HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայող Էրիկի պայքարը վերակենդանացման բաժանմունքում. բժիշկներն արդեն տեսնում են լուսավոր կետը

Տաթև Խաչատրյան
Մարինե Մադաթյան

Էրիկը ապրիլի 4-ից  պայքար է տալիս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն ասում են` զինծառայողին կրիտիկական ծանր վիճակից են փրկել, բայց վերակենդանացման բաժանմունքից նրան դուրս գրելը դեռ վաղ է: Բոլոր բժիշկները, երևում է, շատ հոգնած են: Թվում է` այդ հոգնությունը պետք է չթողնի, որ նրանք խոսեն: Բայց բոլորին ոգևորել է Էրիկի առողջական վիճակի, ինչպես վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է ասում, լուսավոր կետը: Ասում են` հիմա այդ կետը տեսնում են:

Էրիկ Բաբայանը 27 տարեկան է, նա Թալիշում  դասակի հրամանատարի տեղակալն է եղել և ծանր հրազենային վիրավորում ստացել ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը: Մայրը` Ալվինան, հիշում է` ապրիլի 2-ի գիշերը` ժամը երեքի կողմերը, սկսեց կռիվը, Էրիկը լուսադեմին արդեն վիրավոր էր:

Ալվինա Կարապետյանը` Էրիկի մայրը

«Շատ արյուն կորցրեց. վիրավորվեց երիկամը, փայծաղը, թոքը, լեղապարկը, ստամոքսը, աղիքը, ոտքը…. Մարտակերտի հոսպիտալում վիրահատեցին, երիկամը հեռացրին, փայծաղը հեռացրին, յոթ ժամ վիրահատությունը տևեց»,- պատմում է մայրը:

Վիրահատություններից հետո Էրիկին անհապաղ տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանն ասում է, որ նրա վիճակը ընդունելու ժամանակ գնահատվել է ծայրահեղ ծանր: Հայտնաբերվել է արդեն միակ երիկամի սուր երիկամային անբավարարություն, միացվել է հեմոդիալեզ: Այնուհետև ի հայտ են եկել նոր բարդություններ: Աղիների, ստամոքսի կարած տեղերում զարգացել է անբավարարություն, թոքի վնասված տեղում ջուր է հավաքվել, իսկ հաջորդ փուլով հայտնաբերվել է սեպսիս` արյան վարակ:

Սեպսիսի և սուր երիկամային անբավարարության ֆոնի վրա Էրիկի մոտ ի հայտ է եկել արյան մակարդելիության համակարգի լուրջ խախտում, որի հետևանքով այն տեղերը, որտեղ որ կատարվել էր վիրահատական միջամտություն, սկսել են արնահոսել: Հաջորդ երկու վիրահատական միջամտություններով հեռացվել են նրա որովայնի առաջնային պատի մեջ ի հայտ եկած մեծ ծավալով հեմատոման` արյան կույտը, իսկ մի քանի օր առաջ` վնասված թոքում հավաքված, արդեն ժելեյանման զանգված դարձած ջուրը: Այս պահին Էրիկին միացրած է արհեստական շնչառություն:

«Հասել ենք այն էտապին, որ ասում ենք` հիվանդի կարգավիճակն արդեն կայուն է»

«Հետքի» հարցերին պատասխանում է
Էրեբեունի բժշկական կենտրոնի վերկենդանացման և ինտենսիվ
թերապիայի բաժանմունքի վարիչ
Արմեն Մուրադյանը

- Պարոն Մուրադյան այժմ Էրիկի կյանքին սպառնացող վտանգ կա՞:

- Գիտեք ինչ, եթե հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նշանակում է` ինչ-ինչ պատճառներ կան, իսկ մենք չենք մոռանում սկիզբը, վատթարագույն իրավիճակից եկել ենք որոշակի կայունացման, բայց դեռ միանշանակ ասել, որ ամեն ինչ լավ է, սխալ է:

- Իսկ ի՞նչ վտանգ կարող է սպառնալ,պարոն Մուրադյան, կարո՞ղ եք մանրամասնել՝ թեկուզ ոչ մասնագիտական լեզվով:

- Իր մոտ արհեստական շնչառությունը դեռ շարունակվում է, ճիշտ է, մենք պարբերաբար անջատում ենք, օր է լինում` մի քանի ժամ, օր է լինում` մի ժամ, բայց դեռ օրգանիզմը պահանջարկ ունի արհեստական շնչառության: Սա նշանակում է, որ թոքերի ընդհանուր իրավիճակը դեռ ամբողջովին չի բարելավվել, սա` մեկ:

Երկրորդը` մենք սեպտիկ իրավիճակը հաղթահարել, դուրս ենք եկել, բայց հիվանդը դեռ որոշակի խնդիրներ ունի, և լրացուցիչ ինֆեկցիոն բարդություններ, որ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շատ բնորոշ են, առայժմ դեռ կարող են լինել:

Հաջորդը` հիվանդն անընդհատ պառկած կարգավիճակում է: Ճիշտ է` մենք հատուկ մատրասներ, օդային ներքնակներ ենք դրել, որ պառկելախոցեր չառաջանան, նաև պարբերաբար մերսող միջոցառումներ ենք իրականացնում, բայց պառկած կարագավիճակում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ: Ինչ-որ մի տեղ, մանավանդ` ստորին վերջույթներում, տրոմբներ կարող են ի հայտ գալ, որոնք որ, Աստված մի արասցե, շատ լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնեցնել:

Եթե մենք սկզբնական փուլում մտածում էինք` արդյոք մեզ կհաջողվի էս մարդու կյանքը թեկուզ մինչև վաղը, մինչև մի քանի օր պահպանել, այսօր մենք արդեն մտածում ենք, որ մեզ հաջողվել է լուրջ իրավիճակը հաղթահարել: Սակայն ընթացիկ բարդությունների և խնդիրների վտանգը դեռ պահպանվում է: Ինքը գերուշադրության կենտրոնում է:

- Այս փուլի ձեր գործողություները որո՞նք են, օրինակ` այսօրվա բուժման ընթացքը կարո՞ղ եք  նկարագրել:

- Այս փուլում հետևում ենք հիվանդի բոլոր օրգան համակարգերի նորմալ կենսագործունեությանը: Երկրորդը` ինքը մի քիչ էլ հոգեբանորեն է կախված արհեստական շնչառության սարքից, օգնում ենք, որ կարողանանք անջատել: Ի վերջո մենք պիտի կարողանանք վերջնականապես ձերբազատվել արհեստական շնչառությունից:

- Դա ավելի շատ հոգեբանակա՞ն գործոն է, թե՞ կապված է թոքերի առողջության հետ:

- Թոքերի վիճակն այնպիսին է, որ ինքը որոշակի դժվարություններով կարող է շնչել, բայց արհեստական շնչառության տակ գտնվող հիվանդները որոշակի հոգեբանական կախվածություն ձեռք են բերում այդ ապարատից:

Հիմա մենք կարողանում ենք օրվա ընթացքում մի քանի ժամ անջատել, հուսանք, որ գնալով այդ ժամերը կավելանան, և ի վերջո սարքը կանջատվի:

- Ֆիզիոլագիական առումով՝ մարմնի ո՞ր մասերն են հիմա անաշխատունակ:

- Ձեռքերը հստակ կերպով աշխատում են, ինքը օգվտում է հիմա ձեռքերից: Ձախ ստորին վերջույթն ունի որոշակի խնդիր: Կա նաև ոտքը նյարդավորող նյարդի որոշակի վնասում, որի հետևանքով Էրիկը սկզբնական շրջանում շատ լուրջ ցավային համախտանիշ ուներ ոտքից: Ձախ ազդոսկրի գլխիկը պետք է ենթարկվի պրոթեզավորման:

- Էրեբունիում պրոթեզավորում արվու՞մ է:

- Իհարկե արվում է:

Դրանց որակների միջև տարբերություն կա՞:

- Որակների մեջ տարբերություն կա, և ինքը կունենա ամենաորակյալ պրոթեզը: Տերմինը չգիտեմ, դա երևի օրթոպեդները կասեն, բայց Էրիկի համար մինչև այսօր և սրանից հետո լավագույնն է տրամադրվում: Ամեն ինչը. և՛ դեղորայքը, և՛ բուժքույրերը: Երևի մի քիչ կողմնապահություն ենք անում, ավելի լավ ենք վերաբերվում, որովհետև մեր հերոսն է ինքը: Մեր բոլոր զինվորներին մեր աչքի լույսի նման ենք նայել ու շարունակում ենք նայել:

-Իսկ պրոթեզավորումը մշտակա՞ն է:

Հա մշտական է: Դրվելու է և վերջ:

-Վիրահատական միջամտություն հետագայում այլևս չի՞ լինելու:

Ոչ:

-Մայրն ասաց, որ կուզեր այնպիսի պրոթեզավորում արվի, որ ձախ ոտքը մյուսի նման կարողանա աշխատել: Նման արդյունքի հնարավո՞ր է այստեղ հասնել:

- Կարծում եմ, որ հնարավոր է: Ոտքի ամբողջականությունը լրիվ պահպանվում է, նորմալ իր ոտքն է, փոխվելու է ոսկորի մի փոքրիկ հատվածը, շարժուն հատվածը, ազդոսկրն է` գլխիկը, որը որ կոնքին է միանում, հոդային մակերեսով, միայն գլխիկի հատվածն է փոխվում, իսկ ոտքի ամբողջականությունն ամբողջովին պահպանվում է: Էնդոպրոթեզավորված մարդիկ աշխատում են, քայլում են լիարժեք, օգագործում են իրենց ոտքի ֆունկցիան:

Ասում եք` այժմ վիճակը կայուն է: Որքա՞ն պետք է պահպանվի այս վիճակը, որ դուք վստահ լինեք` հնարավոր է նրան դուրս գրել վերակենդանացման բաժանմունքից և մտածել նաև ոտքի էնդոպրոթեզավորման մասին:

- Երբ որ ինքը հստակ կերպով արդեն ինքնուրույն կշնչի: Ինքը հիմա շնչում է տրախեոստոմիկ խողովակով: Իր գալուց երկու-երեք օր հետո արհեստական շնչառությունը ինկուբացիոն խողովակով էր իրականցվում, այսինքն` բերանի խոռոչից դրված էր խողովակ դեպի շնչափող, և խողովակը միացված էր սարքին: Այդ խողովակը մենք հանեցինք, դրեցինք շնչափողից: Բերանի խոռոչը ազատ է, և հիմա ինքը հանգիստ բերանով սնվում է: Այդ խողովակը մենք կհեռացնենք այն դեպքում, երբ որ հստակ կերպով մի քանի օր շարունակ առանց խնդիրների և պրոբլեմենրի ինքը ինքնուրույն կշնչի: Երկրորդը` պետք է թոքերի իրավիճակը ամբողջովին, նորմալ ձևով վերականգնվի:

Ունենք հետվիրահատական մի քանի վերք: Երբ որ վերքերը հստակ կերպով(ճիշտ է, երկրորդային ձգումով են լավանում) կլվանան, երբ որ հիվանդը չի ջերմի (մի քանի օր չէր ջերմում, երեկ 7,5-6 ջերմել է), երբ որ հիվանդի ընդհանուր կարգավիճակը մեր ռեանիմատոլոգների աչքով հստակ կփոխվի, կտեղափոխենք, մենք չենք շտապում:
Հիվանդներ եմ ունեցել, որ մի քանի ամիս պառկել են, շտապել ընդհանրապես պետք չէ, որովհետև շտապողականությունը կարող է ավելորդությունների բերել:

- Կարծում եք, որ այստեղ՝ Հայաստանում, իր բուժումը լիարժեք հնարավո՞ր է:

- Միանշանակ: Եթե մեզ հաջողվել է հասնել այս էտապին, դա բավականին լուրջ առաջընթաց է: Հասել ենք այն էտապին, որ ասում ենք` հիվանդի կարգավիճակը արդեն կայուն է, դա շատ կարևոր նշանակություն ունի և բժշկի, և հիվանդի համար: Կայուն բառը ծանրագույն հիվանդի համար արդեն լուրջ բան է: Որովհետև էն ժամանակ եթե դու անում էիր, բայց հեռվից էդ լուսավոր կետը չէիր տեսնում, հիմա անում ես, որ հասնես դրան: Այսօր արդեն մենք տեսնում ենք դա, հիմա մենք փորձում ենք գնալ դեպի այդ լուսավոր կետը:

Հ.Գ. Էրիկն ամուսնացած է, ունի ութ ամսական աղջիկ: Կինն ու երեխան այժմ Թալիշից տեղափոխվել և բարեկամների հետ ապրում են Չարենցավանում :

Մեկնաբանություններ (1)

Արմինե
Էրիկին Էրեբունի կենտրոն այցելելիս զգացել եմ բուժ. անձնակազմի հոգատար ու ջերմ վերաբերմունքը. ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ամեն Մուրադյանի աչալուրջ ուշադրությունն ու մասնագիտական մաքսիմալիզմը: Կեցցեն: Երանի բոլոր ժամանակներում ու բոլոր հիվանդներին նմանօրինակ բուժ. սպասարկում մատուցելու կամք ու հնարավորություն ունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter