HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար գումար կհատկացվի

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով:

Կառավարության կայքը հայտնում է, որ կվերանորոգվեն Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, քաղաքի 3-րդ փողոց Նոր Միկրոշրջան N 4 բազմաբնակարան շենքի տանիքը: Նաև գումար կհատկացվի Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցի վթարային շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար, որպեսզի հաջորդ բյուջետային տարում համայնքն ունենա դպրոցի նոր շենք: Կկառուցվի Տավուշի Ջուջևան համայնքի ջրագիծը, որով ամբողջությամբ կլուծվի թաղամասի խմելու ջրի խնդիրը: Կասֆալտապատվեն նաև մարզի Ոսկևան համայնքի ճանապարհները: Նախարարը նշել է, որ վարչապետի այցելության ժամանակ բարձրացվել է Զորական համայնքի զոհված զինվորի ընտանիքին բնարակարանով ապահովելու խնդիրը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տան շինարարությունն արդեն սկսվել է և այն կավարտվի առաջիկա ամսում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ շինարարությունը բյուջեի գումարներով չի իրականացվում. «Գործարարներ են օգնել, և այդ տունը կառուցելու ենք միասին»: 

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում կառուցվող ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում. ջրամատակարարումն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջներին չբավարարող ջրով և անկանոն: 

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Նախարարի խոսքով՝ այս հարցը նույնպես քննարկվել է ՀՀ վարչապետի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Կառավարության համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է Նոյեմբերյան համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման անհրաժեշտությամբ: Այսուհետ համայնքի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով: 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Ալավերդի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության կարիքների համար մետաղապլաստե դռան և պատուհանի ձեռքբերման աշխատանքների իրականացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն նախադպրոցական ուսումնական հաստատության շենքային պայմանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter