ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

«Իմ որդին, առյուծաբար կռվելով, վաստակեց Առյուծ Մհեր կոչվելու իրավունքը»


Դիանա Ղազարյան

«Էս ծաղիկները Մհերս իր ձեռքով ա մշակել։ Սիրում էր բնություն, ծաղիկներ։ Հարևանները գալիս էին, թե Մհեր ջան, արի մեր ծաղիկներն էլ ձևավորի, էլի»,- տուն ուղեկցելիս` Մհերի մշակած ծաղիկներն է ցույց տալիս հայրը՝ Արամայիս Երզնկյանը։

Հայրը ժպիտով ասում է՝ զորակոչվելուց ձմեռ էր, երևի Մհերը չէր հասցրել զորամասում ծաղիկներ տնկել, վայելում էր ձյունը, սպիտակ փաթիլները։ Մի քիչ ռոմանտիկ էր։

Մտնում ենք Մհեր Երզնկյանի հայրական տան հյուրասենյակ, պատից կախված նկարներից մեզ է ժպտում Մհերը՝ զինվորական համազգեստով, ձեռքին բռնած ավտոմատով։ Մայրը՝ Արմինե Երզնկյանը, ասում է՝ տղաս միշտ էր ժպտում, սիրում էր կյանքը, աշխույժ, ակտիվ երեխա էր։ Իր ողջ կյանքում ոչ ծնողներին, ոչ էլ շրջապատին նեղություն չէր տվել, կյանքին ուրախ աչքով էր նայում։

Մհերը մահացու հրազենային վիրավորում էր ստացել ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Երկուսուկես ամսվա զինծառայող էր։ Զորակոչվել էր այս տարվա հունվար 16-ին։

Մհերի մասին պատմելիս ծնողներն ու մտերիմները անարցունք չեն կարողանում։ Նրանց տանը հավաքված հարազատները հաստատում են հոր խոսքերը, որ Մհերը բոլորի կողմից սիրված էր, և չկա մեկը, ով կարող է ասել՝ Մհերը ինձ նեղացրել կամ որևէ խնդրանքս մերժել է։

Տղան իննամյա կրթություն էր ստացել, այնուհետ սովորել ոսկերչություն և արծաթագործություն։ Այժմ էլ նրա նկարի կողքին կախված է իր պատրաստած արծաթյա խաչը։

18 տարին լրանալուն պես, պետք է զորակոչվեր բանակ, սակայն պարզվեց՝ սրտի առիթմիա ունի։ Հետաձգեցին, հետազոտումներ ու բուժումներ նշանակեցին, հետագայում ասացին՝ անցել է։ Մհերը նաև ծնկի ցավ, ողնաշարի թեքություն ուներ։ Սակայն առողջական այս խնդիրները նրան «չստիպեցին» ծառայութունը կրկին հետաձգել։ Երեք տարի անց` 21 տարեկանում, հոգնելով շարունակական հետաձգումներից և տանել-բերելուց, Մհերը որոշեց՝ ինչ էլ լինի, գնալու է, ետ վերադառնա, որ մշտական աշխատանք ձեռնարկի։

Մայրը հիշում է՝ մի օր Մհերին կրկին կանչեցին հետազոտության, ասեց, չէ՛, էլ չեմ գնալու, անմիաստ չեմ հետաձգի, գնալու եմ ծառայության․ «Ասում էր՝ մա'մ, գնալու եմ բանակ, սենց չի լինի։ Գնամ, գամ, տեսնեմ ինչ ենք անում։ Ծնկի ցավեր ուներ, խնդրում էի՝ դիմի, գնա հոսպիտալ, գոնե մի քիչ բուժվես, ասում էր՝ էհ, հավես չունեմ։ Լավ ա, ամեն ինչ լավ ա։ Բայց ես հո գիտեի, որ ցավում էր»։

Տղայի երազանքներից ծնողները տեղյակ չեն, ներփակ երեխա էր։ Միայն բարձրաձայնել էր, որ ցանկանում է ծառայությունից հետ վերադառնալով ոսկերչական գործիքներ ձեռք բերել, աշխատել, եղբոր հետ միասին տուն գնել։ Մհերի համար մորն ասած «տեսնենք ինչ ենք անումը» բնակարան ձեռք բերելն էր։ «Սենց չի լինի, Դավիթի ամուսնանալու ժամանակն էլ ա։ Գոնե էդ տան ներքևի հարկում էլ խանութ կբացեմ, կաշխատացնեմ, մեր ընտանիքով կապրենք»,- ասում էր Մհերը։ Զոհված զինծառայողի ընտանիքը բնակվում է հորեղբոր ընտանիքի հետ միասին (ընտանիքը 8 անդամից է բաղկացած, և միասին բնակվում են երկսենյականոց սեփական տանը- հեղ․)։ Մհերը ընտանիքի միջնեկ երեխան էր, մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող է, քույրն էլ 11 տարեկան է։

Մհերի մասին պատմելիս հոր աչքերը փայլում են․ «Չէր սիրում մարդկանց անհանգստացել, անգամ զորակոչվելու օրը աշխատակիցներին չէր ասել։ Ասեց, պա՛պ, պետք չի հիմա ասեմ, կանհանգստանան, վերջին օրով կասեմ, որ չնեղվեն»։

Բանակ զորակոչվելով՝ դիմել էր հրամանատարին, որ հետախուզական ստորաբաժանումում ընդգրկեին, սակայն մերժել էր՝ հաշվի առնելով, որ Մհերին ֆիզիկական նման ծանարաբեռնվածություն անհրաժեշտ չէ։ Նա էլ բոլորին ապացուցելու համար, որ առողջակական խնդիրները չեն կարող հետ կանգնեցնել, ականանատեային վաշտում իրեն այնքան լավ էր դրսևորել, որ պատի թերթում անունն ու լուսանկարն էին փակցրել՝ որպես շաբաթվա լավագույն ֆիզպատրաստված զինվոր։

Մհերը գոհ էր ծայառությունից։ Միշտ այնքան ուրախ ձայնով է զանգահարել մորը, որ տիկին Արմինեն գլուխը հանգիստ բարձին է դրել։

Վաշտի հրամանատարությունից շատերը չէին հավատում, որ Մհերը իննամյա կրթություն ունի, քանի որ մշտապես գրագետ, խելացի և բանիմաց մտքեր է արտահայտել։ Անգամ բանակային թերթի խմբագրակազմի անդամ է եղել՝ նկարել, գրել և ձևավորել թերթը։ Զրույցի ընթացքում էլ հայրը բերում է թերթի երկու համար, որոնք, որպես հիշատակ, զորամասից են փոխացել։ Հպարտ ձայնով ասում է՝ տեսեք ինչ հավասար ա գրել, ինչ հրանոթ ու ավտոմատ ա նկարել։ Ի դեպ, թերթի համարներից մեկը նվիրված էր մայրերի օրվան, որը պետք է փակցվեր ապրիլի 7-ին, սակայն դեպքի պատճառով այն չի հրապարակվել և հանձնվել է ծնողներին։

Ընտանիքը վերջին անգամ Մհերին մարտի 5-ին է հանդիպել, նրա 21-ամյակից երկու օր անց։ Միասին հավաքվել են, նշել ծննդյան օրը, ուրախացել, տորթի մոմերը փչել, ընտանիքի հետ վերջին անգամ լուսանկարվել։

Վերջին հեռախոսազրույցը Մհերի հետ դեպքից 6 ժամ առաջ էր։ Բարձր տրամադրություն է ունեցել, կատակել եղբոր և քրոջ հետ։ Հեռախոսն անջատելիս ասել՝ հերթապահության է լինելու, առավոտյան կզանգահարի։ Մայրը, իմանալով որ Մհերը քաղցրավենիք շատ է սիրել, խնդրել է գրպանում քաղցրեղեն լցնի, գիշերն ուտի, որ չսովի։ Տիկին Անահիտը լացով է հիշում՝ դեպքից հետո հրամանատարը ընտանիքին հայտնել էր՝ Մհերը գրպանում քաղցրավենիք է ունեցել։

Հայրը հպարտանում է՝ Մհերը կռվից չի փախել․ «Իմ որդին, առյուծաբար կռվելով, վաստակեց Առյուծ Մհեր կոչվելու իրավունքը»։

Մհերի ընկերներն դեպքից հետո ծնողներին հայտնել են, որ տղան որոշել էր 2 տարի անց շարունակել ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող։ Նրան հետաքրքրել և դուր էր եկել բանակային կյանքը։ Մտերիմ հարևանուհիներից մեկն էլ ժպիտով է հիշում, թե ինչպես Մհերը ամեն գիշեր իր սիրելի աղջկան՝ Գոհարին, զանգահարելու փոխարեն, իրեն է զանգահարել՝ շփոթելով երկու Գոհարների անունները։

Մհերի մահից հետո ընտանիքի կյանքում շատ բան է փոխվել։ Չեն հարմարվում տղայի կորստին։ Մինչ օրս հայրը տուն մտնելիս ցանկանում է հարցնել՝ Արմինե՛, զրուցե՞լ եք Մհերի հետ, ո՞նց է։

Հ.Գ. Ընտանիքը բնակվում է բնակարանային ոչ բավարար պայմաններում, բազմանդամ ընտանիք է։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին, կարող են փոխանցումներ կատարել ստորև ներկայացված հաշվեհամարներով։

AMD-16076015115100

USD-16076015115101

EUR-16076015115102

RUR-16076015115103

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։