Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Ապրելու համար ձգտում է պետք»,- ասում է ալավերդցի Միշա պապը



Միշա Աթյանը ժամանակին իր քրտնաջան աշխատանքով Ալավերդիում լավ ապրող մարդկանցից մեկն է եղել: Արմատներով դսեղցի 76-ամյա Միշան 45 տարի բեռնատարի վարորդ է աշխատել: Իր ասելով՝ շատ է սիրել վարորդի աշխատանքը, այդ սիրով էլ խորացել է իր գործի մեջ: Տարիների իր տքնաջան աշխատանքի դիմաց Միշան հիմա պետությունից ծերության 42 հազար դրամ թոշակ է ստանում:

«Ես վարորդ մարդ եմ, 1966 թ.-ին բնակարան եմ ստացել Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի 1/2 շենքում: Մեր շենքը նորակառույց թաղամասի 1-ին շենքն էր: Այստեղից է սկսվել իմ ալավերդցի լինելը»,- պատմում է նա: Այդ տանն էլ Միշա Աթյանը կնոջ՝  Ս/Սարահարթ թաղամասի մանկական կոնսուլտացիայի բուժքույր Մարուսի հետ երկու տղա, մեկ աղջիկ են ունեցել: «Դեռ ջահել էինք, Մարուսը խնդրեց զբաղվելու համար մեր շենքի մոտ իր համար ծաղկանոց սարքեմ: Էդ ժամանակ Մարուսը մի 35 տարեկան կլիներ: Արագ սարքեցի ծաղկանոցը, վարդի և այլ ծաղկների թփեր առա, բերի»,- հիշեց նա: Ծաղկանոցի համբավը արագ տարածվում է նորակառույց թաղամասում:

Ծաղկանոցն այսօր, թեև անխնամ, բայց կա: Չկա տիկին Մարուսը, 6 տարի առաջ է մահացել: Միշան ապրում է տղայի՝ Կամոյի հետ: Կամոն ամուսնացած չէ: Հոր ասելով՝ նյարդերից հիվանդ, 3-րդ խմբի հաշմանդամ է: Մի 13 հազար դրամ թոշակ էլ Կամոն է ստանում: Որդին հորն է խնամում, հայրը՝ որդուն: «Համակերպվել ենք էսօրվա կյանքին, էսօրվա իշխանության կանոններին: Այդպես ապրում ենք: Մենք մեր քչով կարողանում ենք բավարարվել: Մի ժամանակ մեր աշխատանքով շատ լավ ենք ապրել: Ես իմ չարչարանքով 1978 թ.-ին էն ժամանակվա ամենալավ մեքենան՝ «ԳԱԶ-24» եմ գնել: Մինչև այսօր էլ այդ մեքենան օգտագործում եմ իմ սեփական կարիքների համար: Ես դրանով տաքսավատ չեմ անում»,- ասաց Միշան:

Մութ ու ցուրտ տարիներին Ս./Սարահարթ թաղամասի զբոսայգին քանդվել, ծառերն էլ հատվել են: «Ապրելու համար ձգտում է պետք: Մարդը, եթե մի հատ պլան է կազմում իր ապրելակերպի համար, այդ պլանով առաջնորդվելու դեպքում, տեսնում է իր աշխատանքի արդյունքը»,- բացատրում է Միշան: Քանի որ 42 հազար դրամով ապրել չի լինի, թաղամասի մյուս բնակիչների նման զբոսայգում հատված ծառերի տեղում՝ 1200 քմ տարածքի վրա, այգի է գցել. «Հիմա, եթե բնությունը չի խանգարում, ես իմ բերքը ստանում եմ: Չի կարելի ասել, որ այգին լիարժեք ապրելու միջոց է, բայց օժանդակում է»: Այգու մի անկյունում ջրի բաք էր դրված: Մրգատու ծառերի հովանու ներքո տեղադրված էին երկու սեղան՝ իրենց նստատեղերով: «Այստեղ իմ հարազատները տարեկան մեկ անգամ՝ մայիսի 10-ին, գալիս են իմ ծննդյան օրը շնորհավորում՝ քեֆ անում, գնում: Շնորհավորական կենացներին էլ ասում են՝ ձիգ ու լավ կաց, մենք քեզ օգնելու չունենք, էնենց որ, հանգիստ քեզ համար ապրիր»,- կիսակատակ պատմեց Միշան:

Մոտ 200 մետրի վրա Կալինինոյից բերած գերմանական տեսակի կարտոֆիլ էր ցանված: Ամռանը Միշայի ցանած կարտոֆիլը բավարարում է, միայն ձմեռվա համար է կարտոֆիլ առնում: Նոր դրված սարիներին դեռ լոբին ու լոլիկը չէին փաթաթվել. «Պոմիդոր քիչ եմ ցանում, լավ բերք չեմ ստանում: Չեմ կարողանում պարարտացնել»,- խոստովանեց նա: Այգու երկայնքով նաև վարունգի նոր սածիլ էր տնկել: Քանի որ տարիքը երբեմն հիշեցնում է, Միշան վարունգը երբեմն գետնին նստած է մշակում:

«Այգում Միշան բոլոր մրգերի՝ թթան, խնձորի, տանձի, սերկևիլի, դեղձի, ծիրանի, հոնի, ընկույզի, սալորի, գիլասի, բալի և շատ այլ ծառեր ունի: Անցյալ տարի արքայանարինջի ծառեր է տնկել»,- հիշեցրեց հարևան Սեյրանը: Այս տարի իր այգու ծառերի գիլասը անձրևների պատճառով անհաջող է: Այգու կենտրոնում սև թթան հսկա մի ծառ էր կանգնած: Միշան ասաց, որ ամեն տարի թթից օղի է թորում: «Տարեկան 400 կգ խաղող եմ ստանում: Դրանից էլ եմ գինի ու օղի պատրաստում: Այգու երեք հսկա ընկուզենիներից ամեն տարի 150-200 կգ ընկույզ եմ ստանում, սերկևիլի ամեն ծառից 50 կգ սերկևիլ եմ վերցնում»,- հայտնեց նա ու դժգոհեց ընկուզենինների այս տարվա բերքից:

Այգին իրեն-իրեն չի ստեղծվել: «Աշխատանքով եմ ստեղծել»,- բացատրեց Միշան: Այս տարվա ցրտահարությունից ծիրանի ծառի վրա երկու ցոգոլ ծիրան էր մնացել: Այգեգործը հույս չուներ, որ դրանք կհասնեն: Դեպի փողոց այգու պատի երկայնքով սալորի ծառերն էին շարված: Դրանց տակ մորու գաճաճ ու խիտ թփերն էին իրար փաթաթված: «Սալորից օղի չե՞ք պատրաստում»,- հարցրի: «Պատրաստում եմ»,- պատասխանեց Միշան: «Իր քաշած օղին միայն նարդիում մարջով է խմում»,- կատակեց հարևան Սեյրանը: Վերջինս հուշեց, որ Միշան նաև հավեր է պահում: «Հա մի 15 հատ հավ ունեմ, հավերը օրը 6-7 ձու են տալիս»,- հաստատեց Միշան, ում ասելով՝ խանութից ձու չի առնում: Տանը ինքն ու տղան միասին են ճաշ պատրաստում. «Էտենց ճաշատեսակ չկա, որ ես չսիրեմ: Այն ինչ կարողանում եմ, ես եմ պատրաստում: Իր իմացածն էլ տղաս է պատրաստում: Ես միայն ձու եմ կարողանում եփել»:

Ցանկացած համակարգում մարդը իր աշխատանքով պետք է ապրի: Սա Միշայի ապրելու սկզբունքն է: «Ի՞նչ է պետք քո տարիքի մարդուն Հայաստանում հանգիստ ապրելու համար»,- հարցրի: «Հանգիստ ապրելու համար ինչ պետք է, Հայաստանում չկա: Իմ ասած ճշտից բան չի փոխվելու: Ամենահասարակ բանն է պետք: Բժշկությունը պետք է մարդու համար մատչելի դառնա: Եթե ես հիվանդանում եմ, ինձ ոչ մի բժշկական օգնություն չկա: Իմ թոշակի չափը չի բավարարում, որ ես մի փոքր բուժում ստանամ: Դա է պետք: Մեր երկիրը, չգիտեմ Դուք ինչ կհամարեք, բայց ես բռնատիրական երկիր կհամարեմ: Էս բռնատիրականը քո անունից կգրես, իմ անունից չգրես, ինձ կնեղացնեն»,- չհասկացա՝ կատակով, թե լուրջ պահանջեց Միշան: «Շատ աշխատասեր մարդ է»,- հիացմունքով Միշայի մասին ասաց հարևան Սեյրանը: Միշան հրաժեշտին ասաց, որ հույսը չի կորցնում երկրի և իր ապագայի նկատմամբ:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Левон23:26 - 30 մայիսի, 2016
Алаверди пишется с большой буквой...
2. Արամ Սոխակյան17:09 - 31 մայիսի, 2016
Название города 2 раза написано с большой буквой - Ալավերդի. И еще 2 раза написано слово ալավերդցի (житель города Алаверди, а не название города) уже с маленькой.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ