HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սունկը գրոհում է Գետափի դպրոցը

Փայտե հատակին տարածված ձվածեղատիպ սունկը դարձել է Շիրակի մարզի Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի մղձավանջը: Ոչ այնքան հաճելի այս երեւույթը գետափցիներին սկսել է անհանգստացնել մոտ 5 տարի առաջ: Սկզբում մեծ ուշադրություն չեն դարձրել՝ մտածելով, թե ջրհորդաններ տեղադրելով եւ լոկալ ջեռուցում ապահովելով` կկարողանան խնդիրը կարգավորել:

Դպրոցը 1950-ականների կառույց է: Տնօրեն Ռուզաննա Արաջյանն ասում է, որ խորհրդային տարիներին շենքը կառուցվել է պարզապես հողի վրա՝ առանց գրունտային հիմքի եւ ջրհորդանների: 1998-ին Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով եւ համայնքի ներդրումով կառուցվել է երրորդ մասնաշենքը, սակայն այնքան անհրաժեշտ ջրահեռացման խողովակներն այս անգամ էլ չեն տեղադրվել՝ նախագծում չներառելու պատճառով: Երրորդ մասնաշենքի կառուցումից հետո դպրոցը  դարձել է միջնակարգ: Այն նախկինում 8-ամյա էր, եւ գետափցիները միջնակարգ կրթությունը շարունակում էին հարեւան Անուշավան գյուղում:

«Ամենայն հավանականությամբ, դպրոցի եւ նրան հարակից տարածքում տարիների ընթացքում  գրունտային ջրերն են բարձրացել,-կարծիք է հայտնում տնօրենը,-շենքն անմիջապես հողի վրա է սարքած: Նախկինում նման երեւույթներ չեն նկատվել, նշանակում է՝ միակ պատճառը, որ կարող էր բերել սնկային հիվանդության ու բարձր խոնավության՝ գրունտային ջրերն են: Էս տարածքում մի մետր փորում են՝ ջուր է դուրս գալիս»:

2011թ. արտերկրում ապրող գետափցի բարերարի օժանդակությամբ դպրոցում կոսմետիկ վերանորոգում են կատարել, նաեւ՝ ջրհորդանների հարցն են լուծել, 3 տարի առաջ էլ մարզպետարանի հրատապ ծրագրով հատկացված մոտ 8 մլն դրամով լոկալ ջեռուցում են ապահովել, սակայն խոնավությունը շարունակել է իր ավերիչ գործը:

«Սկսեցին սնկեր աճել էդ խոնավությունից,- ասում է Ռուզաննա Արաջյանը,- պատերն ու հատակը խոնավությունից քանդվում են: Մենք էդ սնկերը մաքրում թափում ենք, սալյարկա ենք լցնում վրան, հականեխում ենք, բայց մեկ է՝ չենք կարողանում լիովին ազատվել: Էլեկտրաէներգիայի բոլոր լարերը վառվել են, պատերի ծեփոնները թափվում են, գրեթե բոլոր դասասենյակներում փայտե հատակը մասնակի նորոգում է անցել, բայց օգուտ չկա»:

Տնօրենն առաջարկում է շրջել դպրոցում: Միջանցքում տարածված դիզվառելիքի հոտը զգացվում է նաեւ դասասենյակներում: Տիկին Արաջյանը ձեռքերն է տարածում. «Գիտենք, որ չի կարելի, բայց սնկի դեմ միայն այդ կերպ ենք կարողանում պայքարել: Սունկը միայն հատակով չի տարածված՝ պատերն էլ են վարակված»:

Սնկային ագրեսիայի դեմ պայքարի բոլոր միջոցները սպառած գետափցիները դիմել են մարզային իշխանություններին՝ խնդրելով նոր դպրոց կառուցել գյուղում, սակայն մերժում են ստացել՝ գումարներ չլինելու պատճառաբանությամբ: Տնօրենն ասում է, որ խնդրին տեղյակ են եւ՛ վարչապետը, եւ՛ կրթության ու գիտության նախարարը:

«Խոսակցություններ կան, որ ուզում են մարզպետարանից գումար հատկացնեն դպրոցի հատակը փոխենք, բայց դա հարցի ժամանակավոր լուծում է,-ասում է զրուցակիցս,-խոնավությունը տակից է: Էս երեք տարին, որ լոկալ ջեռուցում ունենք, մի փոքր պակասել է խոնավությունը, բայց ջեռուցման սեզոնն անցել է, հիմա էլ գարնանային ինտենսիվ անձրեւներն են սկսվել, միակ փրկությունը  օդափոխությունն է: Գալիս ենք առավոտից պատուհանները բացում ենք, բայց դուք էլ երեւի զգացիք համ խոնավության, համ սոլյարկի հոտը չի անցնում, խոնավությունն էլ չի քաշվում: Ենթադրենք՝ գումար տրամադրեն փտած հատակը փոխենք, մի որոշ ժամանակ անց էլի նույն վիճակն է լինելու, բա պատերի հարցն ի՞նչ անենք»:

Գետափի միջնակարգ դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Ներկայում դպրոց է հաճախում 80 աշակերտ: Աշակերտների ամենամեծ թիվը գրանցվել է 2007-ին` այդ ուսումնական տարում Գետափի միջնակարգ դպրոց է հաճախել 200 աշակերտ: Թվի նվազումը տնօրենը կապում է արտագաղթի եւ գյուղում ծնելիության պակասի հետ: Այս տարի վերջին զանգի միջոցառման հերոսներն ընդամենը 7-ն են: Իսկ երկու տարի անց դպրոցին հրաժեշտ կտա ներկայում 10-րդ դասարանում սովորող 2 աշակերտ:

«5-րդ եւ 6-րդ դասարանները երկկոմպլեկտ են, սովորում է երեքական աշակերտ, այսինքն՝ երկու դասարանում ընդհանուր ունենք վեց աշակերտ: Այս տարի առաջին դասարան ընդունվել է 14 աշակերտ, բայց դե չգիտենք, թե քանիսը կշարունակեն ուսումը մինչեւ 12-րդ դասարան»,-մտահոգվում է տնօրենը:

Ռուզաննա Արաջյանի համոզմամբ՝ Գետափին թեկուզ փոքր, բայց դպրոցի նոր շենք է պետք, նոր վայրում: Հին դպրոցը չունի մարզադահլիճ, միջոցառումների համար նախատեսված դահլիճ: Վերջին զանգի եւ դպրոցական այլ միջոցառումներն անցկացնում են գյուղի մշակույթի տան դահլիճում, որը եւս խիստ վերանորոգման կարիք ունի: Ֆիզկուլտուրայի դասերը վեց ամիս ստիպված են կազմակերպել դասասենյակներում: Համապատասխան դահլիճ չունենալու պատճառով չեն կարողանում նաեւ մարզական գույք ստանալ: Չունեն զինապահեստ: Զիվորական պատրաստության դասերին հարկ է լինում ինքնաձիգը մեկ կամ երկու ժամով, համապատասխան գրությամբ բերել հարեւան գյուղի դպրոցից:

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter