HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Մանուկյան. «Մենք մեզ ճանաչելու խնդիր ունենք, ամեն ինչ էստեղից է սկսվում»

Նաիրա Հայրապետյան

«Երաժշտությունն էլ, ինչպես մեր կյանքի այլ ասպարեզներ, վաղուց արդեն սկսել է դեգրադացվել:- ասում է «Լավ էլի» խմբի երգիչ, երգահան և կիթառահար Մհեր Մանուկյանը,- Զանգվածային արվեստն է այսօր գերիշխողը, որը կարևորում է ձևը՝ բովանդակության փոխարեն: Երբ արվեստում ընկնում ես արդեն շահույթի հետևից, ամեն ինչ դարձնում ես լպստված ու անհեթեթության աստիճան անիմաստ: Շոու-բիզնեսի կանոններն որոշում այսօր երգի պարունակությունն ու բովանդակությունը: Իհարկե կան անհատներ, ովքեր դեռ հավատարիմ են մաքուր, իսկական երաժշտության էությանը, նրանք էլ բնականաբար քիչ են: Նրանց ձեռքին է ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Նրանք երաժշտությունը կրկին կբարձրացնեն նոր մակարդակի, բայց թե երբ, դժվարանում եմ պատկերացնել»:

1990-ական թվականները մեր հիշողության մեջ, ազատամարտի, անկախության և ազատության պայքարի խորհրդանիշից բացի, հիշվում են «ցուրտ ու մութ տարիներ» ձևակերպմամբ: Շատերս ենք զգացել այդ բնորոշման իրական ու անմիջական ազդեցությունը: Տխուր հիշողություններով լի մի շրջան, որը, սակայն, այսօր, տասնյակ տարիների հեռվից նաև լուսավոր կարոտով ենք հիշում: Ինչո՞ւ, որովհետև դժվարությունների մեջ միասնության ու ամրության նման մի բան կար, որն արթնացել էր մեր ներսում մեզ իրար կապելու, միմյանց նեցուկ դարձնելու համար: Ի՞նչ իմանանք, միգուցե ինչ-որ տեղ մենք էինք հնարել այդ լույսը դիմանալու համար: Այնուամենայնիվ, հնարք, թե իրականություն, այդ օրերի մեջ դառնությունների հետ մեծացող սերնդի մեջ լուսավոր պահեր ևս ծնվեցին:

Վանաձորյան արմատներով «Լավ էլի» ռոք խումբը ստեղծվեց 1996թ, «ՍՆԷՔ» խմբի հիման, ավելի ճիշտ` «բեկորների» հիման վրա: Վերջինս, իր հերթին, կազմավորվել էր «Ստվերներ» խմբի ցրվելուց հետո, երբ հարվածորդ Աշոտ Չոբանյանը որոշեց խմբի կիթառահար Գոռ Մխիթարյանի և սկսնակ երաժիշտ Մհեր Մանուկյանի հետ նոր ռոք խումբ կազմել: 1994 թվականն էր, երկու տարվա կյանք ունեցած խումբը անվանվեց սկզբում «Game», հետո՝ «ՍՆԷՔ»՝ Սիրո ՆեոԷկզիստենցիալիստական Քրեստոմատիա: Խմբի կազմը հետևյալն էր՝ Աշոտ Չոբանյան (վոկալ, հարվածային գործիքներ), Ալեքս Ավետիսյան (բաս կիթառ, վոկալ),  Գոռ Մխիթարյան (առաջնային ռիթմ կիթառ, վոկալ), Մայքլ Ջեյ Հեմմես (ռիթմ կիթառ, վոկալ), Մհեր Մանուկյան (ռիթմ կիթառ, վոկալ, ստեղնային գործիքներ):

«ՍՆԷՔ»-ը Վանաձորի տիկնիկային թատրոնում անհատական հաջող համերգից հետո սկսում է շրջագայությունների շարքը՝ ելույթ ունենալով Գյումրիում, Ծաղկաձորում, Երևանում, Վանաձորի տարբեր բեմերում: Առաջին և միակ ալբոմի («Ահա և մենք», 1995թ. ) երգերը հնչում էին երևանյան ռադիոկայանների եթերում՝ խմբին ընդգրկելով հայ լավագույն կատարողների տարբեր ցանկերում:

Դիտարկմանը, թե «ցուրտ ու մութ» տարիներին խումբն ավելի շատ ալբոմներ է ձայնագրել, քան հետո, երբ պայմաններն ու հնարավորություններն ավելի էին լավացել, Մհերը պատասխանում է. «Էն ժամանակ մենք երիտասարդ էինք, աղքատ և ազատ: Մեր առաջին ալբոմը ձայնագրել ենք 50 դոլարով: Մայրիկս մեզ այդ գումարը նվիրեց: Վանաձորի ստուդիայում ձայնագրեցինք մեր առաջին ալբոմը: Անհոգություն կար մի տեսակ՝ կենցաղային և ընտանեկան պարտավորություններից հեռու, զգացմունքներով և ստեղծագործելու եռանդով լի, ուժերի և էներգիայի ծաղկուն շրջանում էինք: Հետո հաջորդեցին տարիները և մեզանից ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Վահեն գնաց Ամերիկա, հետո Գոռը գնաց, ես տեղափոխվեցի Երևան, Դավիթըը մնաց Վանաձորում…(խոսքն արդեն «Լավ էլի» խմբի կազմի մասին է)»:

Երկու տարվա բավականին հաջող ու թվում է, թե խոստումնալից կենսագրությունից հետո, «ՍՆԷՔ»-ը ցրվում է: Պատճառը խմբի անդամներից ոմանց` երկրից հեռանալն էր: Մյուս երաժիշտները որոշում են ամեն դեպքում փորձել իրենց գործունեությունը շարունակել: Եվ ծնվում է «Լավ էլի»-ն:

- Խմբի անվան գաղափարը ծագեց Վանաձորում գտնվող ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Դոնալդ Ֆլամերֆելդից:- հիշում է Մհեր Մանուկյանը,- Նա սովորել էր հայերեն խոսել և հաճախ կատակով ասում էր. «Ինձ ամեն անգամ, երբ ասում են «լավ էլի՛», ես ասում եմ, որ Էլիին չեմ ճանաչում, ո՞նց իրեն սիրեմ (անգլերենում հնչող «Love Ellie» տարբերակից): Հետո սկսեցինք խաղալ էս արտահայտության հետ` գտնելով այլ իմաստներ հայերենի և անգլերենի տարբեր ընկալմամբ. մեկ՝ «Էլի սիրիր», մեկ՝ «LOVE էլի»,  հետո այն դարձավ սիրո ծառուղի՝ «Love alley» և այլն:

Խումբը շարունակում է իր գործունեությունը՝ արդեն որպես «Լավ էլի» և համալրված կազմով (Դավիթ Գրիգորյան՝ հարվածորդ, հետագայում նաև Վահե Տերտերյան՝ բաս կիթառ, ով փոխարինում է Ալեքսին): Իր գրեթե քսանամյա գործունեության ընթացքում «Լավ էլի»-ն թողարկել է ընդամենը երեք ալբոմ՝ «Առաջին ԼԱՎ ալբոմ» (1997թ.), «Էսսեներ» (1999թ.), «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» (2006թ.):

Խումբը հիմա առաջվա նման ակտիվ չի գործում, այն դադարեցրեց գործունեությունը, հետո վերակազմավորվեց և կրկին դադարեցրեց՝ երբեմն միավորվելու ծրագրերով: Նրանցից ամեն մեկը հետագայում ընտրեց ապրելու իր բանաձևը և այսօր«Լավ էլի»-ն կրկին վերածնվում է, երբ հավաքվում ու հանդիպում են խմբի անդամները: Մ. Մանուկյանն էլ նշում է, որ Հայաստանում սիրված խմբի ոչ այնքան ակտիվ գործունեությունը պայմանավորված է երաժիշտների՝ երկրից հեռանալու հանգամանքով և կյանքում ամեն մեկին բաժին հասած իրականությամբ: Կիթառահար Գոռ Մխիթարյանն այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, բասիստ Վահե Տերտերյանը ևս ստիպված էր մեկնել, իսկ ինքը տեղափոխվեց Երևան…

- Հիմա կտոր-կտոր ենք և հավաքվում ենք ոչ շատ հաճախ, համերգների ժամանակ: Բայց փորձում ենք ամեն դեպքում, երբեմն նոր ձևաչափերով, ստեղծագործական նոր կազմով: Ես և Գոռն ենք հաճախ միասին հանդես գալիս, երբեմն Մհեր Մանուկյան (կիթառ, վոկալ), Տիգրան Ոսկանյան (կոնտրաբաս) և Շողեր Մանուկյան (թավջութակ) Տրիոյով:

Երկու, թե երեք տարի առաջ, երբ Գոռը եկավ, բարեգործական համերգաշար իրականացրեցինք մանուկների համար: Հայաստանում գործող կազմակերպությունների հետ համագործակցաբար (որոնք հատուկ ամառային ճամբարներ ունեն) մենք շրջեցինք երկրով մեկ և երգեցինք անապահով երեխաների համար: Դուք պետք է տեսնեիք նրանց դեմքերն ու խանդավառությունը, դա ուղղակի աննկարագրելի էր: Երեխաները հրաշք են, հրաշք, ուրիշ բառ չի կարելի ասել նրանց համար:  Նրանք ամենամաքուր, անկեղծ ու դեռևս չպղտորված գնահատողն են, այն հանդիսատեսը, ումից շատ բան կարող ես սովորել: Մենք հատուկ ծրագիր էինք կազմել՝ ընդգրկելով ազգային, ժողովրդական երգեր: Ու դու տեսնում ես, թե ինչպես է ազգաին երաժշտությունը նաև ֆիզիկապես մտնում նրանց մեջ: Ու դու մի անգամ էլ հասկանում ես, որ եթե երեխան սնվի նախապես ճիշտ արժեքներով, ապա կյանքը հնարավորինս հեռու կմնա ապագայի սխալներից: Երեխաները տաղանդներ են, որոնց մեծահասակները ոչնչացնում են՝ փորձելով իրենց նմանեցնել:

Հարցազրույցներից մեկում գրեթե նույն բանն է ասում նաև Գոռը: Նրա համոզմամբ` վերցնելով արևելյան ամենաէժան և բացասական ազդեցությունները, այն լցրել ենք մեր երաժշտության մեջ ու փորձում ենք ամենուր ներկայացնել որպես մերը: Մինչդեռ այս երևույթը նա ազգային ինքնության դեմ սեփական ձեռքով նախաձեռնած «սպիտակ եղեռն է անվանում», որի դեմ միակ հաղթանակը  վերադարձն է մեր ակունքներին, դեպի իսկական հայկական բարձրորակ երաժշտությունը: Տեղափոխվելով ԱՄՆ՝ Գոռ Մխիթարյանն այստեղ ստեղծագործական անհատական գործունեություն է իրականացնում, որի արդյունքում թողարկել է 7 ալբոմ, տեսահոլովակներ, ունեցել է համերգային բազմաթիվ ծրագրեր: Ի դեպ, այս օրերին երաժիշտը զբաղված է նոր ալբոմի թողարկման և համերգի աշխատանքներով: «Passport» ալբոմի  շնորհանդեսը կայանալու է մայիսի 29-ին ԱՄՆ-ում, որը կուղեկցվի նաև  համերգով:

Գոռ Մխիթարյանի ամեն հայաստանյան այցելությունն անպայման իր մեջ ընդգրկում է «Լավ էլի»-ին վերաբերող ծրագրեր:

- Հիմա նոր ձայնասկավառակի վրա ենք աշխատում,- ասում է Մհերը,- նոր ալբոմ ենք պատրաստում, նախատեսված է երկու մասից, 20 երգ է ընդգրկելու: Բոլորը նոր երգեր են, կան, որ մինչ այդ կատարվել են, բայց երբևէ չեն ձայնագրվել: Հետաքրքիր գործ է ստացվում, ինչպես միշտ՝ խայտաբղետ: Էս անգամ, տարիքից է երևի, մի քիչ դառնություն կա տրամադրության մեջ, բայց միևնույն ժամանակ լուսավոր բան էլ կա: Մենք նախատեսել էինք բացօթյա համերգ անել այս տարի, բայց ապրիլյան պատերազմը փոխեց ամեն ինչ: Ստիպված էինք չեղարկել:

Ն. Հ.  -Իսկ դուք ուղիղ Արցախ գնացեք:

- Էլի են առաջարկել, այո, մենք էլ ենք, ճիշտն ասած, շատ ուզում այնտեղ նվագել: Սպասում ենք Գոռը գա, մի բան պիտի մտածենք: Չգիտեմ Արցախում մեզ լսել են, թե ոչ, բայց ուրախ կլինենք այնտեղ ևս ելույթ ունենալ:

Անդրադառնալով Մհերի երաժշտական «խայտաբղետ» բնորոշմանը՝ փորձում եմ ճշտել խմբի ժանրային դիմապատկերն ըստ երաժիշտների, քանի որ իրենց երկրպագուները ակնհայտորեն սահմանել են ռոքի փոփ, ֆոլկ, պարզապես ալտերնատիվ ենթաբաժինները:

- Ժանրային տարբերակումներ անել անկեղծ ասած չենք սիրում,- պատասխանում է Մհերը,- բայց «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» ալբոմի ձայնագրության ժամանակ ստիպված եղանք մեր երաժշտությունը բնորոշել: ԱՄՆ-ում է ձայնագրվել, «Pomegrante» լեյբլի կողմից: Այնտեղ, որպեսզի կարողանաս սպառման համար թողնել խանութում, անպայման պետք է դասակարգես, նշես, թե ինչ ժանրի երգեր են: Մի խոսքով՝ նրանք լսել էին և գրել՝ «ալտերնատիվ ֆոլկ ռոք»: Մինչ այս ալբոմը մենք կոմերցիոն արտադրանք չենք ունեցել և ոչ էլ զբաղվել ենք դրանց տարածմամբ:

- Իսկ ինչպե՞ս եք մինչ օրս հաղորդակցվել ձեր լսարանի հետ: Մեր օրերում հանրային ճանաչման հասնելու տարբեր ու լայն հնարավորություններ կան: Ոմանք շատ արագ օգտագործում են դրանք ու հասնում մեծ արդյունքների:

- Այո, կան: Ինքս հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ եմ, եղբայրս՝ Արամազդը, խմբի մենեջերն է և լավ տիրապետում է կազմակերպման աշխատանքին: Եթե ուզենայինք, «Լավ էլի»-ն շատ ավելի հայտնի ու տարածված անուն կունենար: Բայց գիտե՞ք ինչ, սկզբունքային և գաղափարական խնդիր կա: Արդյո՞ք մեզ պետք է համոզել մարդկանց, որ մենք  լավն ենք և դրան հասնելու համար օգտագործենք գործիքներ, որոնք մեր բովանդակության հետ առանձնապես կապ չունեն, ադեկվատ չեն: Մեր վերջին նախատեսված համերգի հետ կապված ( որը չեղարկվեց), հանդիպումներ ունեցանք որոշ ընկերությունների հետ: Նրանք համաձայնվում էին կազմակերպել կամ աջակցել և ամեն անգամ նշում էին, որ փայլուն ու լավ գովազդվող բան են ուզում անել: Հսկա գովազդային պաստառներ, որտեղ մենք երևի պիտի հայտնվեինք թովիչ հայացքներով, փայլփլուն, դես ու դեն սփռված նկարներով, մեր անունն էլ ճչացող ինչ-որ ձևերով պիտի խաղարկվեր… Մենք այդ տարբերակից դուրս ենք, որովհետև համոզված ենք, եթե քո երաժշտությունն իրոք արժեք ունեցող բան է, ապա անպայման տեղ կհասնի: Եվ անցած տարվա համերգից հետո, հանդիսատեսը՝ էդ փայլուն երիտասարդները, որոնք երևի մեր ունկնդիրների 3-րդ սերունդն են, հենց դա մեզ ապացուցեցին:

- Ձեր երգերի հեղինակը հիմնականում դու և Գոռն եք: Երգ գրելու համար երաժիշտը, մարդը ի՞նչ պետք է անպայման ունենա:

-Երգ գրելու համար ապրել է պետք:- ասում է Մհերը,-  Հրանտ Մաթևոսյանը մի դիպուկ բնորոշում ունի գրողի համար, նա ասում է, որ գրողը աշխարհի մերկացած նյարդն է, իսկ մերկ լինելը դաժան բան է:Նույնը կարելի է ասել ցանկացած ասպարեզում ստեղծագործողի համար: Եթե ինքը էդ բաց նյարդը չեղավ, եթե աշխարհի ու կյանքի մեջ տեղի ունեցող իրադարձությունը չապրեց բաց նյարդով, նա կդառնա ամենաշատը միջակություն, լավագույն դեպքում՝ փեշակի նման մի բան կունենա: Պետք է բաց լինել մարդկանց առջև:

- Քեզ գոհացնու՞մ են այսօրվա երգերը տեքստի և իմաստային առումով:

- Գիտե՞ս, դու հիմա կմտածես, թե ես աբսուրդի հասնող բան եմ ասում, բայց ես հասկացել եմ, որ Հայաստանում ծնված երգերի բովանդակությունը ավելի իմաստալից է, քան Արևմուտքում: Նույնիսկ եթե համեմատում եմ էն ամենառաբիս երգերի հետ, մեզ մոտ վիճակն այդ առումով ավելի հուսալի է: Վերջերս որոշեցի փոքր հետազոտություն անել. վերցրեցի «Բիլբորդի» լավագույն հարյուրյակի երգերը և սկսեցի դրանց տեքստերն աչքի անցկացնել: Ես ուզում էի հասկանալ, թե ըստ այդ աղբյուրի, աշխարհում ամենաշատ լսվող երգերն ինչի մասին են: Այն, ինչ այսօր ցույց է տալիս այդ հռչակավոր սանդղակը, պարզապես ողբերգություն է: Չկա խոսք, որևէ իմաստ գոյություն չունի: Մարդն ասես ոչնչից էլ այն կողմ է գտնվում: Ընդհանրապես էսօր երաժշտությունը խորը ճգնաժամի մեջ է: Բոլոր ժանրերում և ուղղություններում: Բովանդակություն ընդհանրապես չկա, նույնիսկ մեղեդի չկա, ինչ-որ ձայնարկություններ են կամ միայն ռիթմեր: Իմ կարծիքով, եվրոպական բարձրարվեստ երաժշտությունը, հասնելով իր բարձրակետին, սկսեց գլորվել ներքև, որովհետև ոչ թե հաջորդական քայլերի, այլ տարօրինակ ձևափոխումների ու ֆոկուսների հետևից էր ընկել արդեն: Երբ հիմա լսում եմ, զգում եմ, որ ակնհայտ ճգնաժամի մեջ է երաժշտությունը: Ես պատկերացնում եմ, որ անկման պահին այն երբեմն սթափեցնող հարված-կանգառներ է ունեցել, միգուցե շարունակում է նաև ունենալ: Ինձ համար ռոք երաժշտությունն էլ տեղավորվում է անկման ալիքի մեջ, երբ գլորվելու ժամանակ գլուխը հարվածում է ու սթափեցնող հարված ստանում՝  ժամանակ առ ժամանակ պայթելով, որ այն վերջնականապես չմեռնի: Այս երաժշտութունը կյանքը հաստատող երաժշտություն է:

Անկման, թե վերածնման պահին պայթող այս երաժշտությունը աշխարհում միանգամայն հաստատեց ազատության, ընդվզման, ըմբոստության ձայնը: Այս ալիքն իր պայքարի մեջ ներառեց նաև կյանքի նուրբ կողմերը վերաարժևորելու իմաստը: Լինելով երաժշտության հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, իմ կարծիքով՝ ռոքի ձայնը, չնայած որոշ խմբերի և երաժիշտների գործունեությանը, այնուամենայնիվ, պայթյունի նման չհնչեց Հայաստանում: Ավելին, տրվելով շոու բիզնեսի գայթակղության ազդեցությանը՝ կիթառային նվնվոցներով հայտնվեց էստրադային երգիչների ձայնագրություններում՝ ռոքի էությունը շատերի համար սահմանափակելով հասանելության այս ավելորդ ու աննշան չափաբաժնի մեջ: Մհերը, սակայն, ավելի լավատես է:

- Մենք ունեցել ենք և ունենք լավ խմբեր: Ինչքան հնարավոր է աշխատում եմ հետևել և որոշ հետաքրքիր բաներ տեսնում եմ հիմա: Կան խմբեր, առանձին երաժիշտներ, երիտասարդության մեջ հաստատ կան նոր անուններ, որոնք հետաքրքիր են: Հիմա երաժշտությունը մի տեսակ պոկվել է ժանրերից: Կարևորը, որ մարդը, ով ունակ է ստեղծելու երաժշտություն և երգ, լինի ազատ մարդ: Մեր անցյալ տարվա համերգներին պարզապես ապշած էինք այն բանից, թե ինչ փայլուն երիտասարդություն կա: Ես տեսնում եմ, որ նրանց հետ անվախությունն է գալիս, համարձակությունը, և դա նրանց ներսից է գալիս: Նրանք մաքրելու են դաշտը:

Մհերը կարևորում է նաև մեր ներուժը, ոգին, նոր սերնդի մեջ ազատության հանդեպ կեցվածքը: 2008 թվականի Ազատության հրապարակն ու հաջորդած իրադարձությունները խորը հետք են թողել նաև Մհերի երգերում: Դրանց ազդեցությամբ հետագայում ծնվեցին մի շարք նոր երգեր՝ ազատության, արդարության, պայքարի ու հաղթանակի իր պատկերացումների մասին: Նա մեկն է այն քչերից, ով որպես երաժիշտ մասնակցել և իր ներկայությամբ ոգևորել է նաև քաղաքացիական տարբեր շարժումների մասնակից երիտասարդներին:

- Մենք հզոր երաժշտական ավանդույթներ ունենք, բայց միևնույն ժամանակ գրի երկիր ենք:- ասում է Մհերը,- աշխարհի ոչ մի ժողովրդի պատմության մեջ չես հանդիպի նման երևույթի. կինը՝ տուն-տեղ, հարստություն, զավակներ թողած, փրկության դժվար ճանապարհին, մահվան ճանկից փախչելիս, կարող է շալակել հսկա գիրքը, որպեսզի փրկի այն ոչնչացնողից: Մենք մեծ ներուժ ունեցող ժողովուրդ ենք: Նույնը կարող ենք ասել ճարտարապետության առումով, իհարկե, եթե նկատի չունենանք վերջին զարգացումները: Այն ինչ կա հիմա՝ քաղաքաշինության տեսքով, քաղցկեղ է հիշեցնում, որը անկանոն զարգանալով՝ քայքայում է մարդուն:

Մենք մեզ ճանաչելու խնդիր ունենք: Ամեն ինչ էստեղից է սկսվում: 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter