HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ. ՀՀ ԿԲ

2015 թվականին արտաքին տնտեսական անբարենպաստ զարգացումների պահպանման պայմաններում ձևավորված ռիսկերը անդրադարձել են ՀՀ ներքին տնտեսության վրա՝ խոցելի դարձնելով ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը:

Այդուհանդերձ, ֆինանսական շուկաներում տատանումները եղել են չափավոր և ֆինանսական կայունության խոցելիության վրա էական ազդեցություն չեն ունեցել: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) «Ֆինանսական կայունության հաշվետվություն  2015թ.» զեկույցում, որը հրապարակվել է երեկ։

Նշվում է, որ ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերները 2015-ին կապված են եղել արտաքին հատվածից փոխանցված գործոնների հետ, որոնց բացասական ազդեցությունը 2014-ի համեմատ աճել է:  2015-ին միջազգային շուկաներում պահպանվել է գունավոր մետաղների գների, Հայաստանի արտահանման դոլարային արժեքի, հանրապետությունում ներքին սպառման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը: Աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ նվազել է Ռուսաստանի տնտեսական աճը, ինչն, իր հերթին, բացասաբար է ազդել Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և ՌԴ արտահանվող ապրանքների ծավալների վրա:

Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացասական ազդեցության հետևանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը և ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը: Փոխանցված բացասական գործոնների և ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի: 

Ըստ հաշվետվության՝ նախորդ տարվա  ընթացքում ԿԲ կողմից կիրառված միջոցառումները ընդհանուր առմամբ ունեցել են ընդլայնողական ուղղվածություն: Արդյունքում, 2015-ի ընթացքում ԿԲ կողմից իրականացված քաղաքականությունն անդրադարձել է ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վարքագծին նվազման ուղղությամբ: Մասնավորապես.

Տարվա առաջին եռամսյակում ԿԲ-ն լոմբարդային ռեպո տոկոսադրույքը աստիճանաբար 20%-ից իջեցրել է 12%-ի: Միաժամանակ, այդ ժամանակահատվածում բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10,5%՝ զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումների ներքո ՀՀ երկարաժամկետ հատվածում դրամավարկային դիրքը պահպանելու նպատակով: Առաջին եռամսյակում կիրառվել են նաև մի շարք մակրոպրուդենցիալ միջոցառումներ. մասնավորապես՝ բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմ, արտաքին վարկանիշների առկայության դեպքում ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների և արտահանմամբ զբաղվող վարկառուների արտարժութային վարկերի համար սահմանվող ռիսկի կշիռների մեղմացում:

ԿԲ-ն օգոստոսին 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,25%: Իսկ  նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում զգալիորեն թուլացրել է դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր առմամբ 1,5 տոկոսային կետով և դեկտեմբերի վերջին սահմանել է 8,75%: 

Ըստ ԿԲ-ի՝ 2015 թվականին արժութային շուկայում էական տատանումներ չեն գրանցվել: 2015-ի վերջին, նախորդ տարվա վերջի համեմատ, ՀՀ դրամի շուկայական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,81%-ով, իսկ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ՝ արժևորվել համապատասխանաբար 9,23%-ով և 23,11%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter