HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Ձեզ համար օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց:
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դարձած կրթօջախին, որտեղ տարիներ շարունակ կրթվել եք, ստացել գիտելիքներ ձեզ շրջապատող աշխարհի մասին, ճանաչել բարին ու լուսավորը: Այստեղ են ձևավորվել ընկերական այն հարաբերությունները, որոնց անաղարտությունն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ իրականություն դառնան ձեր նվիրական բոլոր երազանքները և դուք աներեր քայլեք ընտրած ճանապարհով` դառնալով մեր պետության և ժողովրդի ամուր հենասյունը:
Հարգելի ուսուցիչներ, այս օրը խիստ հուզիչ է նաև ձեզ համար: Տարիներ շարունակ կրթած ու դաստիարակած հերթական սերունդ եք ճանապարհում կյանք` նրանց պատգամելով հավատարիմ մնալ ազգային արժեքներին և գաղափարներին:
Հայրենիքի և մեր ազգային իղձերի նկատմամբ սերն ու վերաբերմունքը, որոնք ծնողական հոգատարությամբ ու համբերությամբ դուք սերմանում եք տարիների ընթացքում, իրենց պտուղներ են տալիս ապագայում: Առհավատչյան այս օրերին սահմանը պահող զինվորն է՝ հայի անկոտրում ոգով, անսահման հայրենասիրությամբ ու սեփական հողը պաշտպանող հերոսի գիտակցությամբ:
Համոզված եմ, որ մեր այսօրվա շրջանավարտները ևս հպարտանալու բազում պահեր են պարգևելու իրենց ուսուցիչներին ու ծնողներին և դառնալու են մեր անկախ պետության հիմքերն ամրապնդող, կիրթ ու բանիմաց, օրինակելի քաղաքացիներ:
Ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին: Այս հիշարժան ու գեղեցիկ օրը, մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն, բարօրություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter