HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լոլիկ և վարունգ արտահանողները պատահական մարդիկ չեն

Վերջին տարիներին ավելացել են Հայաստանից լոլիկի ու վարունգի արտահանման ծավալները: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ լոլիկն ու վարունգը արտահանվում են հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Չեխիա:

Անվանումը

2015 թ.

2016 թ.

(08.04.16թ. դրությամբ)

Քանակը

/տոննա/

Արտահանվող երկիրը

Քանակը

/տոննա/

Արտահանվող երկիրը

Լոլիկ

1718

Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան,

Չեխիայի Հանրապետություն

14559

Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուսի Հանրապետություն

Վարունգ

4029

Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան

678

Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները փոքր-ինչ տարբերվում են գյուղնախարարության տվյալներից: Մասնավորապես՝ ֆիննախի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2015թ. Հայաստանից Վրաստան է արտահանվել 124,6 տոննա լոլիկ և 218,7 տոննա վարունգ: Այս ծավալներն անհամեմատ ավելի քիչ են, քան գյուղատնտեսության նախարարության հրապարակածը:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ընթացիկ տարում Հայաստանից լոլիկի և վարունգի արտահանման ծավալների աճը պայմանավորված է վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների տարածքների ավելացմամբ:

«Հայաստանի Հանրապետությունում մինչև 2011թ. շահագործվում էր շուրջ 500 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով` ընդամենը 2 հա` ՀՀ Կոտայքի մարզում: 2011թ. մինչ օրս շահագործման է հանձնվել 271,6 հա ջերմատուն, որոնցում հիմնականում մշակվում է լոլիկ։ Հին տեխնոլոգիաներով ջերմատներում 1 քմ-ից ստացվում է 8-10 կգ բերք, իսկ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ջերմատներում բերքի ծավալները տատանվում են 50-80 կգ սահմաններում»,- ասում է նախարարի տեղակալը։

Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կառուցվել է ժամանակակից տեխնոլոգիաներով շուրջ 120 հա ջերմատուն: Ընթացիկ տարում ջերմոցային տնտեսությունների տարածքը նախատեսվում է ավելացնել շուրջ 70 հեկտարով:  

Ովքե՞ր են արտահանողները

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով 2015թ. լոլիկ արտահանել են թվով 56 ֆիզիկական անձինք, իսկ վարունգ՝ «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն և 43 ֆիզիկական անձինք: Թե ովքեր են արտահանող ֆիզիկական անձինք, ֆինանսների նախարարությունից այդպես էլ չկարողացանք պարզել: Արդեն երկու ամիս է` այդ հարցմանը չեն պատասխանում. «դեռ զբաղվում են»: Իսկ գյուղնախարարության տվյալներով` 2016թ. լոլիկի և վարունգի արտահանումներ հիմնականում իրականացրել են «Մավաս Գրուպ», «Մակ-Ագրոէքսպորտ», «Սպայկա», «Ֆրեշ Ֆրութ», «Մադար-Մար», «Ալտերնատիվ Էներգիա», «Ֆուդարմ», «Պրոգրես Ագրո», «Թեստիֆուդ», «Ակնաձոր» և «Արսուգրիգ» ՍՊԸ-ները: 

«Հետքն» արդեն անդրադարձել է լոլիկ ու վարունգ ներմուծողներին, դրանց ծավալներին: Այդ ցանկում առաջատարներից մեկը ՀՀ նախագահի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին պատկանող «Ակնաձոր» ՍՊԸ-ն էր: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին և 2011թ-ից ամբողջությամբ պատկանում է Նարեկ Սարգսյանին: «Ակնաձորը» հարկային մարմնում հաշվառված է որպես մասնագիտացված խանութներում մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն:

Պարզվում է` Նարեկ Սարգսյանը բացի ներկրելուց նաև լոլիկ ու վարունգ է արտահանում:

Հաջորդ խոշոր արտահանողը ևս պատահական մարդ չէ: «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ-ին՝ եղբայրներ Արամ և Աբել Ղարիբյանների կողմից: Արամ Ղարիբյանը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն է: Նա 2015թ. հունիսի 11-ին օտարել է իր բաժնեմասը: 13 և 27 տոկոս բաժնեմասով ընկերության սեփականատեր են դարձել նախագահի գլխավոր խորհրդականի հորեղբոր որդիները՝ Մարկոս և Արա Ղարիբյանները: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: Իսկ 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Ղարիբյանի մտերիմին՝ երևանաբնակ Արմենակ Սանդոյանին, 20 տոկոս բաժնեմասը տնօրինում է Աբել Ղարիբյանը:

«Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն գործունեությունը ծավալում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում, որտեղ մի քանի հեկտար ջերմատուն ունի:

Ընկերության հիմնադրման տարուց ի վեր կառավարությունը լավ աչքով է նայում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ին: Մասնավորապես՝ 2014թ. մայիսի 29-ի նիստում կառավարությունը որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմյանսկիյ ուրաժայ»-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան 730 միլիոն դրամի հարկը պետբյուջե է վճարվելու 3 տարի հետո՝ մինչև 2017թ. մայիսի 26-ը:

2015թ. նոյեմբերի 5-ին կառավարությունը ևս մեկ արտոնյալ որոշում կայացրեց «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի համար, որով ընկերության կողմից 2015թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2016թ. հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով: Այստեղ էլ երեք տարի ուշ պետբյուջե կգնա մոտ 267,5  մլն դրամ:

Եթե 2014թ. հարկային արտոնությունը վերաբերում էր բանջարեղենի արտադրությանը, ապա 2015թ-ին՝ հոլանդական վարդերի աճեցմանը:

Կառավարությունը 2014թ. մայիսի 14-ին որոշում է կայացրել, որով 250 մլն դրամի չափով հարկային արտոնություն է տվել նաև լոլիկ ու վարունգ արտադրող, արտահանող «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ին: Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 27-ը:

Իսկ նմանատիպ հարկային արտոնություն 2014թ. նոյեմբերի 19-ին կառավարությունից ստացել է արտահանող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ-ն:

Նշենք, որ եթե չլիներ նախագահի գլխավոր խորհրդականի, այդ ընկերությունների թիկունքում թաքնված պաշտոնյաների գործոնը, կառավարությունը չէր գնա նման «զոհողության»: Օրինակ՝ «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի դեպքում, բացի Աբել Ղարիբյանից, մյուս երեք բաժնետերերը իրենց բաժնեմասը գրավադրել են «Ամերիաբանկում»: Այսինքն՝ ընկերությունն ունի զգալի չափով ֆինանսական պարտավորություններ, ինչը պետության նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելու առումով ռիսկայնությունը բարձրացնում է:

Կառավարությունը նման շռայլություն թույլ չի տալիս փոքր ջերմոցատերերի նկատմամբ՝ ստեղծելով անհավասար մրցակցություն: Նույնիսկ ոչ մեծ ծախսերի հարցում չի փորձում օգտակար լինել առանց «տանիք» ջերմոցատերերին, ինչը բերում է նրանց գործունեության դադարեցմանը: Ամենասուր արտահայտված խնդիրը ջեռուցումն է: Ձմռան սեզոնին գազ մատակարարող ընկերությունը պարտքերի պատճառով դադարեցնում է ջերմատների գազամատակարարումը, սածիլները ցրտահարվում են, գյուղացին մնում է վարկերի տակ, սակայն ի պատասխան նրանց դիմում-խնդրանքներին կառավարությունը տալիս է ստանդարտ պատասխան. գազամատակարարը մասնավոր ընկերություն է և կառավարությունը համապատասխան լծակներ չունի:

Դրան էլ գումարած՝ սեզոնին «տանիք» ունեցողները ներկրում են թուրքական էժան լոլիկ ու վարունգ, և փոքր ու միջին ջերմատները դարձյալ կանգնում են կոտրած տաշտակի առջև: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը գյուղացիների հետ միասին բազմիցս այդ մասին բարձրաձայնել են, բայց ոչ մի պատշաճ արձագանք:

Մեկնաբանություններ (2)

Armastaran Papikian
Armenia has the best cucumbers and they are in high demand in Russia. We should send as much as we can for all Russians to enjoy their salat.
Տիգրան
Հետո էլ գլուխ են ցավեցնում, թե գյուղատնտեսությանն են զարկ տալիս ու գյուղացիներին աջակցում: Այս ամենի անվան տակ գյուղացիներին են կեղեքում, ժողովրդին թալանում ու իրենց համար արտոնություններ հորինում ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter