի մի տեսլականª զուգակցված որոշակի ռազմավարական պլանի հետ` կոչված իրականացնելու այդ տեսլականը:

Հայաստանում այսպիսի տեսլական եւ ռազմավարություն չկա եւ չի ակնկալվում, եւ սա է, որ առկա նպաստավոր հանգամանքները եւ կարողությունները զրկում է կապակցված եւ նպատակամետ գործողության ուժից եւ արդյունավետությունից: Վերջապես, Ինթերնեթի յուրացման եւ տարածման ընթացքը կախված է տվյալ հասարակության համար բնորոշ մշակութային առանձնահատկություններից, որոնք կարող են արգելակող կամ խթանող դեր կատարել` որոշելով այս ընթացքի գլխավոր դերակատարների ընկալումներն ու պատկերացումները:

Սրանց պատշաճ ըմբռնումը եւ գնահատումը, դրանց հետ հաշվի նստելու ունակությունը ավելի ազդեցիկ կդարձնեն Ինթերնեթի տարածման կառավարումը: Իսկ գլխավոր դերակատարների թվում են կառավարությունը, ԱրմենՏելը, ինթերնեթային ծառայություն մատուցողները, ինչպես նաեւ երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կազմակերպությունները:

Վերջիններին ավանդաբար վերագրվում է Ինթերնեթի տարածման եւ արմատացման համար անհրաժեշտ գիտելիքի եւ փորձագիտական կարողությունների աղբյուրի կարեւոր դերը: Սակայն Հայաստանում իրադրությունն այլ է: Մի կողմից` ինթերնեթային ծառայությունների բարձր գները (որի հիմնական պատճառներից մեկը ԱրմենՏելի մենաշնորհն է) խոչընդոտում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը, եւ այս մասին շատ է խոսվում:

Մյուս կողմից, թեեւ այս մասին երբեք չեք լսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հարաճուն կողմնորոշումը դեպի արտահանում մեծապես պակասեցնում է այն ուժերը, որոնք պետք է ծառայեն տեղական նշանակություն ունեցող ծառայություններ մշակելուն, հայերեն լեզվով կրթական ծրագրեր, Ոստում (Վեբում) հայերեն լեզվով բովանդակություն ստեղծելու, պահպանելու եւ վերստանալու արդյունավետությունը բարձրացնելուն եւ տեխնոլոգիայի յուրացման այլ ձեւերի, մի խոսքով` Հայաստանում Ինթերնեթի տեղայնացմանն ու զարգացմանը:

Ինթերնեթի օգտագործումը եւ ազդեցությունները որպես հետազոտության առարկա

Թե միջազգային, թե տեղական կազմակերպությունների հետազոտությունները, որ վերաբերում են Հայաստանում Ինթերնեթի տարածմանն ու օգտագործմանը, առայժմ սահմանափակվում են ընդհանուր բնույթի ցուցանիշներով` կենսամակարդակ եւ կրթական մակարդակ, հաղորդակցության ենթակառույցի արդիականությունը եւ ազատականացման ընթացքը, կապի գներ, Ինթերնեթին միացված համակարգիչների եւ ինթերնեթային տիրույթների քանակություն, Ինթերնեթից օգտվողների քանակությունը եւ այլն:

Չունենալով Ինթերնեթի տարածման եւ օգտագործման ընթացքի նկատմամբ տարբերակված հետազոտական մոտեցում, բնականաբար, դրանք շատ քիչ բան են ասում օգտագործման եղանակների, օգտագործման սոցիալական ազդեցությունների մասին:

Միաժամանակ, այս ուսումնասիրությունները հիմնված չեն տեւական դիտարկումների արդյունքների վրա եւ, ունենալով որոշ քանակական բնութագրիչներով եւ տվյալներով որոշվող առաջընթացի անբացահայտ ենթադրություն, մատնանշում են միայն առավել ընդհանուր միտումներ (դրական կամ բացասական):

Հասկանալի է նաեւ, որ յուրաքանչյուր հետազոտություն ունի իր նպատակը եւ դրդապատճառները, ինչպես նաեւ հեռանկարը, համաձայն որոնց դիտարկվում է խնդրո առարկան: Չենք կարող նույն ակնկալիքներն ունենալ շուկան ընդլայնելու նպատակով եւ սոցիալական հրատապ կարիքները գնահատելու մտահոգությամբ արված երկու ուսումնասիրություններից:

Ի վերջո, հասկանալի է, որ, հաղորդակցության եւ մեդիայի ուսումնասիրությունների ավանդության բացակայության պայմաններում, ուսումնասիրություններ կատարելու մեծ ցանկության դեպքում անգամ Հայաստանում դժվար է գտնել մասնագիտական անհրաժեշտ կարողություններ: Հայաստանում հետազոտական աշխատանքների անտեսվածությունը եւ համապատասխան կարողությունների բացակայությունը մեկն է այն գործոններից, որոնք բացասաբար են անդրադառնում Ինթերնեթի տեղայնացման եւ զարգացման ընթացքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter