HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Պասկեւիչյան. «Սա ավելի շուտ ձոն է Հայաստանի անկախությանը»

«Մարդը դեմ հանդիման բռնությանը։ Պատմությունից դեպի ժողովրդավարություն». այսպես է կոչվում «Վերսուս» ստուդիայի նոր նախագիծը, որը հունիսի սկզբին կներկայացվի հանրությանը։

Նախագծի շրջանակում պատրաստվել է փաստագրական շարժական ցուցահանդես եւ նկարահանվել «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմը։

Ցուցահանդեսն առաջինը կբացվի Գյումրիի «Ստիլ» պատկերասրահում հունիսի 3-ին, երեկոյան ժամը 6-ին եւ կգործի հինգ օր։ Բացումից հետո պատկերասրահի դահլիճում կցուցադրվի «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմը: Հունիսի 10-15-ին ցուցահանդեսը կհանգրվանի Վանաձորի կերպարվեստի թանգարանում։

Նախագծի երկու բաղադրիչները՝ եւ՛ ֆիլմը, եւ՛ ցուցահանդեսը ներկայացնում են հայերի 1946-49 թվականների Մեծ Հայրենադարձությունը, ներգաղթողների հույսերն ու հուսախաբությունները, ստալինիզմի ժամանակաշրջանում նրանց նկատմամբ եղած բռնությունները եւ հալածանքը։ Հատուկ անդրադարձ է արված 1949 թվականի հունիսի 13-14-ի զանգվածային աքսորին, որի հետեւանքով, ի թիվս բազմահազար հայերի, Ալթայի երկրամաս աքսորվեցին 1578 հայրենադարձներ։

Ականատեսներին հայտնաբերելու եւ տեսագրելու համար «Վերսուսի» ստեղծագործական խումբը եղել է սփյուռքահայ համայնքներում՝ ԱՄՆ (Գլենդել, Ֆրեզնո, Ըրվայն), Ֆրանսիա (Փարիզ, Լիոն, Մարսել, Սեն Ռաֆայել, Վալանս), Լիբանան (Բեյրութ, Անջար)։ Նկարահանումներ են եղել նաեւ Հայաստանում եւ Ռուսաստանում (Բառնաուլ, Նովոսիբիրսկ)։ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նկարահանումներին աջակցել է գերմանական DVV-International կազմակերպությունը։

Վավերագրության հերոսներն իրական մարդիկ են, ականատեսներ կամ ականատեսների ժառանգներ, որոնց բանավոր վկայությունները լրացվում են ռուս եւ սփյուռքահայ պատմաբանների արժեքավոր միջամտություններով, արխիվային փաստաթղթերով, հայկական եւ ռուսական ֆոնդերից ձեռք բերված կինոխրոնիկայով։ Օգտագործված են նաեւ փաստաթղթեր, լուսանկարներ անձնական-ընտանեկան արխիվներից։

Նախագծի նպատակն է լույս սփռել ոչ հեռավոր անցյալի կարեւորագույն մի իրադարձության՝ Մեծ Հայրենադարձության վրա, հասարակությանը միաժամանակ հնարավորություն տալով զգալու սովետական բռնատիրության պայմաններում կյանքի անհարմարություններն ու մարդու կրած տառապանքը։

«Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հայրենադարձությամբ» հարցին ի պատասխան՝ նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանն ասում է, որ թեմայի ուսումնասիրությունն առաջին հերթին կարեւոր է արտագաղթի պատճառները հասկանալու համար։ «Ուսումնասիրելով պատմական իրադարձությունները՝ ըստ էության փորձում ենք հասկանալ մարդ-պետություն, անհատ-իշխանություն հարաբերությունները, ինչը կօգնի ըմբռնել միգրացիոն պրոցեսների մոտիվները»։

Թեմայի ուսումնասիրությամբ «Վերսուս» ստուդիան զբաղվում է 2010 թվականից։

2012-ին հանրությանն արդեն ներկայացվել է «Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է նաեւ արտասահմանում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է վեբկայք, որը շուտով կգործի www.hayrenadardz.org հասցեով։

«Ցուցահանդեսն ու նոր ֆիլմը որոշեցինք անպայման ներկայացնել այս տարի, քանի որ Մեծ Հայրենադարձության 70-ամյակն է,-ասում է նախագծի ղեկավարը։- Բայց ես դրանք ավելի շուտ կձոնեի Հայաստանի անկախության 25-ամյակին, որովհետեւ անկախությունը, որքան էլ դժգոհ լինենք տիրող իրավիճակից, մեզ ազատեց սովետական անմարդկային համակարգից։ Անմարդկային ասվածը կարող է շատ կտրուկ թվալ, բայց ցուցահանդեսի այցելուները եւ ֆիլմը դիտողները կհամոզվեն, որ այդ մակդիրը ճշգրիտ է»։

Ֆիլմի ռեժիսորը Արա Շիրինյանն է, պրոդյուսերը՝ Սաթենիկ Ֆարամազյանը։ Ցուցահանդեսը ձեւավորել է նկարիչ Մկրտիչ Մաթեւոսյանը։ Նախագիծն իրականացվել է ամերիկյան National Endowment for Democracy կազմակերպության դրամաշնորհով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter