HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքի միջոցներով ավագանու անդամները ջերմոցի ցելոֆան են գնում, իսկ համայնքապետարանի աշխատակիցները՝ վարկի տոկոսագումարը փակում

Ձեռքի մատները չի բավականեցնում Արմավիրի մարզի Արաքս գյուղի (Էջմիածնի նախկին տարածաշրջան) չլուծված հարցերը թվարկելու համար: Ճանապարհների, մանկապարտեզի շենքի վերանորոգում, ոռոգման ջրի բացակայություն, ջրի նոր ցանցի անցկացում և այլն: Գյուղապետարանի աշխատակիցները հերթով թվարկում են դրանք, սակայն նշում, որ գյուղի բյուջեն քիչ է, չի հերիքում դրանց ամբողջովին լուծում տալու համար: Փոխարենն այդ սուղ բյուջեից, որպես սոցիալական օգնություն, տարեկան հատկացվում է 4 մլն դրամ: Այդ գումարի մի մասը հատկացվում է ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակիցներին,  նրանց մերձավորներին:

«Հետքն» Արմավիրի մարզի արդեն երկրորդ համայնքին է անդրադառնում, որտեղ տեղական բյուջեի մի մասն օգտագործվում է ավագանու և գյուղապետարանի աշխատակազմի նեղ անձնական շահերը սպասարկելու նպատակով: Այս տարվա ընթացքում, որպես սոցիալական օգնություն, 100 000-ական դրամներ է հատկացվել ավագանու անդամներ Մինաս Խանոյանին, Ռոբերտ Թաթոյանին, ավագանու անդամ Արմեն Այդինյանի կնոջը, եղբորը՝ Աշոտ Այդինյանին, ավագանու անդամ Շիրազ Ասատրյանի ընտանիքի անդամին՝ Վարդուհի Ասատրյանին, աշխատակազմի ղեկավար Քնքուշ Դանիելյանի քրոջը՝ Մերի Դանիելյանին և այլն:

Գրեթե նույն պատկերն է նաև նախորդ տարիներին: 2015թ-ին ավագանին դարձյալ 100 000 դրամի չափով սոցիալական օգնություն է հատկացրել ավագանու անդամներ Մինաս Խանոյանին, Մաքսիմ Բազոյանին, համայնքապետարանի առաջատար մասնագետ Մելինե Գևորգյանի մորը, իսկ 150.000-ական դրամ՝ Մելինեի հորը, ավագանու անդամ Արմեն Այդինյանին, մշակույթի տան տնօրեն Լևոն Գալստյանի հորը՝ Միքայել Գալստյանին: 2014 թ-ին 100 000-ական դրամ են ստացել նույն անձանցից Մինաս Խանոյանը, Մելինե Գևորգյանը, այն ժամանակ համայնքապետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, ավագանու անդամ Գևորգ Գրիգորյանը, 120 000 դրամ է ստացել ավագանու անդամ Արմեն Այդինյանը, 150.000 դրամ՝ ավագանու մեկ այլ անդամ Ռոբերտ Թաթոյանը և այլն:

Համայնքապետը տեղում չէր, իսկ համայնքապետի տեղակալ Մանուշակ Մխիթարյանն ասաց, որ ինքը նոր աշխատող է, շատ բաներից տեղյակ չէ: Նա խնդրեց, որ հարցերին պատասխանի գյուղի մշակույթի տան տնօրեն Լևոն Գալստյանը, նա ավելի քաջատեղյակ է բյուջեից:

Անդրադառնալով ավագանու որոշումներին Լևոն Գալստյանը նշեց, որ պարբերաբար սոցիալական օգնություն ստացած Մինաս Խանոյանը ծայրահեղ աղքատ է, ապրում է տնակում, իսկ Թաթոյանը հաշմանդամ է, ողնաշարի լուրջ խնդիրներ ունի, արդեն երրորդ անգամ է վիրահատվում: «Ավագանու անդամը աշխատավարձ չի ստանում, ինքն էլ կարող է աղքատ լինել»,-ասաց Լևոն Գալստյանը: Հարցին, թե իր հայրն ինչո՞ւ է սոցիալական օգնություն ստացել, մշակույթի տնօրենը պատասխան չուներ. «Այ, դա չգիտեմ, թե ինչի է ստացել, իրան, որ հարցնեք կասի»:

Համայնքապետի տեղակալ Մանուշակ Մխիթարյանն էլ ասաց, որ 2016թ. ավագանու որոշումներով սոցիալական օգնության հիմնական մասը հատկացվել է ջերմոցատերերին, որոնք տուժել են ձմռան առատ ձյան պատճառով: Նման օգնություն է հատկացվել ավագանու անդամ Արմեն Այդինյանի եղբորը՝ Աշոտ Այդինյանին, Արմենի կնոջը՝ Մերի Այդինյանին: Հարցին, թե, օրինակ՝ Արմեն Այդինյանն անապահով է, Մանուշակ Մխիթարյանը պատասխանեց՝ «չէի ասի, որ անապահով է: Նախորդների մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց այս անգամ ջերմոցների համար է հատկացվել»: Միայն նրանց ջերմոցներն են վնասվել, հարցնում ենք համայնքապետարանի աշխատակիցներին: Լևոն Գալստյանը բացասական պատասխան տվեց, սակայն նշեց,՝ «ով դիմել է օգնությունը նրան է հատկացվել: Հայտարարություն էինք տվել, որ դիմումներ ներկայացրեք: Այդ ավագանին նույն գյուղի բնակիչն է, ինքն է գրել ինքն է ստացել»:

Լևոն Գալստյանը նաև պարզաբանեց, թե ինչու են օգնության գումարները խոշոր. «Այդ գումարները չենք տալիս, որ գնան խանութից մի բան առնեն, այլ հատկացվում է, որ մի բան անեն՝ ինչ որ մի բանից տուժել են»:

Տեղեկացնենք, որ թե Արմեն Այդինյանը, թե նրա եղբայր Աշոտը գյուղում խոշոր ջերմոցներ ունեն և չեն «տեղավորվում» սոցիալական օգնություն ստանալու տրամաբանության սահմաններում: Ավելին, սոցօգնություն ստացած Արմեն Այդինյանը 2014թ-ին աճուրդով գյուղում գնել է 8562քմ հողակտոր: 1176քմ հողակտոր էլ գնել է 2015թ-ին: Աճուրդով 539քմ հողամաս գնել է նաև ավագանու մեկ այլ անդամ Գևորգ Գրիգորյանը, ով նույն տարում ստացել էր 100 հազար դրամ օգնություն:  Նա նաև գյուղի դպրոցի ենթակայության տակ գործող սպորտային խմբակի մարզիչն է:

Այցելեցինք պարբերաբար օգնություն ստացող ավագանու անդամ Մինաս Խանոյանին: Նրա ընտանիքն իրոք ապրում էր վագոն-տնակում, սակայն Արաքսում այդ պայմաններում ապրող շատ ընտանիքներ կան, որոնք երբևէ օգնություն չեն ստացել: Ավելին, Մինաս Խանոյանը տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն ուներ: Ավագանու անդամը պարզաբանեց, որ այս տարի 100 000 դրամ սոցիալական օգնություն է ստացել, որպեսզի ջերմոցի համար ցելոֆան գնի, ինչը և արել է:

Մինաս Խանոյանը սկզբում չէր «հիշում», որ իրենից բացի ավագանու այլ անդամներ ևս սոցիալական օգնություն են ստացել: Ասաց, որ դեկտեմբեր ամսին 200 հազար դրամ դուրս է գրվել և բաժանվել ավագանու 7 անդամների միջև, որպեսզի «Նոր տարին դիմավորեն», դրանից բացի այլ հատկացումներ չեն եղել: Երբ թվարկեցինք օգնություն ստացած ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակիցների ու նրանց ընտանիքի անդամների անունները, Մինաս Խանոյանը սկզբում զարմացավ: Կրկնում էր, թե նրանց օգնություն չի տրվել, միայն ինքն է ստացել: Րոպեներ հետո քիչ-քիչ սկսեց «հիշել»:

«Ավագանու անդամ Ռոբերտ Թաթոյանին հատկացրել ենք, որ գյուղի աղբը մաքրող տրակտորի համար սարքավորում գնի: Որպես սարքավորման գնում դուրս չգրեցինք, սոցօգնությունով դուրս գրեցինք: Մերի Գևորգյանի ծնողներն էլ հաշմանդամ են, ամեն անգամ իրենց սոցօգնություն տալիս ենք»,- ասում է Մ. Խանոյանը: Նշենք, որ գյուղի վարորդ մեխանիզատորն ավագանու անդամ Ռոբերտ Թաթոյանի որդին է՝ Ժիրայր Թաթոյանը:

Խանոյանը ավագանու անդամ Արմեն Այդինյանի ու նրա եղբոր՝ Աշոտ Այդինյանի սոցիալական օգնությունն էլ վերագրեց գյուղի կարիքներին: Մինաս Խանոյանի ասելով՝ գյուղի առուն մաքրելու համար գումար են հատկացրել, չի հերիքել և մի քանի հօգու անունով սոցիալական օգնություն են ձևակերպել, իսկ գումարներն ուղղել են այդ աշխատանքների կատարմանը: Հարցին, թե ինչու են հենց ավագանու անդամների անունով օգնություն դուրս գրում և ինչու այդ աշխատանքների կատարման համար գումար չեն նախատեսում, Մինաս Խանոյանը պատասխանեց. «Բա ու՞մ անունով դուրս գրենք: Քո անունով դուրս գրենք կգաս կուզես գումարը: Մեկս մեկով տեղավորվում ենք, գիտենք, թե ինչի համար է: Մերի Այդինյանի անունով էլ ենք նույն նպատակով օգնություն ձևակերպել, ինքը սոցիալական անբավարարություն չունի»:

Մինաս Խանոյանը նշեց, որ անցյալ տարի իր, կնոջ, աշխատակազմի այլ անդամների անուններով դարձյալ սոցիալական օգնություններ են ձևակերպել, սակայն այդ գումարներն ուղղել են գյուղի գերեզմանոցի ջրամատակարարման ցանցի կառուցմանը: Իսկ մշակույթի տան տնօրեն Լևոն Գալստյանի հորը՝ Միքայել Գալստյանին 150 000 դրամ են հատկացրել, քանի որ չի կարողացել վարկի տոկոսը մարել, համայնքապետարանն է օգնել:

Համայնքապետի տեղակալ Մանուշակ Մխիթարյանն ասում էր, թե համայնքի բնակչության 90-95%-ը վարկերի տակ է, այն էլ՝ մի քանի բանկերում ունեն պարտավորություններ: Սակայն, ավագանին որոշել է հենց համայնքապետարանի աշխատակցի հոր վարկի տոկոսագումարը փակել: Բացի այդ, թե Մանուշակ Մխիթարյանը, թե Լևոն Գալստյանը նշում էին, որ օրինակ՝ ավագանու անդամ Արմեն Այդինյանին, նրա եղբորն ու կնոջը սոցիալական օգնություն հատկացվել է վերջիններիս վնասված ջերմոցները վերականգնելու պատճառով, թեև կարիքավոր չեն: Սակայն ավագանու անդամ Խանոյանը նշում է, թե իբր համայնքի կարիքների համար է նրանց անունով օգնություն դուրս գրվել: Ընդ որում, օգնություն ստացած ավագանու անդամները մասնակցել են ավագանու նիստին և քվեարկել իրենց օգտի:

Խնդրեցինք ցույց տալ այն դիմումները, որով բնակիչներն օգնություն են խնդրել: Հիմնականում մեզ հետաքրքրում էր ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակիցների դիմումները: Սակայն դրանք չտրամադրվեցին՝ պատճառաբանելով, թե մարդը հնարավոր է գրել է, որ  վիրահատության համար գումար է անհրաժեշտ, ավագանին էլ բավարարել է խնդրանքը և պարտադիր չէ, որ այդ մասին լրագրողներն իմանան:

Բացի ավագանու որոշումով տրամադրված սոցիալական օգնությունները, ավագանին և համայնքապետը նաև պարգևատրել են համայնքապետարանի աշխատակիցներին: Ավագանու որոշմամբ 2015թ. 175 000-ական դրամով մի քանի անգամ պարգևատրվել է համայնքապետ Ավագ Միքայելյանը, 158-170 հազար դրամով՝ արդեն նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, 125-170 հազար դրամով՝ աշխատակազմի քարտուղար Քնքուշ Դանիելյանը, 56-90 հազար դրամով՝ մշակույթի տան տնօրեն Լևոն Գալստյանը և այլք:

2015թ. առանձին որոշումով 443 000 դրամ է հատկացվել նաև Ռազմիկ Տոնոյանի և «Հայփոստի» Արաքս համայնքի փոստային բաժանմունքի պետին՝ իրենց աշխատանքները բարեխիղճ կատարելու համար: Իսկ Համայնքապետի որոշմամբ համայնքապետարանի վերը նշված աշխատակիցները մի քանի անգամ արժանացել են խրախուսանքի՝ 90-145 հազար դրամի չափով: Նույնը կրկնվել է նաև նախորդ տարիներին:

Մինաս Խանոյանը զարմացավ, որ իրենք համայնքապետարանի աշխատակիցներին պարգևատրել են: «Ռազմիկ Տոնոյանը շատ բաներ է արել, դրա համար դուրս եկավ: Թղթերը լրիվ խառնել էր իրար, 8 հաշվապահ ենք կանչել, հազիվ տեղն ենք գցել: Այդ ժամանակվա խառնածներն է, որ չգիտեմ: Մենակ Քնքուշինը գիտեմ ու համայնքապետինը, մնացածից խաբար չեմ»,-ասում է ավագանու անդամ Մինաս Խանոյանը, ով ստորագրել է պարգևատրում նախատեսող ավագանու որոշումների տակ:

Պարբերաբար պարգևատրված մշակույթի տան Լևոն Գալստյանից հետաքրքրվեցին, թե ինչու է պարգևատրվել, որ աշխատանքի համար: Վերջինս հպարտորեն նշեց, որ լավ աշխատելու համար է արժանացել խրախուսանքի: Իսկ ո՞ր աշխատանքն է լավ իրականացրել հարցին, հետևյալ պատասխանը տվեց. «բացի ակումբի տնօրեն լինելուց ինչից հասկանում անում եմ: Հիմա կարող է գնամ էլեկտրիկների հետ որոշենք, թե անջրդի հողերը ոռոգելու համար էլեկտրական ստոլբեքը որտեղով տանենք, որովհետև ես եմ հասկանում դրանից»:

Նշենք, որ գյուղում մշակույթի տունը կարելի է ասել չի գործում: Դահլիճը կա, աթոռները դրված են, բայց այս պահին՝ ձևական: Ներսում անմխիթար վիճակ է և խիստ վերանորոգման կարիք է զգացվում: Մշակույթի տան ենթակայության ներքո չի գործում և ոչ մի խմբակ՝ ոչ սպորտային, ոչ երգի ու պարի, ասմունքի: Նախորդ տարվա ամռան ամիսներին դահլիճում միայն ֆիլմեր են ցուցադրվել, իսկ այս տարի դռները փակ են: Այս ամենով հանդերձ «բարեխիղճ աշխատանքի» համար տնօրենը պարբերաբար խրախուսվել է գումարով:

Երբ զրուցում էինք համայնքապետարանի աշխատակիցների հետ ներս մտավ մինչև 2012թ. Արաքսի համայնքապետի տեղակալ աշխատած, այժմ հողագործ Սուրեն Գալստյանը: Նա խիստ զարմացավ, որ լրագրողներին կարող է հետաքրքրել ավագանու որոշումները: «Ձեր գործը լրագրությամբ զբաղվելն է, գյուղի խնդիրների մասին գրելը, ոչ թե ավագանու որոշումները»,-ասաց Սուրեն Գալստյանը՝ այդպես էլ ոչ մի կապ չտեսնելով ավագանու որոշումների ու համայնքի չլուծված խնդիրների միջև:

«Մեր գյուղը շատ աշխատող գյուղ է: Այս գյուղից ոչ ոք չէր գնում արտագնա աշխատանքի, իրենք իրենց ուժերով ստեղծում էին, բայց հետո ջուր չունեցան, չկարողացան հող մշակել ու սկսեցին մեկնել արտագնա աշխատանքի: Մոտ 2000 բնակչից տարեկան 300-400 մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, ոմանք՝ ընտանիքներով: Այ, սրա մասին գրեք»,-նշում է համայնքապետի նախկին տեղակալը:

Սուրեն Գալստյանի խոսքերով՝ 1996 թվականից հետո է քիչ-քիչ ի հայտ եկել ջրի պակասը և այժմ ցանկապատից այն կողմ՝ «չեզոք գոտում» 600 հեկտար հող չի ոռոգվում:

Նա նշեց, որ Արաքսը չունի հանդիսությունների ու սգո սրահ: Եթե գյուղում մեկը մահանում է, հոգեհացը տալիս են մի քանի գյուղ հետո գտնվող սրահում: Այժմ գյուղի հին պահեստը ցանկանում են վերածել արարողությունների սրահի, բայց չեն կարողանում հարկ հավաքել, որ  վերանորոգումը սկսվի: Մարդիկ նախընտրում են վարկային պարտավորությունները կատարել, քան հարկերը վճարել:

Բացի այդ, Թուրքիայի հետ 9 կմ երկարության սահման ունեցող գյուղը գազիֆիկացված չէ: «Ես ինչքան գիտեմ, ինչ ծրագրեր լինում է կառավարությունում առաջին հերթին պետք է գա սահմանամերձ գյուղեր: Քանի տարի է, էլ տեղ չմնաց դիմեցինք գազիֆիկացման համար: Ով գալիս է խոստանում է, որ կգազիֆիկացնեն, բայց խոստանում են ու գնում»,- նշում է Ս. Գալստյանը:

Լևոն Գալստյանն էլ հավելեց, որ այս տարի ցանկանում են տրանսֆորմատորներ տեղադրել և պոմպերով ոռոգել 600 հա հողակտորը:  «Կողքի գյուղերի փորձը նայել ենք, ահագին ծախս է, բայց եկող ամսվանից սկսելու ենք: Հիմնականում աշխատանքներն իրականացնելու ենք համայնքի բյուջեի միջոցներով»,- ասում է Լևոն Գալստյանը:

Փորձեր են արվել շահագործել նաև մանկապարտեզը, բայց գումար չլինելու պատճառով հարցը չի լուծվում: Փոխվել է շենքի առաջին հարկի մի քանի պատուհանները, որպեսզի կարողանան նախակրթարանը տեղավորել այնտեղ, իսկ մանկապարտեզի շահագործման մասին խոսք չկա:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter