HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

450 հազար եվրոյի պահանջ ՌԴ կառավարությանը` որպես վնասի փոխհատուցում

Ավետիսյանների սպանության գործով այսօր դատարանում հարցաքննված վերջին վկան Աշոտ Կարապետյանն էր, ով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հրատարակվող թերթի պատասխանատու քարտուղարն է: Պաշտոնաթող գնդապետը 2015-ի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը անմիջական մասնակցություն է ունեցել Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքներին՝ լինելով քաղաքացիական անձ:

«Հրամանատարը Աֆրիկայում էլ է հրամանատար» պատճառաբանեց վկան՝ նշելով, որ զինվորականները՝ նախկին, թե գործող, սովորաբար հրամանները կատարում են առանց դրանք քննարկելու: Թեպետ ինքը պահեստազորի գնդապետ է եւ զինվորական ծառայության մեջ չէ, սակայն Պերմյակովին փնտրելու գործում ռազմաբազայի հրամատարությունը դիմել է հենց իր օգնությանը՝ հաշվի առնելով, որ ինքը լավ գիտի քաղաքն ու կարող է հեշտությամբ կողմնորոշվել:

«Ինձ հրամայվել էր զանգահարել ռազմական ոստիկանություն եւ տեղյակ պահել զինվորի փախուստի մասին, որն էլ արել եմ: Սակայն Գյումրու ռազմական ոստիկանությունից հայտնեցին, որ որոնողական աշխատանքների համար խումբ չունեն ու խորհուրդ տվեցին դիմել ոստիկանության մարզային վարչություն»,-նշեց վկան:

Աշոտ Կարապետյանը պատմեց, որ ռազմաբազայի հրամանատարն իրեն զանգահարել է ժամը 04:20-ին՝ Պերմյակովի փախուստից երկուսուկես ժամ անց: Փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչով էր պայմանավորված նման դանդաղկոտությունը, վկան պատասխանեց, որ Պերմյակովին նախ փնտրել են նրան վստահված տարածքում, որը բավական ընդարձակ է եղել:

«Հրամանատարն ասեց` մի քիչ սպասենք, может быть он где то под кустом сидит (կարող է նա ինչ-որ տեղ թփերի տակ նստած է.-հեղ), նկատի ուներ, որ կարող է տուալետ է գնացել»,-բացատրեց վկան: «Մի՞թե ձեր զինվորներն այդքան երկար ժամանակով՝ երկու ժամից ավելի, տուալետ են գնում,-զարմացավ Լուսինե Սահակյանը,-դա սովորական բա՞ն է ձեր համար»: «Ոչ»,-պատասխանեց վկան:

Աշոտ Կարապետյանը տեսել է ամբաստանյալին անմիջապես ձերբակալվելուց հետո: Վկայի նկարագրելով` Պերմյակովի դեմքը թունդ մորու գույն է ունեցել այդ պահին եւ ինքը հարցրել է, թե արդյոք չե՞ն ծեծել ձերբակալելիս, որին ի պատասխան` Պերմյակովն ասել է, որ մոտ 45 րոպե դեմքով թաղված պառկած է եղել ձյան մեջ մինչեւ իրեն ձերբակալել են: Վկան Պերմյակովին հարցրել է, թե ինչու՞ է նա սպանել Ավետիսյաններին: Ամբաստանյալը ծիծաղել է եւ ասել.« Ես չեմ պատկերացնում, որ այդպիսի բան արած լինեմ»:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները փորձեցին վկայի միջոցով պարզել` արդյո՞ք անցյալում էլ են եղել դասալքման նման դեպքեր: Վկան նշեց, որ իր ծառայության 33 տարիների ընթացքում չի հիշում դեպք, որ զինվորը զենքով լքի իրեն վստահված պահակակետը: Դասալքման դեպքեր առանց զենքի եղել են, սակայն տվյալ զինվորը 3-5 ժամվա ընթացքում հայտնաբերվել է, եղել են նաեւ դատական գործեր դասալքության հետ կապված: «Մենք միշտ լավ զինվորներ ենք ունեցել, բայց մեկ-մեկ պատահում են նաեւ սրա նման մոլախոտեր»,-ձեռքով մատնացույց անելով ամբաստանյալի կողմը` հայտարարեց Աշոտ Կարապետյանը:

Վկան նաեւ նշեց, որ երբ ռազմաբազայից որեւէ բարձրաստիճան սպա մեկնում է ռուսական ուսումնական զորամասեր Գյումրի զինծառայողներ տեղափոխելու՝ նրանց ժամանակ չի տրվում անհատապես ուսումնասիրելու բոլոր գործերը եւ շփվելու ընտրված զինծառայողների հետ:

«Պիտի, ասենք, 150 սալդատ բերեն, ասում են` խնդրեմ, սա իրենց թղթերը, էս էլ զինվորները, մենք ընտրությունը կատարել ենք,-նկատեց վկան,-առնվազն 5 օր է պետք մեր սպային, որ կարողանա գոնե զրուցել ընտրվածների հետ, բայց նրանց այդքան ժամանակ չեն տալիս»:

Ի դեպ, Վալերի Պերմյակովին Չիտայի ուսումնական զորամասից Գյումրի տեղափոխած սպա Անդրեյ Նիկիշինն էլ էր իր նախաքննական ցուցմունքում նշել, որ ինքը պարզապես ծանոթացել է այն փաստաթղթերին, որ իրեն տրամադրել են:

Ավետիսյանների սպանության գործով այսօր ներգրավվեց նոր փաստաբան՝ Արամազդ Կիվիրյանն, ով ներկայացնելու է տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Նարինե եւ Անդրանիկ Պողոսյանների շահերը: Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց քաղաքացիական հայցը եւ միջնորդեց Ավետիսյանների հարազատներին քաղհայցվոր ճանաչելու որոշում կայացնել, իսկ քաղաքացիական պատասխանող ճանաչել ՌԴ-ը:

Քաղհայցով ներկայացվեց եվրոպական դատարանի վավերացրած կյանքի իրավունքի փոխհատուցման միջին չափը: Ավետիսյանների ընտանիքի սպանված յուրաքանչյուր չափահաս անդամի համար փաստաբանը պահանջեց 50 հազար եվրո, իսկ անչափահասներից յուրաքանչյուրի համար՝ 100 հազար եվրո փոխհատուցում: Քաղհայցը թարգմանվելու եւ ուղարկվելու է պատասխանող կողմին՝ ՌԴ համապատասխան կառույցներին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ այստեղ ոչ այնքան գումարային փոխհատուցման հարցն է, որքան ՌԴ-ն իր իսկ զինվորի կատարած հանցագործության նկատմամբ պատասխանատվության բեռը կրելը: «Ի վերջո, նրանք պետք է հասկանան, որ ստիպված են լինելու նաեւ գումարային վնասներ կրել եւ առավել պատասխանատու կլինեն ՀՀ ծառայության ուղարկվող զինվորականների ընտրության հարցում»,-նշեց Լուսինե Սահակյանը;

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter