HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղաների տղաներն ընդդեմ նվիրյալ չարքաշների

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

1968թ. Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ժամանակ զորահրամանատարին տրված հարցերից մեկը վերաբերում էր Բաղրամյանի ու Անդրանիկի հնարավոր հանդիպմանը ու շփումներին։ Իր պատասխանում Բաղրամյանը կեսդարյա հեռավորությունից հիշել էր պատմական այն դրվագը, երբ ժամանակի այդ երկու վեհանձն մարդկանց միջեւ տեղի էր ունեցել «փառքի» փոխանցում, սակայն՝ ապտակի միջոցով։ Զուտ պատմական առումով, ինչպես նաեւ հանդիպման ողջ դրամատիզմը վերապրելու տեսանկյունից հայությունը հենց այդպես էլ ընկալել է այդ երկխոսությունը։ Սակայն քաղաքական տեսանկյունից Բաղրամյանի պատասխանը խորքային մի խնդրի էր վերաբերում, որի պատասխանը մինչ օրս տրված չէ եւ, ցավոք, սպասում է լուծման։

Այն հարցին ի պատասխան, թե մարշալը երբեւէ հանդիպե՞լ է զորավար Անդրանիկին, Բաղրամյանը պատմել էր հետեւյալը. «1918թ. մարտին Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատեւ հանգստի։ Էրզրումից նահանջում էր Զորավար Անդրանիկը ավելի քան 15000 գաղթականներով։ Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։ …Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց.

-Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են… բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ի՞նչ կարեւոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա կարգի բեր քո էսկադրոնը…

Ցավալի էր, 1918թ. գարնանը ամենուրեք կարելի էր լսել «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք»։

Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ… Չէ՞ որ 1941-ին աքսորի մեջ գտնվող մեծ թվով խորհրդային գեներալներ վերադարձան պայքարելու ֆաշիզմի դեմ, ինչպես, օրինակ, մարշալ Կոնեւը»։

Այս տողերն ընթերցող մեր համաքաղաքացիներն, անշուշտ, հիմա եւս կարող են հայրենասիրական պոռթկում ապրել, կարող են իրենց ուշադրությունը Անդրանիկի մեծության վրա կենտրոնացնել, նրա ապտակի հզորությունը քննարկել, մարշալ Բաղրամյանին մի այլ կողմով բացահայտել եւ այլն։ Սակայն շատ ավելի կարեւոր է, որ բոլորս ընկալենք մեր դժբախտությունների ու պարտությունների գործում ներկայացված կոնկրետ մի՝ «աղաների տղաների» կռվից խուսափելու երեւույթի նշանակությունն ու ծանր հետեւանքների աստիճանը։

Քաղաքական առումով ներկայումս երկու հանգամանքի վրա պետք է սեւեռել մեր ուշադրությունը։ Առաջին՝ ինչպես 1918 թվականին, 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունից խուսափում են «աղաների տղաները»։ Երկրորդ՝ փառապանծ մարշալի նկարագրած դեպքերից գրեթե հարյուր տարի անց հայությունը Քառօրյա պատերազմին մասնակցեց հասուն գիտակցությամբ ու այնքան մեծ պատասխանատվությամբ, որ հայրենիքի պաշտպանության գործը ձեռնարկելիս մի կողմ դրեց «աղաների որդիների» բանակում չծառայելու հանգամանքը։

Ինչպես ցույց տվեց Քառօրյա պատերազմը, այսօր ազատ ու անվտանգ ապրելու խնդիրը լուծելիս բոլորովին անտեղի է մեր հանրության առաջ քարոզ կարդալ՝ հիմնավորելու համար հայրենիքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Անդրանիկի խոսքը՝ «Սա մեր հայրենիքն է, ի՞նչ կարեւոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա կարգի բեր քո էսկադրոնը…», 1960-ական թվականներին՝ ազգային գիտակցության վերազարթոնքի շրջանում, մարշալ Բաղրամյանի օգնությամբ ներարկվելով մեր մտածողության մեջ, տվել է իր անգին պտուղները։ Թշնամու դեմ կռվելիս հայրենիքին ծառայում են անձնվիրաբար ու առանց ինչ-ինչ պայմաններ առաջադրելու։ Հայրենասիրության զգացումը հենց այսպիսի ընկալում ունի ժամանակակից հայ հանրության մոտ։ Նման գիտակցության շնորհիվ է, որ մեր մարտական ոգին բարձր է, իսկ բանակը՝ անպարտելի։

Սակայն, մեզանում արդեն հարյուր տարի է՝ լուծված չէ բոլորովին այլ՝ «աղաների տղաների» խնդիրը, ովքեր ոչ թե առանց նվիրումի, այլ ընդհանրապես չեն ծառայում հայրենիքին։ Ու հայրենիքի նկատմամբ նրանց պարտքը կատարում են հենց Անդրանիկի նշած «նվիրյալ չարքաշները»՝ կյանքի գնով ամուր պահելով հայրենիքի սահմանները։ «Աղաների տղաներն ընդդեմ նվիրյալ չարքաշների»՝ ահա ներքին ռազմաճակատի գծում կանգնած երկու հակադիր բանակների դասավորությունը։ Այս ճակատում մեր հայրենիքի դեմ պատերազմ է հայտարարել արդեն ներքին թշնամին։ Ինչպե՞ս պատերազմել այդ բանակի դեմ։

Այս խնդրում աղաների տղաները դերակատարներ չեն։ Նրանք հետեւանքն են որոշակի մի երեւույթի՝ մեր ազգային կյանքում աղաների գոյության։ Իսկ աղաները երկրում սոցիալական անհավասարության, անարդարության ցուցիչն են։ Պատմական մեր փորձը վկայում է, որ այդ աղաները բոլոր ժամանակներում տարբեր անուններով մեր ժողովրդի մեջ նստած են եղել որպես ճիճուներ, որոնք մեր օրգանիզմից խլել ու մինչ օրս շարունակում են խլել նրա կենսական բարիքները՝ հյուծելով, ծնկի բերելով ամբողջ հանրությանը։ 1919-1920թթ․ այդ ճիճուները վերափոխվեցին խմբապետների, խորհրդային շրջանում՝ ցեխավիկների, Ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ «ասֆալտի ֆիդայիների», հետո՝ մականունավոր օլիգարխների ու պաշտոնյաների։

Մարշալ Բաղրամյանի վկայությունը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ նկարագրում է պատմական մի ժամանակաշրջան, երբ ազգը պետք է որ առավել համախմբված լիներ։ Նկարագրված դեպքը տեղի է ունեցել ոչ թե 1920 թվականին, երբ բոլշեւիկյան քարոզչությունն ուղղակիորեն կազմալուծել էր Հայոց բանակը՝ այդ թվում ցուցանելով զինվորական ծառայության հետ կապված անարդարությունները, այլ՝ 1918թ․ գարնանը։ Այսինքն, պատերազմող հայորդիների դժգոհությունն այդ ժամանակ ներքին կամ արտաքին ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից ուղղորդված չի եղել։ Այն հարյուր տարի առաջ մեզանում եղած իրական սոցիալական անհավասարության արտահայտությունն է ցուցանում՝ զերծ քաղաքական տարբեր ուժերի քարոզչական ազդեցությունից։ Այդ իսկ պատճառով պարզ է դառնում, որ տվյալ դեպքից անգամ երկու-երեք տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն աղաներին չի արթնացրել, նրանց աչքի առաջ տեղի ունեցած հարյուր հազարավորների կոտորածն ու գաղթը, հենց այդ օրերին իրենց շուրջը որբ, մերկ երեխաների սովամահությունը, Արեւելյան Հայաստանի դժոխային վիճակը, երբ գաղթականները բաց երկնքի տակ, առանց որեւէ ապրուստի միջոցի փորձել են մահվան դեմ պայքարել, նրանց չի սթափեցրել։ Աղաները կարծել են, որ թուրքը իրենց չի հասնի, ուստի իրենց երեխաները, միեւնույն է, չպետք է ծառայեն։

Քառօրյա պատերազմը մեզանում շատ հարցերի պատասխաններն է տվել։ Այդ թվում այն հարցի պատասխանը, որ մեր բանակը, չնայած կրկին կազմավորված է առավելապես նվիրյալ չարքաշներից, բայց միեւնույն է՝ զորավոր ուժ է ներկայացնում։ Մի ուժ, որն ունակ է չեզոքացնել ինչպես արտաքին ուժերի, գերտերությունների խարդավանքները, այնպես էլ ներքին թշնամու՝ այդ նույն աղաների դավերի ու դավաճանությունների ավերիչ ազդեցությունը, ում որդիները չեն ծառայում զինված ուժերում։ Քառօրյա պատերազմը նաեւ տվել է այն հարցի պատասխանը, որ առաջիկայում թշնամին, միեւնույն է, փորձելու է պատերազմել մեր դեմ, քանզի նա իր առաջ մի խնդիր է դրել՝ թույլ չտալ հայության գոյությունը իր պատմական հայրենիքում։ Ուստի, ինչպես ցեղասպանությունից ընդամենը երեք տարի հետո աղաներն անհաղորդ էին երկրի ու ազգի խնդիրներին, այնպես էլ ապագայում, երբ թշնամին կրկին փորձի մեր զգոնությունը չափել, նույն այդ աղաները, իբրեւ մեր իսկ օրգանիզմի ճիճուներ, բոլորովին անհաղորդ են լինելու ազգի ու պետության խնդիրներին։

Աղաների որդիներին զինվորական ծառայության կանչելու համար կա մի էական ճանապարհ։ Դա մեզանում, մեր շրջապատում ամեն տեսակ աղաների՝ արտոնյալների բացառումն է։ Սա խորքային լուծում է պահանջում եւ այդ առումով այնքան էլ կապված չէ պետության կողմից վարչահրամայական ինչ-ինչ մեխանիզմներ գործադրելու հետ։ Պետական մեքենայի օգնությամբ եւ վարչահրամայական մեթոդներով կարելի է ժամանակավորապես զսպել աղաներին, բայց հնարավոր չէ այդպես արմատախիլ անել հավասարության նկատմամբ մարդկանց մեջ բնավորված անհանդուրժողականությունը, ինչպես նաեւ սեփական արտոնյալ դիրքերի հաստատմանը միտված մարդկային հակումները։

Արտոնյալների գոյությունն առաջին հերթին մեր սոցիումում անհավասարությունը որպես մարդկային կեցության հիմք ընդունելու հետեւանքն է։ Այստեղ կարիք կա փոխել մեր հանրության մի զգալի մասի գիտակցությունը։ Չէ՞ որ 1918թ․ մարտին, երբ հայությունը չուներ պետություն, աղաները, միեւնույն է, գոյություն ունեին։ Այժմ 2016 թվականն է, ու մենք ունենք պետություն, բայց մեր երկիրը կրկին լցված է աղաներով։ Քանի դեռ նույն այդ աղաներն են ղեկավարում մեր ազգային պետությունը, սպասել, որ պետական լծակներով մեր երկրից հնարավոր կլինի արմատախիլ անել «աղայությունը»՝ կարճամտություն է։ Սակայն շատ ազդու լծակ է, երբ նույն այդ աղաների արտոնյալ կարգավիճակը վիճարկվում է ստորին աստիճանից՝ չհանդուրժելով ցանկացած տեսակի անհավասարություն մարդկային հարաբերություններում։

Աղաների ինստիտուտը որոշակի մտածողության արգասիք է։ Էլիտիզմի հետեւորդ մարդկանց պատկերացումների համաձայն՝ իրենք կամ ինչ-որ մարդիկ արտոնյալ են՝ ինչ-ինչ պայմաններից կամ արժանիքներից ելնելով։ Ուստի այդ ինստիտուտը միայն աղաներից բաղկացած չէ։ Նրանից ներքեւ տարբեր աստիճանների վրա կանգնած են աղաների ազգականները, հարեւանները, աղաներին տարբեր ծառայություններ մատուցողները եւ այլն։ Նույն այդ մարդկանց համար կարեւոր չէ, որ իրենք այդ պահին արտոնյալ չեն։ Աղաների պես մտածող մարդկանց համար խնդիրը որոշակի պայմաններ բավարարելու, կամ թե որոշակի արժանիքների կրողը դառնալու մեջ է, որպեսզի հանրային ընկալման տեսանկյունից իրենք նույնպես հայտնվեն արտոնյալների դիրքում եւ օգտվեն որոշակի բարիքներից։ Այն նույն բարիքներից, որոնցից օգտվում են իրենց շրջապատի հայտնի աղաները։

Քանի դեռ հանրությունը լայն պայքար չի ծավալել իրեն շրջապատող ամեն տեսակ անհավասարությունների դեմ, նա չպետք է իրեն համոզի, թե մի օր վերջ կլինի «աղայությանն» ու «աղաներին»։ Դրա դեմ պայքարի դաշտը սկսվում է սեփական բակից ու թաղից՝ մերժելով ամեն տեսակ սրիկաների այնպիսի գործողությունները, որոնք իրենց մեջ սոցիալական անհավասարություն են ենթադրում։ Հաջորդ աստիճանում ամեն տեսակ աղաների դեմ պայքարը շարունակվում է յուրաքանչյուր գյուղում, երբ գյուղացիները չեն թողնում արտոնյալների համար առանձին ջրագիծ հիմնել ու դրա համար տրորում են գյուղապետին ու մյուս փոքր ճիճուներին։ Հաջորդ աստիճանում պայքարը շարունակվում է յուրաքանչյուր քաղաքում, որտեղ հանրային ծառայություններ մատուցող պաշտոնյայի վրա, ով օգտվելով իր դիրքից փորձում է արհեստական խոչընդոտներ ստեղծել քաղաքացու համար, կեղտաջուր են լցնում։ Հաջորդ աստիճանում պայքարը տարվում է ամեն տեսակ պաշտոնյայի ու օլիգարխի դեմ, ովքեր զրկվելով իրենից ներքեւ եղած հենարաններից հանրության մեջ մտնելիս արդեն զգում են ուղղակիորեն աղբարկղ նետվելու վտանգը։ Այս ընթացքն է, որ ստիպելու է աղաներին իրենց որդիներին բանակ ուղարկել ու հարստահարած հանրային բարիքը բանակի կարիքներին ուղղել։ Իսկ եթե ոչ, ապա հանրության ծանր ձեռքը կհասնի նաեւ նրանց՝ վերացնելու համար այն անարդարությունն ու անհավասարությունը, երբ նվիրյալ չարքաշները սահմանի վրա լուծում են ազգի անվտանգության խնդիրը, իսկ աղա ճիճուներն ու նրանց լակոտները վայելում են լիարժեք անվտանգ ու ապահով իրենց կյանքը։ 

Մեկնաբանություններ (2)

Աշոտ
նյուրնբերգյան դատավարությունից հետո նրանց մեծ մասին մահապատիժ տվեցին, այդ թվում գլխավոր շտաբի պետ ՔԵՅԹԵԼԻՆ.. պատժից առաջ ասում են կինդ եկել է տեսակցության..քեյթելն ասում է ես նրա աչքերին չեմ կարող նայել 2 զավակներիս զոհել եմ պատերազմում..եվ դա ասում է հիտլերյան բանակի գլխավոր շտաբի պետը...մենք տարածք վերադարձնող ազգ չենք. դա մեր ուժերից վեր է. 150 տարի հետո հնարավոր է.. եթե լինենք...
աղաները ամեն տեղ են անիծված!
.... надо, наконец, вышвырнуть из власти всех, у кого деньги, имущество и семьи за рубежом. Вышвырнуть за 24 часа. Это - враги народа, главные и неисправимые. Это - мерзость пред Господом, и пусть суд Божий над ними, их детишками и прочими, кто им дорог, будет самым беспощадным .... (Всеволод Чаплин – деятель Русской православной церкви)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter