HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

analitik.am կայքի գործով ձերբակալվել է ևս մեկ անձ՝ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու գործով

Հատուկ քննչական ծառայությունը այս տարվա մայիսի սկզբին հայտնել էր, որ ՀՔԾ-ում ում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Այսօր ՀՔԾ-ն հայտնում է, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Արտակ Գալստյանը, ով առավել հայտնի է Վանոյի Արտակ մականունով: Վերջինս կասկածվում է 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՔԾ-ն հաղորդում է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Հիշյալ հանգամանքները ՀՔԾ-ին հիմք են տվել կարծելու, որ վերը նշված առանձնապես խոշոր չափի շորթումը վերոհիշյալ լրատվական կայքերի աշխատակիցների և Արտակ Գալստյանի ապօրինի գործունեության միակ դեպքը չէ:

Ուստի, ՀՔԾ-ն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արտակ Գալստյանի և վերջինիս տնօրինման տակ գտնվող կայքերի աշխատակիցների ապօրինի գործունեությունից, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ (011) 900-035, (011) 900-052):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter