HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա)

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

 Մեծարգո պարոնայք

Ողջունելի է, որ ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպես նաև ձեր հանդիպման ժամանակ ի թիվս այլոց պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Վստահ եմ, որ  սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը  զգալիորեն կկրճատի հետագա բռնությունների ռիսկը:

Ողջունելով նման սպասված որոշումը՝ միաժամանակ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Լրագրությունում և խաղաղարարությունում իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը։ Ավելին՝ տեղեկատվական դաժան պատերազմի պայմաններում հակամարտության խաղաղ կարգավորման մասին կարելի է խոսել մեծ վերապահումով։ Ուստի, կարծում եմ, ժամանակն է ղարաբաղյան կարգավորումն անմիջականորեն առնչել տեղեկատվական դաշտի հրադադարին։

Ըստ այդմ էլ կոչ եմ անում ձեզ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շրջանակներում նախատեսել նաև հակամարտության կողմերի պատասխանատու լրատվամիջոցների մշտադիտարկում և ատելախոսության հետաքննության մեխանիզմների ներդրում։ Այս հարցում ձեզ կարող են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան փորձ ունեցող լրագրողական կազմակերպությունները։

Կարծում եմ, այսպիսի քայլը ոչ միայն կնպաստի հակամարտող երկրների հանրությունների միջև վստահության կամուրջների կառուցմանը, այլև հնարավորություն կտա երևան հանելու ատելախոսության և ազգամիջյան թշնամանքի հիմնական պատասխանատուներին և համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

 Հարգանքով՝ 

Գեղամ Բաղդասարյան

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր

30 մայիսի, 2016թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter