HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության շենքի դիմաց նորից խաբված քաղաքացիներ էին

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին Քաղցրաշենի և հարակից գյուղերի խաղողագործները, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, Բուզանդ, Կոնդ, Եկմալյան 4-16  փողոցի խաբված բնակիչները։

Քաղցրաշենի խաղողագործներն առավոտյան 10։00-ից «վարչապետ» վարկանկումներով վարչապետի հետ հանդիպում էին պահանջում։ Բացատրություն էին պահանջում, թե ինչպես խոստացված մայիսի 20-ը անցավ, սակայն մթերող «Վինար» ընկերությունը այդպես էլ չվճարեց գումարները։

Այգեզարդ գյուղի բնակիչ Աշոտ Ղարիբյանը նշում է, որ տեղյակ է՝ հերթն առաջ գցելու համար մթերված ամեն կիլոգրամի համար 10 դրամ են ուզում․ «10 կամ 20 դրամ են ուզում մեզանից։ 400 հազար դրամ ա իմ գումարը, ուրեմն դրանից 80 հզ պետք ա իրանց տայի, որ հերթս առաջ գցեին։ Անձամբ չեմ դիմել, բայց գիտեմ, որ էս մեխանիզմով կարամ գումարս ստանամ, բայց որտեղի՞ց ինձ էդքան գումար»։

Քաղցրաշենցիները ժամեր շարունակ վարչապետին սպասեցին, սակայն նրանց մոտեցան միայն գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ու կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ խոստանալով, որ վաղը առավոտ՝ ժամը 11։00-ից խաղողագործները կստանան իրենց գումարները։ Չնայած դրան՝ մեկ ժամ հետո գյուղացիներին մոտեցավ մթերող «Վինար» ընկերության տնօրենի որդին՝ Դավիթ Գալստյանը, և տեղեկացրեց, որ նոտարական գրասենյակի զանգին է սպասում, որպեսզի կարողանա վարկը ստանալ։ Խոստացավ՝ մինչ ամսվա վերջ բոլորին վճարել։ Գյուղացիները հետաքրքվեցին՝ ինչպես է ամբողջական վճարելու, եթե 100 միլոնից 50 միլիոնը պարտք է փոխանցելու, իսկ այդ մնացած 50 միլիոնը շատ քիչ է։ Դավիթ Գալստյանը նշեց, այդ 50 միլիոնը բաժանելուց հետո, կասեն, թե մնացած գումարը երբ ու ինչպես են վճարելու։ Գյուղացիները, արդեն իսկ ծանոթ լինելով նման պատմություններին, շարժվեցին նախագահի նստավայր։ Այնտեղ նրանցից ոմանք հանդիպում ունեցան աշխատակիցների հետ, տեղեկացրին իրավիճակն ու պահանջները։ Մեկ ժամ սպասելուց հետո  նախագահականից նրանց տեղեկացրեցին՝  չորեքշաբթի օրը կստանան գումարները։

Տասնյակ նաիրիտցիներ էլ պահանջում էին իրենց ուշացված աշխատավարձների տոկոսները։ Նրանցից շատերը ստորագրել էին, որ հրաժարվում են այդ տոկոսներից՝ հավաստիանալով, որ այդ գումարները ուղղվելու են «Նաիրիտ»-ի վերագործարկմանը։ «Մեր ընտանիքում չորս հոգի՝ ես, ամուսինս, երկու տղաներս, աշխատում էինք «Նաիրիտ»-ում։ 47 տարի աշխատել եմ այդ գործարանում։ Բոլորը գիտեն՝ լավ աշխատող եմ եղել։ Նախագահը մեդալներ ա տալիս մարդկանց, ովքեր արժանի չեն, բայց թող գար մեր գործարան, տեսներ՝ ոնց էին մարդիկ քիմիայի մեջ աշխատում։ Հակագազը, որ հանում էինք, դեմքներս լրիվ կարմրած էր, գլուխներս պտտվելով՝ աշխատել ենք։ Իսկ իրանք արհամարհեցին ու արհամարհում են մեզ։ Հիմա տղաս ուզում ա ամուսնանա, փող չունենք, որ հարսանիք անենք։ Չորս հոգով աշխատել ենք։ Մեզ պես աշխատողը պետք է դղյակներ ունենար։ Իսկ մենք այսօր ոչինչ չունենք։ Մեզ խոստացան, որ այդ տոկոսներից հրաժարվենք, քանի որ դրանք ուղղվելու են «Նաիրիտ»-ի վերաբացմանը, բայց գործարանը փակեցին։ Ուրեմն թող հետ տան մեր այդ տոսկոսները»,- նշում է Վարդուհի Նահապետովան։

Կոնդի բնակիչները ևս պահանջում էին այն խոստացված բնակարանները, որոնք պետք է ստանային որպես փոխհատուցում՝ իրենց քանդված տների։ Տարիներ շարունակ շատ կոնդեցիներ բնակվում են վարձով, բարեկամների տանը, քանի որ այդ խոսացված շենքը չի կառուցվում։ Ալեքսանդր Ղազարյանին կոնդեցիները հարցրին, թե ինչու էր հեռուստաեթերից նշում, որ կոնդեցիների բնակարանային խնդիրները լուծվել են, և մոտ 5 բնակարանի հարց է մնացել։ Ղազարյանը զարմացավ, որ նման բան է ասել, սակայն հետագայում նշեց, որ միգուցե այլ բան է ի նկատի ունեցել։ Բնակիչներից մեկի հետ առանձնազրույցում Ղազարյանը նշեց՝  հուսանք այդ շենքի շինարարությունը հունիսի 10-ից կսկսեն։

Պաստառներով և վարկանկումներով իրենց բնակարաններն էին պահանջում նաև Եկմայլայն և Բուզան փողոցի բնակիչները, որոնց ևս տարեցտարի հավաստիացնում  են, որ շուտով կստանան բնակարան կամ գումար։

«Արդեն 10 տարի ա՝ դրսում ենք։ Բարեկամների, հարևանների տանն ենք մնում, տեղ չի լինում, անգամ դրսում ենք մնում։ Պապոյան Գագիկը, ով որպես խաբեբա այժմ նստած ա, աղջկաս խաբեց։ 2007-ին աղջիկս բնակարանի համար 72․ հզ դոլար վճարեց, որ երեքսենյականոց բնակարան պիտի ստանա։ Էդ շենքը երկու տարվա մեջ պետք ա կառուցված լիներ, բայց ինքը բնակարանները վաճառել էր 3 հոգու։ Գլխի քաղցկեղ ուներ, լսել եմ՝ մի շաբաթ առաջ մահացել ա։ Հիմա մեկնումեկը մեզ, ի վերջո, պիտի փոխհատուցի՞, թե ոչ։ Հիմա վարչապետին խնդրում ենք՝ դուրս գա, մեր հարցերով զբաղվի։ Թող մեզ ապահովեն կա՛մ գումարով, կա՛մ բնակարանով»,- նշում է Պողոսյան Անահիտը։

Հավաքվածները նշում էին, որ եթե արձագանք չլինի իրենց պահանջներին, գնալու են որևէ դեսպանատան դիմաց ցույց անեն, այնտեղ մնան։

Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter