Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում - 4



Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղիները

Ինչպե՞ս կարող են ետխորհրդային հասարակությունները մասնակցել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման համաշխարհային ընթացքին, ի՞նչ հետեւություններ կարելի է անել մինչեւ այսօր կուտակված փորձից։ Կարելի՞ է հստակորեն ձեւակերպել սեփական խնդիրները եւ գտնել լուծման ուղիներ՝ առանց ամբողջովին ենթարկվելու արտաքին պարտադրանքներին եւ առանց տուրք տալու որոշ նախապաշարումների։ Հնարավո՞ր է արդյունավետորեն օգտագործել խորհրդային շրջանից ժառանգված կարողությունները, ինչպես նաեւ գտնել նմանություններ եւ օգուտներ քաղել ուրիշ հասարակություններում կուտակված փորձից՝ չանտեսելով տեղական առանձնահատկություններից բխող տարբերությունները…

Եթե համեմատելու լինենք Երրորդ աշխարհի կամ զարգացող երկրների փորձառության ուսումնասիրության ձեւավորված ավանդության հետ, ապա պիտի արձանագրենք, որ ետխորհրդային հասարակություններում ՏՀՏ-ի տարածման փորձը շատ քիչ է ուսումնասիրված։ Այստեղ բնականաբար դեր են խաղում նորանկախ երկրների գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածը, իրադրության անսովորությունը («անցումային տնտեսության» հասկացությունը, ըստ երեւույթին, լավագույնը չէ արդյունավետ հարցադրումներ անելու համար) եւ այլ հանգամանքներ։ Մասնավորապես Հայաստանի մասին կարելի է ասել, որ թե՛ տեղական փորձի, թե՛ զարգացող երկրների փորձառությունն օգտագործելու հնարավորություններին վերաբերող լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել։ Չպետք է մոռանալ նաեւ ուսումնասիրությունների մեթոդաբանության եւ տեսական բնույթի այլ անպատասխան հարցերի գոյության մասին։ Իսկ առանց բավարար անդրադարձի, հանպատրաստից ընտրված մոտեցումներով մշակվող եւ իրականացվող ծրագրերը, թվում է, արդեն իսկ ձեւավորել են մի ընթացք, մի հետագիծ, որն ունի դժվար հաղթահարելի իր իներցիան՝ մարմնացած կառույցների, կազմակերպական ձեւերի եւ փոխհարաբերությունների, պատկերացումների եւ սպասելիքների մեջ։

Հայաստանում այսօր ՏՀՏ-ի զարգացման միակ հայտնի մոտեցումը ծրագրային արտադրանքի արտահանման վրա հիմնված «թռիչքի» մոդելն է, որը , ինչպես փորձեցի պարզաբանել նախորդ հոդվածում, թյուրըմբռնված է եւ վատ հիմնավորված, քանի որ առաջնորդվում է ավելի մակերեսային նմանություններով եւ ենթադրություններով, քան իրերի իրական վիճակի իմացությամբ։ Իմ կարծիքով, հայաստանյան հավակնությունները ելնում են թե՛ խորհրդային ժառանգության, թե՛ զարգացող երկրների (մասնավորապես՝ Հնդկաստանի) փորձի մասին ունեցած սխալ պատկերացումներից, որ միեւնույն ժամանակ նշանակում է ՏՀՏ-ի դերի եւ նշանակության խիստ նեղ եւ մակերեսային ըմբռնում։ Սույն հոդվածի առաջին մասում կներկայացվեն մի շարք եզրակացություններ եւ հանձնարարականներ, որոնք արդյունք են զարգացող երկրներում ՏՀՏ-ի տարածման փորձի ուսումնասիրության եւ հատկապես տեղին են թվում հայաստանյան իրադրությունը գնահատելու համար։

Անշուշտ, անպատասխան է մնացել նաեւ հետեւյալ բնավ ոչ երկրորդական հարցը՝ արդյո՞ք արագ փոփոխությունների ներկա ժամանակաշրջանում տնտեսական թռիչքի այս մոդելը շարունակում է մնալ հնարավոր եւ խոստումնալից, թե՞ այն, ինչ տեղին էր մեկ-երկու տասնամյակ առաջ, այսօր արդեն չի համապատասխանում ժամանակի պահանջին։ Հոդվածի վերջին մասը նվիրված է ՏՀՏ-ի հեռանկարի դիտարկման ներկայիս առավել տարածված «թվանշային բաժանման» պարադիգմի համառոտ քննությանը։

 Զարգացում եւ ՏՀՏ

Անգամ եթե զարգացող երկրներից պահանջվում է ունենալ հստակ գիտակցությունը սեփական առաջնահերթ խնդիրների եւ նախապատվությունների, որոնց պետք է ծառայեցվեն ՏՀՏ-ի ընձեռած հնարավորությունները (առակա պաշարները մի քանի հիմնական նպատակների վրա կենտրոնացնելու եւ համապատասխան ռազմավարություններ մշակելու համար), այդուհանդերձ ՏՀՏ-ի լծորդումը սոցիալական եւ տնտեսական զարգացման նպատակներին ունի բազմաթիվ ասպեկտներ։ Ուստի զարգացող երկրներից պահանջում է բազմակողմանի մոտեցում ՏՀՏ-ին՝ ահա առաջին հանձնարարականներից մեկը, որ գտնում ենք Անդրեաս Կրեդեի եւ Ռոբին Մանսելի «Գիտելիքի հասարակություններ. տեղեկատվական տեխնոլոգիա կայուն զարգացման համար» գրքում։

Տեխնոլոգիական ապահովվածության առումով սկզբունքային է հաղորդակցության արդիական ենթակառույցի առկայությունը, որը հարմարեցված կլինի թե՛ գլոբալ ցանցերի ընձեռած պատեհություններից օգուտներ քաղելուն, թե՛ տեղական նպատակներին արդյունավետորեն ծառայելուն։ Հաղորդակցության ենթակառույցի կարողությունների սահմանափակությունը կամ անմատչելիությունը (բարձր գնի կամ պատշաճ գիտելիքների ու հմտությունների բացակայության պատճառով) կարող է ոչ նպաստավոր պայմաններ ստեղծել երկրի համար՝ հարուցելով ավելի մեծ կախվածություն արտաքին հանգամանքներից, ինչպես նաեւ ավելի շեշտել, քան մեղմել հասարակության մեջ առկա սոցիալական անհավասարությունները։ Ընդգծվում է այն փաստը, որ Ասիական երկրները ժամանակին մեծ ներդրումներ են կատարել հաղորդակցության ենթակառույցի մեջ։

ՏՀՏ-ի ռազմավարություններ մշակողները պետք է իմանան, որ ՏՀՏ-ը չեն գործում մեկուսի։ Օգուտները եւ ռիսկերը կախված են սոցիալական, տնտեսական եւ կազմակերպական համատեքստից, որում ՏՀՏ-ը կիրառվում են։ Ռազմավարական առաջնահերթություններից մեկը հնարավորություններ ստեղծելն է՝ օգտագործելու ՏՀՏ-ը տնտեսության այն սեկտորներում, ուր տվյալ երկիրն ունի մեծագույն ներուժը։ Սա մասնավորապես ենթադրում է կարողություններ՝ հարմարեցնելու, պահպանելու, տեղայնացնելու եւ ձեւափոխելու գոյություն ունեցող ՏՀՏ-ի լուծումները ըստ տեղական հատուկ պահանջների։ Մեծ կարեւորություն ունի ՏՀՏ-ի՝ տեղական հասարակական-մշակութային համատեքստում իմաստալից, օգտակար եւ արդյունավետ կիրառություններ մշակելը։ Իրական կարիքների՝ ՏՀՏ-ի լեզվով ձեւակերպված արտահայտումը խթանում է նորարարությունը եւ լրացուցիչ տեղ բացում տեղական արտադրության զարգացման համար։ Դա նշանակում է, մի կողմից, համաչափորեն բաշխել տեղական կարողությունները արտահանման եւ ներքին շուկային համար նախատեսված արտադրության միջեւ, իսկ մյուս կողմից, առաջնորդվելով ՏՀՏ-ի արդյունավետ օգտագործման խելամիտ ռազմավարությամբ, տեղական արտադրության շնորհիվ խուսափել լիակատար կախման մեջ ընկնելուց տեխնոլոգիաների ներմուծումից։

Հիշեցնելով տեխնոլոգիական եւ սոցիալական կարողությունների անփոխարինելիության մասին, հեղինակները ընդգծում են. «Մարդկանց՝ սովորելու հմտությունները, ունակությունները եւ հնարավորությունները առնվազն նույնքան կարեւոր են, եթե ոչ՝ ավելի կարեւոր, որքան նոր տեխնոլոգիաներ արտադրելու կարողությունները»։ Պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ էժան աշխատուժի սովորաբար ընդգծվող առավելությունը դադարում է վճռական գործոն լինել։ Առաջին պլան է մղվում գիտելիքը եւ դրա օգտագործման մեջ ունեցած գերազանցությունը։ Ընդ որում, հաղորդակցության ցանցերի հարաճուն տարածմանը զուգընթաց ավելի ու ավելի է մեծանում կրթության դերը։ Ասիական երկրների հաջողության կարեւոր բաղադրիչներից մեկը կրթության մեջ կատարված մեծ ներդրումներն են։ Արեւելյան Ասիայի անցած տասնամյակի փորձառությունը ցույց է տալիս ՏՀՏ-ի արտադրության սոցիալական կարողությունների շեմային մակարդակ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Նման կարողությունները էական են նաեւ ՏՀՏ-ի արդյունավետ օգտագործման համար։

ՏՀՏ-ի զարգացումը պահանջում է գիտության եւ տեխնոլոգիայի պատշաճ քաղաքականություն։ ՏՀՏ-ի նորարարական կիրառությունների հնարավորությունը, բնականաբար, կապվում է տեղական ֆիրմաների՝ հետազոտական եւ նոր մշակումներ կատարելու ունակության հետ։ Այն գիտելիքի հետ միասին, որ ստեղծվում է իր կիրառության համատեքստում, զարգացող երկրների համար խորին նշանակություններ ունեն գիտելիքի արտադրության եւ փոխանակման նոր եղանակները։ Այս նոր եղանակներին բախվելով՝ գոյություն ունեցող կրթական եւ գիտահետազոտական հաստատությունները կանգնում են նոր խնդիրների առջեւ։ Այս խնդիրները թելադրում են փոփոխություններ կազմակերպական եղանակների եւ հաստատությունների մոտեցումների մեջ։ Չկատարելով համապատասխան փոփոխություններ՝ «բազմաթիվ զարգացող երկրներ ռիսկի են դիմում ծուղակն ընկնելու գիտելիքի արտադրության այնպիսի ձեւի մեջ, որ ավելի ու ավելի նվազ չափով է համապատասխանում իրենց առանձնահատուկ տեխնիկական, գիտական եւ տնտեսական կարիքներին»։

Վերջապես, հստակ ռազմավարություններ եւ քաղաքականություններ են պահանջվում՝ ՏՀՏ-ը երկրի սոցիալական եւ տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար. «Երբ ՏՀՏ-ի ռազմավարությունները եւ քաղաքականությունները տեղում են, ապա մարդկային եւ տեխնոլոգիական կարողությունների մեջ կատարվող սահմանափակ ներդրումը կարող է ունենալ զարգացման նպատակներին ծառայող տեւական, խթանիչ ազդեցություն…»։ Չկան համընդհանուր օգտագործման համար մեկընդմիշտ սահմանված ուղիներ։ Տվյալ երկրի առանձնահատկություններին հարմարեցված ռազմավարություններ են պետք՝ նվազագույնի հասցնելու համար վտանգները։ Աչալրջություն եւ հավասարակաշռված մոտեցումներ են պահանջվում, օրինակ, դիմագրավելու համար շուկայի ազատականացման հետ կապված վտանգները։ Ավելի գերադասելի է ստեղծել մատչելի պաշարների նպատակահարմար հարադրություն՝ օգտագործելով օրենսդրական եւ կարգավորման նորարարական միջոցներ, քան ՏՀՏ-ի տարածումը թողնել շուկայի տնօրինությանը կամ զարգացման ընթացքն ուղղորդել կենտրոնացված կառույցի օգնությամբ …

Վերը համառոտ կերպով շարադրված դրույթները ընտրված էին հենց այն նպատակով, որպեսզի թե՛ ներկայացնեին ուսումնասիրությունների արդյունքները, թե՛ ընդգծվեին Հայաստանում ՏՀՏ-ի զարգացման ընթացքի հիմնական բացթողումները։ Այս խնդրին Հայաստանի իշխանությունների մոտեցումը, անշուշտ, չի կարող բազմակողմանի համարվել, ընդհակառակը, այն խիստ միակողմանի է։ Հաղորդակցության ենթակառույցի արդիականացումը, արդյունավետ օգտագործումը եւ մատչելիությունը շարունակում է մնալ մեծ հարցականի տակ Արմենտելի մենաշնորհի եւ վարած քաղաքականության պատճառով։ Արդեն ընդգծել եմ ՏՏ-ի ոլորտում երկրի կարողությունները հիմնականում արտահանման նպատակների վրա կենտրոնացնելու աչքի զարնող միտումը։ Նույքան ակնհայտ է տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության մեկուսացվածությունը թե՛ սոցիալական ոլորտից, թե՛ տնտեսության այլ, այդ թվում՝ առաջատար համարվող ճյուղերից։ Գիտության եւ կրթության համակարգի՝ ներկա պահի հրամայականներին համապատասխանեցումը, ինչպես նաեւ սկզբունքային նշանակություն ունեցող այլ հարցեր այսօր էլ մնում են իշխանությունների ուշադրության կարոտ…

Գլոբալ թվանշային բաժանում

Մի շարք առաջատար փորձագետներ զարգացող երկրների համար վտանգավոր են համարում նոր տեխնոլոգիաների արտադրության մեջ Արեւմուտքին հասնելու կոչերը, որ կարող են պատճառ դառնալ Արեւմուտքից այդ երկրների ավելի մեծ կախվածության։ Այս ուտոպիական հայացքից ավելի՝ վերջին տարիներին ոչ-արեւմտյան հասարակությունների ապագայի մասին մտածելու տարածված պարադիգմը «թվանշային բաժանումն» է։ Այն ունի իր մակերեսային մեկնաբանությունը՝ «Բավական է միանալ», ինչպես նաեւ բաժանումը «կամրջելու» գաղափարի հիմնավորումն ու ու քաղաքականությունները։

Իրականում ՏՀՏ-ի զարգացման համամոլորակային ընթացքին զարգացող երկրների գործուն մասնակցությունն ավելի բարդ է այսօր, երբ Ինթերնեթն արագորեն տարածվող եւ վճռական նշանակություն ստացած «տեխնոլոգիական գործիք է եւ կազմակերպման ձեւ, որ բաշխում է տեղեկատվական իշխանությունը, գիտելիքի ստեղծումը եւ ցանցային կարողությունը գործունեության բոլոր բնագավառների մեջ»։ Այս մեջբերումը Մանուել Կաստելսի «Ինթերնեթի գալակտիկան» գրքից է, այդտեղից են նաեւ հետագա մեջբերումներն ու հիմնական պնդումները։

Թվանշային բաժանման հարցի առերեւույթ պարզությունը, ըստ Կաստելսի, «ավելի մոտիկից զննելու դեպքում, դառնում է խճճված։ Իսկապես ճի՞շտ է, որ ժողովուրդներ եւ երկրներ դառնում են բացառված այն պատճառով, որ անջատված են Ինթերնեթի վրա հիմնված ցանցերից։ Թե՞ ավելի շատ այդ ցանցերին կապված լինելու պատճառով է, որ նրանք դառնում են կախված այնպիսի տնտեսություններից եւ մշակույթներից, ուր քիչ շանս ունեն գտնելու նյութական բարեկեցության եւ մշակութային ինքնության սեփական ուղին»։

Այս բաժանումն ունի տարբեր չափումներ։ Առաջին՝ այն տեխնոլոգիական է. հետզհետե ձեւավորվում են Ինթերնեթի տարբերակված օգտագործման եղանակներ (մատչելիության տարբեր մակարդակներ, ուստի եւ օգտագործողների ցայտուն շերտավորում)՝ հիմնած նոր տեխնոլոգիական լուծումների վրա։ Մասնավորապես, որոշ տեխնոլոգիաներ թույլատրում են ասիմետրիա ընդունման եւ առաքման միջեւ (հեռարձակման զանգվածային եղանակի վերահայտնությունը Ինթերնեթում)։ Թվում է, թե Ինթերնեթի վրա հիմնված անհավասարությունների առաջացումը կարող է ծնել մշակութային եւ սոցիալական մեծ անհավասարություն ապագայում, քանի որ Ինթերնեթի առաջին սերնդի երեխաները աճում են խիստ տարբեր տեխնոլոգիական միջավայրերում։

Երկրորդ՝ այդ բաժանումը արդյունք է գիտելիքի անջրպետի, որ կազմում է թվանշային բաժանման նվազ ակնհայտ, բայց թերեւս ավելի վճռական չափումը։ Նոր ուսումը կողմնորոշված է դեպի տեղեկատվությունը գիտելիքի եւ գիտելիքը տեղեկատվության փոխակերպելու կրթական ունակության զարգացումը։ Ըստ Կաստելսի, ամբողջ աշխարհում դպրոցական համակարգը չի համապատասխանում այս նպատակին։ Այդուհանդերձ, կուտակողական բնույթ ունեցող մի շարք հանգամանքներ առաջ են բերում տարաբնույթ անհավասարություններ, որոնք պայմանավորում են վաղվա՝ գիտելիքի անհաղթահարելի անջրպետը։ Դպրոցների միջեւ էական ճեղքվածք կա տեխնոլոգիական ապահովվածության առումով։ Խիստ տարբերություններ կան ուսուցիչների մակարդակների, ինչպես նաեւ մանկավարժական մեթոդների եւ մոտեցումների միջեւ։ Քանի որ դպրոցներում շատ բան բացակայում է, երեխաների կողմից նոր տեխնոլոգիաների յուրացմանը նպաստելու գործը ստանձնում են ընտանիքները, եւ այստեղ տարբերությունների առաջացման մեջ դեր է խաղում ծնողների կրթությունը…

Վերջապես, թվանշային բաժանումն ունի գլոբալ, մոլորակային չափում։ Ինթերնեթի վրա հիմնված գլոբալ ցանցը իր մեջ է առնում հասարակությունների առանձին հատվածներ (հիմնական քաղաքային կենտրոններ, գլոբալացված գործունեություններ եւ բարձր կրթություն ունեցող սոցիալական խմբեր) եւ դուրս թողնում մեծամասնություն կազմող այն տարածքներն ու հասարակության հատվածները, որոնք այդ պահին հետաքրքրություն չեն ներկայացնում։ Իսկ «Ինթերնեթից անջատված լինելը կամ մակերեսայնորեն կապված լինելը հավասարազոր է գլոբալ ցանցային համակարգի մեջ լուսանցքային կարգավիճակի», քանի որ այսօր առանց Ինթերնեթի զարգացումը նույն բանն է, ինչ արդյունաբերության դարաշրջանում արդյունաբերականացումն առանց էլեկտրականության։ Ուստի, ինչպես պնդում է Մ. Կաստելսը, «Զարգացման նոր մոդելը պահանջում է թռիչք մոլորակային թվանշային բաժանման վրայով»։ Խոսքը, ինչպես տեսնում ենք, դարձյալ թռիչքի մասին է, բայց որակապես տարբեր թռիչքի, որը պահանջում է «Ինթերնեթի վրա հիմնված տնտեսություն՝ օժանդակված սովորելու եւ գիտելիքի ստեղծման կարողությամբ, ընդունակ գործելու արժեքի գլոբալ ցանցերի մեջ եւ սատարվող օրինական, ազդեցիկ քաղաքական հաստատություններով»։

(շարունակելի)

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Հրաչ Բայադյան. Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ