HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետի խոսնակի պարզաբանումները՝ Թալիշի ու թալիշցիների խնդիրների մասին

Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը Թալիշ գյուղի ու թալիշցիների վերաբերյալ պարզաբանում է հրապարակել իր կայքում, որը ներկայացնում ենք նույնությամբ։ 

«Քանի որ վերջին օրերին շատերի մոտ կտրուկ աճել է թալիշցիների ու Թալիշի ապագայի վերաբերյալ հետաքրքրությունը, փորձեմ մի քանի պարզաբանում կատարել այդ հարցի շուրջ:

1. Պետական ուշադրություն. Ռազմական գործողությունների օրերից սկսած՝ Արցախի Հանրապետության պետական մարմինները, բազմաթիվ սրտացավ հայերի հետ միասին, ուշադրության ներքո են պահել բոլոր տեղահանվածների (այդ թվում՝ թալիշցիների) խնդիրները՝ ներառյալ կեցության, սննդի, կենցաղային և այլ տիպի: Այդ ընթացքում, բացի նրանց կացարաններով ապահովելուց և ցուցաբերված նյութական աջակցությունից, համապատասխան աշխատանքային խումբը պարբերաբար գնահատում էր տեղահանված քաղաքացիների կարիքները և տալիս անհրաժեշտ լուծումներ: Իհարկե, չեմ բացառում, որ ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էլ են գրանցվել, սակայն հիմնականում կարողացել ենք ընդառաջ գնալ բոլորիս առջև ծառացած խնդիրներին: Արդյունքում ոչ ոք զրկված չի եղել առնվազն առաջին անհրաժեշտության պայմաններից, և տեղահանվածների հիմնական մասն էլ վերադարձել է իրենց տները՝ բացառությամբ թալիշցիների: Իհարկե, որոշ դժվարություններ կային և կան ՀՀ-ում ապաստանածներին աջակցելու մասով, սակայն շնորհիվ ՀՀ պետական մարմինների հետ մեր համագործակցության, տեղի բնակչության ու ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ուշադրության՝ նրանց հիմնական խնդիրներն էլ են լուծում ստացել: Արդեն երկու անգամ նախարարության աշխատանքային խումբը մեկնել է ՀՀ և տեղում հանդիպումներ ունեցել թալիշցիների հետ: Նշածս ուշադրության ցուցիչներից մեկն էլ ոչ միայն պատասխանատու մարմինների ներկայացուցիչների, այլ նաև հանրապետության ղեկավար անձանց պարբերական հանդիպումներն են տեղահանվածների հետ: Մասնավորապես՝ վարչապետ Արայիկ Հարությունյանն է մի քանի անգամ հանդիպել նրանց, իսկ երեկ նախագահ Բակո Սահակյանը համակողմանի քննարկում ունեցավ տասնյակ թալիշցիների հետ:

2. Թալիշի վերականգնում. Այժմ ԱՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում Թալիշի բնակիչների հետ՝ նրանց ժամանակավոր կացարաններից և իրենց ապաստանած վայրերից տեղափոխելու ավելի կենտրոնացված ու միջնաժամկետ կեցության բնակավայրեր, որտեղ նրանց կտրամադրվեն ավելի բարվոք պայմաններ՝ բնակվելու և աշխատելու համար: Թալիշի բնակիչների և ԱՀ իշխանությունների համատեղ որոշմամբ՝ այս պահին նախընտրելի չէ թալիշցիների վերադարձը հայրենի գյուղ, սակայն կառավարության օրակարգում մնում է նրանց վերադարձի հարցը: Բոլորի համոզմամբ՝ այս գործընթացի վերջնարդյունքը Թալիշի վերականգնումն է, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր կատարվելու են:

3. Բնակարանային հարց. Կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ: Բացի դրանից, մի շարք համայնքներում ավարտին է մոտենում նոր տների կառուցման գործընթացը, որոնք նախատեսված էին վերաբնակիչների համար, սակայն այժմ կառավարությունը պատրաստվում է դրանք տրամադրել Թալիշի բնակիչներին:

4. ՀՀ-ում ապաստանած թալիշցիներ. Նշածս առաջարկները վերաբերում են նաև ՀՀ-ում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ, որտեղ մենք պատրաստ ենք ապահովել սոցիալ-կենցաղային համապատասխան պայմաններ՝ ներառյալ բնակարաններ/կացարաններ: Ի դեպ, նրանց մի մասն արդեն աստիճանաբար վերադառնում է:

5. Կենսաթոշակների վճարում. Ինչ վերաբերում է ՀՀ-ում ապաստանած թալիշցիների կենսաթոշակների վճարման հարցին, ապա բոլոր տեխնիկական խնդիրներն արդեն լուծված են, և ապրիլի ու մայիսի կենսաթոշակներն ամբողջությամբ փոխանցված են նրանց հաշվեհամարներին:

6. Հետագա աջակցության համակարգում. Եթե որևէ մեկը հետաքրքրված է թալիշցիներին աջակցելով կամ նկատել է որևէ խնդիր և կարիք կա հրավիրել պետական մարմինների ուշադրությունը, ապա զանգահարեք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 047943367 հեռախոսահամարով:

Հ.Գ. կոչ կանեի լրատվամիջոցներին և սրտացավ մարդկանց ձեռնպահ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց»:

Լուսանկարը՝ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter